Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-805-21.01.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է գրադարանների ստեղծման, դրանց տեսակների առանձնահատկությունները, գրադարանային հավաքածուների համալրումը, պահպանումը, մատչելիությունը եւ գրադարանային համակարգի հիմնական գործառույթները:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության գրադարանների եւ գրադարանային գործի մասին

1. Հայաստանի Հանրապետության գրադարանային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրային գրադարանների վրա:

Հոդված 4. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1. հանրային գրադարան (այսուհետ` գրադարան)` սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով կարգավիճակ ստացած մշակութային կազմակերպություն, որն ունի կանոնակարգված հավաքածու (անկախ նյութական կրիչից), ինչը տրամադրում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ մասնագետների ու նյութատեխնիկական բազայի օգնությամբ, իրականացնում է տեղեկատվական, մշակութային, կրթական, գիտական եւ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գործառույթները.

2. գրադարանային գործ` հասարակության տեղեկատվության, մշակույթի, կրթական գործունեության ոլորտ, որն ընդգրկում է գրադարանային համակարգի ստեղծումն ու զարգացումը, հավաքածուների ձեւավորումը եւ մշակումը, գրադարանից օգտվողների տեղեկատվական եւ մատենագիտական սպասարկման կազմակերպումը, գրադարանային կադրերի վերապատրաստումը, ինչպես նաեւ գրադարանների գիտական եւ մեթոդական գործունեության ապահովումը.

3. ազգային գրադարան` Հայաստանի Հանրապետության գրքային ժառանգության եւ տեղեկատվական արտադրանքի մշտական պահպանող, մատենագիտության ստեղծման եւ գրադարանային գործի մեթոդական օգնության կենտրոն, որն իրականացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանաված գործառույթները:

4. Հայաստանի Հանրապետության գրադարանային համակարգ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր գրադարանները` անկախ սեփականության ձեւից, նշանակությունից, հավաքածուի կազմից եւ նպատակաուղղվածությունից.

5. գրադարանային առարկա (փաստաթուղթ)՝ ելից տեղեկություն ունեցող, տեքստային, պատկերային, թվանշանային, տեսա- եւ (կամ) ձայնաշարային եւ (կամ) դրանց համակցված տեղեկույթ՝ ամրացված նյութական կրիչով.

6. գրադարանային հավաքածու` որոշակի չափանիշներով ձեւավորված, դասակարգված եւ համակարգված գրադարանային առարկաների ամբողջություն, որը կարող է լինել համապարփակ եւ ճյուղային.

7. գրադարանի գլխավոր մատյան՝ գրադարանի հավաքածուի հաշվառման փաստաթուղթ, որը հիմնական տվյալներ է պարունակում գրադարանային հավաքածուի մասին եւ պարտադիր է բոլոր հանրային գրադարանների համար.

8. գրադարանային առարկայի հաշվառում՝ նյութական կրիչի ուսումնասիրում, գիտական մշակում, գրանցում գրադարանի գլխավոր մատյանում.

9. գրադարանային առարկայի պահպանում՝ նպաստավոր պայմանների ստեղծում գրադարանային հավաքածուի ամբողջության ապահովման, ամրակայման եւ վերականգնման համար.

10. գրադարանային առարկայի պաշտպանում՝ գրադարանային հավաքածուների պաշտպանում բոլոր տեսակի ռիսկերից.

11. գրադարանի տեղեկատու-որոնողական համակարգ՝ տեղեկատու եւ մատենագիտական հրատարակությունների, քարտային եւ էլեկտրոնային գրացուցակ, տեղեկույթի ավտոմատացված տվյալների շտեմարանի ամբողջություն, որը նպատակաուղղված է գիտական, մշակութային եւ այլ տեղեկույթի փնտրմանը.

12. ազգային մատենագիտություն՝ գրադարանային տեղեկույթի տվյալների շտեմարանի համապարփակ ամբողջություն գիտության բոլոր բնագավառների վերաբերյալ.

13. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածու` Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող, մշտապեu համալրվող ազգային նշանակության ժառանգության ֆոնդերի գրադարանային հավաքածուների ամբողջություն, որը Հայաuտանի Հանրապետության մշակութային ժառանգության եւ տեղեկատվական պաշարների անբաժանելի բաղկացուցիչ մաuն է, ենթակա է մշտական պահպանության.

14. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակ՝ Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված, հաշվառված, պետության կողմից պահպանվող գրադարանային հավաքածուի մասին որոշակի սկզբունքներով ստեղծված տեղեկույթ.

15. գրադարանի անձեռնմխելի հավաքածու (ժառանգության ֆոնդեր)` մշտական պահպանության ենթակա ազգային նշանակության ժառանգության ֆոնդեր, այդ թվում` պարտադիր օրինակներ եւ հնատիպ գրքեր.

16. գրադարանի գործող հավաքածու` մշտական պահպանության եւ հանրային օգտագործման համար գրադարանային առարկա` նյութական կրիչ.

17. միջգրադարանային բաժնույթ` սպասարկման ծառայություն՝ գրադարանից օգտվողի պահանջարկի բավարարում` այլ գրադարանի հավաքածուին պատկանող նյութական կրիչի ժամանակավոր տրամադրմամբ.

18. գրադարանից օգտվող` գրադարանի ծառայություններից օգտվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

ԳԼՈՒԽ 2.

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

Հոդված 5. Գրադարանների սեփականության ձեւերը եւ ստեղծողները

1. Գրադարանների սեփականության ձեւերն են.
1) պետական,
2) համայնքային,
3) քաղաքացիների եւ իրավաբանական անձանց:
2. Գրադարան կարող են ստեղծել Հայաստանի Հանրապետությունը, համայնքը, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

Հոդված 6. Գրադարանի պարտադիր գործառույթները

1. Գրադարանը.

1) իրականացնում է գրադարանին անհրաժեշտ տպագիր արտադրանքի եւ այլ փաստաթղթերի համալրումը.

2) դասակարգում է, ցուցակագրում, կազմում գրադարանի հավաքածուի մատենագիտությունը.

3) ապահովում է գրադարանի հավաքածուի եւ տեղեկատվական համակարգերի մատչելիություն` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

4) ապահովում է գրադարանից օգտվողների որակյալ ծառայությունների մատուցումը.

5) կազմակերպում եւ իրականացնում է գրադարանի աշխատողների մշտական վերապատրաստումը.

6) գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ է տրամադրում Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակը կազմողին.

7) գրադարանից օգտվողներին մատուցում է ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից եւ այլ գործոններից, ինչպես նաեւ ապահովում է համապատասխան գրադարանային սարքավորումներ տեսողական եւ շարժողական խնդիրներ ունեցող անձանց համար.

8) անդամակցում է պետական եւ միջազգային միջգրադարանային բաժնութային համակարգին.

9) իրականացնում է գրադարանային հավաքածուում գտնվող հազվագյուտ գրքերի, ձեռագրերի, հնատիպ գրքերի կոնսերվացումը, պահպանումը, ինչպես նաեւ վերականգնումը` սույն օրենքով սահմանված կարգով.

10) ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ:

2. Գրադարանի տարածքի օգտագործման եւ վարձակալության պայմանագրերը նախապես համաձայնեցվում են լիազորված պետական մարմնի հետ:

Հոդված 7. Հանրային գրադարանի կարգավիճակ տալու գործընթացը

1. Գրադարանը, որպես կազմակերպություն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվելուց մեկ տարի հետո պետք է դիմի պետական լիազորված մարմին` գրադարանի կարգավիճակ ստանալու եւ լիազորված պետական մարմնի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստր) գրանցվելու համար:

2. Գրանցամատյանում գրանցվելու պահից կազմակերպությունը ստանում է գրադարանի կարգավիճակ:

3. Կազմակերպությունն ըստ սույն օրենքի 8-րդ հոդվածի դասակարգման, համապատասխան գրադարանի կարգավիճակ կարող է ստանալ հետեւյալ պահանջների`

1) տպագիր աշխատանքների եւ այլ բնույթի փաստաթղթերի դասակարգված հավաքածուի (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը).

2) պահպանության, հավաքածուների դասակարգման եւ գրադարանի գործունեության համար համապատասխան շենքի, սարքավորումների, անվտանգության համակարգի.

3) մշտական ֆինանսավորման ապահովվածության.

4) համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կամ աշխատողների.

5) գրադարանից օգտվելու կանոնների առկայության դեպքում եւ սույն օրենքի 6-րդ հոդվածում թվարկված բոլոր գործառույթների իրականացման պայմանով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելը հիմք է գրադարանի կարգավիճակի տրման մերժման համար:

5. Գրադարանին կարգավիճակ տրվում է հինգ տարի ժամկետով, ինչի համար լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական:

6. Կազմակերպության գրադարանի կարգավիճակ ստանալու կարգը եւ վկայականի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Գրադարանի կարգավիճակ ստանալու դեպքում գրադարանը օգտվում է.

1) գրադարանի հավաքածուի պետական համալրման ծրագրից.

2) գրադարանի աշխատողների պետական վերապատրաստման ծրագրից եւ մեթոդական օգնությունից.

3) գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային շտեմարանին միանալու իրավունքից.

4) գրադարանային ծառայությունների համար պետական բյուջեի ֆինանսավորումից:

8. Սույն հոդվածով նախատեսված նպատակների եւ կանոնադրական խնդիրների լուծման համար գրադարանը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակներ` հիմնադրի որոշման համաձայն:

Հոդված 8. Գրադարանների տեսակների առանձնահատկությունները

1. Գրադարանների տեսակները ըստ իրենց առանձնահատկությունների, լինում են.

1) Ազգային գրադարան՝

ա. հավաքում է հայկական գրքային արտադրության եւ հայոց լեզվի տարածման ոլորտի հետ կապված /այդ թվում` պարբերական եւ ոչ պարբերական մամուլը, կերպարվեստի եւ ձայնային նյութերը` նվազագույնը 2 օրինակից, անկախ կրիչից կամ ստեղծման տեխնիկայից/ նյութերը, ապահովում է հայկական գրադարանային հավաքածուի մասին մատենագիտական տեղեկույթը Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաեւ հավաքում է տեղեկույթ հայկական գրադարանային ժառանգության ֆոնդեր ունեցող բոլոր կենտրոնների մասին.

բ. պահպանում է ազգային պատմական հիշողությունը, ունի առավել լիարժեք, լիակատար հայրենական եւ օտարերկրյա գրադարանային հավաքածու, այդ թվում` հնատիպ: Հայաստանի Հանրապետության գրքային ժառանգության եւ տեղեկատվական արտադրանքի պարտադիր օրինակի՝ հավաքածուի մշտական պահպանողն է համաձայն «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

գ. իրականացնում է հայ գրքի, մամուլի, հայագիտական հրապարակումների, գրադարանագիտության, մատենագիտության, գրքագիտության ցանկերի կազմումը եւ հրատարակումը.

դ. համակարգում է գրադարանային գործի մեթոդական, մատենագիտական, գիտա-տեղեկատվական եւ տեղեկույթի էլեկտրոնային շտեմարանի գործունեությունը, ապահովում է խորհրդատվական եւ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը.

ե. համակարգում է հայկական գրադարանային ժառանգության պահպանության ու պաշտպանության մեթոդական օգնությունը (ձեռնարկներ, ուղեցույցներ) /անկախ գտնվելու վայրից/.

զ. իրականացնում միջազգային միջգրադարանային բաժնույթի ծառայությունները եւ օժանդակում է գրադարաններին այդ ծառայությունը կազմակերպելուն.

է. օժանդակում է գրադարանային կադրերի վերապատրաստում` արդի պահանջներին համապատասխան:

2) Հանրապետական գրադարան՝

ա. իր նպատակաուղղվածությամբ կարող է լինել համապարփակ, հատուկ եւ մասնագիտացված` գիտության եւ տեխնիկայի կամ արվեստի որեւէ ճյուղ, հայրենական կամ արտասահմանյան տպագիր արտադրանք, տեղեկատվական պաշարներ ամբողջացնող.

բ. ստանում եւ պահպանում է Հայաստանի Հանրապետության գրքային ժառանգությունը եւ տեղեկատվական արտադրանքի պարտադիր օրինակը` համաձայն «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

գ. համալրում է գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային շտեմարանը եւ օգտվում է դրանից:

3) Տարածքային գրադարան`

ա. ապահովում է տարածքի բնակչության գրադարանային հավաքածուի մատչելիությունը.

բ. համալրում է գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային շտեմարանը եւ օգտվում է դրանից.

գ. ապահովում է տարածաշրջանի կազմակերպությունների գրադարանային ծառայության մեթոդական, մատենագիտական եւ տեղեկատվական ծառայությունը.

դ. իրականացնում է իրենց տարածքում գրադարանային նպատակային գիտական ծրագրերի ներդրման եւ զարգացման համար:

Հոդված 9. Գրադարանի հավաքածուն

Պետական սեփականություն հանդիսացող գրադարանային հավաքածուները գրադարաններին ամրացվում են մշտական, անհատույց օգտագործման իրավունքով:

ԳԼՈՒԽ 3.

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Գրադարանի հավաքածուների հաշվառումը

1. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուում ընդգրկված գրադարանային առարկաները ենթակա են հաշվառման՝ անկախ դրանց նկատմամբ uեփականության իրավունքից եւ պահպանության վայրից:

2. Ազգային նշանակության գրադարանային առարկաների հաշվառումը իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի:

3. Գրադարանի գլխավոր մատյանում հավաքածուի գրանցումը վերջինի պահպանության վերցնելու մասին հիմնական փաստաթուղթն է, որի վարման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

4. Գրադարանի հավաքածուների պահպանման, ամրակայման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

5. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուում ընդգրկված գրադարանային առարկաների սեփականատերը, բացառությամբ սահմանված դեպքերից, համագործակցում է ազգային գրադարանի հետ գրադարանային առարկաները մատենագիտական շտեմարանում ընդգրկելու աշխատանքներում եւ գրադարանային առարկաների վերականգնման ու ամրակայման հարցերում:

Հոդված 11. Գրադարանի հավաքածուի համալրումը

1. Գրադարանը գնման, նվիրատվության, ժառանգության կամ փոխանակման պայմանագրերով կարող է ձեռք բերել ցանկացած կրիչով տեղեկույթ` ապահովելով գրադարանից օգտվողների պահանջարկը:

2. Գրադարանն իր հավաքածուն համալրում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով եւ նրանց մշակույթին վերաբերող նյութական կրիչների ընդգրկումով:

Հոդված 12. Գրադարանային հավաքածուների պահպանությունը պաշտպանությունը

1. Գրադարանային հավաքածուները վերցվում են մշտական պահպանության:

2. Գրադարանային հավաքածուի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը ներառում է.

1) անհրաժեշտության դեպքում վերականգնման, ամրակայման աշխատանքների իրականացումը` լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով.

2) անվտանգ պահպանության ապահովումը` լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով:

3. Հայաuտանի Հանրապետության գրադարանային հավաքածուի` իրավաբանական եւ ֆիզիկական անձանց uեփականություն համարվող գրադարանային առարկաները uույն oրենքով uահմանված կարգով պահպանում են դրանց uեփականատերերը կամ պայմանագրի հիման վրա այդ առարկաները ժամանակավոր պահպանության կարող են հանձնվել ազգային կամ հանրապետական գրադարանին:

Ժամանակավոր պահպանության կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

4. Արտակարգ իրավիճակում գրադարանային հավաքածուների տարհանման եւ դրանց պաշտպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Գրադարանի գործող հավաքածուի օտարումը

1. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի կազմում չընդգրկված գրադարանի գործող հավաքածուն կարող է օտարվել կրիչի կորստի, մաշվածության, ընթերցողական պահանջարկ չունենալու դեպքերում:

2. Գրադարանի գործող հավաքածուի օտարումը գրադարանային նյութական կրիչի կորստի, մաշվածության դեպքերի արձանագրումն է (հաշվառումից հանումը) գրադարանի հավաքածուի գրանցման փաստաթղթերում, որն իրականացվում է լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով:

3. Օտարման որոշումը կայացնում է հիմնադիրը կամ լիազորված պետական մարմինը գրադարանի տնօրինության առաջարկության եւ փորձագիտական եզրակացության համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 14. Գրադարանային հավաքածուների մատչելիության ապահովումը

1. Գրադարանային հավաքածուն (ցանկացած նյութական կրիչ) ժամանակավոր անվճար տրամադրվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

2. Գրադարանային հավաքածուները մատչելի են գիտահետազոտական, կրթական, ճանաչողական նպատակներով:

3. Գրադարանային հավաքածուների մատչելիությունն իրականացվում է`

1) գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված որոշակի նյութական կրիչի առկայության վերաբերյալ տեղեկույթի, դրա աղբյուրների որոնման եւ ընտրության վերաբերյալ խորհրդի տրամադրմամբ.

2) գրադարանային հավաքածուի կազմի վերաբերյալ տեղեկույթի տրամադրումը տեղեկատու-որոնողական համակարգի միջոցով.

3) միջգրադարանային բաժնույթի միջոցով:

4. Գրադարանային հավաքածուների մատչելիության սահմանափակումը գրաքննություն կատարելու նպատակով արգելվում է:

5. Գրադարանային հավաքածուի սեփականատերը հավաքածուի մատչելիության վերաբերյալ կարող է սահմանել սահմանափակումներ միայն`

1) ֆիզիկական պահպանվածության ոչ բավարար վիճակի.

2) վերականգնման ընթացքում գտնվելու.

3) անձեռնմխելի հավաքածուում գտնվելու, ինչպես նաեւ այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուն որպես Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս

1. Հայաuտանի Հանրապետության գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող, փորձաքննությամբ արժեւոավորված գրադարանային առարկաները` անձեռնմխելի հավաքածուները:

2. Հայաuտանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակում կարող են ընդգրկվել քաղաքացիների, ոչ պետական կազմակերպությունների սեփականություն հանդիսացող հնատիպ, հազվագյուտ գրքեր, ձեռագրեր սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ` նրա եւ լիազորված պետական մարմնի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա:

3. Հայաuտանի Հանրապետության գրադարանային հավաքածուն Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության, ազգային հարստության բաղկացուցիչ, անբաժանելի մասն է եւ պահպանվում է պետության կողմից:

4. Հայաuտանի Հանրապետության գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված գրադարանային առարկաները ենթակա չեն մաuնավորեցման (uեփականաշնորհման), չեն կարող լինել վաճառքի, փոխանակության, նվիրատվության, ինչպեu նաեւ այլ գործարքի առարկա, ինչը կարող է հանգեցնել դրանց oտարման, եթե oրենքով այլ բան նախատեuված չէ:

5. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակը ստեղծում է ազգային գրադարանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:

ԳԼՈՒԽ 4.

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 16. Գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը.

1. ստեղծում, լուծարում եւ վերակազմակերպում է պետական հանրային գրադարանները.

2. ապահովում է գրադարանային գործի ոլորտում պետական քաղաքականության իրականացումը.

3. սահմանում է գրադարանային անձեռնմխելի հավաքածուների՝ արտակարգ իրավիճակում տարհանման կարգը.

4. հաստատում է Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուում ընդգրկված գրադարանային առարկաների պետական հաշվառման կարգը.

5. սահմանում է գրադարանային առարկաները փորձաքննությամբ արժեւորելու, Հայաuտանի Հանրապետության գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու եւ պետական գրացուցակ ստեղծելու կարգը.

6. սահմանում է Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուում ընդգրկված գրադարանային առարկաների եւ հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման կարգը.

7. սահմանում է հանրային գրադարանների կարգավիճակի տրման կարգը եւ վկայականի ձեւը:

Հոդված 17. Գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունները

Լիազորված պետական մարմինը`

1. սահմանում է գրադարանի հավաքածուների ուսումնասիրման, պահպանման կարգը.

2. սահմանում է գրադարանային առարկաների եւ հավաքածուների վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման) աշխատանքների իրականացման կանոնները եւ կարգը.

3. հաստատում է պետական հանրային գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի վարման կարգը եւ ձեւը.

4. սահմանում է գրադարանային տեղեկատվական շտեմարանում գրադարանների հավաքածուների ընդգրկման կարգը.

5. ապահովում է արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի տարհանումը, ամբողջականությունը եւ անվտանգությունը.

6. սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է որոշում պետական գրադարանի գործող հավաքածուի կազմից գրադարանային նյութական կրիչների օտարման կամ պահպանության փոփոխման վերաբերյալ.

7. վերահսկում է պետական գրադարանային հավաքածուի պահպանությունը եւ օգտագործումը.

8. ապահովում է գրադարանների գործունեության վերաբերյալ վարչական վիճակագրական տվյալների մասնագիտական վերլուծությունը, ամփոփումը եւ հրատարակումը.

9. աջակցում է գրադարանային կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման համակարգի զարգացման ծրագրերի մշակումը եւ դրանց իրականացմանը.

10. սահմանում է գրադարանային աշխատողների մասնագիտական որոկավորման չափանիշները:

Հոդված 18. Գրադարանային գործի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

Գրադարանային գործի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1. Կազմակերպում եւ կառավարում են համայնքային ենթակայության գրադարանների գործունեությունը` ապահովելով համայնքի բնակչությանը գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների մատուցումը՝ գրադարանի միջոցով:

2. Ապահովում է համայնքային ենթակայության գրադարանների շենքերի պահպանմնան, շահագործման եւ նորոգման աշխատանքները

ԳԼՈՒԽ 5.

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 19. Գրադարանից օգտվողների իրավունքները

Հանրային գրադարանից օգտվողներն իրավունք ունեն`

1) օգտվել ցանկացած գրադարանի ծառայություններից` գրադարանային հավաքածուից օգտվելու կանոններին համապատասխան (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի).

2) օգտվել միջգրադարանային բաժնույթի ծառայություններից:

Հոդված 20. Գրադարանից օգտվողների պարտականությունները

Գրադարանից օգտվողները պարտավոր են`

1) պահպանել գրադարանի ծառայություններից եւ գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները.

2) գրադարանային հավաքածուին նյութական վնաս պատճառելու եւ գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 21. Գրադարանների իրավունքները

Գրադարանները իրավունք ունեն`

1) հաստատել գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնները.

2) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագրեր կնքելիս սահմանել գրադարանային հավաքածուի օգտագործման պայմանները.

3) դադարեցնել գրադարանից օգտվողին ծառայությունների մատուցումը` նրա կողմից գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնները պարբերաբար եւ միտումնավոր խախտելու դեպքում, եթե այն խոչընդոտում է գրադարանից մյուս օգտվողների ու սպասարկման ծառայությունների պատշաճ եւ բնականոն մատուցմանը:

4) գրադարանային գործող հավաքածուից դուրս գրել նյութական կրիչը օրենքով սահմանված կարգով:

Հոդված 22. Գրադարանների պարտականությունները

Գրադարանները`

1) իրականացնում են գրադարանից օգտվողների սպասարկումը գրադարանային հավաքածուի, համաշխարհային համակարգչային ցանցի (ինտերնետ) մատչելիության ապահովման, միջգրադարանային բաժնույթի, էլեկտրոնային սպասարկման ծառայությունների միջոցով.

2) իրազեկում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գրադարանի ծառայություններից եւ գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնների մասին.

3) պահպանում են գրադարանից օգտվողի հարցումների եւ օգտագործած տեղեկույթի գաղտնիությունը` որպես նրա անձնական տեղեկույթ` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

ԳԼՈՒԽ 6.

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 23. Գրադարանների ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական բազայի ապահովումը

1. Պետական գրադարանների ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական բազայի ապահովումն իրականացվում է պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Համայնքային գրադարանների ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական բազայի ապահովումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուում ընդգրկված` գրադարանային առարկաներ եւ հավաքածուներ ներառող գրադարանները կամ անհատները ստանում են պետական աջակցություն՝ պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 7.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 24. Պատասխանատվությունը գրադարանների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար

Սույն օրենքի պահանջները խախտող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 8.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է աշխարհի 15 երկրների գրադարանային գործը կարգավորող օրենսդրությունը: Այսպես` Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունների օրենսդրություններում «Գրադարանների մասին» օրենքներն ունեն գրադարանային գործառույթների որոշակի ընդհանրություններ` հավաքում, պահպանում են փաստաթղթեր եւ տեղեկույթ` անկախ նյութական կրիչներից, տրամադրում են օգտագործման` վճարովի կամ անվճար, գրադարանները լինում են պետական եւ մասնավոր սեփականության, կարող են լինլ ինքնուրույն իրավաբանական անձ` ոչ տնտեսական նշանակության: Մի շարք երկրների օրենսդրությունը կարգավորում է Ազգային գրադարանի գործունեությունը, իրավունքները եւ պարտականությունները` որպես առանձնահատուկ կարգավիճակ ունեցողի:

«Գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտություն է, քանի որ օրենսդրությամբ կարգավորված չեն մշակութային ժառանգության անքակտելի մասը կազմող Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի օգտագործման, տնօրինման, օտարման հարցերը:

Նախագիծը նպատակ ունի կարգավորել տեղեկատվական, մշակութային եւ կրթական գործունեության բնագավառում գրադարանային համակարգի ստեղծումն ու զարգացումը:

Ներկայացվող օրենքի նախագծում ամրագրվել են`

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի մշակութային տեղեկատվական  ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը: