Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-846-14.08.2015-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2008թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի հոդված 8-ը`

1) լրացնել նոր՝ 3-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.

«3. Եթե սույն օրենքով նախատեսված կարգով արձանագրված խախտումն իրականացվել է առնվազն 15 տարվա գործարանային թողարկման, կամ առնվազն 10 տարվա գործարանային թողարկման եւ 250-ից 350 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ առնվազն 5 տարվա գործարանային թողարկման եւ 120-ից 250 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ մինչեւ 120 ձիաուժ հզորությամբ շարժիչով թեթեւ մարդատար ավտոմոբիլով, կամ բեռնատար ավտոմոբլիով, կամ միկրոավտոբուսով, կամ ավտոբուսով՝ Վարչական ակտով տուգանքները նշանակվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված տուգանքների 50 տոկոսի չափով:

2) լրացնել նոր՝ 4-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն օրենքի իմաստով ավտոմեքենայի գործարանային թողարկման տարիքը հաշվարկվում է տվյալ ավտոմեքենայի թողարկման տարեթվի հունվարի 1-ից»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երթեւեկությանը հետեւող տեղանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի գործարկումից ի վեր, որ տեղի է ունեցել 2012 թվականին, Հայաստանում՝ Ճանապարհային երթեւեկության կանոնների արձանագրված խախտումների թիվը աճել է 142 տոկոսով:

Եթե 2011 թվականին արձանագրվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 679 հազար 978  խախտում, 2014 թվականին այդ թիվը հասել է 1 միլիոն 647 հազար 252-ի, որից 1 միլիոն 265 հազար 781-ը արձանագրվել է երթեւեկությանը հետեւող տեղանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի միջոցով:

Երթեւեկության կանոնների արձանագրված խախտումների համար նշանակված տուգանքների չափը 2011 թվականի համեմատ աճել են ավելի քան երեք անգամ: Եթե 2011-ին վճարված տուգանքների համախառն չափը կազմել է 2 միլիարդ 926 միլիոն 844 հազար 856 դրամ, 2014 թվականին նշանակված տուգանքների չափը գերազանցել է 10 միլիարդ դրամը, կազմելով 10 միլիարդ 596 միլիոն 631 հազար դրամ:

Ընդ որում, Ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած քաղաքացիների թիվը նշված ժամանակահատվածում չի նվազել: Եթե 2011 թվականին ՀՀ տարածքում տեղի ունեցած ճանապարհատրոնսպորտային պատահարներից տուժել է 4066 քաղաքացի, 2014 թվականին տուժածների թիվը կազմել է 4776:

Վերը բերված վիճակագրությունը փաստում է, որ երթեւեկությանը հետեւող տեղանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի գործարկումը որեւէ տեսանելի բարելավում չի մտցրել երթեւեկության կարգապահության բարձրացման եւ անվտանգության ապահովման իմաստով: Փոխարենը դարձել է ֆիսկալ գործիք, որ ծանրացրել է հայաստանցիների առանց այն էլ ծանր սոցիալական դրությունը:

Առաջարկվող նախագիծը դիտարկվում է որպես միջանկյալ քայլ՝ երթեւեկությանը հետեւող տեղանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի գործարկման հետագա նպատակահարմարության, կամ դրանց գործունեությունը ճանապարհային երթեւեկության կարգապահության եւ անվտանգության տեսակետից արդյունավետ դարձնելու հարցերի քննարկումից առաջ: Ակնկալվում է, որ օրենքի ընդունման պարագայում Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի եւ սոցիալապես պակաս ապահովված վարորդները տուգանքի չափերը կնվազեցվեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթեւանա երթեւեկությանը հետեւող տեղանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը: