Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1059-19.09.2016-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները, որոնք տուժել են` մասնակցելով Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՉԱԷԿ) վթարից եւ միջուկային այլ աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին:

2. Սույն օրենքով նշված անձանց տրվող արտոնություններն ու փոխհատուցումները տարածվում են սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված քաղաքացիների խմբերի վրա:

Հոդված 2. ՉԱԷԿ-ի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը

1. ՉԱԷԿ-ի վթարից եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանությունն ապահովվում է սույն օրենքով եւ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով:

Հոդված 3. ՉԱԷԿ-ի վթարի եւ միջուկային այլ աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների խմբերը

1. Սույն օրենքի դրույթները տարածվում են չեռնոբիլյան վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների հետեւյալ խմբերի վրա

1) Անձինք, որոնք հիվանդացել են ճառագայթային հիվանդությամբ` կապված ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետ, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնք ճանաչվել են հաշմանդամ եւ հաշմանդամությունը կապվել է անմիջականորեն Չեռնոբիլյան վթարի ազդեցության հետ, այդ թվում`

2) անձինք (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք մասնակցել են Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին,

3) զինծառայողներ, ներքին գործերի մարմինների աշխատակիցներ, զինապարտներ, որոնք կանչված են եղել հատուկ հավաքների` աշխատելու այդ ժամանակաշրջանում ախտահարված գոտում, Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման նպատակով

2. Անձինք (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք 1986-1987թթ. մասնակցել են ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարված գոտում, զինծառայողներ, ներքին գործերի մարմինների աշխատողներ եւ զինապարտներ, որոնք կանչվել են հատուկ հավաքների` այդ ժամանակաշրջանում վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու համար:

3. Անձինք (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք 1988-1989թթ. մասնակցել են Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարված գոտում, զինծառայողներ, ներքին գործերի մարմինների աշխատողներ եւ զինապարտներ, որոնք կանչվել են հատուկ հավաքների` այդ ժամանակաշրջանում վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու համար:

4. Անձինք, /ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված/, այդ թվում զինծառայողներ եւ զինապարտներ` զորակոչված հատուկ հավաքների, ոստիկանության, պետանվտանգության, անձնակազմերի աշխատակիցներ, որոնք 1957-1958/1959-1961/ թթ. Անմիջապես մասնակցություն են ունեցել 1957թ. «Մայակ» արտադրական միավորման վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին:

5. Անձինք, որոնք մասնակցել կամ տուժել են քաղաքացիական եւ ռազմական նշանակության միջուկային այլ օբյեկտների վթարների հետեւանքների վերացման արդյունքում:

Հոդված 4. ՉԱԷԿ-ի վթարի եւ միջուկային այլ աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների բժշկական օգնության եւ ճառագայթային ազդեցությունից պաշտպանվածության իրավունքը

ՉԱԷԿ-ի վթարի եւ միջուկային այլ աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիները իրավունք ունեն բժշկական օգնության եւ դիսպանսերիզացիայի առողջապահական կազմակերպություններում ըստ բնակության վայրի: Այդ անձանց մասնագիտացված բուժօգնությունը ապահովում, նրանց հիվանդության եւ հաշմանդամության պատճառական կապը որոշում են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եւ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի կողմից տրված եզրակացությունների հիման վրա: Եթե ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը չունի համապատասխան մասնագետներ, ապա հիվանդն ուղղեգրվում է այլ առողջապահական կազմակերպություն:

Գլուխ 2. Փոխհատուցում եւ արտոնություններ ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած անձանց

Հոդված 5. Ճառագայթային հիվանդությամբ հիվանդացած եւ հաշմանդամ դարձած անձանց արտոնությունները

1. Սույն օրենքի առաջին գլխի 3-րդ հոդվածում նշված անձինք իրավունք ունեն`

1) Անվճար ամենամյա բժշկական հետազոտման` համապատասխան մասնագետների ներգրավմամբ

2) Ամեն տարի անվճար դեղորայքի ձեռքբերման (բժշկի դեղատոմսով)

3) Անվճար ատամնապրոթեզավորման (բացառությամբ պրոթեզի թանկարժեք մետաղից)

4) Անվճար առողջարանային ուղեգրերի ապահովման` ՀՀ կառավարության սահմանված կարգով

2. Անձինք, որոնց հիվանդությունները պայմանավորված են նրանց ծնողների ճառագայթված լինելով, երաշխավորվում են սույն օրենքով նախատեսված փոխհատուցումները եւ արտոնությունները:

3. Սույն հոդվածում նշված արտոնությունները վերաբերում են ՉԱԷԿ-ի եւ միջուկային այլ աղետների հետեւանքների վերացմանը մասնակցած, վթարից զոհված եւ ճառագայթային հիվանդությունից մահացածների ընտանիքների անդամներին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 6. ՉԱԷԿ-ի վթարի եւ միջուկային այլ աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակիցների օգնություն ստանալու իրավունքը

ՉԱԷԿ-ի վթարի եւ միջուկային այլ աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցածները ստանում են ամենամսյա դրամական օգնություն` ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ չափով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Օրենքի նախագծի ընդունումը բխում է ԱՊՀ երկրների շրջանակներում ընդունված «Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ այլ միջուկային աղետների եւ վթարների հետեւանքով ճառագայթահարման ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթներից, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է դեռեւս 1994 թվականին:

1986թ. ապրիլի 26-ի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը մարդկության խոշորագույն տեխնոգեն աղետներից մեկն էր: Շուրջ 3000 հայորդիներ մեր հանրապետությունից մասնակցեցին այդ աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին:

Աղետի հետեւանքների վերացման աշխատանքների 3000 մասնակիցներից 400-ը մահացել են, 1600-ից ավելին դառձել են հաշմանդամներ են, որի արդյունքում ճառագայթված ծնողներից ծնվել են տարբեր արատներով բազմաթիվ երեխաներ:

Օրենքի նախագծով կարգավորվում է Չեռնոբիլի էլեկտրակայանի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած անձանց տրվող արտոնությունների եւ փոխհատուցումների խնդիրը: