Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1177-24.02.2017-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն լիարժեքորեն եւ արդյունավետ օգտագործելու մարդու հիմնարար իրավունքների ամբողջությունը, որը ճանաչվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից, մարդու համընդհանուր իրավունքների Հռչակագիրը եւ միջազգային իրավունքը` կապված մարդու իրավունքների հետ:

Հոդված 2. Բնիկ ժողովուրդները, որպես ժողովուրդ, եւ որպես անհատ, ազատ ու հավասար են արժանիքներով եւ իրավունքներով, եւ ոչ ցանկալի խտրականության որեւէ ձեւի առարկա չպետք է հանդիսանան, մասնավորապես` իրենց ծագման կամ բնիկ ինքնության համար:

Հոդված 3. Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն ինքնորոշման: Այդ իրավունքի շնորհիվ նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ հաստատում իրենց սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացումը:

Հոդված 4. Բնիկ ժողովուրդներն, ըստ գործող իրենց ինքնորոշման իրավունքի, իրավունք ունեն լինել ինքնավար եւ կառավարել այն ամենը, ինչ որ կապված է իրենց ներքին եւ տեղական գործերին, ինչպես նաեւ ունենալ ֆինանսավորման միջոցներ եւ ինքնավար գործառույթներ:

Հոդված 5. Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն պահելու եւ ուժեղացնելու քաղաքական, իրավաբանական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային համակարգի ոլորտները, իրենց յուրահատկությունները` իրավունք վերապահելով իրենց ընտրությանը, լիարժեքորեն մասնակցելու պետության քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքին:

Հոդված 6. Յուրաքանչյուր Բնիկ իրավունք ունի ազգային պատկանելության:

Հոդված 7. ա) Բնիկներն իրավունք ունեն, որպես անհատ, կյանքի, մտավոր եւ ֆիզիկական անձեռնմխելիության, ազատության եւ անձի ապահովության: բ) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն, որպես ժողովուրդ, ազատ, խաղաղ եւ անվտանգ ապրելու` ինչպես մյուս ժողովուրդները, եւ ամբողջովին պաշտպանված լինելու ցեղասպանության կամ բռնության մյուս ձեւերից, ներառյալ` ընտանիքներից եւ համայնքներից երեխաների առեւանգումը մեկ խմբից մյուսին:

Հոդված 8. ա) Բնիկ ժողովուրդներն, որպես ժողովուրդ եւ որպես անհատ, իրավունք ունեն չենթարկվել բռնի ձուլման կամ մշակութային ոչնչացման: բ) Պետությունները պետք է կանխարգելման միջոցներ ձեռնարկեն եւ փոխհատուցում ապահովեն արդյունավետ մեխանիզմների միջոցով, որի նպատակն է. ա) յուրաքանչյուր գործողություն, որ նպատակ կամ հետեւանք կունենա զրկելու իրենց անձեռնմխելիությունից, իրենց մշակութային արժեքներից կամ էթնիկ անհատականությունից, բ) յուրաքանչյուր գործողություն, որ նպատակ կամ հետեւանք կունենա զրկելու իրենց հողերից, տարածքներից կամ բնական պաշարներից, գ) ժողովրդի ամեն տեսակի արտաքսում, որ նպատակ կամ հետեւանք կունենա խախտելու կամ վերացնելու նրանց իրավունքներից որեւէ մեկը, դ) ցանկացած ձեւի բռնի ձուլման կամ ինտեգրման, ե) ցանկացած քարոզչություն նրանց դեմ, որոնք ուղղված են խրախուսելու էթնիկ խտրականությունը:

Հոդված 9. Բնիկ ժողովուրդներն, որպես ժողովուրդ եւ որպես անհատ, իրավունք ունեն պատկանել մի համայնքի կամ մի Բնիկ ազգի` ըստ տվյալ ազգի կամ համայնքի լեզվի, ավանդույթների եւ 7 սովորությունների: Յուրաքանչյուր անբարենպաստ վիճակ, ինչպիսին էլ այն լինի, չի կարող տանել այդ իրավունքի իրականացմանը:

Հոդված 10. Բնիկ ժողովուրդներին չեն կարող հարկադրել` լքելու իրենց հողերը, տարածքները կամ բնական պաշարները: Այնտեղ հնարավոր է վերաբնակեցում միայն շահագրգիռ ժողովուրդների ազատ արտահայտված համաձայնությամբ եւ պատճառի ամբողջ գիտակցմամբ, եւ համաձայնությունից հետո արդարացի փոխհատուցում տալու դեպքում, եւ եթե հնարավոր է` ընձեռել հետդարձի հնարավորություն:

Հոդված 11. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն հետեւելու եւ վերակոչելու իրենց մշակութային ավանդույթները եւ իրենց սովորույթները: Հատկապես իրավունք ունեն պահպանելու, պաշտպանելու եւ զարգացնելու իրենց մշակույթի անցած, ներկա եւ գալիք միջոցառումները, ինչպես նաեւ հնագիտական եւ պատմական տեղանքները, արհեստագործությունը, նկարչությունը, մանրակերտները (մոդելներ), ծեսերը, կատարման վարպետությունը, տեսողական արվեստները, թատերարվեստը եւ գրականությունը: բ) Պետությունները պետք է փոխհատուցում ապահովեն արդյունավետ մեխանիզմների միջոցով, որոնք կարող են ներառել, վերադարձնել, կարգավորել, խորհրդակցելով Բնիկ ժողովուրդների հետ` այն, ինչ վերաբերում է մշակութային, մտավոր, կրոնական եւ հոգեւոր արժեքներին, որ նրանցից վերցվել է առանց իրենց ազատորեն արտահայտած համաձայնության եւ պատճառի ամբողջ գիտակցմամբ, կամ իրենց օրենքների, ավանդույթների եւ սովորույթների խախտմամբ:

Հոդված 12. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն հետեւելու իրենց ավանդույթներին եւ սովորույթներին, հոգեւոր եւ կրոնական ծեսերին,  օգտագործելու, նպաստելու եւ ուսուցանելու դրանք, պահպանելու եւ պաշտպանելու իրենց հոգեւոր եւ մշակութային վայրերը, եւ հնարավորություն ունենալու այնտեղ մասնավոր գործունեության, օգտագործելու, տրամադրության տակ ունենալու իրենց ծիսական առարկաները, ինչպես նաեւ իրավունք` իրենց պատկանող մարդկային մարմինների մնացորդների տեղափոխման: բ) Պետությունները պետք է թույլ տան մուտք գործել ծիսական առարկաներին եւ իրենց պատկանող մարդկային մարմինների մնացորդների եւ/կամ տեղափոխման, արդար մեխանիզմների միջոցով, թափանցիկ եւ արդունավետ կարգավորել` խորհրդակցելով Բնիկ ժողովուրդների հետ:

Հոդված 13. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն վերականգնելու, օգտագործելու, զարգացնելու եւ փոխանցելու գալիք սերունդներին իրենց պատմությունը, իրենց լեզուն, իրենց բանավոր սովորույթները, իրենց փիլիսոփայությունը, իրենց գրային համակարգը եւ իրենց գրականությունը, ինչպես նաեւ ընտրելու կամ պահպանելու իրենց սեփական համայնքների, տեղանքների եւ մարդկանց անվանումները: բ) Պետությունները պետք է ձեռնարկեն արդունավետ միջոցներ` այդ իրավունքն ապահովելու համար, եւ այնպես անեն, որ Բնիկ ժողովուրդները կարողանան հասկանալ եւ հասկանալի լինեն իրավական, վարչական եւ քաղաքական, անհրաժեշտության դեպքում` բանավոր եւ թարգմանության ծառայություններ եւ այլ համապատասխան միջոցներ:

Հոդված 14. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն նաեւ իրականացնելու եւ հսկելու իրենց սեփական համակարգերը եւ ուսումնական հաստատությունները, ուր ուսուցումը կընթանա իրենց սեփական լեզվով` ըստ իրենց կրթության, մշակութային մեթոդների: բ) Բնիկները, մասնավորապես` երեխաները, իրավունք ունեն հասնելու բոլոր մակարդակներին եւ բոլոր պետական ուսուցման ձեւերին առանց որեւէ խտրականության: գ) Համագործակցելով Բնիկ ժողովուրդների հետ` պետությունները պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Բնիկները, մասնավորապես` երեխաները, ապրելով իրենց համայնքներից դուրս, պետք է կրթության հնարավորություն ունենան` իրենց սեփական մշակույթին համապատասխան եւ իրենց սեփական լեզվով ընթացող:

Հոդված 15. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն կրթության եւ հասարակական տեղեկատվության բոլոր ձեւերով նվիրաբար արտահայտելու իրենց մշակույթների, ավանդույթների, պատմության եւ նկրտումների արժանիքներն ու բազմազանությունը: բ) Պետությունները պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն, խորհրդակցելով եւ համագործակցելով Բնիկ ժողովուրդների հետ, պայքարելու ենթադրությունների դեմ եւ վերացնելու խտրականությունը, ինչի նպատակն է հասնել Բնիկ ժողովուրդների եւ այլ հասարակության շերտերի միջեւ փոխըմբռնման:

Հոդված 16. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն հաստատելու իրենց սեփական տեղեկատվական մարմինները` իրենց սեփական լեզվով: Նրանք հավասարապես իրավունք ունեն նաեւ հասնելու տեղեկատվական միջոցների բոլոր ձեւերին: բ) Բնիկ ժողովուրդները եւ Պետությունները միջոցներ պետք է ձեռք առնեն, որ պարտադրեն հասարակական տեղեկատվական մարմիններին` պատշաճ, արդարացի մտքեր տալու Բնիկ ժողովուրդների մշակութային բազմազանության մասին:

Հոդված 17. ա) Բնիկ ժողովուրդները, որպես ժողովուրդ եւ որպես անհատ, իրավունք ունեն լիարժեքորեն օգտվելու սահմանված բոլոր իրավունքներից` հիմնված աշխատանքի իրավունքի միջազգային եւ ազգային չափանիշների վրա: բ) Պետությունները, համաձայնելով շահագրգիռ Բնիկ ժողովուրդների հետ, պետք է միջոցներ ձեռք առնեն, որ պարտադրեն վերացնելու նախապաշարմունքները եւ խտրականությունը, նպաստեն հանդուրժողականությանը եւ ըմբռնողականությանը եւ լավ հարաբերություններ հաստատեն տեղացի ժողովուրդների եւ հասարակության բոլոր խավերի հետ: գ) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն պաշտպանված լինել ամեն տեսակի խտրականությունից` կապված աշխատանքային պայմանների, պաշտոնների կամ վարձատրության հետ:

Հոդված 18. Բնիկ ժողովուրդները, ցանկության դեպքում, իրավունք ունեն լիարժեք մասնակցելու եւ տարբեր մակարդակների որոշումներ ընդունելու, ազդեցություն ունենալու իրենց իրավունքների, ապրելակերպի եւ ապագայի վրա` իրենց ներկայացուցիչների միջոցով եւ իրենց ընթացակարգերով: Նրանք իրավունք ունեն նաեւ պահելու եւ զարգացնելու որոշում ընդունող իրենց սեփական հաստատությունները:

Հոդված 19. Պետությունները Բնիկ ժողովուրդների հետ կարող են հաղորդակցվել եւ խորհրդակցել օրենսդրական կամ վարչական որոշումներ ընդունելուց առաջ` ստանալով Բնիկ ժողովուրդների նախնական համաձայնությունը, որը նրանց կտրվի ազատորեն եւ գիտակցաբար:

Հոդված 20. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն պահելու եւ զարգացնելու իրենց քաղաքական, սոցիալական եւ տնտեսական համակարգը, օգտվելու իրենց սեփական անվտանգությունից, սեփական գոյության միջոցներից եւ զարգացումից ու ազատորեն զբաղվելու ցանկացած գործունեությամբ` տնտեսական, ավանդական եւ այլն: բ) Բնիկ ժողովուրդները, որ զրկված են եղել իրենց գոյության միջոցներից, իրավունք ունեն ճիշտ եւ արդարացի փոխհատուցման:

Հոդված 21 . ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն արագ, առանց որեւէ տեսակի խտրականության, արդյունավետ ու շարունակական կերպով բարելավելու իրենց սոցիալական եւ տնտեսական վիճակը, ներառյալ` աշխատանքային, կրթության, մասնագիտական, բնակտարածքի, բուժման, առողջության եւ սոցիալական ապահովագրության ոլորտները: բ) Պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ, անհրաժեշտության դեպքում` հատուկ մոտեցում ցուցաբերեն` ապահովելու Բնիկ ժողովուրդների տնտեսական եւ սոցիալական շարունակական բարելավումը:

Հոդված 22. ա) Առանձնահատուկ ուշադրություն կցուցաբերվի Բնիկ ժողովուրդների ծերունիների, կանանց, երիտասարդների, երեխաների, հաշմանդամ անձանց իրավունքներին եւ հատուկ կարիքներին: բ) Պետությունները, համաձայնեցնելով տվյալ Բնիկ ժողովուրդների հետ, պետք է միջոցներ ձեռք առնեն, որպեսզի ապահովվի բնիկ ժողովուրդների կանանց եւ երեխաների պաշտպանությունը բոլոր տեսակի բռնություններից ու խտրականություններից, եւ նրանք կունենան համապատասխան երաշխիքներ:

Հոդված 23. Բնիկ ժողովուրդները, իրենց զարգացման իրավունքն իրականացնելու նպատակով, իրավունք ունեն սահմանելու եւ ստեղծելու գերակայություններ եւ ռազմավարություններ: Նրանք, հատկապես, իրավունք ունեն որոշելու եւ ստեղծելու առողջության, բնակտարածքի, ինչպես եւ իրենց վերաբերող այլ սոցիալական, քաղաքական ծրագրեր, նաեւ` հնարավորինս դրանք ղեկավարելու իրենց սեփական հաստատությունների միջոցով:

Հոդված 24 . ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն դեղագործական ձեռնարկների եւ ավանդական բժշկական փորձերի, ներառյալ` դեղաբույսերի պաշտպանության, կենդանիների եւ կյանքի համար կարեւոր հանածոների իրավունքի: Նրանք պետք է նաեւ բժշկական խնամքի թույլտվություն ունենան, առանց որեւէ խտրականության օգտվեն բժշկական բոլոր հաստատություններից եւ առողջապահական ծառայություններից: բ) Բնիկները լիակատար հավասարությամբ իրավունք ունեն առավելագույնս վայելելու ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը բարձրագույն մակարդակներով: Պետությունները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն այս իրավունքը լիակատար իրականացնելու համար:

Հոդված 25. Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն պահպանել ու ամրապնդել հոգեւոր եւ նյութական հատուկ արժեքները, որոնք կապում են նրանց իրենց հողերի, տարածքների, գետային ու առափնյա ջրերի եւ այլ բնական պաշարների հետ, որոնք նրանք տնօրինում կամ զբաղեցնում եւ ավանդաբար օգտագործում են, ինչպես նաեւ այդ հարցում, հետագա սերունդների հետ կապված, համապատասխան պարտավորվածություն վերցնել իրենց վրա:

Հոդված 26. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն իրենց հողերի, տարածքների եւ բնական պաշարների հանդեպ, որոնք նրանք տնօրինում կամ զբաղեցնում եւ օգտագործում էին պատմականորեն: բ) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն իրենց օրենքների լիարժեք ճանաչման, ավանդույթների եւ սովորույթների, իրենց հողային համարակարգի եւ հաստատությունների պատասխանատու օգտագործման եւ իրենց բնական պաշարների կառավարման, ինչպես նաեւ Պետությունների կողմից պաշտպանման արդյունավետ միջոցների, որոնք ուղղված են ցանկացած միջնորդության, օտարացման կամ իրավունքների սահմանափակման կամ իրենց գործում ցանկացած խոչընդոտի դեմ: գ) Պետությունները ճանաչում եւ իրավական պաշտպանություն են տալիս այդ հողերին, տարածքներին եւ բնական պաշարներին: Այս ճանաչումը կկատարվի պատշաճ կերպով` հարգելով տվյալ Բնիկ ժողովուրդների սովորույթները, ավանդույթները, հողաշինության համակարգերը:

Հոդված 27. Պետությունները պետք է ստեղծեն եւ կիրառեն տվյալ Բնիկ ժողովուրդների հետ համատեղ անկախ, անկողմնակալ, արդար ընթացք, հաշվի առնելով օրենքները, ավանդույթները, սովորույթները, հողաշինությունները` Բնիկ ժողովուրդների իրավունքները պաշտպանելու համար, այն, ինչ վերաբերվում է իրենց հողերին, բնական պաշարներին եւ տարածքներին, այդ թվում` այն ամենը, որ իրենց է պատկանում եւ օգտագործվում է ավանդաբար` իշխում են իրենց իրավունքները: Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն մասնակցելու այս գործընթացներին:

Հոդված 28. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն իրենց հողերի, տարածքների եւ բնական պաշարների վերականգնման, որոնք նրանք տնօրինում կամ զբաղեցնում եւ օգտագործում էին պատմականորեն, եւ որոնք բռնագրավվել են, զավթվել, օգտագործվել եւ վնասվել` առանց իրենց ազատորեն արտահայտված համաձայնության եւ պատճառի ամբողջական գիտակցմամբ: բ) Բացառությամբ, երբ շահագրգիռ ժողովուրդներն այլ կերպ կորոշեն, մնացած դեպքերում փոխհատուցումը կլինի հողերի, տարածքների եւ բնական պաշարների տեսքով, որոնք իրենց որակով, ծավալով եւ իրավական տեսանկյունից կլինեն համարժեք:

Հոդված 29. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն իրենց շրջակա միջավայրի ամբողջականության պահպանման, վերականգնման ու պաշտպանման եւ իրենց հողերի, տարածքների, բնական պաշարների օգտագործման, ինչպես նաեւ Պետությունների եւ միջազգային համագործակցությունների աջակցությամբ` այդ նպատակի իրականացման: բ) Պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ, որպեսզի ոչ մի վտանգավոր նյութ չպահվի կամ չթափվի Բնիկ ժողովուրդների հողերի կամ տարածքների վրա` առանց իրենց ազատորեն արտահայտված համաձայնության եւ պատճառի ամբողջական գիտակցմամբ: գ) Պետություններն իրենց կողմից մտածված արդունավետ միջոցներ պետք է ձեռք առնեն, որպեսզի իրականացնեն հսկիչ եւ կանխարգելիչ ծրագրերի կիրառում եւ այդ նյութերից տուժած Բնիկ ժողովուրդներին նշանակված բժշկական խնամք:

Հոդված 30. ա) Բնիկ ժողովուրդների հողերի եւ տարածքների վրա որեւէ ռազմական գործողություններ չեն կարող տեղի ունենալ, հնարավոր է միայն այն դեպքում, երբ դա բխում է հանրային նպատակներից կամ էլ ազատորեն համաձայնեցվել է տվյալ Բնիկ ժողովուրդների հետ, կամ պահանջը ներկայացվել է հենց իրենց կողմից: բ) Պետությունները պարտավորվում են արդյունավետ ձեւով խորհրդակցել Բնիկ ժողովուրդների հետ համապատասխան ընթացակարգերի միջոցով, մասնավորապես` ներկայացուցչական հիմնարկների միջոցներով` մինչեւ Բնիկ ժողովուրդների հողատարածքներն ու տարածքները ռազմական գործողությունների համար:

Հոդված 31. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն պահպանել, վերահսկել, պաշտպանել եւ զարգացնել իրենց մշակութային ժառանգությունը, ավանդական գիտությունը եւ իրենց ավանդական մշակութային ձեւերը, ինչպես նաեւ` նրանց դրսեւորումները, գիտությունները, տեխնիկան եւ մշակույթը, ներառյալ` մարդկային եւ գենետիկ ռեսուրսները, ցանքատարածքները, դեղագործական ձեռնարկները, գիտելիքները սեփական բուսական եւ կենդանական աշխարհի վերաբերյալ, իրենց բանավոր ավանդույթները, գրականությունը, իրենց իմացություններն իրենց սպորտի եւ ավանդական խաղերի ասպարեզում, նկարչությունը եւ մանրակերտները, իրենց տեսողական արվեստները եւ թատերարվեստը: բ) Համագործակցելով Բնիկ ժողովուրդների հետ` Պետությունները ձեռնարկում են արդունավետ միջոցներ, որպեսզի ճանաչվեն այդ իրավունքները եւ պաշտպանվեն իրականացման համար:

Հոդված 32. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն որոշելու, զարգացնելու գերակայությունները եւ առաջնահերթությունները, ռազմավարությունները` իրենց հողերը, տարածքները եւ բնական պաշարներն օգտագործելու ասպարեզում: բ) Պետությունները պետք է խորհրդակցեն եւ համագործակցեն Բնիկ ժողովուրդների հետ բարեխղճորեն` իրենց սեփական ներկայացուցչական հաստատությունների միջոցով, իրենց ազատորեն արտահայտված համաձայնության եւ պատճառի ամբողջական գիտակցմամբ ձեռք բերելու համար, նախքան ցանկացած ծրագրի հաստատումը, որոնք ազդում են իրենց հողերի, տարածքների եւ այլ պաշարների, մասնավորապես` ինչ վերաբերվում է հանքային, ջրային եւ այլ պաշարների օգտագործմանը եւ շահագործմանը: գ) Պետությունները պետք է ձեռնարկեն արդունավետ մեխանիզմներ` ապահովելու արդար փոխհատուցում բոլոր բնագավառներում, եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն` մեղմելու բացասական ազդեցությունը շրջակա միջավայրում, սոցիալական, մշակութային, տնտեսական եւ հոգեւոր բնագավառներում:

Հոդված 33. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն ընտրելու իրենց սեփական քաղաքացիությունը կամ անդամակցությունը, համապատասխան իրենց սովորույթներին եւ ավանդույթներին, ոչ մի կերպ չվնասելով իրենց իրավունքներն որպես անհատ` այն պետության քաղաքացիությունը, որտեղ ապրում են: բ) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն որոշելու իրենց հաստատությունների կառուցվածքն եւ, ըստ իրենց ընթացակարգերի, ընտրել անդամներ:

Հոդված 34. Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն նպաստելու, զարգացնելու եւ պահպանելու իրենց հաստատությունների կառուցվածքները եւ իրենց սովորույթները, հոգեւոր ավանդույթները, ավանդույթները, ընթացակարգերն ու իրավաբանական փորձառություններն այնտեղ, որտեղ իրենք գոյություն ունեն, համակարգերը եւ իրավաբանական սովորույթներն ըստ միջազգային նորմերի` ընդունված մարդու իրավունքների ոլորտում:

Հոդված 35. Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն որոշելու անհատների պատասխանատվություններն իրենց համայնքների նկատմամբ:

Հոդված 36. ա) Բնիկ ժողովուրդները, հատկապես նրանք, որոնք միջազգային սահմաններում են սփռված, իրավունք ունեն զարգացնելու եւ նպաստելու այդ սահմանների վրայով շփումներին, հարաբերություններին եւ կապերին իրենց անդամների եւ մյուս ժողովուրդների հետ, հատկապես` հոգեւոր, մշակութային, քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում: բ) Պետությունները, խորհրդակցելով եւ համագործակցությամբ Բնիկ ժողովուրդների հետ, պետք է ձեռնարկեն արդյունավետ, երաշխավորված միջոցներ` դյուրացնելու իրավունքի իրականացումը:

Հոդված 37. ա) Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն դաշնագրերի, կառուցողական պայմանավորվածությունների, որոնք կնքվել են Պետությունների կամ նրանց իրավահաջորդների հետ, որոնք ճանաչված են եւ կիրառվում են: Պետություններն ընդունում եւ հարգանքով են վերաբերվում պայմանագրերում, համաձայնագրերում եւ այլ կառուցողական պայմանավորվածություններում նշված կետերին: բ) Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին 2007 թվականին ընդունված Միավորված ազգերի կազմակերպության Հռչակագրի (հետագայում` Հռչակագիր) ոչ մի դրույթ չի կարող կազմվել` նվազեցնելու կամ մերժելու Բնիկ ժողովուրդների իրավունքները, որոնք նշված են դաշնագրերում, պայմանագրերում եւ այլ կառուցողական պայմանավորվածություններում:

Հոդված 38. Պետությունները, խորհրդակցելով եւ համագործակցությամբ Բնիկ ժողովուրդների հետ, պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ, այդ թվում` օրենսդրական միջոցառումներ, որպեսզի հասնեն Հռչակագրի նպատակներին:

Հոդված 39. Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն ստանալու ֆինանսական եւ տեխնիկական համապատասխան օգնություն Պետությունների կողմից` միջազգային համագործակցության նպատակով, որպեսզի կարողանան օգտվել Հռչակագրում ճանաչված իրավունքներից:

Հոդված 40. Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն ընդունելու փոխադարձաբար ընդունելի եւ արդարացի ընթացակարգեր, կարգավորելու ընդհարումները եւ տարաձայնությունները Պետությունների հետ եւ շուտափույթ որոշում ստանալու տվյալ հարցում, նրանք հավասարապես իրավունք ունեն բողոքարկման` արդյունավետ ուղիներով, իրենց անհատական եւ ընդհանուր իրավունքների ցանկացած ոտնահարման դեպքում: Յուրաքանչյուր որոշում պետք է հաշվի առնի շահագրգիռ ժողովուրդների սովորույթները, ավանդույթները, կանոնները եւ շահագրգիռ Բնիկ ժողովուրդների իրավական կառույցները եւ միջազգային նորմերը` ընդունված մարդու իրավունքների ոլորտում:

Հոդված 41. Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինները, մասնագիտացված հաստատությունները եւ մյուս միջպետական կազմակերպություններն օժանդակում են Հռչակագրի դրույթների լիակատար իրագործմանը` ակտիվացնելով մյուսների հետ ֆինանսական համագործակցությունը եւ տեխնիկական օգնությունը, հնարավորություններ են ընձեռում, որ Բնիկ ժողովուրդները մասնակցություն ունենան իրենց վերաբերող հարցերի քննարկմանը:

Հոդված 42. Միավորված ազգերի կազմակերպությունը եւ նրան կից կառույցները, մասնավորապես` բնիկների հարցերով զբաղվող մշտական մարմինը, մասնագիտացված կառույցները, մասնավորապես` երկրների մակարդակով, Պետությունները հարգում եւ լիարժեքորեն կիրառում են Հռչակագիրը` ապահովելով նրա արդյունավետությունը:

Հոդված 43. Հռչակագրում ընդունված իրավունքներն ապահովում են Բնիկ ժողովուրդների ապրելակերպի, արժանապատվության եւ բարեկեցության անհրաժեշտ նվազագույն նորմերը:

Հոդված 44. Հռչակագրում ընդունված բոլոր իրավունքներն ու արտոնությունները հավասարազոր երաշխավորագիր են Բնիկ ժողովուրդների համար` կանանց եւ տղամարդկանց:

Հոդված 45 . Հռչակագրի որեւէ դրույթ չի կարող մեկնաբանման առարկա հանդիսանալ, որեւէ իրավունք չի կարող կրճատվել եւ մարվել, որովհետեւ արդեն ընդունված են Բնիկ ժողովուրդների կողմից:

Հոդված 46 . ա) Հռչակագրի որեւէ դրույթ չի կարող մեկնաբանման առարկա հանդիսանալ կամ վերագրվել մի պետության, ժողովրդի կամ անհատի` իրավունք տալով զբաղվել որեւէ գործունեությամբ կամ փաստաթղթով, որը դեմ է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը: բ) Հռչակագրում հայտարարված իրավունքների իրականացումը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների համար պետք է հարգված լինեն: Հռչակագրում հայտարարված իրավունքները կարող են ենթարկվել փոփոխությունների, որոնք նախատեսված են օրենքով եւ համապատասխանում են միջազգային մարդու իրավունքների պարտավորություններին: Ցանկացած նման սահմանափակումներ, որոնք ոչ խտրական են եւ անհրաժեշտության դեպքում ապահովում են իրավունքների հարգանքը եւ ազատությունը, բավարարում են պահանջները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում: գ) Հռչակագրի սահմանած դրույթները պետք է մեկնաբանվեն` համաձայն արդարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, հավասարության, անխտրականության, լավ կառավարման եւ բարեխղճության սկզբունքներով:

Հոդված 47. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կարեւոր նշանակություն ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից բռնազավթված Հայաստանի տարածքներում հայկական պետականության եւ հայ ժողովրդի իրավունքները հայրենի բնօրրանում բանեցնելու համար` որպես Հայկական բարձրավանդակի բնիկ ժողովուրդ:

Օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կվերահաստատի բնիկ ժողովուրդների իրավունքների եւ շահերի հարգման իր համամարդկային եւ քաղաքակրթական կողմնորոշումը:

Օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը պետականորեն կհռչակի բնիկ ժողովուրդների իրավունքների ճանաչման մասին իր դիրքորոշումը, կընդունի բնիկ ժողովուրդների հետ փոխադարձ հարգանքի եւ համակեցության վերաբերյալ պետությունների պարտավորությունները եւ քաղաքական գնահատական կտա Թուրքիայի եւ Արդբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքներում ապրող ժողովուրդների դեմ իրականացվող ճնշումներին եւ խտրական վերաբերմունքին:

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը իրավական եւ քաղաքական նշանակություն ունի հազարամյակներով իր հայրենի բնօրրանում ապրած եւ արարած հայ ժողովրդի իրավունքների հռչակման եւ իրացման ու հայկական ազգային շահի հետապնդման համար: