Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1064-20.09.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենսգրքի 169.26-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.26-րդ հոդվածով.

«Հոդված 169.26.Հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետում չներկայացնելը, կամ հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը, կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը

1.Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը (այսուհետ՝ սույն հոդվածում՝ հայտարարագիր) դրանք ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում:

2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձիերկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկիչափով:»։

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24416 -րդ հոդվածով.

«Հոդված 24416 . Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը

Սույն օրենսգրքի 169.26-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից: