Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-690-12.09.2009,19.03.2010-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185) օրենքի (այսուհետ` օրենք)  7-րդ հոդվածի վերջին ժ) կետը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«ի) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի

1. 5-րդ մասի բ) կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«բ)  հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական  հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50 000-200 000 դրամ»:

2. 10-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«10. Համայնքի տարածքում  մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ` յուրաքանչյուր մեքենայի համար»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում կոմպրեսացված (սեղմված) գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրք սահմանված չէ, իսկ օրենքի 7-րդ հոդվածի «ժ» կետը, 10-րդ հոդվածի 5-րդ եւ 10-րդ մասերը տարակարծության տեղիք են տալիս: Հաշվի առնելով ՀՀ մի շարք փոքր, սահմանամերձ համայնքներում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի ոլորտում եկամտաբերության ցածր մակարդակը,  տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական դրությունը, ինչպես նաեւ համայնքների ղեկավարների առաջարկությունները` սույն օրենքի նախագծով ընթացիկ տարվա համար տեղական տուրքի նվազագույն սահմանը նախատեսվում է 50 000 դրամ: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի` ՀՀ մարզեր կատարած այցելությունների ընթացքում համայնքների ղեկավարների կողմից բարձրացված հարցերից` ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն անհրաժեշտ է համարում վերոնշյալ օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն ուղղված է Հայաստանի Հանրապետության համայքների բյուջեների եկամտային մասի ավելացմանը: