Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7951-22.05.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել  նոր պարբերությամբ՝  հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ցանցային լրատվության միջոցը պետք է մշտապես ներառի`

1) լրատվության միջոցի անվանումը.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, լրատվական գոծունեություն իրականացնելու հասցեն, կոնտակտային հեռախոսը, էլեկտրոնային փոստը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման հաշվառման) վկայականի համարը, տրման օրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ տրման օրը.

3)  լրատվության միջոցի թողարկման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը (ըստ անձնագրի).

4) տվյալ թողարկման (լրատվության) տարին, ամիսը եւ ամսաթիվը:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դատարաններում գործերի բեռնաթափման անհրաժեշտությամբ եւ վեճերի արտադատարանական կարգով լուծման խրախուսմամբ:

Ուսումնասիրելով Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանի պրակտիկան, դյուրին է եզրակացնել, որ շատ դեպքերում,  բավարարելով  բողոքները, Դատարանը եզրակացնում է, որ դրական որոշումն ինքն իրեն հանդիսանում է բավարար փոխհատուցում պատճառված բարոյական վնասի դիմաց:

Ոչ վաղ անցյալում վիրավորանքն ու զրպարտությունը ներառված էին քրեական օրենսգրքում, այսինքն՝ հանգեցնում էին քրեական պատասխանատվության: Ըստ քրեական օրենքի՝ հանցագործություն է համարվում եւ պատասխանատվություն է ենթադրում միայն հանցավոր այն արարքը, որը կատրավել է դիտավորությամբ: Հետեւաբար, լրատվամիջոցի պատրաստակամությունը հրապարակել հերքում եւ պատասխան վկայելու է այն մասին, որ որպես վիրավորանք կամ զրպարտություն ընկալվող հրապարակումը իրականացվել է ոչ դիտավորությամբ:

Սույն լրացում շեշտակի կբեռնաթափի դատարանները, եւ նկատի ունենալով այն փաստը, որ շատ դեպքերում լրատվամիջոցի դեմ ուղղված պահանջները ոչ միայն ակնհայտ անհիմն են, այլեւ հետապնդում են լրատվամիջոցների գործունեությանը արհեստական խոչնդոտներ ստեղծելու նպատակը, կարելի է եզրակացնել, որ դատական պաշտպանության հիմնականում կդիմեն այն անձինք, ում վիրավորել կամ զրպարտել են դիտավորությամբ:

Առաջարկվող լրացումը մեր կարծիքով կամրապնդի  ժովորդավարության հիմքը հանդիսացող ազատ խոսքի ինստիտուտը այնքանով, որքանով խիստ կսահմանափակի շինծու այն հայցերը, որոնց դատավարությունը ուղղակիորեն ֆինանսավորվում է հայրենական ու արտերկյա այն անձանց ու կազմակերպությունների կողմից, որոնց նպատակն է կասեցնել իրական ժողովրդավարությունը` փոխարինելով այն ամբոխավարությամբ:

Ինչ վերաբերում է  «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու առաջարկությանը, ապա այն բխում է արտադատարանական կարգով անձանց եւ լրատվամիջոցների միջեւ կոնտակտի ձեւավորման դյուրացման անհրաժեշտությունից: Եթե նյութական կրիչի վրա տարածվող ԶԼՄ-ների թողարկման տվյալների մասին պահանջը նշված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, հեռուստառադիո հաղորդումներով տարածվող ԶԼՄ-ների համար՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ով (ելքային տվյալներ) եւ հոդված 48-ով (լիցենզավորում), ապա ցանցային լրատվամիջոցների համար ելքային տվյալների ցանկը սահմանված չէ, ինչը երբեմն ստեղծում է դժվարություններ ցանցային լրատվամիջոցին հերքման  եւ պատասխանի պահանջը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնելու համար: