Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1190-27.03.2017-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, հրապարակում է  հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը  պետք է  պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում  կատարված հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները եւ եզրահանգումները ներկայացվում են առանձին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչեւ փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ: Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների եւ վիճակագրական տվյալների ներկայացման մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից եւ դարձել միջազգային հանրության հոգածության առարկա:

Կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն գործիք է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31–ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան դեռեւս 2005 թվականի մայիսի 19–ին եւ վավերացրել 2007 թվականի մարտի 8-ին։

Համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի` Կոնվենցիայի նպատակներն են.

ա) կոռուպցիան կանխարգելելուն եւ դրա դեմ ավելի արդյունավետ եւ ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը եւ ուժեղացումը.

բ) կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարում, այդ թվում՝ արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության եւ տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը եւ օժանդակումը.

գ) պետական գործերի եւ պետական սեփականության ազնիվ, պատասխանատու եւ պատշաճ կառավարման խրախուսումը:

Նշյալ նպատակներին հասնելու համար էլ, ի թիվս այլ կարգավորումների, Կոնվենցիայի 10-րդ հոդվածն ամրագրում է, որ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը` յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր պետական վարչակազմում թափանցիկության մեծացման համար, այդ թվում՝ դրա կազմակերպման, գործունեության եւ, համապատասխան դեպքերում, որոշումների կայացման գործընթացների առնչությամբ: Այդպիսի միջոցները. inter alia, կարող են ներառել հետեւյալը.

ա) ընթացակարգերի կամ կանոնակարգերի ընդունումը, որոնք բնակչությանը թույլ կտան, համապատասխան դեպքերում, տեղեկատվություն ստանալ իր պետական վարչակազմի կազմակերպման, գործունեության եւ որոշումների ընդունման գործընթացների վերաբերյալ եւ, պատշաճորեն հաշվի առնելով մասնավոր կյանքի եւ անձնական տվյալների պաշտպանության նկատառումները, հանրության անդամների շահերը շոշափող որոշումների եւ իրավաբանական ակտերի վերաբերյալ.

բ) վարչական ընթացակարգերի հստակեցումը, համապատասխան դեպքերում, որոշումներ կայացնող իրավասու մարմինների նկատմամբ հանրության մուտքը դյուրացնելու համար, եւ

գ) այն տեղեկատվության հրապարակումը, որը կարող է ներառել պետական վարչակազմում կոռուպցիայի վտանգների մասին պարբերական հաշվետվությունները։

Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է:  Ի հավաստումն դրա՝ հարկ է նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրության վստահությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ «Մարդու իրավունքներ, արդարադատություն եւ կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի՝ «Կոռուպցիայի դեմ պայքար» ենթաբաժնի 3-րդ կետի բ) ենթակետում, ի թիվս այլնի, նախատեսվել է իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ մշակելու պահանջ:

Առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերոգրյալը եւ Հայաստանի Հանրապետության դատախազության ամբողջական գործունեության թափանիցիկության ապահովման սկզբունքը՝ մշակվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով առաջարկվում է առ այն, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, պարտավոր է հրապարակել հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազության կայքէջում: Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները եւ եզրահանգումները ներկայացվում են առանձին:

Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը  պետք է  պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում  կատարված հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Նախատեսված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչեւ փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում  կատարված հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ:

Ակնկալվող արդյունքը

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հաշվետվողականության բարձրացումը:


ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում


1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ՀՀ գլխավոր  դատախազության պաշտոնական կայքէջում իրականացնել նախորդ տարվա  կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ ամենամյա հրապարակում, որը պետք է  պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:  


ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ՀՀ գլխավոր  դատախազության պաշտոնական կայքէջում իրականացնել նախորդ տարվա  կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ ամենամյա հրապարակում:

 Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 


ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

Ներկայացված նախագիծը, ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում: