Armenian ARMSCII Armenian
Կ-1109-03.11.2016-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) սերվիտուտի, ներառյալ՝ անձնական սերվիտուտի.»:

Հոդված 2. Օրենսգրքի 210-217-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 210. Ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքները (սերվիտուտները)

1. Ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքներն են՝

1) գույքային սերվիտուտը,

2) անձնական սահմանափակ սերվիտուտը.

3) անձնական լիարժեք սերվիտուտը (ուզուֆրուկտը).

4) բնակելի տարածություն օգտագործելու իրավունքը:

Հոդված 211. Գույքային սերվիտուտը

1. Հողամասը կամ այլ անշարժ գույքը (ծառայող գույքը) կարող է ծանրաբեռնվել այլ հողամասի կամ անշարժ գույքի (գերակա գույքի) սեփականատիրոջ օգտին այնպես, որ գերակա գույքի սեփականատերը կարողանա սահմանափակ օգտագործել ծառայող գույքը (դրական սերվիտուտ) կամ արգելել ծառայող գույքի սեփականատիրոջը այդ գույքից որոշակի ձեւով օգտվել (բացասական սերվիտուտ):

2. Գույքային սերվիտուտ կարող է սահմանվել գերակա գույքի սեփականատիրոջ կամ կառուցապատման իրավունք ունեցող անձի պահանջով:

3. Անշարժ գույքը գույքային սերվիտուտով ծանրաբեռնելու դեպքում անշարժ գույքի սեփականատերը չի զրկվում այդ անշարժ գույքը տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքներից, որոնք կարող է իրականացնել առանց խախտելու սերվիտուտով նախատեսված սահմանափակումները:

4. Գույքային սերվիտուտը չի կարող լինել առուվաճառքի, գրավի, վարձակալության կամ որեւէ այլ գործարքի ինքնուրույն առարկա՝ բացառությամբ կողմերի միջեւ սույն օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ կայացված համաձայնության:

5. Գույքային սերվիտուտը կարող է լինել կամավոր կամ հարկադիր:

Հոդված 212. Գույքային սերվիտուտի բովանդակությունը

1. Գերակա գույքի սեփականատերն իրավունք չունի ծառայող գույքում կատարել փոփոխություններ՝ բացառությամբ այն փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են գույքային սերվիտուտի իրականացման համար: Գույքային սերվիտուտի իրականացման համար անհրաժեշտ ցանկացած փոփոխություն կատարվում է գերակա գույքի սեփականատիրոջ կողմից, եւ կատարված ծախսերը չեն հաշվարկվում գույքային սերվիտուտի վճարի մեջ:

2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելիս սերվիտուտը պահպանվում է:

Հոդված 213. Կամավոր գույքային սերվիտուտ

1. Կամավոր գույքային սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի եւ ծառայող գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:

2. Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրում պետք է նշվեն  սերվիտուտի առարկան, գործողության ժամկետը եւ պայմանները: Սերվիտուտ սահմանող հատուցելի պայմանագրում պետք է նշվեն նաեւ հատուցման չափը, կարգը եւ ժամկետները: Պայմանագրին կցվում է սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հատակագիծը` սերվիտուտի տեղակայման նշումով:

3. Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 214. Հարկադիր գույքային սերվիտուտ

1. Հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել հարեւան կամ այլ հողամասով անցնելու, երթեւեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի կամ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման, հողաբարելավման, վերանորոգման, շինարարական աշխատանքներ կատարելու կամ գերակա գույքի սեփականատիրոջ այլ կարիքները բավարարելու համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու, կամ որոնց ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքում հարկադիր գույքային սերվիտուտը սահմանում է դատարանը` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:

3. Հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու մասին դատարանի վճիռը պետք է պարունակի սույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասում նշված բոլոր պայմանները:

4. Հասարակական կարիքների համար հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել օրենքով:

5. Հասարակական կարիքների համար մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման եւ կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր), օդային եւ ստորգետնյա մալուխային գծերի ու խողովակաշարերի, հենասյուների եւ դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների պահպանման ու սպասարկման նպատակով համապատասխան հողամասերում, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար մշտական սերվիտուտ:

6. Հարկադիր գույքային սերվիտուտ չի կարող սահմանվել, եթե սերվիտուտով ծանրաբեռնված ամբողջ հողամասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն առկա էր մինչեւ սերվիտուտ սահմանելը։

Հոդված 215. Գույքային սերվիտուտի պետական գրանցումը

1. Գույքային սերվիտուտը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Հոդված 216. Գույքային սերվիտուտի համար վճարը

1. Ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի անշարժ գույքի սերվիտուտի  համար վճար պահանջելու այն անձից, ի շահ որի սահմանվել է գույքային սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

2. Կամավոր գույքային սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր գույքային սերվիտուտի դեպքում` դատարանի վճռով կամ սահմանվում է օրենքով:

3. Գույքային սերվիտուտի վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում գույքային սերվիտուտի վճարի չափը կարող է վերանայվել ոչ շուտ, քան երեք տարին մեկ անգամ՝ դատարանի վճռով:

Հոդված 217. Գույքային սերվիտուտի դադարելը

1. Ծառայող կամ գերակա գույքի սեփականատիրոջ պահանջով գույքային սերվիտուտը կարող է դադարել, եթե վերացել են այն սահմանելու հիմքերը:

2. Այն դեպքում, երբ անշարժ գույքը գույքային սերվիտուտով ծանրաբեռնված լինելու հետեւանքով չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան, կամ գերակա գույքի սեփականատերը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի մուծել սերվիտուտի համար պարբերաբար կատարվող վճարը,  ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի դատական կարգով պահանջելու դադարեցնել սերվիտուտը:

3. Գերակա եւ ծառայող գույքի սեփականատերերի համընկնման դեպքում գույքային սերվիտուտը դադարում է:

4. Եթե գույքային սերվիտուտի գործողության ժամանակ գերակա գույքի սեփականատիրոջ կողմից ծառայող գույքում կատարվել են փոփոխություններ, ապա գերակա գույքի սեփականատերը պարտավոր է մինչ սերվիտուտը դադարելը ծառայող գույքն իր հաշվին բերել նախնական վիճակին։ Այս կանոնից բացառություն կարող է սահմանվել կողմերի համաձայնությամբ:»:

Հոդված 3. Օրենսգիրքը 217-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 217.1- 217.7.-րդ հոդվածներով.

«Հոդված 217.1. Անձնական սահմանափակ սերվիտուտը

1. Կողմերի համաձայնությամբ անշարժ գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ անձը, հօգուտ ում կատարվել է այդ ծանրաբեռնումը, իրավունք ունենա օգտվելու այդ անշարժ գույքից միմիայն կոնկրետ նպատակների համար, կամ նրան կարող է տրվել այլ իրավազորություն, որը կարող է հիմք հանդիսանալ սերվիտուտ սահմանելու համար (անձնական սահմանափակ սերվիտուտ):

2. Անձնական սահմանափակ սերվիտուտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կամավոր գույքային սերվիտուտին վերաբերող կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

3. Անձնական սահմանափակ սերվիտուտը կարող է տրամադրվել անժամկետ կամ որոշակի ժամկետով: Իրավաբանական անձին տրամադրվող անձնական սահմանափակ սերվիտուտը չի կարող գերազանցել 10 տարին:

4. Անձնական սահմանափակ սերվիտուտը չի կարող փոխանցվել այլ անձի։

5. Անձնական սահմանափակ սերվիտուտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 217.2. Ուզուֆրուկտը

1. Կողմերի համաձայնությամբ պայմանագրի հիման վրա ՝ անշարժ կամ շարժական գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ անձը, հօգուտ ում կատարվել է այդ ծանրաբեռնումը, իրավունք ունենա տիրապետել եւ օգտագործել գույքը եւ դրա օգտագործմամբ ստացվածը (պտուղներ, արտադրանք, եկամուտներ) նույն կերպ, ինչպես դա իրավասու կլիներ անել գույքի սեփականատերը (ուզուֆրուկտ):

2. Ուզուֆրուկտ ստացող անձի կողմից գույքի օգտագործմամբ ստացվածը համարվում է ուզուֆրուկտ ստացող անձի սեփականությունը:

3. Ուզուֆրուկտը սահմանվում է անհատույց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

4. Ուզուֆրուկտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կամավոր գույքային սերվիտուտին վերաբերող կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի 217.2-217.7-րդ հոդվածներով:

5. Անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

6. Անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտը ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: Շարժական գույքի նկատմամբ ուզուֆրուկտը ենթակա է պետական գրանցման՝ սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում եւ կարգով:

7. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը ուզուֆրուկտով կարող է ծանրաբեռնվել օրենքով նախատեսված դեպքերում:

8. Հողամասի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելիս ուզուֆրուկտ է սահմանվում նաեւ հողամասը զբաղեցրած շինության նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ ։

Հոդված 217.3. Ուզուֆրուկտ ստացող անձինք

1. Ուզուֆրուկտ կարող է սահմանվել հօգուտ ֆիզիկական կամ իրավաբանական անձի:

2. Ուզուֆրուկտ կարող է տրամադրվել մեկ կամ մի քանի անձանց: Եթե ուզուֆրուկտ է տրամադրվել մեկից ավելի անձանց, ապա նրանցից մեկի մահվան կամ լուծարման դեպքում ուզուֆրուկտը մյուս անձի (անձանց) նկատմամբ պահպանվում է:

Հոդված 217.4. Ուզուֆրուկտով ծանրաբեռնված գույքը սեփականատիրոջ կողմից տիրապետելու եւ օգտագործելու արգելքը

1. Ուզուֆրուկտով ծանրաբեռնված գույքի սեփականատերը չի կարող ուզուֆրուկտ ստացած անձի հետ համատեղ տիրապետել եւ օգտագործել գույքը՝ ուզուֆրուկտով ծանրաբեռնված լինելու ողջ ժամանակահատվածում:

Հոդված 217.5. Ուզուֆրուկտ սահմանելու ժամկետը

1. Ուզուֆրուկտը ֆիզիկական անձի համար կարող է սահմանվել որոշակի ժամկետով կամ ցմահ՝ մինչեւ ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձի մահը:

2. Ուզուֆրուկտը իրավաբանական անձի համար կարող է սահմանվել որոշակի ժամկետով կամ մինչեւ իրավաբանական լուծարումը, բայց ոչ ավելի քան 10 տարի ժամկետով։

Հոդված 217.6. Ուզուֆրուկտ ստացող անձի իրավունքները եւ պարտականությունները

1. Ուզուֆրուկտով ծանրաբեռնված գույքը հատուցմամբ օտարելիս ուզուֆրուկտ ստացած անձն ունի վաճառքի գնով եւ այլ հավասար պայմաններով գույքը ձեռք բերելու նախապատվության իրավունք՝ բացառությամբ գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերի: Սույն մասում նախատեսված դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 195-րդ հոդվածով նախատեսված կանոնները:

2. Ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է հոգ տանել գույքն իր տնտեսական նշանակությամբ պահպանելու համար, իսկ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ նաեւ ապահովագրել այն:

3. Ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է ուզուֆրուկտի գործողության ընթացքում կրել գույքի հետ կապված հանրային ու մասնավոր բեռը՝ հարկերը, տուրքերը եւ այլ վճարները, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

Հոդված 217.7. Ուզուֆրուկտը դադարելը

1.    Ուզուֆրուկտի դադարման հիմքերն են`

1) լրացել է  ուզուֆրուկտ տրամադրելու պայմանագրով նախատեսված ժամկետը.

2) լրացել է իրավաբանական անձին ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը.

3) ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձը(անձինք) մահացել է, բացառությամբ սույն օրենսգրքի 217.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.

4) ուզուֆրուկտ ստացած իրավաբանական անձը լուծարվել է, բացառությամբ սույն օրենսգրքի 217.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.

5) կողմերը փոխադարձ համաձայնություն են կնքել.

6) համընկնում են ուզուֆրուկտ ստացած անձը եւ գույքի սեփականատերը.

7) սեփականատիրոջ պահանջով դատարանի որոշմամբ, եթե ուզուֆրուկտ ստացած անձը խախտել է ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված պահանջները.

2. Ուզուֆրուկտը դադարելու դեպքում ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է գույքը վերադարձնել սեփականատիրոջը: Գույքը վերադարձնելու նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 625-րդ հոդվածով նախատեսված կանոնները:

3. Պետական գրանցման ենթակա ուզուֆրուկտը դադարում է ուզուֆրուկտի դադարման պետական գրանցման պահից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 279-րդ հոդվածի 5-րդ մասում «216 եւ 247 հոդվածներով» բառերը փոխարինել «217, 217.7 եւ 247 հոդվածներով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում «211» թիվը փոխարինել «213» թվով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ գույքային իրավունքի առանձնահատուկ տեսակի՝ անձնական սերվիտուտի, ներառյալ՝ ուզուֆրուկտի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Մինչ օրս ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, թեպետ նախատեսել է սերվիտուտի ինստիտուտը, սակայն սահմանափակվել է միմիայն «գույքային սերվիտուտով»: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սերվիտուտ պահանջելու իրավունքը ուղղակիորեն կապել է մեկ այլ հողամասի տիրապետման եւ օգտագործման անհրաժեշտության հետ: Տվյալ դեպքում սերվիտուտի առկայությունը կապված է ոչ թե սերվիտուտ պահանջող անձի, այլ վերջինիս սեփականության կամ օգտագործման ներքո գտնվող անշարժ գույքի հետ: Դա է պատճառը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելիս սերվիտուտը պահպանվում է: Միաժամանակ` սերվիտուտ պահանջող անձի փոփոխման դեպքում սերվիտուտի դադարման հիմք եւս չի նախատեսվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Վերը նշվածով է պայմանավորված ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված սերվիտուտի գույքային բնույթը (գույքային սերվիտուտ):

Մինչդեռ, ժամանակակից քաղաքացիական հարաբերություններում իր ուրույն տեղն ունի նաեւ «անձնական սերվիտուտը», ինչը նշանակում է, որ սերվիտուտի պահանջը ոչ թե բխում է սերվիտուտ պահանջող անձի գույքը տիրապետելու կամ օգտագործելու անհրաժեշտությունից, այլ կոնկրետ անձից եւ/կամ նրա կարգավիճակից, ծավալած գործունեությունից եւ այլ գործոններից: Ընդ որում տվյալ դեպքում սերվիտուտ ստացած անձի փոփոխման դեպքում անձնական սերվիտուտը պետք է դադարի: Սրանով է պայմանավորված սերվիտուտի «անձնավորված» բնույթը:

Անձնական սերվիտուտը լայն տարածում ունի եվրոպական տարբեր երկրներում եւ այն ունի կարեւոր տնտեսական նշանակություն: Հետեւաբար նպատակահարմար է նախատեսել նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ:

Սերվիտուտին վերաբերվող կարգավորումները ընդգրկված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-217-րդ հոդվածներում, որտեղ մանրամասն կարգավորվում է սերվիտուտի հասկացությունը, սերվիտուտով գույքի ծանրաբեռնելու դեպքերը (հողամասով անցնելու, ջրամատակարարման, եւ այլն), սերվիտուտի տեսակները, սերվիտուտի դադարման հիմքերը եւ այլն:

Նախագծով սահմանվում են ուրիշի գույքի սահմանափակ օգտագործման (սերվիտուտի) տեսակները՝ գույքային սերվիտուտը եւ անձնական սերվիտուտը:

Նախագծով հստակեցվել է գույքային սերվիտուտի հասկացությունը, նախատեսվել է նաեւ բացասական սերվիտուտի ինստիտուտը, այսինքն, նախատեսվել է, որ սերվիտուտի ուժով գերակա գույքի սեփականատերն իրավունք ունի ոչ միայն ինքնուրույն օգտվելու ծառայող գույքից (դրական սերվիտուտ), այլ նաեւ՝ ծառայող գույքի սեփականատիրոջը արգելել այդ գույքից որոշակի ձեւով օգտվել (բացասական սերվիտուտ):  Տեսական գրականության մեջ շեշտվում է սերվիտուտի դրական եւ բացասական օրենսդրական դասակարգման անհրաժեշտությունը, նշելով, որ հարեւան հողամասից օրինակ օդի, լույսի ներթափանցմանը խոչընդոտող գործողությունների կատարման ժամանակ նեգատոր հայցը չի կարող լիարժեք կատարել իր դերը (ինչպես շեշտվում է տեսական գրականության մեջ, նեգատոր հայցի պարագայում թեկուզեւ որոշակի չափով պետք է առկա լինի ոչ իրավաչափ հանգամանք, ըստ քաղ. օրենսգրքի խախտում, եւ եթե անձը խախտում չի կատարում, ապա բացասական սերվիտուտի ուժով արգելվում է սեփականատիրոջը օգտվել գույքից այդ ձեւով):

Նախագծով որպես անձնական սերվիտուտի տարատեսակ նախատեսվում է ուզուֆրուկտի ինստիտուտը, որն առհասարակ բացակայում է գործող ՀՀ օրենսդրությունից:

Նախագծով սահմանվում է ուզուֆրուկտի հասկացությունը, ուզուֆրուկտ ստացող անձանց շրջանակը եւ ուզուֆրուկտի հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ դրույթներ:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Վերը նշված փոփոխությունների կատարմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կունենանք հստակ ձեւակերպված «անձնական» սերվիտուտի ինստիտուտը: Արդյունքում` սերվիտուտ հնարավոր կլինի սահմանել ոչ միայն պայմանավորված անձի կողմից իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի (հողամասի) օգտագործման անհրաժեշտությամբ, այլ կապված կոնկրետ անձից, նրա կարգավիճակից, ծավալած գործունեությունից: Կլուծվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ արտաքին գովազդով զբաղվող կազմակերպությունների կողմից իրենց ցուցանակները այլ սեփականատերերի հողամասերում տեղադրելու, կամ փոքր ճարտարապետական նմուշներ (օր.՝ արձաններ) տեղադրելու հետ կապված հարաբերությունները, որոնք այսօր կամ չեն կարգավորված, կամ թերի են կարգավորված (հիմնականում հիմնված են պարտավորական իրավունքի վրա՝ վարձակալություն, անհատույց օգտագործում եւ այլն):

Ուզուֆրուկտի ամբողջական ներմուծումը հայկական իրավունք առավել որոշակի կդարձնի սեփականատիրոջ եւ  գույքն օգտագործողի միջեւ հարաբերությունները:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքներ ընդունելու  անհրաժեշտություն չկա:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հան՟րա՟պե՟տության պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին



«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի   22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
 


 


1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության   օրենքի լրամշակված նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

 Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ գույքային իրավունքի առանձնահատուկ տեսակի՝ անձնական սերվիտուտի, ներառյալ՝ ուզուֆրուկտի հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է սահմանել  սերվիտուտի տեսակները, «ուզուֆրուկտ» հասկացությունը, ուզուֆրուկտ ստացող անձանց շրջանակը եւ ուզուֆրուկտի հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ դրույթներ, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


Նա՟խա՟գծով առաջարկվում է կարգավորել ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքի` սերվիտուտի հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ առաջարկվում է ներդնել գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ անձնական սերվիտուտի, այդ թվում` ուզուֆրուկտի ինստիտուտը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման, այդ թվում` սերվիտուտի պայմանագրի պետական գրանցում կատարելու համար սահմանված է պետական տուրք` բազային տուրքի չափով, հայտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական:

Հաշվի առնելով նաեւ, որ անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելու պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, ուստի Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների վրա նույնպես կարող է լինել դրական:

Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված Նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ընթացիկ ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում: