Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-922-16.12.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 92-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «Նշված սահմանափակումը» բառերից առաջ լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Այն դեպքում, երբ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կրել են նշանակված պատժի 10 տարին, ապա տարվա ընթացքում տրամադրվում է առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցություն»,

2) «սահմանափակումը վերանում է» բառերը փոխարինել «սահմանափակումները վերանում են» բառերով:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել դատապարտյալների կապը ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ, որը կարող է իրականացվել քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող եւ անցկացվող կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ դատապարտյալներին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 1 կարճատեւ տեսակցություն՝ մինչեւ 4 ժամ տեւողությամբ եւ երկու ամսվա ընթացքում առնվազն 1 երկարատեւ տեսակցություն՝ մինչեւ 3 օր տեւողությամբ: Միաժամանակ, հոդվածում նշված կարգավորումներից բացառություն է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունների դեպքում, այն է՝ տարվա ընթացքում առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն:

Ստացվում է, որ նման պայմաններում հաշվի չի առնվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները, եւ ներկայիս իրավակարգավորման շրջանակներում խաթարվում է վերջիններիս կապը ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ, որը կարող է ուղեկցվել բազմաթիվ հոգեբանական խնդիրներով՝ բարձրացնելով կրկնահանցավորության ռիսկերը, ինչպես նաեւ ոտնահարելով դատապարտյալի ընտանիքի անդամների, առավելապես երեխաների` ծնողների հետշփման իրավունքը:

Այս առումով հարկ է նկատել, որ դատապարտյալների, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց , տեսակցության իրավունքը դասվում է նրանց հիմնարար իրավունքների շարքին եւ դրանց իրացման համար նախատեսված պայմանները պետք է հնարավորին չափ թույլ տան բանտարկյալներին պահպանել եւ զարգացնել ընտանեկան հարաբերությունները, իսկ քրեակատարողական հիմնարկը պարտավոր է աջակցել բանտարկյալներին արտաքին աշխարհի հետ կապեր հաստատելու եւ պահպանելու գործում:

Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված ՄԱԿ - ի առաջին կոնգրեսի կողմից ընդունված Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները նույնպես պարունակում են դրույթներ բանտարկյալների շփումն արտաքին աշխարհի հետ ապահովելու նպատակով։ Ստանդարտ կանոնների 37-րդ կետի համաձայն՝ բանտարկյալներին պետք է հնարավորություն տալ ինչպես գրագրության կարգով, այնպես էլ այցելությունների ընթացքում կանոնավոր ժամանակահատվածների ընդմիջումով եւ հարկ եղած վերահսկողության տակ կապ պահպանել իրենց ընտանիքների եւ անբասիր վարք ունեցող ընկերների հետ:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարկանի 24.1 կետը կարգավորում է բանտարկյալների կապը արտաքին աշխարհի հետ.

«Բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորին չափ հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձեւերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց եւ դրսի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ տեսակցել թվարկված անձանց հետ»: Հիշյալ կանոնների մեկնաբանությունների հանաձայն՝ բանատարկյալները պետք է ունենան հնարավորություն արտաքին աշխարհի հետ կապը պահելու եւ ցանկացած սահմանափակում, որը կարող է կիրառվել այդ դեպքում պետք էհանգամանորեն մտածված լինի: Ընտանիք տերմինը պետք է դիտարկել իբրեւ լայն հասկացություն, որն իր մեջ է ներառում ոչ միայն ընտանիքի իրական անդամներին, այլեւ անձնաց ում հետ բանտարկյալի մոտ ձեւավորվել են նույնքան սերտ հարաբերություններ: «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը նախատեսում է անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, ինչն այս պարագայում պետք է պահպանվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կանոնների 24-րդ կետով նախատեսված իրավունքները իրացնելիս: Այս ամենն իր մեջ ներառում է նաեւ տեսակցությունների իրավունք, ինչը հանդիսանում է շփման կարեւորագույն ձեւերից մեկը:

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է պետական մարմինների միջամտությունը այդ իրավունքի իրացմանը, որի դեպքում պետք է սահմանափակումները հասցվեն նվազագույնի: Միաժամանակ, «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարկանի 24.2 կետի համաձայն՝ հաղորդակցությունները եւ տեսկցույթունները կարող են ենթարկվել սահմանափակումների եւ մոնիթորինգի, որն անհրաժեշտ է քրեական գործի քննությունը շարունակելու, կարգուկանոնի պահպանման, ապահովության եւ անվտանգության, հանցագործության կանխարգելման եւ հանցագործությունից տուժածների պաշտպանության համար, սակայն այդ սահմանափակումները, այդ թվում՝ դատական մարմինների որոշումներով նախատեսված կոնկրետ սահմանփակումները, պետք է ցանկացած պարագայում թույլատրեն շփումների թույլատրելի նվազագույն մակարդակ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումները (LABITA v. ITALY)՝ հարկ ենք համարում նշել, որ սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի եւ համապատասխանեցվեն ռիսկայնության աստիճանին:

« Բանտային վարչակազմերի կողմից ցմահ կամ այլ երկարատեւ ազատազրկման դատապարտված բանտարկյալների ղեկավարման վերաբերյալ» ԵԽ (2003) 23 հանձնարարականի 22-րդ կետի համաձայն՝ պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ ընդհատված ընտանեկան կապերի պահպանման նպատակով: Հիշյալ նպատակը իրացնելու համար դատապարտյալնների նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները եւ տեսակցությունները պետք է անցկացվեն հնարավորիս չափ հաճախ եւ պահպանելով գաղտնիության սկզբունքը: Եթե նշված պայմանները կարող են հանգեցնել անվտանգության եւ ապահովության պահպանման անհնարինության կամ եթե առկա է հիմնավորված ռիսկ, ապա նշված շփումները կարող են զուգորդվել համապատասխամ միջոցառումներով, ինչպես օրինակ գրագրության ստուգում եւ տեսակցություններից առաջ կամ հետո իրաականցվող ստուգումներ: Մասնավորապես, հիշյալ հանձնարարականի 22-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի դատապարտյալների խզված ընտանեկան կապերի վերականգնումը, այդ իսկ պատճառով դատապարտյալները պետք է պահվենիրենց ընտանիքի անդամների բնակության վայրին առավել մոտ քրեակատարողական հիմնարկներում:

Տեսակցությունների վերահսկելիության վերաբերյալ Գերմանիայի < >-ի օրենքով առաջարկվող իրավակարգավորումը նախատեսում է, որ տեսակցությունները կարող են վերահսկվել, եթե տվյալ տեսակցությունը կարող է սպառնալ ուղղիչ հիմնարկում կարգուկանոնի եւ անվտանգության հարցերին, բացառությամբ այն դեպքերի, եթե կոնկրետ դեպքերում առկա է տեղեկատվություն, որ նման վտանգը բացակայում է: Տեսակցությունը կարող է դադարեցվել անմիջապես, եթե խախտվում են վերոհիշյալ օրենքի դրույթները:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ դատապարտյալների տեսակցության իրավունքը ուղղակիորեն փոխկապակցված է վերջիններիս երեխաների հիմնարար իրավունքների հետ, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածով, ըստ որի՝ համապատասխան պետական մարմինները պետք է ապահովեն երեխաների՝ իրենց ծնողների հետ կապ պահպանելու իրավունքի իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողի հետ շփումը երեխայի շահերին դեմ է։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր խմբագրությամբ, որի արդյունքում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կտրամադրվի հավելյալ քանակությամբ տեսակցություններ:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները, ինչպես նաեւ միջոցներ կձեռնարկվեն առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ կապերի ամրապնդմանը նպաստելու, դատապարտյալների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Ի վերջո, տեսակցությունների թվի ավելացումը հավելյալ խթան կհանդիսանա ազատազրկված անձանց կողմից օրինապահ վարքագծի դրսեւորման համար:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաuտանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաuտանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաuտանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաuտանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաuտանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3.Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չիհակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաuտանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաuտանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ցմահ ազատազրկման դատապարտված անձին տրամադրվող տեսակցությունների թվի ավելացում, եթե նա կրել է իր նշանակված պատժի 10 տարին:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է նախատեսել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հավելյալ քանակությամբ տեսակցություններ տրամադրելու հնարավորություն, եւ Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծիվերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխու՟թյուն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք՟ի նախագծի` բյուջետային բնա՟՟՟գա՟վառում կարգա՟վոր՟ման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխու՟թյուն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք՟ի նախագծի ըն՟դունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: