Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1075-29.09.2016-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` օրենք) 52-րդ հոդվածի 1.1 մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2.  Օրենքի 55.1-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական կամ վարձակալած էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը որոշում է մուլտիպեքսորը՝ այդ մասին նշելով Ազգային հանձնաժողով ներկայացվող հայտում: Սփռման տարածքը կարող է ընդգրկել մեկ կամ մի քանի համայնք, մեկ կամ մի քանի մարզ, կամ ամբողջ երկիրը:»:

2. 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

3. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Եթերային հեռարձակման նպատակով մասնավոր մուլտիպլեքսում հեռուստառադիոընկերություններին ընդգրկելիս մուլտիպլեքսորը առաջնորդվում է տեղեկատվության բազմազանության, լրատվության միջոցների ազատության եւ անկախության սկզբունքներով: Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է իր մուլտիպլեքսի տարողության մինչեւ 20 տոկոսը Ազգային հանձնաժողովի սահմանած ժամկետում, բայց ոչ շուտ, քան երեք ամսում հեռուստառադիոհեռարձակում իրականացնելու համար տրամադրել իր սփռման տարածքում անալոգային հեռարձակման լիցենզիայով գործող հեռուստառադիոընկերություններին, որոնց անալոգային հեռարձակման լիցենզիան Ազգային հանձնաժողովը առանց մրցույթի փոխարինում է մինչեւ 2020 թվականը գործող թվային հեռարձակման լիցենզիայով, ինչպես նաեւ՝ նոր ստեղծված ու Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստառադիոընկերություններին:  Մուլտիպլեքսորը մնացած հեռուստառադիոծրագրերը կարող է օգտագործել բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով:

Սույն օրենքի 48 եւ 49 հոդվածներով սահմանված լիցենզավորման կարգերը մինչեւ 2020 թվականը չեն տարածվում անալոգային հեռարձակման լիցենզիայով գործող հեռուստառադիոընկերությունների վրա: Սույն հոդվածում նշված հեռուստառադիոծրագրերը չեն կարող տրամադրվել Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունք ունեցող հեռուստառադիոընկերությանը, բացառությամբ եթե այդ ընկերությունը հրաժարվում է Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունքից: Մուլտիպլեքսորներն իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում են մատուցվող ծառայությունների տեսակների եւ սակագների, մուլտիպլեքսում եւ մալուխային հեռարձակման համակարգերում ընդգրկվելու ընթացակարգերի եւ պահանջների, իրենց սփռման տարածքի, գտնվելու վայրի եւ մուլտիպլեքսի առկա թողունակության մասին տեղեկությունները։»:

Հոդված 5. Օրենքի 55.2-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասի բ) ենթակետը «ցանցի գործարկման ժամանակացույցը.» բառերից հետո միջակետը փոխարինել ստորակետով եւ լրացնել «սփռման տարածքը» բառերով:

2. 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

3. 7-րդ մասից հանել «եւ հանրային լսումների»  բառերը:

Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ինչպես նաեւ ներկայացվում են վերը նշված հեռուստառադիոընկերությունների իրավատերերի հետ կնքված պայմանագրերի լուսապատճենները» բառերը։

Հոդված 7. Օրենքի 62-րդ հոդվածի 16-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«16. Մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության սկիզբը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստառադիոընկերությունների գործունեությունը՝ գործող լիցենզիաների՝ առանց փոփոխությունների երկարաձգման միջոցով: Ազգային հանձնաժողովը սահմանում է տեղական հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների երկարաձգման կարգը եւ պայմանները, որոնք, սակայն, չեն կարող պարունակել հավելյալ պահանջներ, բացի ընկերության կողմից կիրառվող հեռարձակող սարքերի, ընկերության գործունեության (տեւողության) եւ ընկերության մասին հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելուց:

Լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչեւ նշված տարածքը ներառող մարզում մասնավոր մուլտիպլեքսորի մուտքը, որից հետո հիշյալ հեռուստառադիոընկերությունների լիցենզիան առանց մրցույթի փոխարինվում է մինչեւ 2020 թվականը գործող թվային հեռարձակման լիցենզիայով: Սույն մասում նշված ընկերություններից լիցենզիայի երկարաձգման եւ տարեկան պետական տուրքեր չեն գանձվում:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի հիմնական նպատակը հեռարձակման ոլորտ մասնավոր մուլտիպլեքսորի մուտքն ապահովելն ու նրա գործունեությունը կարգավորելն է: Այս փոփոխությունը բխում է Հայաստանի Հանրապետությունում եթերային հեռարձակման անալոգայինից թվային եղանակին անցնելու ընդհանուր գործընթացի պահանջից, որի արդյունքում դաշտում պետք է հայտնվի նոր օպերատոր՝ մասնավոր մուլտիպլեքսորը, որը, ըստ այդ օրենքի, իր սեփական ենթակառուցածքի միջոցով պիտի ապահովի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում թվային հեռուստատեսության հեռարձակումը՝ թվային հեռարձակման արդեն գործող հանրային ցանցից անկախ։ Սակայն կատարված փոփոխությունները, ցավոք, ոչ թե առաջընթաց են ապահովելու, այլ ընդհակառակը խոչընդոտելու են մասնավոր մուլտիպլեքսորների կայացումը, ավելին՝ թույլ չեն տալու այդ ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը՝ այստեղ էլ հաստատելով մեկ խաղացողի մենաշնորհ: Այսպես, օրենքի 55.1 հոդվածի 2-րդ մասի նոր դրույթը, համաձայն որի մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել «սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը», հնարավորություն է տալիս մուլտիպլեքսոր դառնալ միայն խոշոր ձեռնարկատերերին, իսկ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները ձեռնարկատիության այս ոլորտ մուտք գործելու բավարար ռեսուրսներ չեն կարող ունենալ։ Նման պահանջն անհամաչափ է ու չի բխում օբյեկտիվ անհրաժեշտությունից, եւ պատահական չէ, որ մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման համար 2016թ. ապրիլի 30-ին հայտարարված առաջին իսկ մրցույթը համարվել է չկայացած՝ սահմանված ժամանակահատվածում դիմում չներկայացնելու հիմքով։ Նկատի ունենալով մուլտիպլեքս համակարգի տեխնիկական ճկունությունը, ռադիոալիքների մեծ քանակությունը, որ հնարավոր է հեռարձակել մեկ հաճախականությամբ, որեւէ տեխնիկական անհրաժեշտությունից չի բխում ՀՀ ողջ տարածքի չափով հեռարձակման թվային ցանց ստեղծելու պահանջը։ Նման ցանց կարելի է ստեղծել քաղաքի, մարզի եւ, ընդհանրապես, որեւէ համայնքի տարածքի շրջանակներում՝ այդպիսով հնարավորություն տալով նաեւ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս համատեքստում անհասկանալի է նաեւ, թե ինչու է մուլտիպլեքսորը պարտավոր օգտագործել իր սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցը՝  այդ թվում հենասյուներ, մալուխներ, եւ այլն։ Մուլտիպլեքսորը կարող է, օրինակ, հենասյուներ կամ ենթակառույցային այլ օբյեկտներ վարձակալել այլ տնտեսվարող սուբյեկտից եւ այդպիսով հնարավորություն ունենալ իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն։ Նման պահանջները նվազեցնելու են մասնավոր մուլտիպլեքսորների քանակը, այն հասցնելով մեկի: Այսինքն՝ օրենսդրական փոփոխությունը եւ դրա արդյունքում մուլտիպլեքսորների կենտրոնացումը խնդրահարույց է դառնալու նաեւ տնտեսական ազատ մրցակցության սահմանադրական իրավունքի տեսանկունից։ Առաջարկվող կարգավորումը անմիջապես հանգեցնելու է նրան, որ դաշտում գործող նվազագույն թվով մուլտիպլեքսորները (իսկ գուցե նաեւ մեկ մասնավոր մուլտիպլեքսորը) արագորեն հայտնվելուն են մենաշնորհային կամ գերիշխող կարգավիճակում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով։ Ահա այս հետեւանքներից խուսափելու համար անհարժեշտ է ունենալ նոր օրենք, որի հիմնական նպատակը մուլտիպլեքսորների գործունեության ազատականացումն է, տեղական փոքր մուլտիպլեքսորների գործունեության ապահովումը, ինչպես նաեւ դաշտում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող խաղացողների բացառումը: 2015 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքով 55.1 հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ Ազգային հանձնաժողովն օրենքի 48-49 հոդվածներով նախատեսված կարգով մրցույթներ է անցկացնում, որոնց արդյունքում լիցենզիա է տալիս հեռուստաընկերություններին՝ նրանց մասնավոր մուլտիպլեքսում ընդգրկելու համար: Սա անընդունելի է, քանի որ այս դեպքում արդեն գործող անալոգային հեռարձակողները դարձյալ պիտի անցնեն մրցութային նոր գործընթաց: Մնալով պարզեցված լիցենզիայի կողմնակից, որին վաղ թե ուշ հարկ կլինի անցնել, այս փուլում առաջարկում ենք միջանկյալ լուծում: Այն է` անալոգային հեռարձակման լիցենզիայով գործող հեռուստառադիեընկերությունների հեռարձակման լիցենզիան Ազգային հանձնաժողովն առանց մրցույթի փոխարինում է մինչեւ 2020 թվականը գործող թվային հեռարձակման լիցենզիայով, ինչն այս հեռուստաընկերություններին հնարավորություն է տալիս ընդգրկվելու մասնավոր մուլտիպլեքսում: Իսկ մրցույթ հայտարարվում է միայն նոր ստեղծվող ընկերությունների համար: 2015 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքով 62-րդ հոդվածը լրացվել է 2010 թվականին թվային հեռարձակման լիցենզիա չստացած՝ մարզերում անալոգային լիցենզիայով գործող հեռուստաընկերություններին վերաբերող հետեւյալ բովանդակությամբ 16-րդ մասով. «Մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության սկիզբը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստառադիոընկերությունների գործունեությունը՝ գործող լիցենզիաների՝ առանց փոփոխությունների երկարաձգման միջոցով: Ազգային հանձնաժողովը սահմանում է տեղական հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների երկարաձգման կարգը եւ պայմանները, որոնք, սակայն, չեն կարող պարունակել հավելյալ պահանջներ, բացի ընկերության կողմից կիրառվող հեռարձակող սարքերի, ընկերության գործունեության (տեւողության) եւ ընկերության մասին հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելուց: Լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչեւ նշված տարածքը ներառող մարզում հեռարձակման նոր մրցույթի անցկացումը եւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը: Սույն մասում նշված ընկերություններից լիցենզիայի երկարաձգման եւ տարեկան պետական տուրքեր չեն գանձվում:»: Այս դրույթն անընդունելի է, քանի որ անհավասար պայմաններ է ստեղծում թվային եւ անալոգային հեռարձակմամբ գործող ընկերությունների միջեւ, ավելին՝ կարող է հանգեցնել անալոգային հեռուստաընկերությունների աշխատանքի դադարեցմանը ավելի շուտ, քան ի հայտ կգա մասնավոր մուլտիպլեքսորը եւ կընդգրկի նրանց թվային ցանցում։ Ոստի՝ մնալով պարզեցված լիցենզիայի կողմնակից, որին վաղ թե ուշ հարկ կլինի անցնել, այս փուլում մենք մեր նախագծով առաջարկում ենք միջանկյալ լուծում: Այն է. անալոգային հեռարձակման լիցենզիայով գործող հեռուստառադիեընկերությունների հեռարձակման լիցենզիան Ազգային հանձնաժողովն առանց մրցույթի փոխարինում է մինչեւ 2020 թվականը գործող թվային հեռարձակման լիցենզիայով, ինչն այս հեռուստաընկերություններին հնարավորություն է տալիս ընդգրկվելու մասնավոր մուլտիպլեքսում: Իսկ մրցույթ հայտարարվում է միայն նոր ստեղծվող ընկերությունների համար: Նախագիծն անդրադարձել է նաեւ 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված օրենքով կատարված փոփոխություններին՝ առաջարկելով ուժը կորցրած ճանաչել 52-րդ հոդվածի 1.1 կետը, ըստ որի «Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրն արգելվում է կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունների կողմից վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերգետնյա եթերային այն ծրագրերը, որոնք պարունակում են քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ որեւէ այլ ձեւով», քանի որ սա անտրամաբանական պահանջ է. ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրը ոչ ոք իրավունք չունի հեռարձակել քարոզչական նյութ: