Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-779-27.11.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 27.1-րդ հոդվածի`

1. 1-ին մասի «վերլուծությունն է» բառից հետո լրացնել , «իսկ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում` վերջինիս հետ օրենքով սահմանված կարգով ներկայացվող կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվությունն է:» բառերը,

2. 2-րդ մասի առաջին պարբերությունում «նախագիծը» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի)» բառերը,

3. 3-րդ մասը լրացնել նոր չորրորդ պարբերությունով հետեւյալ բովանդակությամբ.

«Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն է հանդիսանում կառավարության բյուջետային ուղերձը, որի կառուցվածքի ու բովանդակության նկատմամբ պահանջները եւ ներկայացման կարգը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»,

4. 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությունով հետեւյալ բովանդակությամբ.

«Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների փուլը սկսվում է պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը լրացնել նոր պարբերությունով հետեւյալ բովանդակությամբ.

«Կառավարության կողմից առաջադրվող պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի համաձայն ներկայացնելիս, այդ նախագծի հետ սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ամփոփաթերթը չի ներկայացվում:»:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 



ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Վերը նշված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.

Ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ (նոր) հոդվածը եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությունը եւ դրան առնչվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությունը, որոնցով սահմանվում են նոր պահանջներ օրենքների նախագծերի քննարկման եւ ներկայացման գործընթացի նկատմամբ: Մասնավորապես, խոսքը գնում է.

ա) օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման գործընթացն իրականացնելու մասին,

բ) մինչեւ օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելը այդ նախագծի վերաբերյալ 15 օրվանից ոչ պակաս տեւողությամբ հանրային քննարկում կազմակերպելու եւ դրա արդյունքներով ընդունված դիտողությունների եւ առաջարկությունների մասին Ազգային ժողովին տեղեկատվություն տրամադրելու մասին,

գ) կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից Ազգային ժողով ներկայացվող` այդ օրենքներով սահմանած փաստաթղթերի փաթեթի կազմը նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություններով եւ մինչ Ազգային ժողով նախագիծը ներկայացնելը վերջինիս վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ ամփոփաթերթով լրացնելու մասին:

Այդ կապակցությամբ հարկ է նշել հետեւյալը.

1) վերը նշված օրենքների վերոհիշյալ հոդվածների նոր իրավական նորմերով առաջադրած պահանջները, թեեւ միտված են օրինաստեղծ բնագավառում աշխատանքների թափանցիկությունը եւ արդյունավետությունը բարելավելուն, այնուամենայնիվ, մեր կարծիքով, հաշվի չեն առնում բյուջետային գործընթացի առանձնահատկությունները եւ այդ պահանջների տարածումը նաեւ պետական բյուջեի նախագծի բաղկացուցիչ մաս կազմող պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վրա  բարդույթներ կառաջացնի վերջինիս մշակման, քննարկման եւ ներկայացման գործընթացում: Մասնավորապես,

ա) ազդեցության գնահատողներից ստացվելիք կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունների «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանած ձեւաչափը չի համապատասխանում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի էությանը, քանի որ, ի տարբերություն այլ օրենքների նախագծերի, նշված նախագիծը.

- որպես կանոն, իր հիմքում ունի արդեն իսկ ընդունված օրենքներ եւ այլ իրավական ակտեր կամ էլ ընդունման համար կառավարության առաջադրած` արդեն իսկ կարգավորման ազդեցության գնահատման գործընթացը անցած օրենքների նախագծեր (որոնց ընդունումից հետո միայն ըստ օրենքի կարող է քվեարկության դրվել պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը),

- իրենից ներկայացնում է մի յուրահատուկ իրավական փաստաթուղթ, որն ուղղակի կամ անուղղակի ձեւով անդրադառնում է բոլոր բնագավառներին եւ դրանց բոլորի գծով կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի ապահովումը («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի համաձայն), մի կողմից, գործնականում կպահանջի երկար ժամանակահատված, որը անհամատեղելի է պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու համար ՀՀ Սահմանադրությամբ ամրագրած սահմանային ժամկետի հետ, իսկ մյուս կողմից, կպահանջի կրկին անդրադառնալ նշված նախագծի հիմքում դրված` ընդունված օրենքների եւ այլ իրավական ակտերի կամ էլ ընդունման համար կառավարության առաջադրած` արդեն իսկ կարգավորման ազդեցության գնահատման գործընթացն անցած օրենքների նախագծերի կապակցությամբ Ազգային ժաղով արդեն իսկ ներկայացված կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություններին, որը չի կարող դիտարկվել որպես ռացիոնալ մոտեցում.

բ) պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու համար ՀՀ Սահմանադրությամբ ամրագրած սահմանային ժամկետի պահպանմամբ նշված նախագծի մշակման որակի վրա (հաշվի առնելով բուն նախագծի եւ դրա շուրջ համաձայնեցման ենթակա հարցերի մեծ ծավալը) բացասաբար կազդի նաեւ մինչեւ Ազգային ժողով այդ նախագիծն ներկայացնելը վերջինիս վերաբերյալ 15 օրվանից ոչ պակաս տեւողությամբ հանրային քննարկումների կազմակերպման պահանջը.

գ) հաշվի առնելով պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ մինչեւ այն Ազգային ժողով ներկայացնելը ստացվող (օրինակ` ՀՀ վարչապետի մոտ անցկացվող քննարկումների ժամանակ կամ կառավարության նիստում կամ մինչ այդ գործադիր իշխանության հանրապետական մարմիններից) դիտողությունների եւ առաջարկությունների մեծ ծավալը (որոնց գերակշիռ մասը վերաբերում են ոչ թե իրավական նորմերին, այլ առանձին թվային ցուցանիշների մեծություններին), ինչպես նաեւ այն, որ դրանք մինչեւ նախագիծն Ազգային ժողով ներկայացնելը քննարկվում եւ ստանում են իրենց լուծումը, որի արդյունքում կառավարությունը Ազգային ժողովում հանդես է գալիս միասնական համաձայնեցված նախագծով, ուստի այդ փուլում արված բոլոր դիտողությունների եւ առաջարկությունների ընդունման կամ չընդունման վերաբերյալ (չընդունման պատճառների հիմնավորմամբ) ամփոփաթերթիկի ներկայացումը նույնպես չի կարող դիտարկվել որպես ռացիոնալ մոտեցում.

Միաժամանակ, հարկ է նշել, որ ի տարբերություն այլ օրենքների նախագծերի, պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման եւ քննարկման համար օրենքով սահմանած է հատուկ ընթացակարգ, ըստ որի այդ նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում «պետական բյուջեի նախագիծ» անվանումը կրող փաստաթղթերի փաթեթի կազմում, որի կառուցվածքը եւ փաթեթով ներկայացվող տեղեկատվության կազմը սահմանված է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, իսկ Ազգային ժողովում քննարկման առանձնահատուկ` այլ օրենքների նախագծերի քննարկման կարգից տարբերվող կարգը` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 10-րդ գլխով:

2) բացի վերոհիշյալ պահանջների իրականացման բնագավառում գործնականում առաջացող վերը նկարագրված խնդիրների, հարկ է նշել, որ «Իրավական ակտերի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքների վերը նշված նոր նորմերով պետական բյուջեի մասին օրենքի նախագծի մասով որեւէ բացառություն չի նախատեսված եւ այդ պատճառով այդ նորմերը հակասության մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 21-րդ հոդվածներով տվյալ տարվա պետական բյուջեի նախագծի կազմը եւ ներկայացման կարգը սահմանող, ինչպես նաեւ նույն օրենքի 26-րդ հոդվածով պետական բյուջեի նախագծի հրապարակայնությանը վերաբերող նորմերի հետ: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ինչպես պետական բյուջեի նախագծի կառուցվածքի եւ բովանդակության, այդպես էլ պետական բյուջեի նախագծի կազմման եւ այդ գործընթացի հրապարակայնության ապահովման տեսանկյունից, որպես ուղղակի պարտադիր պահանջ չի նախատեսված.

- ոչ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունների ներկայացման գծով,

- ոչ մինչեւ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելը վերջինիս վերաբերյալ 15 օրվանից ոչ պակաս տեւողությամբ հանրային քննարկումների կազմակերպման եւ դրա արդյունքներով ընդունված դիտողությունների եւ առաջարկությունների մասին Ազգային ժողով տեղեկատվության տրամադրման գծով,

- ոչ էլ մինչեւ Ազգային ժողով ներկայացնելը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ (չընդունման պատճառների հիմնավորմամբ) ամփոփաթերթիկի ներկայացման գծով:

3) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում (բացառությամբ այն դեպքի, երբ դրանք ընդունվել են մինչեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը) գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը: Այսինքն, տվյալ դեպքում գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 21-րդ եւ 26-րդ հոդվածների պետական բյուջեի նախագծի կառուցվածքին եւ բովանդակությանը, կազմման գործընթացին եւ հրապարակայնության ապահովմանը վերաբերող նորմերը, որոնք ուժի մեջ են մտել մինչեւ «Իրավական ակտերի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքների վերը նշված նորմերի ուժի մեջ մտնելը:

Ներկայացված նախագծերով առաջարկվում է վերը նշված հակասությունների հարթեցման մի տարբերակ, ըստ որի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխության եւ լրացումների եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումների կատարման եղանակով կամրագրվի, որ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում`

ա) կառավարության բյուջետային ուղերձը, որի կառուցվածքի ու բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, հանդիսանում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման յուրահատուկ փաստաթուղթ, որն իրենով փոխարինում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները (հատկապես հաշվի առնելով ծրագրային բյուջետավորման բարեփոխումների շրջանակներում ճյուղային գերատեսչությունների կողմից իրականացվելիք ծրագրերի ներկայացման ձեւաչափում նախատեսվող փոփոխությունները),

բ) հանրային քննարկումների փուլը սկսվում է պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում (այսինքն այն օրվանից, որը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված է պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը մամուլում հրապարակելու համար),

գ) պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով առաջին անգամ (մինչեւ Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների սկիզբը) ներկայացնելիս պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ ամփոփաթերթ չի ներկայացվում: