Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10391-18.07.2016-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Քրեական դատավարության Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 545 «Բռնադատվածների արդարացման իրականացումը» վերնագրով գլխով.

«ԳԼՈՒԽ 545
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 49918 . Բռնադատվածները

1. Արդարացման ենթակա են բռնադատվածներն ու բռնադատվածների ընտանիքի անդամները: Արդարացման ենթակա են նաեւ այն անձինք, որոնք անկախ նրանց նկատմամբ ներկայացված փաստացի մեղադրանքների հիմնավորվածությունից դատապարտվել են՝

1) հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի.

2) խորհրդային պետական եւ հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելու.

3) եկեղեցին պետությունից եւ դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքները խախտելու.

4) կրոնական ծեսեր կատարելուն արգելք հանդիսանալու, կրոնական ծիսակատարությունների պատրվակով քաղաքացիների անձի եւ իրավունքների դեմ ոտնձգություն կատարելու համար:

5) անհիմն քաղաքական մեղադրանքով պատիժների ենթարկվելու հետեւանքով ազատազրկման վայրերում, աքսորավայրերում, հատուկ բնակավայրերում եւ ազատության սահմանափակման պայմաններում հարկադիր աշխատանքի ներգրավման վայրերում գտնված եւ այդ վայրերից փախուստի դիմելու համար:

Արդարացման ենթակա են նաեւ այն քաղաքացիները, որոնք պետական մարմինների կողմից աքսորվել կամ արտաքսվել են իրենց մշտական բնակության վայրից եւ զրկվել են ունեցվածքից քաղաքական, սոցիալական, ազգային, կրոնական կամ այլ դրդապատճառներով՝ կուլակության դեմ պայքարի, կոլեկտիվացման հակառակորդների եւ այդօրինակ այլ մեղադրանքների անվան տակ:

2. Արդարացման ենթակա չեն անձինք, որոնք հիմնավոր ապացույցների հիման վրա դատապարտվել են դատարանների կողմից, ինչպես նաեւ ենթարկվել են պատասխանատվության արտադատարանական կարգով եւ այդ անձանց վերաբերյալ գործերում կան բավարար ապացույցներ նրանց մեղադրելու՝

1) հայրենիքի դավաճանություն՝ լրտեսության ձեւով, զինվորական կամ պետական գաղտնիքը հայտնելու, թշնամու կողմն անցնելու, տեռորիստական ակտ, դիվերսիա, վնասարարություն, սաբոտաժ.

2) մարդու եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների, քաղաքացիական ազգաբնակչության եւ ռազմագերիների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու, ինչպես նաեւ հայրենիքի դավաճաններին եւ ֆաշիստական զավթիչներին հայրենական մեծ պատերազմի ժամանակ այդպիսի գործողություններ իրականացնելիս ծառայելու.

3) բանդիտական միավորումներ կազմավորելու եւ դրանց կողմից իրականացված սպանությունների, թալանի եւ այլ բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաեւ այդ միավորումների կազմում անձամբ այդպիսի գործողություններ իրականացնելու.

4) մարդկության դեմ իրականացված զինվորական հանցագործությունների եւ արդարադատության դեմ կատարված հանցագործությունների:

Արդարացման ենթակա չեն նաեւ վարչական կարգով հատուկ բնակավայրեր ուղարկված այն խորհրդային քաղաքացիները (ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք), ովքեր ծառայել են գերմանաֆաշիստական զորքերի շարային եւ հատուկ զորամիավորումներում, ոստիկանությունում, եթե կան փաստեր նշված զրամիավորումների կազմում Խորհրդային բանակի, պարտիզանների, հակահիտլերյան կուալիցիայի զորքերի եւ խաղաղ բնակչության դեմ՝ այդ անձանց հետախուզական, ռազմական եւ պատժիչ գործողություններին մասնակցության մասին, բացառությամբ այն անձանց, որոնք հետագայում Խորհրդային բանակի, պարտիզանական ջոկատների կամ Դիմադրության շարժման կազմում մասնակցել են գերմանաֆաշիստական զորքերի դեմ մղված մարտերին:»

Հոդված 49919 . Բռնադատվածների արդարացման կարգը

1. Արդարացումն իրականացվում է բռնադատվածի, նրա ընտանիքի որեւէ անդամի, հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա:

2. Այդ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Ազգային անվտանգության եւ Ոստիկանության բնագավառների պետական լիազորված մարմինների հետ միասին անցկացնում է ուսումնասիրություններ եւ կազմում է համապատասխան  եզրակացություններ բոլոր այն քրեական գործերի վերաբերյալ, ովքեր նշված են («Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում եւ որոնց մասին որոշումները չեն փոխվելդրանք կայացնելուց հետո իսկ արդարացված անձանց մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը դիմումատուին տալիս է համապատասխան տեղեկանք` դիմումն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում):

3. Եթե կան հիմքեր անձի արդարացման ենթակա չլինելու մասին կամ սահմանված կարգով ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ համապատասխան անձանց մասին տեղեկությունները բացակայում են կամ անբավարար են եւ նրանց արդարացնելու հիմքերը թերի են ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ դիմումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում քրեական գործն իր եզրակացությամբ ուղարկում է այն դատարաններ, որոնց օրենքով սահմանված կարգով ընդդատյա են այդ գործերը: Դրանք քննարկելուց հետո դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) անձը հիմքերի առակայությամբ դատապարտվել կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով  եւ նրա  վրա չեն տարածվում «Բռնադատվածների մասին» օրենքի դրույթները.

2) անձը անհիմն դատապարտվել կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել ատադատարանական կարգով եւ նա ենթակա է արդարացման «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այս դեպքում դատարանը բեկանում է նախքին որոշումը եւ կարճում է գործը: Գործերը քննարկելիս դատարանը կարող է նաեւ փոփոխություններ կատարել դատարանների նախկինում կայացված դատավճիռներում, վճիռներում, որոշումներում եւ արարքների որակումներում ինչպես նաեւ արտադատարանական մարմինների որոշումներում:

4. Դատարանի կողմից արդարացման ոչ ենթակա ճանաչված անձանց տրվում է համապատասխան որոշում: Դատարանի կողմից անհիմն դատապարտված  կամ արտադատարանական կարգով  քրեական  պատասխանատվության ենթարկված, ճանաչված անձանց տրվում է արդարացման մասին տեղեկանք: Անձին բռնադատված ճանանչելու հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել  դատական կարգով: Համապատասխան հիմքերի եւ տեղեկությունների բացակայության  կամ բավարար լինելու դեպքում անձի բռնադատման փաստը կարող է հաստատվել  դատարանում` վկայություն տալու հիման վրա:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1994թ. հունվարի 14-ին։ Այդ ընթացքում օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Սակայն իրականությունը պարտադրում է ունենալ նոր օրենք։ Եթե գործող օրենքը բաղկացած է 12 հոդվածներից, ապա ներկայացված նախագիծը կանոնակարգում է բազմաթիվ հիմնահարցեր, որոնք ամփոփված են 17 հոդվածներում։ «Բռնադատվածների մասին» նոր օրենքում եւ քրեական դտավարության օրենսգրքում առաջին անգամ ամրագրվել են հետեւյալ հիմնարար դրույթները՝

1) օրենքի նպատակը.

2) օրենքի կարգավորման առարկան.

3) բռնադատվածների մասին օրենսդրությունը.

4) օրենքում օգտագործվող հիմնական հասկացություննրը (դրանովէականորեն ընդլայնվել է օրենքի գործողության ոլորտը).

5) արդարացման ենթակա անձինք.

6) արդարացման սահմանափակումները.

7) արդարացման կարգը.

8) բռնադատվածների, նրանց ընտանիքի անդամների կամ առաջին հերթին ժառանգների հաշվառումը.

9) բռնադատվածների իրավունքներն ու արտոնությունները, որոնք ընդլայնված կամ հստակեցված են։

Նախագծերի փաթեթը մշակվել եւ լրամշակվել է «Հուշամատյան» պատմալուսավորչական հասարակական կազմակերպության նախագահ Գ. Թանանյանի հետ համատեղ: Նախագծում հաշվի են առնվել բռնադատվածների հիմնահարցերը ներկայացնող «Հուշամատյան» մարդու իրավունքների, պատմալուսավորչական եւ բարեգործական ընկերության առաջարկությունները:

Նախագիծը նորովի կանոնակարգում է Հայաստանում հաշվառված  բռնադատվածների եւ նրանց ժառանգների հիմնահարցերը։

Նախագծի հիմքում ընկած է 4-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալաքյանի, Վարդան Բոստանջյանի, Վազգեն Կարախանյանի եւ Գոհարիկ Ենոքյանի կողմից ներկայացված նախագծի դրույթները։ Նախագծում հաշվի են առնվել նաեւ ԱԺ համապատասխան ծառայությունների 2003 եւ 2007թթ. ներկայացրած առաջարկները։