Armenian ARMSCII Armenian
Կ-9181-11.12.2015,21.12.2015-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարելը, ապացույցները պահպանելը, ապացույցները ծանոթացման տրամադրելը

1. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանների միջոցով:

2. Ապացույցները վարչական ակտի հետ պահվում են վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործում:

3. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրան է տրամադրում տեսանյութի պատճենը՝ դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:

4. Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել վարչական ակտին իրազեկվելու պահից:

5. Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, եւ հանձնման փաստն ամրագրվում է վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից դիմումում կատարված գրառմամբ:

6. Եթե վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր դիմելուց հետո սահմանված ժամկետում չի ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենն ստանալու համար, ապա նրա չներկայանալու փաստն ամրագրվում է վարչական մարմնի կողմից դիմումում կատարված գրառմամբ:

7. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրան չի արգելում կրկին դիմել վարչական մարմին` տեսանյութի պատճենը տրամադրելու մասին պահանջով:

8. Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել:

9. Վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործերը շտեմարանի ընթացիկ հատվածում պահպանվում են մինչեւ դրանց ավարտը, իսկ ավարտից հետո՝ տեղափոխվում շտեմարանի արխիվ, իսկ օրենսդրությամբ՝ արխիվում պահպանման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ոչնչացվում են (հեռացվում են շտեմարանից):

10. Վարչական ակտի հասցեատիրոջը հանձնվող (իրազեկվող, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրվող) վարչական ակտում զետեղված՝ իրավախախտումն ամրագրած տեսանյութի կադրում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են:

11. Այն դեպքերում, երբ կատարած իրավախախտման համար անձը համարվել է նախազգուշացված, ապացույցները (նախազգուշացում նշումով) հասանելի են դարձվում էլեկտրոնային ձեւով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրելու եղանակով: Դրանց վերաբերյալ անձը տեղեկացվում է այլ իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի ծանոթագրությամբ: Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը օրենքով սահմանված կարգով անձին պետք է հանձնվի էլեկտրոնային փոստով, ապա նախազգուշացված համարելու հիմք հանդիսացած ապացույցները (նախազգուշացում նշումով) եւս ուղարկվում են նույն էլեկտրոնային փոստով:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «հարուցում» բառից հետո լրացնել «, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի» բառերով, նույն մասի «7-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրում» բառերով.

2) 4-6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Եթե իրավախախտումը կատարվել է պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային կառավարչական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպությանն ամրացված (պատկանող) տրանսպորտային միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը, իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, գրավոր հարցում է կատարում համապատասխան կազմակերպությանը (հարցումը կարող է ուղարկվել նաեւ կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին):

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումն ստացած կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը պարտավոր է հնգօրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե իրավախախտման կատարման պահին ում է ամրացված եղել (ով է վարել) տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, վարորդական վկայականի սերիան եւ համարը, եւ կցվում է աշխատանքային պայմանագրի եւ տրանսպորտային միջոցի ամրացման փաստաթղթի պատճենը (եթե հարցումն ուղարկվել է կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին, ապա դրա պատասխանը եւս կարող է ներկայացվել էլեկտրոնային փոստով):

6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված եւ տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի իրականացվում (չի հարուցվում):».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցներով կատարված եւ տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ նյութերը մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը վարչական մարմինն ուղարկում է համապատասխան պետական կառավարման մարմին՝ կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել                 «2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարցում կատարելու դեպքում՝ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պատասխանն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 2-րդ մասի «եռօրյա ժամկետում, այն» բառերը փոխարինել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով.

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.

«5. Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը կարող է ապացուցվել օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացնելու կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցմանը՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով պատասխանելու միջոցով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գանգատը (բողոքը կամ հայցադիմումը) կարող է ներկայացվել վարչական ակտի հասցեատիրոջ կամ խախտում կատարած անձի կողմից եւ պետք է պարունակի խախտումը կատարած անձի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան եւ համարը, բնակության վայրը, ինչպես նաեւ դրան պետք է կցվեն գանգատը ներկայացնող անձանց անձնագրերի եւ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճենները: Եթե տրանսպորտային միջոցն օգտագործվում է գրավոր պայմանագրի հիման վրա, ապա գանգատին (բողոքին կամ հայցադիմումին) պետք է կցվի նաեւ պայմանագրի պատճենը:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացվելու կամ տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը որեւէ այլ կերպ հաստատվելու, ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխանաբար տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը վարչական, դատական կամ որեւէ այլ կերպ հաստատվելու կամ հարցման պատասխանն ստանալու օրվանից:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ հոդվածներով.

«Հոդված 7.1. Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված եւ սույն օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարույթն իրականացվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ արտահանող (տրանսպորտային միջոցով որպես վարորդ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող) անձը:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաեւ վարչական ակտի կատարման կարգի եւ չկատարման իրավական հետեւանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչեւ սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչեւ սահմանահատման թույլտվություն տալը, եթե մինչ այդ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով վարչական ակտը չի հանձնվել: Վարչական ակտի կատարման կարգի եւ չկատարման իրավական հետեւանքների մասին հուշաթերթիկի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վարչական ակտով իր վրա դրված պարտականությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չկատարելու դեպքում օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական ակտի կատարման՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վաղեմության ժամկետը հաշվարկվում է վարչական ակտը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանձնելու օրվանից:

Հոդված 7.2. Տրանսպորտային միջոցները վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարձույթով տրված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների հետեւանքը

1. Տրանսպորտային միջոցը վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից վարձույթով տրված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված գումարը վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, չվճարվելու դեպքում վարչական ակտերով գումարը վճարելու պարտականությունը կրում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը՝ տրանսպորտային միջոցը վարձակալած (վարող) անձի (խախտումը կատարած անձի) նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքով:

2. Վարչական ակտերով գումարը վճարելու պարտականություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի գանգատարկելու վարչական ակտը օրենքով սահմանված կարգով՝ իրավաբանական անձի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը իրազեկելու պահից։»:

Հոդված 5. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 11-ին:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ին: