Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-897-16.11.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կիրառման հիմքերը

2.Պրոբացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 2. Պրոբացիայի խնդիրները

Պրոբացիայի խնդիրներն են`

1. Մինչդատական  զեկույցների պատրաստում

2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ, հասարակական կամ ուղղիչ աշխատանքներով զբաղվելու իրավունքից զրկված մեղադրյալների նկատմամբ վերահսկողություն

3. Ազատազրկման հետ չկապված որոշակի պատժամիջոցների իրականացում

4. Մեղադրյալի հետ սոցիալ-դաստիարակչական աշխատանքի իրականացում

5. Մեղադրյալների ուղղիչ եւ կրկնակի քրեական իրավախախտումների վերաբերյալ զգուշացնող միջոցառումների իրականացում

Հոդված 3. Պրոբացիայի սկզբունքները

Պրոբացիան հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա`

1. Արդարություն

2. Օրինականություն

3. Պատիժը կրելու անխուսափելիություն

4. Քաղաքացու իրավունքների եւ ազատությունների համապատասխանություն

5. Արժանապատվության հարգում

6. Օրենքի նկատմամբ հավասարություն

7. Կոնֆիդենցիալություն

8. Անաչառություն

Հոդված 4. Պրոբացիայի կիրառման հիմքերը

1. Դատարանը անձի նկատմամբ պրոբացիա կիրառելու որոշում կայացնելուց առաջ հաշվի է առնում կատարված քրեական հանցագործության բնույթը

2. Պրոբացիայի կիրառման հիմք են հանդիսանում`

1. Դատարանի գրավոր հարցումը պրոբացիայի մարմին` մեղադրյալի վերաբերյալ մինչդատական զեկույց տրամադրելու մասին

2. Դատարանի մեղադրական դատավճիռը, ըստ որում անձը զրկվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու, որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի հասարակական եւ ուղղիչ աշխատանքներ կատարելու իրավունքից

3. Դատարանի մեղադրական դատավճիռը, ըստ որի անձը դատապարտվում է ազատազրկման սահմանված ժամկետով

4. Դատարանի մեղադրական դատավճիռը, ըստ որի անձը դատապարտվում է ազատության սահմանափակման

5. Դատարանի մեղադրական դատավճիռը, ըստ որի անձն ազատված է պատիժը փորձաշրջանով կրելուց

6. Դատարանի որոշումը` պատիժն  ազատազրկմամբ կամ որոշակի ժամանակահատվածով ազատության սահմանափակմամբ կրելը փոխարինել հասարակական կամ ուղղիչ աշխատանքներ կրելու պատժով

7. Դատարանի որոշումը`  հղի կամ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամակալությամբ  զբաղվող կնոջը պատիժը կրելուց ազատելու վերաբերյալ

8.  Ներման ակտ, ըստ որի դատապարտյալի պատիժը կամ պատժի չկրած մասը փոխարինվում է որոշակի հասարակական կամ ուղղիչ աշխատանք կատարելով:

Հոդված 5. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքով օգտագործվող հասկացությունների բովանդակությունը.

1.  պրոբացիա` պրոբացիոն ծառայության շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով նշանակված ազատազրկման հետ չկապված պատժատեսակների եւ  հարկադրանքի այլ միջոցների կատարումն է հասարակությունում, որն իր մեջ ներառում է հանցանք կատարած անձի նկատմամբ հսկողություն, ուղղորդում եւ աջակցություն` նպատակ ունենալով նրա վերասոցիալականացման միջոցով նպաստել հասարակության անվտանգության ապահովմանը

2. էլեկտրոնային հսկողություն` ռադիոալիքային, կենսաչափական կամ արբանյակային հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքի նկատմամբ

3. պրոբացիոն ծառայության շահառու` անձ, որի նկատմամբ դատարանի կողմից նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կամ պատիժ կամ ներկայացվելու է խորհրդատվական զեկույց

4. անձնական գործ` պրոբացիոն ծառայության շահառուի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի փաթեթ

5. տվյալների շտեմարան` պրոբացիոն ծառայության շահառուների եւ պրոբացիոն ծառայության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ամբողջություն

6. խորհրդատվական զեկույց  (այսուհետ` զեկույց)` պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատարանի միջնորդությամբ պրոբացիոն ծառայության կողմից դատապարտյալի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվություն

7. վերահսկողության պլան` փաստաթուղթ, որտեղ սահմանված են պրոբացիոն ծառայության շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները

Հոդված 6. Պրոբացիայի նպատակը

1. Պրոբացիան նշանակվում է, որպեսզի անձին հնարավորություն տրվի հասարակությանը վերաինտեգրվել, պրոբացիոն ժամանակահատվածը կարող է տատանվել 6 ամսից մինչեւ 3 տարի: Պրոբացիայի որոշում անձի նկատմամբ կարող է  կիրառվել միայն այն դեպքում, երբ վերջինս կհայտնի պրոբացիայի բոլոր պահանջներին ենթարկվելու պատրաստակամություն:

Պրոբացիայի բոլոր փուլերում, եթե դատավորը ստանում է տեղեկատվություն պահանջները չկատարելու վերաբերյալ, կարող է  մեղադրյալին ծանուցում ուղարկել կամ նույնիսկ կալանավորման որոշում կայացնել:

Հոդված 7. Պրոբացիայի կիրառման սահմանափակումները.

1. Պրոբացիան չի կիրառվում`

1. ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած  անձանց նկատմամբ

2. նախկինում դատապարտված անձանց նկատմամբ:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Պրոբացիայի մասին» օրենքի նախագի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում կներդրվի այլընտրանքային պատիժ կրելու պրոբացիայի ինստիտուտ եւ կստեղծվի պրոբացիոն ծառայություն, որով լուծում կտրվի հետեւյալ խնդիրներին`
1. հանցանք կատարած անձանց այլընտրանքային` ազատության մեջ  պրոբացիոն ծառայության կողմից իրականացվող  ուղղիչ քայլերի միջոցով առավել կբարձրացվի հասարակության պաշտպանությունը

2. կնվազի կրկնահանցագործությունը

3.արդյունավետորեն կիրականացվի  դատարանի կողմից նշանակված ազատազրկման հետ չկապված պատժատեսակների եւ հարկադրանքների այլ միջոցների կիրառումը

4. կլուծվի հանցագործություն կատարած անձանց վերասոցիալականացման հարցը

5. տնային կալանքի վարչական հսկողության եւ բացակայության արգելքի խափանման այլընտանքային միջոցները կիրառելով` հնարավորինս կթեթեւացվի նաեւ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը: