Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1179-24.02.2017-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ոստիկանությունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ օրինական շահերը` անկախ նրա սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու արժանապատվությունը, կյանքի, պատվի ու բարի համբավի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքը, ինչպես նաեւ մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ Սահամանադրության 25-րդ հոդվածում հստակ ամրագրվել է նաեւ անձի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Մասնավորապես, 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Բացի դրանից, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի ձեւակերպումները անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» թիվ 359-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ սահմանադրական նորմերին համապատասխան՝ փոփոխություններ պետք է կատարվի նաեւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում:

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասրը, ոստիկանության կողմից մարդու ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության խախտման արգելքը ամրագրելու, ինչպես նաեւ օրենքում առկա ձեւակերպումները ՀՀ նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներ, որոնք ուղղված են լինելու ոստիկանության ծառայողների կողմից մարդու հոգեկան եւ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ հնարավոր ոչ իրավաչափ միջամտությունները բացառող առավել ամբողջական կարգավորումներին, ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են նշված իրավունքի պաշտպանությանն ուղղված զուտ հիմնարար սկզբունքների ամրագրմանը:

Օրինագծի ընդունմամբ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ նոր Սահմանադրությանը, ինչպես նաեւ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» թիվ 359-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի կատարումը:


ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել ոստիկանության կողմից մարդու ֆիզիկական եւ հոհեկան անձեռնմխելիության խախտման արգելքն, ինչպես նաեւ անձի իրավունքների եւ ազատությունների հնարավոր սահմանափակումների հիմքերը՝ օրենքում առկա ձեւակերպումները ՀՀ նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքնային շուկայի հետ, ուստի եւ նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ նախագծով նախատեսվում է ամրագրել ոստիկանության կողմից մարդու ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության խախտման արգելքը, անձի իրավունքների եւ ազատությունների հնարավոր սահմանափակումների հիմքերը եւ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա ձեւակերպումները համապատասխանեցնել ՀՀ սահմանադրական նոր կարգավորումներին:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարոււթյան 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը՝

1. Ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

2. Շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից՝ չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենան չեզոք ազդեցություն: