Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-781-27.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 2-րդ մասի «ա)» կետում, 3-րդ մասում, 6-րդ հոդվածի առաջին մասում, 11-րդ հոդվածի 1-ին մասում «կանխիկ դրամով» բառերից հետո լրացնել «կամ պլաստիկ քարտերի միջոցով» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

Հիմնավորում

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2009 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) նիստի թիվ 01.5/21189-09 արձանագրության 1-ին կետով տրված հանձնարարականից: Նախագծի նպատակը պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալի անկումը կանխարգելելն է:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրը. Ներկայումս գործող օրենսդրության համաձայն, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները տրամադրվում են միայն կանխիկ դրամով դրամական հաշվարկների իրականացման ժամանակ: Խնդիրը կայանում է նրանում, որ նշյալ հանգամանքը չի խթանում պլաստիկ քարտերով դրամական հաշվարկների իրականացումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ չեն տրամադրվում:

1.2 Առկա խնդրի առաջարկվող լուծումը. Նախագծով առաջարկվում է ստեղծել օրենսդրական հիմք` պլաստիկ քարտերով դրամական հաշվարկների իրականացման դեպքում նույնպես հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ տրամադրելու համար:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան այն գործարքներն են, որոնց իրականացման ժամանակ պետք է տրամադրվեն հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կկանխվի պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալի անկումը: