Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1182-06.03.2017-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 3112 -րդ հոդվածում՝

1) վերնագրից «շահադիտական նպատակով» բառերը հանել.

2) 1-ին մասում «շահադիտական նպատակով» բառերը փոխարինել «շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով» բառերով, իսկ «միջնորդի միջոցով» բառերից հետո լրացնել «իր կամ այլ անձի համար» բառերը:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն գործիք է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան դեռեւս 2005 թվականի մայիսի 19-ին եւ վավերացրել 2007 թվականի մարտի 8-ին։

Համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի` Կոնվենցիայի նպատակներն են.

ա) կոռուպցիան կանխարգելելուն եւ դրա դեմ ավելի արդյունավետ եւ ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը եւ ուժեղացումը.

բ) կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարում, այդ թվում՝ արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության եւ տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը եւ օժանդակումը.

գ) պետական գործերի եւ պետական սեփականության ազնիվ, պատասխանատու եւ պատշաճ կառավարման խրախուսումը:

Նշյալ նպատակներին հասնելու համար էլ, ի թիվս այլ կարգավորումների, Կոնվենցիայի «Ազդեցության չարաշահումը» վերտառությամբ 18-րդ հոդվածն ամրագրում է. «Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի օրենսդրական կամ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետեւյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.

ա) պաշտոնատար անձին կամ որեւէ այլ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն որեւէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կամ այդպիսի այլ անձը չարաշահի իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը` այդպիսի գործողություններ սկզբնապես նախաձեռնողի կամ ցանկացած ուրիշ անձի համար Մասնակից պետության վարչակազմից կամ պետական մարմնից որեւէ ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով.

բ) պաշտոնատար անձի կամ ցանկացած այլ անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն անձամբ իր կամ ուրիշ անձի համար որեւէ ոչ իրավաչափ առավելություն շորթելը կամ ընդունելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կամ այդպիսի ուրիշ անձը չարաշահի իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը՝ Մասնակից պետության վարչակազմից կամ պետական մարմնից որեւէ ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով։»:

Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիան իր հերթին նախատեսում է պաշտոնեական դիրքի վրա ազդեցության շահարկումը հանցակազմը: Այսպես, նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածն ամրագրում է առ այն, որ յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ խոստանալը, առաջարկելը կամ տալը ցանկացած անձի, որը հայտարարում է կամ հաստատում է, որ ինքը կարող է նշյալ կոնվենցիայի 2-րդ, 4-6-րդ եւ 9-11-րդ հոդվածներում նշված անձանց որոշում կայացնելու վրա աղդեցություն գործել` անկախ այն բանից` այդ անհիմն օգուտը իր, թե ուրիշի համար է, ինչպես նաեւ նման օգուտ պահանջելը կամ ստանալը կամ այդ օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը` այդպիսի ազդեցություն գործելու նպատակով, անկախ այն բանից` այդ ազդեցությունն իրագործվել է, թե ոչ, կամ ենթադրվող ազդեցությունը հանգեցրել է արդյոք նախատեսված արդյունքին, թե ոչ:

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիան վավերացնելիս կատարել են վերոբերյալ վարքագծի քրեականացմանն առնչվող վերապահումներ: Այդ երկրներից են Անդորրան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Շվեդիան, Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան:

Հայրենական օրենսդիրը 2008 թվականի ապրիլի 30-ին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով քրեականացրել է իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը հանցակազմը: Նշյալ հանցակազմն ամրագրող 3112 -րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որեւէ այլ առավելություն ստանալու կամ պահանջելու կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելու համար` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որեւէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության նպատակով:

Խնդրո առարկա հանցակազմի առումով անհրաժեշտ է նշել, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) շրջանակներում ձեւավորված Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցն իր 2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ընդունել է «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» վերտառությամբ զեկույցը, որտեղ ներկայացված են Ստամբուլյան Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի արդյունքները:

Վերոնշյալ զեկույցի թիվ 5 հանձնարարականի 2-րդ մասում, մասնավորապես, նշված է, որ անհրաժեշտ է իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

ՏՀԶԿ մոնիթորինգի երրորդ փուլի արդյունքում ընդունված եւ Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների (ԳՐԵԿՈ) խմբի կողմից 2010 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը կայացած լիագումար նիստում ընդունված «Հայաստանի վերաբերյալ երրորդ փուլի՝ կոռուպցիայի քրեականացման վերաբերյալ» գնահատման զեկույցների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112 -րդ հոդվածը միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից ունի հետեւյալ թերությունները.

1) հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն շահադիտական նպատակով իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար, եւ իրավական կարգավորման չեն ենթարկվում այլ նպատակներով իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու դեպքերը.

2) հոդվածը քրեական պատասխանատվություն չի նախատեսում դիսպոզիցիայում թվարկված գործողություններն ի շահ երրորդ անձանց կատարելու համար.

3) հոդվածը չի պարունակում կարգավորումներ ենթադրյալ ազդեցության իրագործման կամ չիրագործման, այդ ազդեցության վերջնարդյունքի առկայության կամ բացակայության առումով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ եւ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112 -րդ հոդվածում իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը դիտարկել ոչ միայն շահադիտական դրդումներով կատարելու, այլեւ անձնական այլ շահագրգռվածության եւ խմբային շահերի հետ: Բացի այդ, առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի գործողությունը տարածել նաեւ այն դեպքերի վրա, երբ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործվել է ի շահ երրորդ անձանց:

Ինչ վերաբերում է «Հայաստանի վերաբերյալ երրորդ փուլի՝ կոռուպցիայի քրեականացման վերաբերյալ» գնահատման զեկույցի 3-րդ եզրահանգմանը, ապա հարկ է նշել, որ իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը ներպետական օրենսդրությամբ իրենից ներկայացնում է ձեւական հանցակազմ: Այլ կերպ՝ հանցագործությունն ավարտված է համարվում ենթադրյալ հանցագործի կողմից դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթուղթ կամ որեւէ այլ առավելություն ստանալու կամ դրանք պահանջելու կամ ստանոլւ խոստման կամ առաջարկն ընդունելու պահից, անկախ նրանից՝ հաջողվել է նրան նպաստել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն կամ ծառայության գծով հովանավորչությանը կամ թողտվությանը (իրական ազդեցություն), թե ոչ (ենթադրյալ ազդեցություն): Ուստի, կարելի է փաստել, որ քննարկվող հանցակազմը ձեւական դիտարկելը բխում է Հայաստանի Հանրապետության որդեգրած քրեական քաղաքականությունից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112 -րդ հոդվածը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին: Արդյունքում՝ կապահովվի նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորության կատարումը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը պատժելի համարել ոչ միայն շահադիտական նպատակով, այլեւ անձնական այլ շահագրգռվածության եւ խմբային շահերից ելնելով օգտագործելու դեպքում:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածում իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը դիտարկել ոչ միայն շահադիտական դրդումներով կատարելու, այլեւ անձնական այլ շահագրգռվածության եւ խմբային շահերի հետ: Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների ելքերի եւ քաղաքականության վրա կլինի չեզոք:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: