Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1191-28.03.2017-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ԲԱԺԻՆ 1

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ   

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Դատական իշխանությունը

1. Դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն) սահմանված իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքի հիման վրա՝ օրենքով ստեղծված անկախ եւ անաչառ դատարանների կողմից:

Հոդված 2. Դատական իշխանության կազմակերպումը եւ գործունեությունը կարգավորող օրենսդրությունը

1. Դատական իշխանության եւ դրա գործունեության կազմակերպումը կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով եւ սույն սահմանադրական օրենքով (այսուհետ՝ օրենսգիրք):

Հոդված 3. Սույն օրենսգրքի կարգավորման առարկան

1. Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության եւ դրա գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (այսուհետ՝ Սահմանադրական դատարան) կազմակերպման եւ գործունեության հարցերի:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության դատական համակարգը

1. Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործում են Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ վարչական դատարանը:

2. Առաջին ատյանի դատարաններ են՝

1) ընդհանուր իրավասության դատարանները.

2) վարչական դատարանը:

3. Վերաքննիչ դատարաններն են՝

1) վերաքննիչ քրեական դատարանը.

2) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.

3) վերաքննիչ վարչական դատարանը:

4. Վարչական դատարանը մասնագիտացված դատարան է:

5. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Հոդված 5. Դատարանի խնդիրները

1. Արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատարանն ապահովում է անձի` Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով եւ օրենքով նախատեսված իրավունքների եւ ազատությունների, պետության  եւ հասարակության շահերի պաշտպանությունը:

Հոդված 6. Դատավորը

1. Դատավոր է Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարաններում դատավորի պաշտոնում Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված անձը:

2. Դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները  եւս դատավոր են եւ իրականացնում են դատավորին վերապահված բոլոր լիազորությունները։

Հոդված 7. Դատարանի իրավասության սահմանները

1. Ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:

ԳԼՈՒԽ 2

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 8. Դատական իշխանության իրականացումը օրենքին համապատասխան

1. Դատարանները դատական իշխանությունն իրականացնում են Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքին համապատասխան:

Հոդված 9. Դատական իշխանության անկախությունը եւ ինքնավարությունը

1. Արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատարաններն անկախ են պետական իշխանության այլ մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, եւ գործում են միայն Սահմանադրությանը եւ օրենքին համապատասխան:

2. Դատավորը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում եւ լուծում է Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքին համապատասխան, գործի հանգամանքների անաչառ վերլուծության վրա հիմնված իր ներքին համոզման հիման վրա՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

3. Արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս եւ դրանից հետո դատավորը հաշվետու չէ որեւէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որեւէ բացատրություն տալ։

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են հարգել դատական իշխանության անկախությունը եւ ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վնասել կամ վտանգել դատական իշխանության անկախությունը կամ հեղինակությունը:

5. Արգելվում է արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատարանի գործունեությանը որեւէ միջամտություն կամ դրա նկատմամբ որեւէ ազդեցություն:

6. Դատարանի գործունեությանը միջամտությունը, ինչպես նաեւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն  առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

7. Արդարադատության եւ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտության կամ դրա նկատմամբ ազդեցության վերաբերյալ դատավորի հայտարարության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը, եթե գտնում է, որ առերեւույթ առկա է իրավախախտում պարունակող արարք,  պարտավոր է մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել համապատասխան մարմիններին։

8. Դատավորների մասնագիտական շահերի պաշտպանության եւ դատարանների ներքին գործունեության հետ կապված հարցերի լուծումը վերապահված են դատական իշխանության ինքնակառավարման մարմիններին: Ինքնակառավարման մարմիններն են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ` Ընդհանուր ժողով) եւ Բարձրագույն դատական խորհուրդը։

Հոդված 10. Դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու անձամբ, ինչպես նաեւ իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 11. Հավասարությունը օրենքի եւ դատարանի առջեւ

1. Բոլորը հավասար են օրենքի եւ դատարանի առջեւ եւ հավասարապես պաշտպանվում են օրենքով:

2. Դատարանի կողմից արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններն իրականացնելիս խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 12. Դատական վարույթի հրապարակայնությունը

1. Հայաստանի Հանրապետության դատարաններում դատական նիստերը դռնբաց են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Դատական նիստի ընթացքն օրենքով սահմանված կարգով արձանագրվում է:

3. Դատարանի վերջնական (եզրափակիչ), իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը ենթակա են հրապարակման ։ Դատական նիստի ընթացքում հրապարակելու դեպքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը։

4. Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու ավարտված դատական գործին, որով  վերջնական (եզրափակիչ) ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական վարույթի դռնփակ մասին անձը կարող է ծանոթանալ միայն դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ:

6. Գործը քննող դատարանի, կողմերի, գործի էության, նիստերի ժամանակացույցի, գործի շարժի մասին տեղեկությունները, վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական եւ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, ինչպես նաեւ երեխայի անձնական տվյալներ պարունակող դատական ակտերը հրապարակվում են այդ անձնական տվյալներն ապանձնավորված։

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված եւ հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

8. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները ենթակա են պարտադիր հրապարակման նաեւ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

Հոդված 13. Դատավարության լեզուն

1. Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերենով:

2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

3. Քրեական գործով գործին մասնակցող եւ հայերենին չտիրապետող անձանց դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով:

4. Վարչական եւ քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին եւ ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

5. Պետական միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում դատարանի որոշման հիման վրա Բարձրագույն դատականի խորհրդի սահմանած կարգով նշանակվում է թարգմանիչ: Թարգմանիչների վարձատրության չափը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն):

Հոդված 14. Դատական ակտերի պարտադիրությունը

1. Դատարանները վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության:

2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են, իսկ կատարում ենթադրող լինելու դեպքում ենթակա են պարտադիր կատարման պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից:

3. Դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

4. Եթե դատարանը գործը քննելիս եւ լուծելիս շեղվում է Վճռաբեկ դատարանի դատական ակտի հիմնավորումներից (այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանություններից), ապա պետք է ծանրակշիռ փաստարկների մատնանշամբ հիմնավորի  իր դիրքորոշումը:

5. Օտարերկրյա պետությունների դատարանների դատական ակտերը, օտարերկրյա պետությունների արբիտրաժի որոշումները, միջազգային արբիտրաժի որոշումները, միջազգային դատարանների որոշումները ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հոդված 15. Դատական ակտերի բողոքարկումը եւ վերանայումը

1. Դատավարության մասնակիցներն ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերաքննության, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտերը` վճռաբեկության կարգով վերանայման իրավունք օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

2. Նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներով, ինչպես նաեւ նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով դատական ակտերը վերանայվում են օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով։

3. Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով դատական ակտը կարող է բողոքարկել գործին մասնակից չդարձված այն անձը, ում իրավունքներն ու օրինական շահերն այն շոշափում է, կամ այն մարմինը կամ պաշտոնատար անձը, ում լիազորություններին առնչվում է կայացված դատական ակտը:

Հոդված 16. Դատարանի կազմը

1. Առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են միանձնյա՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան:

2. Վերաքննիչ դատարանում վերջնական (եզրափակիչ) դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

3. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3 մեծամասնությամբ:

4. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի  պալատի դատավորների առնվազն 2/3 կազմով:

Հոդված 17. Դատական իշխանության խորհրդանիշերը

1. Դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձեւի պատմուճանով, որը նրան տրամադրվում է պետական միջոցների հաշվին:

2. Դատավորը՝ բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավորի, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ եւ դատավորի անվամբ կնիք, Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված դրոշմակնիքներ:

3. Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ պալատի անվանմամբ կնիք:

4. Յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կիրառելու էլեկտրոնային թվային ստորագրություն:

5. Դատարանների բոլոր նստավայրերի շենքերի վրա կամ շքամուտքի մոտ բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:

6. Դատարանի նիստերի դահլիճում եւ դատավորի առանձին ծառայողական աշխատասենյակում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ Հայաստանի Հանրապետության դրոշը:

7. Պատմուճանի, դատավորների եւ Վճռաբեկ դատարանի պալատների կնիքների նկարագրությունը եւ տրամադրման կարգը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման նկարագրությունը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Հոդված 18. Դատական իշխանության պաշտոնական կայքը

1. Դատական իշխանությունն ունի պաշտոնական ինտերնետային կայք: Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը կայքում զետեղվում է հանրության համար հասանելի ձեւով: Կայքի կառուցվածքը, վարման կարգը, ինչպես նաեւ կայքում զետեղվող այլ տեղեկատվությունը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Հոդված 19. Դատական վիճակագրության վարումը

1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը եւ հանրության առջեւ հաշվետվողականությունն ապահովելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը հավաքում եւ վարում է դատական վիճակագրություն Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:

2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`

1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը.

2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի եւ տարածության մեջ.

3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը եւ ամբողջականությունը.

4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.

5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարակայնությունը:

3. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձեւն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները (տեղեկությունները) պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 9-12-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները):

4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաեւ, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:

5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարվելու դեպքում դրանք կիրառում են միայն փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվանից:

6. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների գործունեության կիսամյակային եւ տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները:

7.   Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար, բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը տրամադրում է Բարձրագույն դատական խորհրդին, եւ այդ տվյալները հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:

8. Առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի եւ դատավորի վերաբերյալ՝ ըստ քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության, անչափահասների եւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի, հրապարակվում են մասնավորապես հետեւյալ տվյալները՝

1) դատավորների քանակը.

2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը.

4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը (այդ թվում՝ գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու եւ այլ հիմքերով ավարտված).

5) հաշվետու ժամանակահատվածում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը.

6) գործի քննության միջին տեւողությունը՝ ըստ նիստերի քանակի.

7) գործի քննության միջին տեւողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ) (այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության եւ դատական ակտի կայացման փուլերի միջին տեւողության).

8) մինչդատական վարույթի գործերը՝ ըստ տեսակների.

9) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր քանակը.

10) բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների.

11) բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:

9. Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի եւ դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետեւյալ տվյալները՝

1) սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-11-րդ կետերով նախատեսված տվյալները.

2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում վերադարձված բողոքների ընդհանուր քանակը.

4) գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների եւ ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:

10. Վճռաբեկ դատարանի վերաբերյալ՝ յուրաքանչյուր պալատի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 8-րդ մասով, բացառությամբ 8-րդ մասի 4-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տվյալների, ինչպես նաեւ սույն հոդվածի 9-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տվյալները: Սույն հոդվածի 8-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տվյալները հաշվարկվում են ըստ օրերի:

11. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի կողմից տարեկան՝ ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակվում են նաեւ հետեւյալ տվյալները`

1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը եւ դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.

2) վճարված եւ վճարման ենթակա պետական տուրքի ընդհանուր չափը.

3)   դատավորների կարգապահական պատասխանատվության մասով՝ հարուցված կարգապահական վարույթների քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների եւ վարույթի հարուցման հիմքերի, կարճված վարույթներով գործերի քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, նշանակված կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքերի ընդհանուր քանակը.

4) սույն հոդվածի 8-11-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:

ԳԼՈՒԽ 3

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 20. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությունը

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր հարցերը բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

Հոդված 21. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացումը

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործում են քաղաքացիական եւ քրեական մասնագիտացման դատավորներ:

2. Քաղաքացիական մասնագիտացման դատավորներից Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվում են սնանկության գործեր քննող դատավորներ, որոնք քննում են նաեւ քաղաքացիական գործեր։

3. Քրեական մասնագիտացման դատավորներից Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվում են անչափահասների վերաբերյալ գործեր քննող դատավորներ, որոնք քննում են նաեւ քրեական գործեր:

4. Քրեական մասնագիտացման դատավորներից Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվում  են մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորներ մեկ տարի ժամկետով ռոտացիոն սկզբունքով:

5. Սնանկության, անչափահասների գործեր քննող, ինչպես նաեւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատավորների թվաքանակը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր դատարանի համար սահմանվում է առանձին:

6. Սույն հոդվածի 2-4-րդ մասերում նշված դատավորները Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջին անգամ ընտրվում են ինքնաառաջադրման սկզբունքով: Այն դեպքում, երբ ինքնաառաջադրվող դատավորներ չկան կամ ինքնաառաջադրված դատավորների թիվը գերազանցում է տվյալ դատարանում առկա համապատասխան դատավորների թափուր տեղերի թվաքանակը, ապա թափուր տեղերը համալրվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված վիճակահանության արդյունքներով, որին մասնակցում են համապատասխանաբար ինքնաառաջադրված դատավորները կամ տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացման բոլոր դատավորները։

7. Այն դեպքում, երբ ինքնաառաջադրվում է միայն մեկ դատավոր, սակայն տվյալ դատարանում առկա է մեկից ավելի թափուր տեղ, ապա Բարձրագույն դատարական խորհրդի որոշմամբ ինքնաառաջադրված դատավորը համալրում է թափուր տեղը, իսկ թափուր մյուս տեղերը համալրվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված վիճակահանության արդյունքներով, որին մասնակցում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացման բոլոր դատավորները։

8. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո Բարձրագույն դատական խորհրդի կողմից մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորները ընտրվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված վիճակահանության արդյունքներով, որին մասնակցում են դեռեւս չռոտացված դատավորները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց թվաքանակը պակաս է տվյալ դատարանում առկա համապատասխան թափուր տեղերից:

9. Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատավորներին սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետի ընթացքում քրեական գործեր չեն հանձնվում։

10. Նույն անձը երկու անգամ անընդմեջ չի կարող ընտրվել որպես մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատավոր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ չռոտացված դատավորների թվաքանակը պակաս է տվյալ դատարանում առկա դատավորների թափուր տեղերից։ Այս դեպքում երկու անգամ անընդմեջ որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատավոր ընտրված անձը երրորդ անգամ վիճակահանությանը չի մասնակցում:

11. Վիճակահանության իրականացման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Հոդված 22.  Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը համապատասխան վարչական շրջանի կամ մարզի տարածքն է, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ համապատասխան վարչական շրջանների կամ մարզերի տարածքը:

Հոդված 23. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրերը

1. Երեւան քաղաքում գործում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության հետեւյալ դատարանները.

1) Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 7 դատավորի կազմով.

2) Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 13 դատավորի կազմով.

3) Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 7 դատավորի կազմով.

4) Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով.

5) Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 11 դատավորի կազմով.

6) Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով.

7) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով:

2. Մարզերում գործում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության հետեւյալ դատարանները.

1) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով.

2)   Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 10 դատավորի կազմով.

3) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 7 դատավորի կազմով.

4) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

5) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 12 դատավորի կազմով.

6) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 12 դատավորի կազմով.

7) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

8)   Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 8 դատավորի կազմով.

9) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի եւ 8 դատավորի կազմով:

3. Վարչական շրջանի (վարչական շրջանների) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրը գտնվում է համապատասխան վարչական շրջանի (վարչական շրջաններից մեկի) տարածքում:

4. Մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է մարզկենտրոնի վարչական տարածքում: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է այդ մարզերից որեւէ մեկի մարզկենտրոնի վարչական տարածքում: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության մարզային դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր մարզի վարչական տարածքում:

ԳԼՈՒԽ 4

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 24. Վարչական դատարանի իրավասությունը

1. Վարչական դատարանին են ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով  նախատեսված գործերը:

Հոդված 25. Վարչական դատարանի դատական տարածքը

1. Վարչական դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Հոդված 26. Վարչական դատարանի թվակազմը եւ նստավայրերը

1. Վարչական դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 26 դատավորի կազմով:

2. Վարչական դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:

3. Վարչական դատարանը կարող է  նստավայրեր ունենալ մարզերում:

ԳԼՈՒԽ 5

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 27. Վերաքննիչ դատարանների իրավասությունը

1.   Վերաքննիչ դատարաններն իրենց լիազորությունների սահմաններում վերանայում են առաջին ատյանի դատարանների` վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը:

2. Այլ դատական ակտերը վերանայվում են օրենքով նախատեսված դեպքերում:

3. Վերաքննիչ դատարաններում առաջին ատյանի դատարանների ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը, ինչպես նաեւ վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

Հոդված 28. Վերաքննիչ դատարանի դատական տարածքը

1. Վերաքննիչ դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Հոդված 29. Վերաքննիչ դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրը

1. Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան՝

1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.

2) վերաքննիչ քրեական դատարանը.

3) վերաքննիչ վարչական դատարանը:

2.Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 15 դատավորի կազմով:

3. Վերաքննիչ քրեական դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 15 դատավորի կազմով:

4. Վարչական վերաքննիչ դատարանը գործում է դատարանի նախագահի եւ վեց դատավորի կազմով:

5. Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:

ԳԼՈՒԽ 6

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 30. Վճռաբեկ դատարանի իրավասությունը

1. Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները:

2. Օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է վերանայվող դատական ակտով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի այն դրույթը մեկնաբանելով, որը վերանայվող եւ առնվազն մեկ այլ դատական ակտում կիրառվել է հակասական մեկնաբանությամբ կամ որի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

3. Մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել արդար դատաքննության իրավունքը կամ Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված` մարդու հիմնական իրավունքները խաթարող նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումները, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Հոդված 31. Վճռաբեկ դատարանի կառուցվածքը, դատավորների թվակազմը եւ նստավայրը

1. Վճռաբեկ դատարանը կազմված է վճռաբեկ դատարանի նախագահից, պալատների նախագահներից եւ 19 դատավորներից:

2. Վճռաբեկ դատարանն ունի երեք պալատ՝

1) քրեական պալատ.

2) քաղաքացիական պալատ.

3) վարչական պալատ:

3. Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից եւ հինգ դատավորներից: Քաղաքացիական պալատը կազմված է պալատի նախագահից եւ ինը դատավորներից: Վարչական պալատը կազմված է պալատի նախագահից եւ հինգ դատավորներից։

4. Վճռաբեկ դատարանի նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:

Հոդված 32. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը

1. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

ԳԼՈՒԽ 7

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Հոդված 33. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահները

1. Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի նախագահը՝

1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.

2) դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով.

3) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

4) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.

5) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

6) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհրդին եւ Ընդհանուր ժողովին.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի նախագահը արձակուրդի  կամ գործուղման մեկնելիս դատարանի դատավորներից նշանակում է իրեն փոխարինող:

3. Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի նախագահի ժամանակավոր անաշխատունակության կամ լիազորությունների կասեցման կամ դադարման, դադարեցման դեպքերում նրան փոխարինում է տվյալ դատարանի տարիքով ավագ դատավորը:

Հոդված 34. Վճռաբեկ դատարանի նախագահը

1. Վճռաբեկ դատարանի նախագահը՝

1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.

2)    «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակման է ուղարկում վճռաբեկ դատարանի որոշումները.

3) վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

4) վերահսկում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.

5) ներկայացնում է վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

6) դատարանի բնականոն գործունեության ապահովան հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհրդին եւ Ընդհանուր ժողովին.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

2. Վճռաբեկ դատարանի նախագահը արձակուրդի  կամ գործուղման մեկնելիս պալատի նախագահներից մեկին նշանակում է իրեն փոխարինող:

3. Վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր անաշխատունակության կամ լիազորությունների կասեցման կամ դադարման, դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատների տարիքով ավագ նախագահը:

Հոդված 35. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը

1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը ՝

1) կազմակերպում է պալատի աշխատանքները.

2) վարում է դատական նիստերը:

2. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը արձակուրդի  կամ գործուղման մեկնելիս պալատի դատավորներից մեկին նշանակում է իրեն փոխարինող:

3.   Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի ժամանակավոր անաշխատունակության կամ լիազորությունների կասեցման կամ դադարման, դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի տարիքով ավագ դատավորը:

ԳԼՈԻԽ 8

ԴԱՏԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 36. Դատարանների ֆինանսավորումը

1. Դատարանների ֆինանսավորումն իրականացվում է  Բարձրագույն դատական խորհրդի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատարանների աշխատակազմերի ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում եւ պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատարաններ:

2. Դատարանի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է համապատասխան դատարանի աշխատակազմը:

3. Դատարանների աշխատակազմերի կողմից ներկայացված հայտերի հիման վրա նախապատրաստվում են Դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ բյուջետային հայտը։ Դատարանի նախագահը կարող է անհրաժեշտ փոփոխություններ կատարել բյուջետային հայտում եւ ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանը: Հաստատված բյուջետային հայտը եւ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ, սահմանված ժամկետներում ներկայացվում են Կառավարություն` պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

4. Դատարանների բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվում եւ ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով եւ  Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:

5. Սահմանված ժամկետում բյուջետային հայտը չընդունվելու կամ պետական բյուջեն չհաստատելու դեպքերում, մինչեւ դրա ընդունումը կամ հաստատումը, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

6. Բյուջետային հայտը պետք է պարունակի դատարանների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

7. Բարձագույն դատական խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի եւ միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը:

8. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատարանների պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին oրենքով դատարանների համար նախատեսված ծախսերի երկու տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:

9. Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում դիմում է Կառավարությանը:

10. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը պակասը լրացնում է կառավարության պահուստային ֆոնդից:

Հոդված 37. Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը

1. Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը իրականացնում է համապատասխան դատարանի աշխատակազմը:

2. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի կողմից դատարանների աշխատակազմերին նյութատեխնիկական ապահովման աջակցման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

ԳԼՈՒԽ 9

ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 38. Դատարաններում գործերի բաշխման սկզբունքը

1. Դատավորների միջեւ գործերը բաշխվում են ըստ մասնագիտացումների պատահական ընտրության սկզբունքով սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 39. Առաջին ատյանի դատարանում գործերի բաշխման կարգը

1. Դատարան մուտքագրված քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության, անչափահասների, ինչպես նաեւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերն անհապաղ մուտք են արվում համակարգչային ծրագիր եւ մուտք լինելուց հետո նույն օրը հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջեւ՝ պատահական ընտրությամբ, եւ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը:

2. Եթե գործերը հավասարաչափ բաշխել հնարավոր չէ, ապա գործերը բաշխվում են այն հաշվով, որ համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներից յուրաքանչյուրին հանձնված գործերի միջեւ տարբերությունը չգերազանցի մեկը: Տվյալ դեպքում հաջորդ օրը գործեր բաշխելիս առաջին հերթին մեկական գործ պատահական ընտրությամբ հանձնվում է այն դատավորներին, որոնք նախորդ օրվա բաշխման արդյունքում ստացել են ավելի պակաս թվով գործեր, իսկ մնացած գործերը բաշխվում են ընդհանուր կարգով՝ բոլոր դատավորների միջեւ:

3.   Սնանկության եւ անչափահասների վերաբերյալ գործեր քննող դատավորներին հանձնված համապատասխանաբար քաղաքացիական եւ քրեական գործերի քանակը պետք է համամասնորեն իջեցվի՝ հաշվի առնելով վերջիններիս արդեն իսկ հանձնված սնանկության եւ անչափահասների վերաբերյալ գործերը:

4. Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհրդին՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Այդ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել դատավորի անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ նախատեսել նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել 6 ամիսը, իսկ բացառիկ դեպքերում` 1 տարին:

5. Եթե դատավորը արձակուրդի մեջ է (ներառյալ՝ արձակուրդին նախորդող 20-օրյա ժամանակահատվածը) կամ գործուղվել է (ներառյալ՝ գործուղմանը նախորդող 20-օրյա ժամանակահատվածը եւ գործուղման ժամկետի ավարտին նախորդող 30-օրյա ժամանակահատվածը) կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, կամ նրա պաշտոնավարման տարիքի ավարտին մնացել է 3 ամիս, ապա այդ դատավորի անուն-ազգանունը համապատասխան ժամկետով պետք է հանվի բաշխման ցանկից` նշելով  հիմքը եւ ժամկետը:

6. Նոր դատավոր նշանակվելու դեպքում այդ դատավորին գործերի բաշխումը կատարվում է ընդհանուր կարգով:

7. Եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ունի նստավայրեր, որոնցում գործում է նույն մասնագիտացումն ունեցող առնվազն երկու դատավոր, ապա այդ դատարանի նախագահը, համաձայն օրենքով սահմանված ընդդատության կանոնների, որոշում է այն նստավայրը, որտեղ պետք է քննվի տվյալ գործը, իսկ գործերի բաշխումը այդ նստավայրում գործող դատավորների միջեւ կատարվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

8. Եթե դատարանի նստավայրում առկա է միայն մեկ դատավոր, եւ օրենքով սահմանված ընդդատության կանոնների համաձայն` դատարանի նախագահը որոշել է, որ գործը պետք է քննվի տվյալ նստավայրում, ապա սույն հոդվածով նախատեսված գործերի բաշխման կարգը տվյալ նստավայրում չի կիրառվում, իսկ գործը հանձնվում է այդ դատավորին:

9. Այն դեպքում, երբ մուտքագրված գործը, համաձայն օրենքի, ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա տվյալ գործը հանձնվում է դատական կազմը նախագահող դատավորին, իսկ դատական կազմի մյուս դատավորները որոշվում են պատահական ընտրության սկզբունքով:

Հոդված 40. Վերաքննիչ դատարանում գործերի բաշխման կարգը

1. Վերաքննիչ դատարան մուտքագրված գործերը դատավորներին (գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների դեպքում՝ նախագահող դատավորներին) հանձնվում են սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-2-րդ եւ 4-6-րդ մասերով սահմանված կարգով:

2. Վերջնական (եզրափակիչ) դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը եւ այլ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը համակարգչային ծրագիր են մուտքագրվում եւ բաշխվում միմյանցից առանձին:

3. Վերջնական (եզրափակիչ) դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը կոլեգիալ կազմով քննելու համար վերաքննիչ դատարանում ձեւավորվում են օրենքով սահմանված կարգով կազմված դատական կազմեր:

4. Դատական կազմը նախագահում է տվյալ կազմի այն անդամը, որին սույն հոդվածով սահմանված կարգով հանձնվել է կոնկրետ գործը:

5. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ձեւավորված դատական կազմերից մեկական անդամ հաջորդաբար՝ պատահական ընտրությամբ, մեկ դատական կազմից տեղափոխվում է մեկ այլ դատական կազմ:

Հոդված 41. Վճռաբեկ դատարանում գործերի բաշխման կարգը

1. Վճռաբեկ դատարան մուտքագրված գործը  նույն օրը մուտքագրվում է համակարգիչ եւ տվյալ պալատի դատավորների միջեւ բաշխվում սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-3-րդ եւ 5-9-րդ մասերով սահմանված կարգով: Բաշխման արդյունքում որոշվում է տվյալ գործով զեկուցող դատավորը:

Հոդված 42. Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին,  Բարձրագույն դատական խորհրդի եւ Ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր անդամներին գործերի բաշխման կարգը

1. Գործերի հանձնումը դատարանների նախագահներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի եւ  Ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր անդամներին կատարվում է ընդհանուր կարգով, սակայն յուրաքանչյուր ամիս նրանց հանձնված գործերի քանակը պետք է մինչեւ քսանհինգ տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացումն ունեցող մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից:

2. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տոկոսային միջակայքի շրջանակներում որոշում է դատարանների նախագահներին՝ ըստ դատարանների, պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի եւ Ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր անդամներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը:

3. Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահների, պալատների նախագահների, Բարձրագույն դատական խորհրդի կամ Ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր անդամների դիմումի հիման վրա կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն տոկոսաչափը (քսանհինգ տոկոսը) գերազանցող տոկոսաչափեր:

Հոդված 43. Գործերի վերաբաշխման կարգը

1. Եթե դատավորը գործուղվել է, կամ նրա գործուղման ժամկետն ավարտվել է, կամ եթե նա տեղափոխվել է այլ դատարան կամ տեղի է ունեցել դատավորների պաշտոնների փոխանակում, տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ կամ նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, կամ նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ:

2. Գործերի վերաբաշխման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Հոդված 44. Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ապահովումը

1. Դատավորների միջեւ գործերի բաշխումը եւ կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:

2. Համակարգչային ծրագիրը գործարկելիս ապահովվում է տվյալների գաղտնիությունը` բացառելով հնարավոր արտաքին միջամտությունը:

3. Եթե անհաղթահարելի ուժի հետեւանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել համակարգչային եղանակով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, դատավորների միջեւ հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ դրանք մուտքագրվելուց հետո՝ անհապաղ: Այդ դեպքում դատարանի նախագահն անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին:

4. Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելն օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում է պատասխանատվություն:

ԲԱԺԻՆ 2

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ԳԼՈՒԽ 10

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 45. Դատավորի ապաքաղաքականացվածությունը

1. Դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության  անդամ  կամ հիմնադիր կամ այլ կերպ զբաղվել  քաղաքական գործունեությամբ։Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:

3. Դատավորների մասնագիտական միավորման կամ դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից դատական իշխանության գործունեությունը կարգավորող կամ դրանց առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության բնականոն գործունեության վերաբերյալ քննարկումները եւ հայտարարությունները,այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն:

Հոդված 46. Դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները

1. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Դատավորը կարող է զբաղեցնել ոչ առեւտրային կազմակերպությունում պաշտոն, եթե՝

1) իր գործունեությունը այդ պաշտոնում իրականացվում է անհատույց,

2)  համապատասխան դատարանում կամ ստորադաս դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ,

3) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության գույքային շահերի ներկայացուցչության իրականացում:

3. Դատավորը չի կարող գործել որպես գույքի հավատարմագրային կառավարիչ կամ կտակակատար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա անհատույց գործում է իր մերձավոր ազգականների կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ, եթե հավատարմագրային կառավարիչ լինելը  չի ենթարդում ձեռնարկատիրական գործունեության իրականացում։

4. Դատավորը չպետք է հանդես գա որպես  ներկայացուցիչ կամ տրամադրի խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում:

5. Սույն օրենսգրքի իմաստով մերձավոր ազգական են հանդիսանում՝ դատավորի ամուսինը, դատավորի կամ նրա ամուսնու ծնողը, զավակը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը, եղբոր կամ քրոջ ամուսինը, զավակի ամուսինը, ինչպես նաեւ որդեգրողը կամ որդեգրվածը::

Հոդված 47. Դատավորի անձեռնմխելիությունը

1. Դատավորը Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։

2. Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ:

3. Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:  Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը, եւ ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

5. Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի եւ Բարձրագույն դատական խորհրդի իրազեկմամբ:

6. Պաշտոնավարման ընթացքում եւ լիազորությունները դադարեցվելուց կամ դադարելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն հոդվածում ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները:

Հոդված 48. Դատավորի անփոփոխելիությունը

1. Դատավորը պաշտոնավարում է մինչեւ իր 65 տարին լրանալը:

2. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետեւանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավորն իր համաձայնությամբ կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին  ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչեւ դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

3. Դատարանում դատավորների թվի կրճատման դեպքում տվյալ դատարանում իրենց պաշտոնավարումը շարունակելու նախապատվությունը տրվում է դատարանի նախագահին, ապա տարիքով ավագ դատավորներին: Եթե տարիքով ավագ դատավորները նույն տարիքի են, ապա նախապատվությունը տրվում է դատավորի պաշտոնում պաշտոնավարման առավել երկար ստաժ ունեցող անձին: Կրճատված դատավորների լիազորությունները չեն դադարեցվում, եւ նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Այդ դատավորների կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձ եւ հավելավճարներ ստանալու իրավունքը, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչեւ Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

4. Եթե օրենքով նախատեսվում է դատարանի կամ Վճռաբեկ դատարանի պալատի վերացում, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը եւ հավելավճարներ ստանալու իրավունքը, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչեւ Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

5. Կրճատված եւ ռեզերվային դատավորները գործուղվում են առաջնահերթության կարգով:

Հոդված 49. Դատավորի աշխատավարձը եւ դրա նկատմամբ սահմանվող հավելավճարները

1. Դատավորի համար Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն սահմանվում է նրա բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության, այդ թվում` հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Դատավորի աշխատավարձը եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարները չեն կարող պակասեցվել նրա պաշտոնավարման ընթացքում:

3. Դատավորը օգտվում է  այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված սոցիալական երաշխիքներից:

Հոդված 50. Դատավորի արձակուրդը

1.   Դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տեւողությամբ:

2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը: Դատավորներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

3. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչեւ 30 օր տեւողությամբ: Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչեւ 30 աշխատանքային օր տեւողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:

4. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը լուծվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

Հոդված 51. Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը

1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, դատավորն իրավունք ունի մասնակցելու այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:

2. Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչեւ հինգ օր տեւողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է դատարանի նախագահը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն ստանալու համար դատավորը դիմում է Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովին:

3. Այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի համաձայնությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:

4. Համաձայնություն  չտրամադրելու հետ կապված  վեճերը լուծվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

Հոդված 52. Դատավորի անձնական գործը

1. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմում եւ վարում է անձնական գործ:

2. Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության եւ օտար լեզուների իմացության մասին.

2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը.

3) տեղեկություններ` Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում դատավորի առաջադիմության եւ դատարաններում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ.

4) տեղեկություններ` դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատրաստման դասընթացների եւ ժամաքանակի վերաբերյալ.

5) դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական գործի վարույթը կարճելու կամ դատավորի լիազորությունները դադարեցնելու      կամ դադարելու վերաբերյալ որոշումների պատճենները.

6) դատավորի եւ իր հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը.

7) Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

3. Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարող են սահմանվել անձնական գործում ներառվող այլ տեղեկություններ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-7-րդ կետերում նշված տեղեկությունները հրապարակման ենթակա չեն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորից բացի, իրենց լիազորություններն իրականացնելիս նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու Հանրապետության նախագահը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը եւ Բարձրագույն դատական խորհուրդը:

Հոդված 53. Դատավորի աշխատակազմը

1. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական եւ գործավար:

2. Վճռաբեկ դատարանի նախագահը, պալատի դատավորները եւ պալատների նախագահներն ունեն երկուական օգնական:

3. Դատավորի օգնականը եւ գործավարը համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ:

4. Լրացուցիչ գործավարների եւ օգնականների՝ դատավորներին կցվելու դեպքերը եւ կարգը սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ։

Հոդված 54. Դատավորի ծառայողական վկայականը

1. Դատավորին իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար Հանրապետության նախագահի, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահին Աժգային ժողովի նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:

Հոդված  55. Դատավորի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները

1. Դատավորներն ունեն հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է լիազոր մարմինը Կառավարության սահմանած կարգով:

2. Դատավորը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների, մեքենաների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում դատավորն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու դիմում է ներկայացնում իրավասու պետական մարմիններին, որոնք պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորի, նրա ընտանիքի անդամների եւ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների, մեքենաների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հոդված 56. Դատավորի գործուղման եւ արտագնա նիստերի հետ կապված ծախսերը

1. Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին վճարվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված չափով գործուղման, իսկ  իր մշտական բնակության վայրից դուրս այլ  դատարան (մարզից մարզ, մարզից Երեւան եւ հակառակը) տեղափոխվելու դեպքում` նաեւ իր եւ իր ընտանիքի անդամների տեղափոխման եւ բնակության հետ կապված ծախսերը:

2. Օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Կառավարության կողմից սահմանված չափով։

Հոդված 57. Դատավորի անհապաղ ընդունելության իրավունքը

1. Դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Հանրապետության նախագահի կամ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մոտ:
 

ԳԼՈՒԽ 11

ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հ ոդված  58. Դատավորի վարքագծի կանոնները

1. Դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով։

2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատավորների համար: Դատավորը պարտավոր է պահանջել, որ ապահովիի սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասի 9-10-րդ կետերով նախատեսված  վարքագծի կանոնների պահպանումը դատարանի աշխատակազմի կամ այն անձանց  կողմից, ովքեր դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո են: Դատարանի աշխատակազմի կամ դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո գտնվող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտում թույլ տալու դեպքում դատավորը դրա մասին հայտնում է դատական ծառայողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառող իրավասու մարմնին:

3. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց համար պարտադիր են սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով, 62-րդ հոդվածով սահմանված կանոնները:

4. Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովը դատավորի գրավոր պահանջով տալիս է խորհրդատվական բնույթի մեկնաբանություններ դատավորի վարքագծի կանոնների վերաբերյալ:

Հոդված  59. Վարքագծի կանոնների նպատակը եւ դրանց պահպանմանը հետեւելու պարտականությունը

1. Դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ եւ վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անաչառությունը, ինչպես նաեւ նպաստել դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:

2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:

Հոդված  60. Դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի ընդհանուր կանոնները

1. Դատավորը պարտավոր է՝

1) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս զերծ մնալ դատական իշխանության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց, այդ թվում՝ հօգուտ որեւէ անձի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալուց, ինչպես նաեւ խուսափել դատավորի կոչմանն անհարիր այնպիսի կապերից կամ այնպիսի վարքագիծ դրսեւորելուց, որոնք կարող են արատավորել դատավորի հեղինակությունը, պատիվը եւ արժանապատվությունը,

2) զերծ մնալ օրենսդիր եւ գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի եւ այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից եւ այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից եւ անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ, զերծ մնալ որեւէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ կարծիք հայտնելուց: Սույն կետը չի կիրառվում այն դեպքում, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ վերջինիս օրինական ներկայացուցիչ,

3) զերծ մնալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը եւ իր գործընկերների գործողությունները, մասնագիտական եւ անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,

4) դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, ձեռնպահ մնալ որեւէ վարքագիծ դրսեւորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել,

5) իր համար ընդունել այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն իր հավասարակշռվածության ու արդարամտության հասարակական ընկալումը,

6) չնախաձեռնել, թույլ չտալ առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա ներկայացուցչի, փաստաբանի մասնակցության ("ex parte", այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա ներկայացուցչի, փաստաբանի հետ շփումները, դատավորի կամքից անկախ «ex parte» (ընդդիմազերծ) շփումներ տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնել դրանց բովանդակությունը այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին, եւ հաշվի չառնել դրանք:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետեւյալ դեպքերում՝

1) երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես, օրինակ, նիստի ամսաթիվը եւ ժամը համաձայնեցնելու կամ նմանատիպ այլ անհետաձգելի դեպքերում, եւ այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, եւ դատավորը անհապաղ հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու,

2) երբ դատավորի կողմից ընդդիմազերծ շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Հոդված  61. Դատավորի վարքագծի կանոնները ի պաշտոնե գործելիս

1. Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝

1) գործել Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին, օրենքներին համապատասխան,

2) լինել անկախ եւ անաչառ,

3) դատական ակտերը կայացնել ինքնուրույն, ինչը չի բացառում բարդ գործերով իրավաբանական հարցերի շուրջ դատավոր գործընկերներից խորհուրդ ստանալը` պայմանով, որ վերջնական որոշումը դատավորի կողմից կայացվի ինքնուրույն,

4) բարեխղճորեն կատարել իր պաշտոնական պարտականությունները, առաջնահերթության կարգով կատարել արդարադատությանն իրականացման ուղղված իր պարտականությունները՝ օրենքով դատավորին թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ,

5) ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը, միջոցներ ձեռնարկել ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ իր գիտելիքների հարստացման, հմտությունների եւ անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ,

6) առանց արդարադատության շահերին վնասելու, ողջամիտ ժամկետում եւ նվազագույն ծախսերի կատարմամբ քննել եւ լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը,

7) նիստերը վարել օրենքով սահմանված հանդերձանքով, չմիջամտել ձայնագրման համակարգի անխափան աշխատանքին,

8) իր պարտականություններն իրականացնելիս դրսեւորել անաչառություն, զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց, խտրականություն դրսեւորելուց, նման տպավորություն ստեղծելուց,

9) ողջամտության սահմաններում իրեն դրսեւորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի ինքնաբացարկի անհրաժեշտություն առաջացնող դեպքերը,

10)  արդարադատության իրականացումից զատ այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկատվությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,

11) համբերատար, արժանապատիվ, հարգալից եւ բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի եւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե:

Հոդված 62. Դատավորի վարքագծի կանոնները ոչ դատական գործունեություն իրականացնելիս

1. Ոչ դատական գործունեություն իրականացնելիս դատավորը պարտավոր է՝

1)  չօգտագործել դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի,

2)  թույլ չտալ շահերի բախում, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունները որեւէ կերպ ազդեն ի պաշտոնե իր լիազորությունների իրականացման վրա,

3)  զերծ մնալ գործի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հետ անհարկի շփումներից:

Հոդված  63. Դատավորի ինքնաբացարկը

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով կամ հարցով նրա անաչառության մեջ:

2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլնի այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ,

2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են  գործի քննության ընթացքում,

3) դատավորը կամ նրա մերձավոր ազգականը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորադաս դատարանում՝ որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ,

4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ,

5) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առեւտրային կազմակերպությունում եւ գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության  շահերը:

3. Սույն հոդվածի իմաստով տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`

1) ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր կառավարելը, եթե դատավորը չգիտի այդ մասին,

2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության մասնակից հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանը էական վտանգ չի սպառնա,

3) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:

4. Դատավորը, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզում ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

Հոդված  64. Դատավորի ոչ դատական գործունեությունից ստացվող հատուցումները

1. Դատավորին գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատավոր չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

2.  Սույն հոդվածի 1-ին մասի կանոններին համապատասխան իրականացվող ոչ դատական գործունեության համար դատավորը կարող է ստանալ ծախսերի հատուցում, եթե նման  հատուցումների աղբյուրը ողջամտորեն չի կարող ընկալվել որպես դատական պարտականությունների կատարման հարցում դատավորի վրա ներգործություն, եւ ծախսերի հատուցումը սահմանափակվում է դատավորի (իրադարձությանը համապատասխան դեպքերում՝ նաեւ նրա ամուսնու) ճանապարհածախսի, սննդի եւ բնակության ողջամիտ ծախսերի իրական արժեքով:

Հոդված  65. Դատավորի`  ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը

1. Դատավորն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկատեր:

2. Դատավորն իրավունք չունի լինելու տնտեսական ընկերությունների մասնակից (բաժնետեր) կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու,  եթե`

1) բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատավորը ներգրավվում է նաեւ այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը, կամ

2) ողջամտորեն ենթադրվում է, որ առեւտրային կազմակերպությունը համապատասխան դատարանում հաճախ հանդես է գալու որպես գործին մասնակցող անձ,

3) դատավորը կամ նրա ընտանիքի անդամները (ամուսին, ծնող, զավակ, պապ, տատ, թոռ, որդեգրող, որդեգրված)  կամ վերջիններս միասին տիրապետում են ընկերության կանոնադրական կապիտալի կամ ընկերակցության բաժնեհավաք կապիտալի տաս տոկոսից ավելին.

3. Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի:

Հոդված  66. Դատավորի կողմից նվերներ ընդունելու արգելքը

1. Դատավորը չպետք է որեւէ մեկից նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր հետ բնակվող ընտանիքի անդամներին այդպիսի գործողություններից:

2. Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունն ընդգրկում է նաեւ ներված պահանջը, անհատույց եւ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը եւ այլ գործողություններ, որոնց արդյունքում անձը ստանում է օգուտ ?առավելություն?:

3. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝

1) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների եւ պարգեւների վրա,

2) դատավորի հետ բնակվող ընտանիքի այլ անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության հետ կապված ստացված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է համատեղ օգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում` դատավորի կողմից, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված,

3) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների վրա,

4) հատուկ իրադարձությունների, մասնավորապես՝ ամուսնության, հոբելյանի կամ ծննդյան կապակցությամբ ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերն էությամբ եւ չափով ողջամտորեն համապատասխանում է իրադարձությանը եւ միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին,

5) ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերը էությամբ եւ չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին,

6) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում,

7) ֆինանսական  կազմակերպություններից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացած փոխառության վրա:

4.  Եթե սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները, որոնք օրացուցային տարվա ընթացքում ստացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են երկու հարյուր հիսուն հազար  Հայաստանի Հանրապետության դրամը, կամ օրացուցային տարում ստացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին տասնօրյա ժամկետում հայտնել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով:

5. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր մերձավոր ազգականին  տրվել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված, ապա նա պարտավոր է դրա մասին տեղեկություն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայտնել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով:

6. Եթե դատավորին տրվել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, որը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը նվերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում  հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերը ստանալուց հետո  երկամսյա ժամկետում այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով:

Հոդված  67. Դատավորի կողմից ֆինանսական հայտարարագիր ներկայացնելը

1. Դատավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրի պատճենը ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմին:

ԳԼՈՒԽ 12.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված  68. Դատավորների գործունեության գնահատումը

1. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին դիմում ներկայացրած դատավորների գործունեությունը ենթակա է գնահատման:

2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է դատավորների առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը:

3. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է Ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովը (այսուհետ՝ գնահատման հանձնաժողով)՝ քանակական եւ որակական չափանիշների հիման վրա:

4. Քանակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրումը սկսվում է պաշտոնում նշանակման օրվանից եւ իրականացվում է գործերի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով, որը վարում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը:

5. Քանակական գնահատում իրականացվում է դիմում ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատավորի գործունեությունը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հավաքագրված տվյալների հիման վրա գնահատելու միջոցով, իսկ որակական գնահատումն իրականացվում է սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափանիշների հիման վրա:

6. Նախկին դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է նրանց պաշտոնավարման վերջին երեք տարիների կտրվածքով:

Հոդված  69. Դատավորների գործունեության գնահատման չափանիշները

1. Ըստ քաղաքացիական, քրեական եւ վարչական գործերի՝ դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշներն են՝

1) դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ քանակական կատարողականը.

2) ըստ գործերի առանձին տեսակների՝ գործերի քննության միջին տեւողությունը (հաշվարկի միավոր` օր).

3) դատավորի կողմից դատավարական առանձին գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը:

2. Դատավորների գործունեության գնահատման որակական չափանիշներն են՝

1) դատական ակտերի պատճառաբանման կարողությունը, մասնավորապես՝

ա. դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները պահպանելը,

բ. դատական ակտի հստակությունը,

գ. գրավոր խոսքի մատչելիությունը,

դ. վերլուծական հմտությունները,

ե. դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունը.

2) մասնագիտական կարողությունները՝

ա. դատավարության մասնակիցների նկատմամբ անաչառ  վերաբերմունքը,

բ. ինքնատիրապետումը պահպանելու կարողությունը,

գ. դատական նիստը վարելու հմտությունները:

3. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը, մեթոդաբանությունը եւ դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասները:

4. Որակական չափանիշներով գնահատման համար գնահատման հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դատավորի քննած գործերի արձանագրություններ եւ այդ գործերով կայացված դատական ակտեր, որոնց քանակը, ընտրության կարգը եւ այլ մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

5. Վերաքննիչ դատարանի դատավորի գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվում կոլեգիալ կազմով քննվող այն գործերը, որոնցում նա հանդես է եկել որպես նախագահող: Եթե կոլեգիալ կազմով քննվող գործով դատավորը ներկայացրել է հատուկ կարծիք, ապա նրա գործունեությունը սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված չափանիշներով չի գնահատվում:

6. Կոլեգիալ կազմով գործերի քննության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված չափանիշով գնահատվում է բացառապես կոլեգիալ կազմով քննված գործերով դատական նիստը նախագահողը:

Հոդված  70. Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը

1. Քանակական եւ որակական չափանիշներով իրականացված գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա, ըստ յուրաքանչյուր չափանիշի եւ ըստ գնահատումների հանրագումարի, դատավորների գործունեությունը գնահատում է՝

1) բարձր.

2) լավ.

3) միջին.

4) ցածր:

2. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում դատավորի համար բարենպաստ որոշումը:

3. Գնահատման հանձնաժողովը դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդին եռօրյա ժամկետում ուղարկում է սույն հոդվածի 1-ին մասում նշված գնահատականը:

4. Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշումներին:

 5. Գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել Բարձրագույն դատական խորհրդին՝ որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

6. Գնահատման հանձնաժողովի որոշումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

7. Գնահատման արդյունքները՝ դրանց համար հիմք հանդիսացող նյութերով ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդին:

Հոդված  71. Դատավորների գործունեության գնահատման հետեւանքները

1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը գնահատմանը հաջորդող տարվանից սկսած երեք տարվա ընթացքում չի կարող Բարձրագույն դատական խորհրդին առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնել:

2. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին իր համաձայնությամբ լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն: Գնահատման հանձնաժողովի որոշումը տրամադրվում է Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի (այսուհետ՝ ուսումնական հանձնաժողով) հանձնաժողովին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

Հոդված  72. Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գործունեության գնահատումը

1. Գնահատման հանձնաժողովի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ գործող դատավորների գնահատումն իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:

2. Գնահատման հանձնաժողովի դատավոր անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը եւ արդյունքների ամփոփմանը:
 

ԲԱԺԻՆ 3

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 13

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Հոդված 73. Դատավորների ընդհանուր ժողովը

1. Ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:

2. Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների առնվազն 1/3-ի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:

3. Ընդհանուր ժողովը`

1) ընտրում եւ առաջարկում է Սահմանադրական դատարանի երեք դատավորների թեկնածությունները.

2) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին,

3) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

4.  Ընդհանուր ժողովը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:

5. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին: Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն: Ընտրությունները իրականացվում են քվեաթերթիկներով` փակ քվեարկությամբ:

6. Ընդհանուր ժողովը նախագահում է Վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը:

7.  Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածություններ առաջարկելու նպատակով Ընդհանուր ժողովը անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրելով ինքնառաջադրված կամ Ընդհանուր ժողովի անդամների կողմից առաջադրված թեկնածուներին՝  մեկ օրվա ընթացքում թեկնածությունների վերաբերյալ առաջարկ է ներկայացնում Ազգային Ժողովին:

Հոդված  74. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովները

1. Ընդհանուր ժողովը ձեւավորում է էթիկայի եւ կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի եւ դատավորների գնահատման հանձնաժողովները:

2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով իրենց վերապահված լիազորությունները:

3. Դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամները չեն կարող լինել Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներ: Անձը միաժամանակ չի կարող լինել Ընդհանուր ժողովի երկու հանձնաժողովի անդամ:

4. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 7 անդամ, որոնցից մեկը՝  վարչական դատարանի դատավորներից, մեկը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներից, երկուսը՝ Հայաստանի Հանրապետության մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներից, իսկ երեքը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից:

5. Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 5 անդամ, որոնցից մեկը՝ վճռաբեկ դատարանից, մեկը՝ վերաքննիչ դատարանից, երեքը՝ առաջին ատյանի դատարաններից:

6. Դատավորների գնահատման հանձնաժողովի (այսուհետ՝ գնահատման հանձնաժողով) կազմում ընդգրկվում է 5 անդամ` մեկը՝ իրավաբան գիտնական, մեկը՝ նախկին դատավոր, որի պաշտոնավարումը դատավորի պաշտոնում դադարել է պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, մեկը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանի դատավորներից, մեկը՝ վճռաբեկ դատարանի դատավորներից:

7. Գնահատման հանձնաժողովի դատավոր անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ եւ գործունեության գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական:

8 Ընդհանուր ժողովի անդամը կարող է առաջադրվել որպես հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Ընդհանուր ժողովի որեւէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով: Նախկին դատավորը կամ իրավաբան գիտնականը իր համաձայնությամբ կարող է առաջադրվել որպես գնահատման հանձնաժողովի անդամ Ընդհանուր ժողովի որեւէ մասնակցի կողմից: Գնահատման հանձնաժողովի իրավաբան գիտնական անդամ կարող է առաջադրվել այն անձը, որն ունի գիտաուսումնական կազմակերպություններում վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 8 տարվա աշխատանքի փորձ:

9. Հանձնաժողովների անդամներն ընտրվում են Ընդհանուր ժողովի անդամների կողմից` գաղտնի քվեարկությամբ` 4 տարի ժամկետով:

 10. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով՝ ըստ սույն հոդվածի 3-5-րդ  մասերով նախատեսված՝ դատարանների (գնահատման հանձնաժողովի դեպքում՝ նաեւ ըստ նախկին դատավորների եւ իրավաբան գիտնականների) բաժանման: Քվեաթերթիկում ներառվում են համապատասխան դատարանի (դատարանների) բոլոր այն դատավորների (գնահատման հանձնաժողովի դեպքում՝ նաեւ նախկին դատավորների եւ իրավաբան գիտնականների) անունները, որոնք առաջադրվել են սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի պաշտոնում պաշտոնավարման, իսկ իրավաբան գիտնականի դեպքում գիտաուսումնական կազմակերպությունում աշխատանքի ավելի երկար ստաժ, իսկ ստաժի հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքային ստաժ: Մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նա համարվում է ընտրված ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

11. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաեւ քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու եւ քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված 5 անդամից, որոնց ընտրում է Ընդհանուր ժողովը՝ բաց քվեարկությամբ: Դատավորները կարող են առաջադրվել որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Ընդհանուր ժողովի որեւէ այլ մասնակցի կողմից առաջադրվելու եղանակով: Հաշվիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի կանոնակարգով:

12. Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:

Հոդված 75. Դատավորների ընդհանուր ժողովի բնականոն գործունության ապահովումը

1. Ընդհանուր ժողովը Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման նպատակով կարող է ունենալ սպասարկող անձնակազմ:

ԳԼՈՒԽ   14

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 76.  Բարձրագույն դատական խորհուրդը

1. Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:

Հոդված 77. Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները

1. Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմված է տասն անդամից:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Բարձրագույն դատական խորհրդի Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը: Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված ?այսուհետ՝ Ազգային ժողովի? անդամ կարող է լինել  միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնական եւ այլ հեղինակավոր իրավաբան հանդիսացող անձը: Անձի հեղինակավոր իրավաբան հանդիսանալու հանգամանքը որոշելիս հաշվի է առնվում նրա նշանակալից իրավական իրադարձությանը մասնակցությունը:

4. Բարձրագույն դատական խորհրդի Ազգային ժողովի կողմից ընտրված անդամի պաշտոնը պետական պաշտոն է:

5. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ  չի կարող ընտրվել այն անձը, ով հանդիսանում է դատավոր կամ զբաղեցնում  է պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ վերջին հինգ տարում զբաղվել է քաղաքական գործունեությամբ:

6. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը,

1)  ով դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից,

2)  որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով,

3)  որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում,

4)  ով ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:

Հոդված 78. Բարձրագույն դատական խորհրդի Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին առաջադրվող անհամատեղելիության պահանջներ

1. Ընտրվելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

Հոդված  79. Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կարգը

1. Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներն ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից` ըստ հետեւյալ խմբերի՝

1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից՝ երկու անդամ, համապատասխանաբար քաղաքացիաիրավական եւ քրեաիրավական մասնագիտացմամբ,

2) վարչական դատարանից՝ մեկ անդամ,

3) վերաքննիչ դատարաններից՝ մեկ անդամ,

4) վճռաբեկ դատարանից՝ մեկ անդամ:

2. Բարձրագույն դատական խորհրդի Ընդհանուր ժողովի կողմից ընտրվող անդամների ընտրությունն իրականացնելիս ապահովվում է համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների հնարավորինս հավասարաչափ ընդգրկումը: Վերաքննիչ դատարաններից եւ Վճռաբեկ դատարանից ընտրվող անդամները չեն կարող լինել նույն մասնագիտացման դատավորներ:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամ հանդիսացող դատավորների ծանրաբեռնվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա է նվազեցման:

4. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամի տեղը թափուր մնալու դեպքում նոր անդամի ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով՝ երկամսյա ժամկետում, իսկ եթե Բարձրագույն դատական խորհրդում Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամների թիվը պակաս է չորսից, ապա մեկշաբաթյա ժամկետում:

5. Այն դեպքում, երբ  Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը տեղափոխվում է այլ դատարան կամ չի իրականացնում դատավորի իր լիազորությունները դատարանի վերացման կամ դատավորների թվի կրճատման հետեւանքով, նա շարունակում է պաշտոնավարել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում:

6. Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

7. Բարձրագույն դատական խորհրդի Ազգային ժողովի կողմից ընտրված անդամների թեկնածությունները Ազգային ժողով են առաջադրվում Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատի, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ մասնագիտական հասարակական կազմակերպությունների կողմից: Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատը, բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ մասնագիտական հասարակական կազմակերպությունները  Ազգային ժողով կարող են  առաջադրել առավելագույնը երկու անձի թեկնածություն:

8. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամների ընտրության մանրամասները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:

Հոդված  80. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության ժամանակ քվեարկության կարգը

1. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամների ընտրության ժամանակ քվեարկությունը գաղտնի է, տեղի է ունենում քվեաթերթիկներով: Քվեաթերթիկները պատրաստվում են ըստ սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խմբերի: Քվեաթերթիկներում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները: Քվեաթերթիկների պատրաստման կարգը եւ քվեաթերթիկներին ներկայացվող պահանջները սահմանում է Ընդհանուր ժողովը:

2. Յուրաքանչյուր քվեաթերթիկով քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Յուրաքանչյուր տեղի համար ընտրված է համարվում քվեարկությանը մասնակցած դատավորների առավել շատ ձայներ ստացած դատավորը:

3. Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ժամկետն սկսվում է Ընդհանուր ժողովի որոշման ուժի մեջ մտնելու պահից: Ընդհանուր ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դահլիճում հրապարկման պահից:

Հոդված  81. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը

1. Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

2. Ընտրված է համարվում նիստին ներկա անդամների առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Բարձրագույն դատական խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու կամ հրաժարվելու քվեարկությունից:

3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պաշտոնավարում է երկուսուկես տարի ժամկետով: Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան եռամսյա ժամկետում եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ:

4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում եւ վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, Բարձրագույն դատական խորհրդի անունից ստորագրում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար կամ այլ անձանց հասցեագրվող գրությունները, իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ:

5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում նոր նախագահի ընտրությունը կատարվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում:

6. Հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի նախորդ նախագահի՝ Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված լինելու հանգամանքը՝ նոր նախագահի ընտրությունն իրականացվում է՝ ապահովելով Ընդհանուր ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված անդամների հաջորդականությունը:

7. Մինչեւ Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը վերջինիս լիազորությունները ժամանակավորապես կատարում է Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից տարիքով ավագ անդամը՝ հաշվի առնելով նախորդ նախագահի՝  Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված լինելու եւ նույն հաջորդականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Հոդված 82. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Բարձագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման  դեպքերն են ՝

1)  լիազորությունների ժամկետն ավարտվելը,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը,

3)  նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը  կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելը,

4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը,

5)  նրա հրաժարականը,

6)  մահը,

7)  դատավոր հանդիսանալու դեպքում՝ վերջինիս լիազորությունների դադարեցումը կամ դադարումը:

2.  Բարձագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝

1)  անհամատեղելիության պահանջները խախտելու,

2) քաղաքական գործունեությամբ զբաղվելու,

3)   ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության, կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու,

4)  երեք ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքներին անհարգելի պատճառով երեք եւ ավել անգամ անընդմեջ չմասնակցելու,

5)  մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Սահմանված ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նիստ չհրավիրելու դեպքում այն հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների 1/3-րդի կողմից:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը ընդունում է որոշում:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքերում խորհրդի նախագահը քսանչորս ժամվա ընթացքում  դիմում է Ազգային ժողով կամ Ընդհանուր ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ նշանակելու համար:

Հոդված 83. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի:

2. Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները Ազգային ժողովում հանդիսավոր պայմաններում, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամները՝ Դատավորների ընդհանուր ժողովի նիստում տալիս են երդում՝ անհատական կարգով, յուրաքանչյուր անդամի կողմից երդման հետեւյալ տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո անդամը ստորագրում է ընթերցված տեքստը՝

«Ստանձնելով  Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, սրբորեն պահպանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների եւ դատավորների անկախությունը՝ բարձր պահելով Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությունը»:

3. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված  անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 80-րդ հոդվածին համապատասխան ընդունված որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` հինգերորդ տարին լրանալու հաջորդ օրը:

Հոդված 84. Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասնակցությունը որոշումներ կայացնելուն

1. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի մասնակցում այն որոշումների կայացմանը, քվեարկություններին, նիստի  մի մասին, որոնք վերաբերում են`

1) Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր կամ իր մերձավոր ազգականի` որպես դատավորի լիազորությունները դադարեցնելուն, իր կամ իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալուն,

2) իր կամ իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն,

3) որպես դատարանի նախագահ, վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կամ այլ դատարանի դատավոր առաջարկելու, վճռաբեկ դատարանի դատավոր ներկայացնելու նպատակով իր կամ իր մերձավոր ազգականի թեկնածության քննարկմանը, իր կամ իր մերձավոր ազգականի՝ այլ դատարան գործուղմանը, ինչպես նաեւ այլ դատավորի հետ պաշտոնների փոխանակման վերաբերյալ առաջարկություն տալուն,

4) իր կամ իր մերձավոր ազգականին դատավորի թեկնածուների կամ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ներառելուն կամ ցուցակից հանելուն,

5) իր կամ իր մերձավոր ազգականների կողմից գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացված բողոքների քննությանը:

3. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի մասնակցում այն որոշումների կայացմանը, քվեարկություններին, նիստի մի մասին, որոնք վերաբերում են`

1) իր մերձավոր ազգականին դատավորի թեկնածությունների կամ իր կամ իր մերձավոր ազգականին առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ներառելուն կամ ցուցակից հանելուն,

2) իր կամ իր մերձավոր ազգականին դատավոր նշանակելու վերաբերյալ առաջարկելուն,

3) իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը, լիազորությունները դադարեցնելուն, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալուն,

4) իր մերձավոր ազգականի կողմից գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացված բողոքների քննությանը:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամը պարտավոր է Բարձրագույն դատական խորհրդին նախօրոք գրավոր տեղեկացնել իր այն մերձավոր ազգականների վերաբերյալ, որոնց կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից պետք է կայացվի որոշում կամ իրականացվի քվեարկություն:

5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը խորհրդի նիստի ընթացքում պարզում է սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված՝ խորհրդի անդամի ներկայությունը բացառող հանգամանքների առկայությունը եւ դրանց առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդում քննարկվող հարցը Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի բացակայությամբ քննելու հարցը:

Հոդված 85. Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները

1. Բարձրագույն դատական խորհուրդը`

1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները,

2) Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին,

3) Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների եւ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին,

4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին առաջարկում է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին,

5) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը,

6) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը,

7) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

8) լուծում է դատավորների լիազորությունների դադարեցման կամ դադարման հարցը,

9) հաստատում է իր, ինչպես նաեւ դատարանների ծախսերի նախահաշիվները եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար,

10) դադարեցնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները,

11) օրենքին համապատասխան ձեւավորում է իր աշխատակազմը` հաստատելով աշխատակազմի կառուցվածքը, պաշտոնների անվանացանկը,

12) իր նախաձեռնությամբ կամ այլ անձանց առաջարկով քննարկում է դատարանների եւ դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող յուրաքանչյուր հարց եւ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց լուծման վերաբերյալ,

13) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում դատական իշխանությանը վերաբերող՝ օրենքների եւ այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ,

14) դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է կարծիք,

15) սահմանում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքը, վարման կարգը, կայքում զետեղվող այլ տեղեկատվությունը, դատական ակտերի` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու կարգը.

16) մշակում եւ հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության կանոնները,

17) հաստատում է դատարանների գործավարության կանոնները,

18) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը,

19) հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխումը,

20) հաստատում է դատավորի պատմուճանի, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը,

21) հաստատում է դատավորներին պաշտոնական էլեկտրոնային փոստ տրամադրելու կարգը,

22) սահմանում է լրացուցիչ գործավարների եւ օգնականների՝ դատավորներին կցվելու դեպքերը եւ կարգը,

23) սահմանում  է դատավորների եւ Վճռաբեկ դատարանի կնիքների, դրոշմակնիքների նկարագրությունը եւ տրամադրման կարգը,

24) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը,

25)  սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը, մեթոդաբանությունը եւ դատավորների գործունեության գնահատման անհրաժեշտ այլ մանրամասները,

26) լուծում է դատավորի գործունեության գնահատման արդյունքների բողոքարկման հետ կապված վեճերը,

27) Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը, հաստիքների քանակը եւ կառուցվածքը,

28) բաշխում է իր եւ դատարանների պահուստային ֆոնդի միջոցները,

29) որոշում է դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը,

30) որոշում է դատարանների նախագահներին՝ ըստ դատարանների, պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը,

31) սահմանում է գործերի բաշխման կարգը,

32) սահմանում է դատավորին հանձնված գործերի վերաբաշխման կարգը,

33) սահմանում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների վիճակահանության իրականացման կարգը,

34) սահմանում է դատական վիճակագրության հավաքման եւ վարման կարգը,

35) սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձեւն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը,

36) սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաեւ, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ.

37) լուծում է դատավորի՝ նույն ատյանի մեկ դատարանից մյուս դատարան տեղափոխելու, նույն դատարանի նստավայրից մեկ այլ նստավայր տեղափոխելու, առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնները փոխանակելու հարցերը,

38) սահմանում է դատավորներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը,

39) լուծում է արձակուրդի տրամադրման հետ կապված եւ դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու համաձայնություն չտալու վեճերը,

40) սահմանում է որակավորման գրավոր քննության ձեւը, քննական հարցերի կառուցվածքի եւ բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության եւ հարցազրույցի կազմակերպման, անցկացման եւ գնահատման կարգը,

41)  սահմանում է Բարձրագույն դատական խորհրդում քվեարկությունների համար անհրաժեշտ քվեաթերթիկների պատրաստման կարգը եւ դրանց ներկայացվող պահանջները,

42) սահմանում է անձնական տվյալների ապանձնավորման կարգը.

43) հաստատում է թարգմանչի նշանակման կարգը,

44) սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի կողմից դատարանների աշխատակազմերին նյութատեխնիկական ապահովման աջակցման, Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների աշխատակազմերի միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը:

2. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 1-ին մասի 15-րդ, 17-րդ, 21-22-րդ, 24-25-րդ, 31-36-րդ, 40-44-րդ կետերով նախատեսված իր լիազորությունները իրականացնելիս ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

ԳԼՈՒԽ 15

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված  86. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը

1. Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ  խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով: Բարձրագույն դատական խորհրդի նիստ հրավիրելու առաջարկ կարող է ներկայացնել Ընդհանուր ժողովը, ինչպես նաեւ դատավորը՝ իր անկախության հետ կապված կամ այն վտանգող հարցի կապակցությամբ:

3. Բարձրագույն դատական խորհրդի նիստերին խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ կարող են հրավիրվել այլ անձինք:

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը որպես դատարան հանդես գալու, ինչպես նաեւ դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների կազմման եւ հաստատման, Հանրապետության նախագահին նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին առաջարկելու դեպքերում անցկացվում են դռնբաց, եթե Բարձրագույն դատական խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնփակ են, եթե Բարձրագույն դատական խորհուրդը նիստերը դռնբաց անցկացնելու մասին որոշում չի կայացնում:

Հոդված  87. Բարձրագույն դատական խորհրդի նիստերի գումարումը եւ անցկացումը

1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի նիստ գումարում եւ անցկացնում է երկշաբաթյա ժամկետում` սկսած այն պահից, երբ ծագել է խորհրդի որոշում պահանջող հարց:  Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության դեպքում նիստերը գումարվում են հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան խորհրդին դիմելու հաջորդ օրը:

2. Մարզերում աշխատող Բարձրագույն դատական խորհրդի անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ հատուցվում են հետեւյալ ծախսերը՝ գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից այլ վայր մեկնելու եւ վերադառնալու ճանապարհածախսը:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ կատարած ծախսերի հատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը Բարձրագույն դատական խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի եւ վայրի մասին ողջամիտ ժամկետում ծանուցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, հարցի քննարկմանը մասնակցող այլ անձանց: Բարձրագույն դատական խորհրդի անդամները նիստի մասին կարող են ծանուցվել պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, որի տրամադրման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Հոդված 88. Բարձրագույն դատական խորհրդի նիստերի իրավազորությունը եւ նիստերի հետաձգումը

1. Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի անդամների 2/3-րդի ներկայության դեպքում:

2. Բարձրագույն դատական խորհրդի նիստը կարող է հետաձգվել հետեւյալ դեպքերում՝

1) Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝ խորհրդի նիստին հարգելի պատճառով չներկայանալու՝ հաշվի առնելով քվորումն ապահովելու անհրաժեշտությունը,

2) աշխատանքային օրը ավարտվելու,

3) վկաների, փորձագետների չներկայանալու,

4) այլ բնույթի հարգելի հանգամանքների առկայության դեպքում, որոնք անհնար են դարձնում տվյալ հարցի քննությունը տվյալ նիստում.

3. Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգելու մասին որոշումը կայացվում է նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Հոդված  89. Բարձրագույն դատական խորհրդի նիստերի արձանագրումը

1. Բարձրագույն դատական խորհրդի նիստերն արձանագրվում են պարզ թղթային արձանագրման միջոցով, իսկ համակարգչային ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է ձայնային արձանագրման եւ համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման ձեւով: Համառոտագրումը նիստերի ընթացքում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Ձայնային արձանագրությունը պահպանվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը պահպանվում է թղթային կրիչի վրա` հավաստված արձանագրողի ստորագրությամբ:

2. Բարձրագույն դատական խորհրդի նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) նիստի տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը,

2) նիստը սկսելու եւ ավարտելու ժամը,

3) նիստին ներկա Բարձրագույն դատական խորհրդի անդամների եւ նիստի քարտուղարի անունը,

4) տեղեկություններ՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննվող հարցի վերաբերյալ,

5) տեղեկություններ` Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցող անձանց ներկայանալու մասին,

6) Բարձրագույն դատական խորհրդի` առանց նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները եւ նիստը նախագահողի կարգադրությունները,

7) նիստին մասնակցող անձանց հայտարարությունները, առարկությունները, միջնորդությունները եւ բացատրությունները,

8) որպես դատարան հանդես գալու դեպքում՝ վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ, տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման եւ հետազոտման վերաբերյալ,

9) Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշումների տեսքով ձեւակերպվող որոշումների բովանդակությունը,

10) Բարձրագույն դատական խորհրդի որոշումների եզրափակիչ մասը,

11) Բարձրագույն դատական խորհրդի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում՝ հատուկ կարծիքի առկայության մասին նշում.

3. Բարձրագույն դատական խորհրդի նիստի մասնակցի կամ նիստը նախագահողի պահանջով պարզ թղթային արձանագրությունում ներառվում է նիստի ընթացքում արված կարեւոր համարվող արտահայտության բառացի վերարտադրությունը:

4. Պարզ թղթային արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը եւ արձանագրողը:

5. Բարձրագույն դատական խորհրդի նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի oրինակը` դրա համառոտագրման հետ, խորհրդի նիստին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է նիստից անմիջապես հետո: Բարձրագույն դատական խորհրդի նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը  խորհրդի նիստին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ oրը:

6. Բարձրագույն դատական խորհրդի անդամները եւ խորհրդի նիստին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված արձանագրությանը եւ դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:

7. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է նիստը նախագահողը՝ դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:

8. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նիստը նախագահողը կայացնում է որոշում։ Արձանագրության վերաբերյալ ներկայացված դիտողությունները կցվում եւ պահպանվում համապատասխան գործի մեջ:

Հոդված  90. Հարցերի քննության կարգը Բարձրագույն դատական խորհրդում

1. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ վերջինիս բացակայության կամ նիստը վարելու անհնարինության դեպքում՝  Բարձրագույն դատական խորհրդի տարիքով ավագ անդամը:

2. Նիստը վարողը բացում է Բարձրագույն դատական խորհրդի նիստը` հայտարարելով, թե ինչ հարց է ենթակա քննության եւ ովքեր են զեկուցելու, ինչպես նաեւ խորհրդի անդամների համաձայնությամբ սահմանում է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննության կարգը, ղեկավարում է նիստի ընթացքը:

3. Բարձրագույն դատական խորհրդի նիստը սկսվում է խորհրդի նախագահի կամ խորհրդի այլ անդամի զեկուցումով: Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն հարցեր տալ զեկուցողին:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն ծանոթանալ նիստում քննարկվող հարցերին առնչվող նյութերին, ստանալ այդ նյութերը, ելույթ ունենալու խորհրդում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, հարցեր տալ, ներկայացնել առաջարկություններ եւ առարկություններ:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին, կողմ կամ դեմ քվեարկել քննարկման դրվող յուրաքանչյուր հարցի շուրջ, բացառությամբ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, մասնակցել քվեաթերթիկներով քվեարկություններին:

Հոդված 91. Բարձրագույն դատական խորհրդի ակտերը եւ դրանց ընդունման կարգը

1. Բարձրագույն դատական խորհուրդն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ:

2. Բարձրագույն դատական խորհուրդը իր քննարկման ենթակա հարցերի նախապատրաստման նպատակով, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

3. Բարձրագույն դատական խորհրդի որոշումները ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

4. Բարձրագույն դատական խորհրդի որոշումները որպես դատարան հանդես գալու, ինչպես նաեւ դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների կազմման եւ հաստատման, Հանրապետության նախագահին նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին առաջարկելու դեպքերում ընդունվում են խորհրդի բոլոր անդամների ձայների առնվազն 2/3 ով: Այս դեպքերում անցկացվում է փակ քվեարկություն:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու կամ հրաժարվելու քվեարկությունից: Ձայների հավասարության դեպքում օրակարգում ընդգրկված հարցը համարվում է չհաստատված կամ չբավարարված:

6. Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդում ընդունված ցանկացած որոշման վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամը որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, եւ հատուկ կարծիքը կցվում է որոշմանը: Հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի ստորագրում Բարձրագույն դատական խորհրդի որոշումը:

7. Բարձրագույն դատական խորհրդի ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում կայացվող որոշումների:

8. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային եւ անհատական որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:

9. Բարձրագույն դատական խորհրդի որոշումները ենթակա են հրապարակման դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող որոշումների:

Հոդված  92. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը

1. Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման նպատակով ձեւավորում է իր աշխատակազմը:

2. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը ղեկավարում են աշխատակազմի ղեկավարը, որին նշանակում եւ ազատում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարին նշանակում եւ ազատում է  Բարձրագույն դատական խորհուրդը:

3. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը`

1) նախապատրաստում եւ  կազմակերպում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը,

2) սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, խորհրդի նիստում հարցերի քննարկմանը մասնակցող այլ անձանց տրամադրում է Բարձրագույն դատական խորհրդում քննարկվող հարցերի վերաբերյալ նյութերը,

3) արձանագրում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը,

4) մշակում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվող որոշումների եւ այլ իրավական ակտերի նախագծերը.

5) առաքում եւ հրապարակում է Բարձրագույն դատական խորհրդի ընդունած իրավական ակտերը,

6) վարում եւ ամփոփում է դատական վիճակագրությունը, ամփոփում է դատական պրակտիկան,

7) ապահովում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի վարումը եւ կայքի սպասարկման ընթացիկ այլ աշխատանքների իրականացումը,

8) կազմակերպում է արխիվային գործի վարումը,

9) կատարում է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ տրված հանձնարարությունները,

10) իրականացնում է իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Հոդված  93. Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը

1. Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ  16

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 94. Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրման մասին որոշումը

1. Բարձրագույն դատական խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը եւ դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 4-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 2-ով:

2. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 4 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 2 թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

3. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 10-ը առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներ անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:

4. Եթե մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը ակնհայտ է դառնում, որ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում: Արտահերթ համալրում չի կարող իրականացվել, եթե մինչեւ հերթական համալրման համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը մնացել է ոչ ավելի, քան 6 ամիս:

5. Դատավորների թեկնածուների ցուցակը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով համալրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից:

6. Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրումը կատարվում է հերթական համալրման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով սույն օրենսգրքով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:

Հոդված 95. Որակավորման ստուգումները

1. Որակավորման ստուգումները բաղկացած են հայտեր ներկայացնելուց, գրավոր քննությունից, հոգեբանական թեստից եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցից:

Հոդված 96. Դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները

1. Որակավորման ստուգումներին կարող են մասնակցել 28-ից 60 տարեկան միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն ընտրական իրավունք, Հայաստանի Հանրապետությունում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, ունեն առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ, եւ առկա չեն սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի սահմանափակումները:

Հոդված 97. Հայտերի ներկայացումը

1. Որակավորման ստուգումներին մասնակցելու հայտերը ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ որակավորման ստուգման մասին որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:

2. Հայտ ներկայացրած անձինք հայտի ներկայացման հետ մեկտեղ ներկայացնում են համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից եւ պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

3. Հավակնորդը պարտավոր է հայտին կից ներկայացնել`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) հինգ գունավոր լուսանկարներ.

3) հանրային ծառայությունների համարանիշ.

4) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

5) իր կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

6) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտ ներկայացնող անձը արական սեռի է).

7) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

4. Հավակնորդը պարտավոր է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված լրացուցիչ փաստաթղթեր:

5.Հավակնորդն իրավունք ունի ներկայացնել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձեւի երաշխավորագիր-նամակներ:

6. Հավակնորդից գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 98. Հայտի եւ դրան կից ներկայացված փաստաթղթերի ստուգումը: Հայտի ընդունման մերժումը

1. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը պարտավոր է ստուգել հայտին կից ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը համապատասխան հարցումների միջոցով ճշտում է հայտատուի դատվածության առկայությունը կամ բացակայությունը:

2. Հայտի ընդունումը Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի կողմից մերժվում է, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջներին: Նման հայտերը Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի կողմից ենթակա են վերադարձման հայտատուին՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը կարող է հարգելի համարել հայտը ներկայացնելու ժամկետի բացթողումը, եթե ուշացումը պայմանավորված է եղել հայտ ներկայացնող անձի կամքից անկախ հանգամանքներով, եւ եթե հայտը ներկայացնելու պահից մինչեւ որակավորման ստուգումների սկիզբը մնացել է ոչ պակաս, քան մեկ շաբաթ:

4. Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հայտատուն կարող է բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդին կամ վարչական դատարան՝ մերժումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գործը քննվում եւ լուծվում է դիմումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման եւ որակավորման ստուգումների անցկացման ժամկետները եւ ընթացակարգը:

6. Հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հայտատուն իրավունք ունի մասնակցել որակավորման ստուգումներին, իսկ եթե որակավորման ստուգումների անցկացումը սկսվել է, ապա հայտ ներկայացրած անձն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցելու հաջորդ որակավորման ստուգումներին:

Հոդված 99. Որակավորման ստուգումների կազմակերպումը

1. Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտության դեպքում ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 15-ը սահմանում եւ հրապարակում է որակավորման գրավոր քննության ձեւը, քննական հարցերի կառուցվածքի եւ բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության եւ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի կազմակերպման եւ անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման եւ միավորների հաշվարկման կարգը, գրավոր քննության արդյունքների գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը (որը չի կարող պակաս լինել ընդհանուր միավորների քառասուն տոկոսից), ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված հավակնորդների վերաբերյալ սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը եւ հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձեւը:

2. Գրավոր քննության հարցերի, ինչպես նաեւ հոգեբանական թեստի մշակման համար Բարձրագույն դատական խորհուրդն ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Գրավոր քննության հարցերը մշակողը պատասխանատվություն է կրում մինչեւ որակավորման գրավոր քննության անցկացումը գրավոր քննության հարցերի գաղտնիության պահպանման համար: Գրավոր քննության հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Բարձրագույն դատական խորհրդի անդամներին կամ աշխատակազմին: Գրավոր քննության հարցերը մշակած անձինք չեն կարող ընդգրկվել այդ հարցերի հիման վրա իրականացված գրավոր քննությունների արդյունքների գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովներում:

3. Որակավորման ստուգումների անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը:

Հոդված 100. Որակավորման ստուգումների անցկացման ժամանակի, վայրի եւ արդյունքների հրապարակումը

1. Որակավորման գրավոր քննության արդյունքներով հավակնորդների ստացած միավորներն արդյունքների ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

2. Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված հարցազրույցի արդյունքները դրանց ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Որակավորման գրավոր քննության եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցի անցկացման ժամի եւ վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ որակավորման գրավոր քննության կամ հարցազրույցի օրվանից առնվազն 10 օր առաջ:

Հոդված 101. Որակավորման ստուգումների թափանցիկությունը

1. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմն ապահովում է գրավոր քննության եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցի ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում:

2. Գրավոր քննության, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ խորհրդի անդամների միջեւ հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրվում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի կողմից:

3. Որակավորման ստուգումներին մասնակցած անձն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաեւ որակավորման գրավոր քննության արդյունքում ստուգված ցանկացած աշխատանքի պատճենը՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Որակավորման գրավոր քննությանը եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցին (բացառությամբ խորհրդի անդամների միջեւ հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման) ներկա կարող են լինել եւ դրանց ընթացքին հետեւել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի 1 ներկայացուցիչ, արդարադատության նախարարի նշանակած 1 ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նշանակած մինչեւ 3 փաստաբան եւ որակավորման ստուգումների անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչեւ հինգ ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը նշված անձանց պարտավոր է ապահովել գրավոր քննության եւ հարցազրույցի ընթացքին հետեւելու համար անհրաժեշտ պայմաններով՝ այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը: Հավակնորդի հարցազրույցի ընթացքը կարող է ձայնագրել, տեսաձայնագրել միայն նրա համաձայնության դեպքում:

Հոդված 102. Գրավոր քննության ընթացքը

1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխանաբար քրեական, քաղաքացիական կամ վարչական մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքների միջոցով, որոնք պարունակում են իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու եւ կիրառելու պահանջով:

2. Իրավական խնդրում ներկայացված յուրաքանչյուր հանգամանք վեր հանելու, վերլուծելու եւ իրավական որակում տալու համար տրվում է համապատասխան միավոր՝ կախված հանգամանքների բարդությունից:

3. Որակավորման գրավոր քննության ընթացքում հավակնորդներին կարող են տրամադրվել հանձնարարվող խնդիրների փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաեւ խնդրի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն եւ իրավական ակտեր, որոնց շրջանակը որոշում է (են) սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ընտրված համապատասխան մասնագետը (մասնագետները) կամ մասնագիտացված կազմակերպությունը:

4. Գրավոր առաջադրանքներն ուղղված են, բացի ակադեմիական գիտելիքներից, նաեւ վերլուծական կարողությունների ստուգմանը:

5. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է գրավոր քննության անցկացման համար մշակման ենթակա տարբերակների նվազագույն քանակը:

6. Գրավոր քննության անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածով նախատեսված գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:

7. Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել գրավոր քննությունների՝ տեխնիկական միջոցներով անցկացման կարգ:

Հոդված 103. Գրավոր քննության արդյունքների ստուգումը, գնահատումը եւ բողոքարկումը

1. Գրավոր քննության աշխատանքների ստուգման եւ գնահատման նպատակով ձեւավորվում է համապատասխան մասնագիտացման գնահատման հանձնաժողով, իսկ քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով՝ համապատասխան մասնագիտացման բողոքարկման հանձնաժողով:

2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում համապատասխան մասնագիտացման հինգ դատավոր եւ իրավունքի համապատասխան բնագավառի երկու իրավաբան գիտնական:

3. Բողոքարկման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում համապատասխան մասնագիտացման 2 դատավոր եւ իրավունքի համապատասխան բնագավառի մեկ իրավաբան գիտնական:

4. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար գրավոր քննության անցկացումից ոչ շուտ, քան 4 օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը առաջարկում է յուրաքանչյուր մասնագիտացման 10-ական դատավորի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ, իսկ արդարադատության նախարարը՝ իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն 4-ական իրավաբան գիտնականի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ:

5. Գրավոր քննության անցկացման օրը` քննության ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից եւ իրավաբան գիտնականներից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովների անդամներ: Վիճակահանությունն անց է կացվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

6. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների աշխատանքն իրականացվում է գաղտնի եւ դռնփակ ընթացակարգով: Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամների անունները ենթակա չեն հրապարակման համապատասխանաբար մինչեւ քննության կամ բողոքարկման արդյունքների հրապարակումը:

7. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների կազմում չեն կարող ընդգրկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամները, դատարանների նախագահները,պալատի նախագահները եւ Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամները:

8. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը վճարում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

9. Գնահատման կամ բողոքարկման հանձնաժողովի անդամը պարտավոր է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդին կամ արդարադատության նախարարին անհապաղ գրավոր հայտնել, եթե տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել նրա անկողմնակալության մեջ:

10. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների դատավոր անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարելու կամ կասեցվելու դեպքում:

11. Գնահատման կամ բողոքարկման հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի կամ արդարադատության նախարարի կողմից նաեւ`

1) եթե գրավոր քննության արդյունքները բողոքարկող անձը բողոքարկման հանձնաժողովի մերձավոր ազգականն է.

2) եթե համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը կամ արդարադատության նախարարը, քննարկելով սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան ներկայացված հանգամանքները, կարծում է, որ դրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել գնահատման կամ բողոքարկման հանձնաժողովի անդամի անկողմնակալության մեջ:

12. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի համապատասխան անդամի նշանակման համար սահմանված կարգով:

13. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովները ղեկավարում են հանձնաժողովների կազմից անդամների ձայների ընդհանուր մեծամասնությամբ ընտրված անձինք:

14. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովները լուծարվում են համապատասխանաբար գրավոր քննության արդյունքների ամփոփման եւ բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:

15. Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` համակարգչային եղանակով, Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան: Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ համակարգչի միջոցով հերթականությամբ ստուգում է բոլոր գրավոր աշխատանքները, գնահատում է դրանք եւ համապատասխան գրավոր աշխատանքի էլեկտրոնային ստուգաթերթում կատարում է իր գնահատականը հիմնավորող համապատասխան նշումներ:

16. Գրավոր աշխատանքների արդյունքների գնահատումը կատարվում է համակարգչային եղանակով: Գրավոր աշխատանքի վերջնական գնահատականը որոշվում է բոլոր գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից դրված գնահատականների թվաբանական միջինով:

17. Գրավոր քննության աշխատանքների ստուգումը եւ գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն:

18. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովի անդամները պետք է ապահովված լինեն աշխատանքների ստուգումն ուղղորդող տիպային պատասխաններով:

19. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է գրավոր աշխատանքները գնահատելու չափորոշիչները եւ դրանց հիման վրա՝ գրավոր աշխատանքի էլեկտրոնային ստուգաթերթի ձեւը: Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գրավոր աշխատանքի էլեկտրոնային ստուգաթերթում կատարում է իր կողմից դրված գնահատականը հիմնավորող նշումներ:

20. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո քննություն հանձնած անձի պահանջով անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, տրամադրվում է իր գնահատված գրավոր աշխատանքի պատճենը՝ էլեկտրոնային ստուգաթերթի հետ միասին:

21. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված թեկնածուներից վիճակահանությամբ ընտրվում է 2 դատավոր եւ 1 իրավաբան գիտնական անդամներից կազմված բողոքարկման հանձնաժողով: Վիճակահանությունն անց է կացվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Նույն անձը չի կարող միաժամանակ լինել եւ բողոքարկման, եւ գնահատման հանձնաժողովի անդամ:

22. Գրավոր քննությունը հանձնած անձը գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննության անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:

23. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս հավակնորդը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները եւ իր հիմնավորումները:

24. Գրավոր աշխատանքը, էլեկտրոնային ստուգաթերթը եւ բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:

25. Բողոքը քննարկելիս բողոքարկման հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրել եւ լսել գնահատման հանձնաժողովի անդամներին, իրավունքի համապատասխան բնագավառի այլ իրավաբան գիտնականների եւ բողոքարկողին:

26. Բողոքի վերաբերյալ որոշումն ընդունվում է բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

27. Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննում է բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում: Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են: Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով սկզբնական եւ բողոքարկման արդյունքում ստացված միավորները:

28. Բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան՝ միայն գրավոր քննության անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման եւ գնահատման ու բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:

29. Գրավոր քննությունը եւ դրա արդյունքների ամփոփումը, այդ թվում` բողոքարկումը, պետք է իրականացվեն հայտերի ընդունման ժամկետի ավարտին հաջորդող մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչեւ դեկտեմբերի 1-ը:

30. Գրավոր քննության արդյունքների ստուգումը եւ գնահատումը պետք է կազմակերպվի այն հաշվով, որ գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո երաշխավորվի առնվազն 8 աշխատանքային օր բողոքարկման համար:

31. Մինչեւ բողոքարկման հանձնաժողովի կողմից որոշման կայացումը հավակնորդն իրավունք ունի մասնակցելու որակավորման քննությունների հաջորդ փուլին, եթե այն արդեն սկսվել է:

Հոդված 104. Հոգեբանական թեստը

1. Գրավոր քննության արդյունքներով անցողիկ միավորներ հավաքած հավակնորդները պարտավոր են անցնել հոգեբանական թեստ` ուղղված պատասխանատվության զգացման, ունկնդրելու կարողության, ինքնատիրապետման, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառման եւ դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշների ստուգմանը:

2. Հավակնորդի կողմից հոգեբանական թեստ չանցնելու դեպքում նա զրկվում է հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունքից:

3. Հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն, ենթակա չեն հրապարակման եւ տրամադրվում են միայն Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ հարցազրույցի անցկացումից հետո՝ մինչեւ ամփոփիչ քննարկման ավարտը: Հոգեբանական թեստի արդյունքները, դատավորների թեկնածուների ցուցակը հաստատվելուց հետո, ենթակա են ոչնչացման:

4. Հավակնորդներն իրավունք ունեն ծանոթանալու հոգեբանական թեստի արդյունքներին:

Հոդված 105. Հարցազրույցի անցկացման համար նյութերի նախապատրաստումը

1. Գրավոր քննության արդյունքների բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտի օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը գրավոր քննության հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 5-ով գերազանցող թվաքանակի (բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան թվաքանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները) ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ` հարցազրույց անցնելու նպատակով։ Հավասար անցողիկ միավոր ունեցող հավակնորդների առկայության դեպքում բոլոր այդ հավակնորդներն ընդգրկվում են ցուցակում:

2. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված հավակնորդների ցուցակը միաժամանակ հրապարակում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաեւ յուրաքանչյուր հավակնորդի կրթության, հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

3. Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ դատավորի թեկնածուի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության եւ նրա` դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհուրդ: Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի պահանջով:

4. Հավակնորդները ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունեն Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել իրենց մասնագիտական փորձառությունը եւ նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների եւ արժանիքների գնահատմանը հարցազրույցի ժամանակ:

5. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով գրավոր եւ բանավոր հարցումներ է կատարում հավակնորդի աշխատավայր, բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններ՝ հավակնորդի մասնագիտական որակների եւ անձնական հատկանիշների վերաբերյալ, ինչպես նաեւ հարկային եւ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած այլ վարչական մարմիններից ստանում է հավակնորդին վերաբերող անհատական տվյալներ։ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով իրականացնում է նաեւ հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի հավաստիության ստուգում:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման քննություններին մասնակցելու հայտին կից հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքում ստացած միավորները եւ սույն հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:

7. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմն ապահովում է, որ հավակնորդների անձնական գործին ծանոթանան Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները:

8. Հարցազրույցին մասնակցող անձինք իրավունք ունեն դիմելու եւ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում գտնվող իրենց անձնական գործին:

Հոդված 106. Հարցազրույցի անցկացումը

1. Հարցազրույցի նպատակը դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների եւ արժանիքների վերհանումն է՝ հավակնորդի մասնագիտական փորձառության, դատավոր դառնալու մոտիվացիայի, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական հատկանիշների (մասնավորապես ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ եւ այլն) գնահատման միջոցով:

2. Հարցազրույցը կազմված է երեք մասից.

1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի եւ անցած մասնագիտական ուղու ուսումնասիրություն, որը ներկայացնելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին՝ նրա մասնագիտական փորձառությունը, գիտական հետաքրքրությունները, դատավորի պաշտոնում նրա ակնկալիքները եւ մոտիվացիան, դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները եւ արժանիքները գնահատելու համար.

2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն եւ դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների եւ որպես դատավոր գործելու համար կարեւոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար.

3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ եւ այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները եւ դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակները եւ արժանիքները գնահատելու համար: 3. Հարցազրույցի ժամանակ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ, որից հետո ելույթին պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է քսան րոպե ժամանակ:

4. Հավակնորդի բանավոր ելույթը յուրաքանչյուրի հարցի վերաբերյալ տեւում է առավելագույնը 10 րոպե: Հավակնորդի ելույթին հետեւում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ քննարկումը` յուրաքանչյուր հարցի շուրջ ոչ ավելի, քան քսան րոպե տեւողությամբ:

5. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տեւողությունը մեկուկես ժամ է:

6. Հարցազրույցի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված գնահատման ենթակա այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են եւ կարեւոր դատավոր դառնալու համար: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

7. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջեւ տեղի է ունենում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում:

Հոդված 107. Դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը

1. Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի եւ արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անցկացվում է գաղտնի քվեարկություն, որի ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկում յուրաքանչյուր հավակնորդի:

2. Բարձրագույն դատական խորհրդում քվեարկության արդյունքներով կազմվում է թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցուցակ: Ձայների հավասարության դեպքում նախապատվություն է տրվում այն հավակնորդին, որը որակավորման գրավոր քննության արդյունքներով ունի առավել բարձր հանրագումարային միավորներ: Եթե արդյունքում առկա են հավասար միավորներ ունեցող անձինք, ապա բոլոր նշված անձինք ընդգրկվում են ցուցակում:

3. Ցուցակը կազմելու ընթացքում հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը: Եթե որեւէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի քսանհինգ տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն հինգ տեղ:

4. Բարձրագույն դատական խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հարցազրույցին մասնակցած յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհուրդը կազմում է զեկույց, որում խորհրդի անդամների կողմից լրացված հարցաթերթերի, ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից ներկայացված հատուկ կարծիքների հիման վրա՝ ընտրված հավակնորդների պարագայում մանրամասն ներկայացվում են այն հանգամանքները, որոնք պայմանավորել են հավակնորդի ընտրությունը, իսկ հարցազրույցի արդյունքում չընտրված հավակնորդների մասով՝ ներկայացվում են նրանց ընտրությունը մերժելու պատճառները:

5. Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու եւ Բարձրագույն դատական խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան իրենց վերաբերյալ կազմված զեկույցը:

Հոդված 108. Դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումը

1. Բարձրագույն դատական խորհուրդը որակավորման ստուգումների արդյունքների հիման վրա կազմում եւ հաստատում է, այդ թվում` լրացնում եւ փոփոխում է դատավորների թեկնածուների ցուցակը:

Հոդված 109. Դատավորների թեկնածուների ցուցակներում նախկին դատավորների ընդգրկման կարգը

1. Դատավոր աշխատած այն անձինք, որոնց լիազորությունները վաղաժամկետ դադարացվել կամ դադարել են սույն օրենսգրքով սահմանված հիմքերով (այսուհետ` նախկին դատավորներ), եւ որոնք վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 2 տարի աշխատել են որպես դատավոր, կարող են ընդգրկվել դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ցուցակներում սույն հոդվածով սահմանված կարգով, եթե առկա չեն սույն օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները: Այն դատավորները, որոնց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են կարող են դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու նպատակով դիմել այն դեպքում, եթե վերացել են լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմք ծառայած հանգամանքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչեւ հոկտեմբերի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին` կցելով սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

3. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում թեկնածուին հրավիրում զրույցի։

4. Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնի լրացման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մասնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ», իսկ դեմ քվեարկելիս` «դեմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը լրացնում է դատավորների թեկնածուների ցուցակը: Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում ստորագրում է լրացված դատավորների թեկնածուների ցուցակը:

5. Եթե անձը նախկինում դատավոր է աշխատել վերաքննիչ դատարանում կամ վճռաբեկ դատարանում կամ ընդգրկված է եղել դատավորների առաջխաղացման ցուցակում կամ աշխատել է որպես դատավոր եւ բավարարում է սույն օրենսգրքի 122-րդ հոդվածով նախատեսված պահանջները, ապա իր ցանկության դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկելու հետ մեկտեղ առանձին քվեաթերթիկով նույն կարգով քվեարկության է նաեւ համապատասխան առաջխաղացման ցուցակում նրա ընդգրկումը:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 110. Դատավորների թեկնածուների ցուցակում իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող եւ գիտական  գործունեությամբ զբաղվող անձանց ընդգրկման կարգը

1. Իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող եւ գիտական գործունեությամբ զբաղվող անձինք կարող են ընդգրկվել համապատասխան մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակում սույն օրենսգրքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչեւ հոկտեմբերի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին` դիմումին կցելով հետեւյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ.

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե դիմողն արական սեռի է).

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ.

6) գիտական գործունեության առնվազն հինգ տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք օրենսգրքի 104-րդ հոդվածով սահմանված կարգով անցնում են հոգեբանական թեստ:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով անցնում են որակավորման ստուգումների հարցազրույցի փուլը:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն ունի առնվազն ութ տարվա գիտական գործունեության ստաժ, ապա իր ցանկության դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկելու հետ մեկտեղ առանձին քվեաթերթիկով նույն կարգով քվեարկության է դրվում նաեւ վերաքննիչ դատարանի համապատասխան մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակում նրա ընդգրկումը:

7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց համար Արդարադատության ակադեմիայում ուսուցումը կազմակերպվում է միայն գործնական հմտությունների զարգացման մասով:

Հոդված 111. Դատավոր նշանակվելու սահմանափակումները

1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.

3) ով ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

4) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով,

5) ով չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

6) ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի ունի նաեւ այլ պետության քաղաքացիություն,

7) ով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 112. Դատավորների թեկնածուների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

1. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4)  նա ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.

5) նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը.

6) սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերում չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում.

7) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

8) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

11) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

12) արդարադատության ակադեմիայում ուսումն ավարտելուց հետո ավելի քան 4 ամիս անընդմեջ չի զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով եւ չի դիմել դատարանների աշխատակազմեր աշխատանքի անցնելու համար.

13) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.

14) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

15) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-10 եւ 12-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարը հայտնում է դրանց մասին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որը պարտավորվում է հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նիստ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով նախատեսված դեպքերում` արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատավորների թեկնածուների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ:

3. Եթե առերեւույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքը, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարը դիմում է իրավասու մարմնին՝ դատավորի թեկնածուի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Դատավորի թեկնածուն պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքը, ապա Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարը այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին:

4. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի կամ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի միջնորդությունը: Եթե փակ քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը համարում է, որ միջնորդությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա այդ անձը հանվում է դատավորների թեկնածուների ցուցակից:

Հոդված 113. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր առաջին ատյանի դատարան.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի կրճատված դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

Հոդված 114. Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար նշանակման ենթակա դատավորի թեկնածու առաջարկելու կարգը

1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության Նախագահին գրավոր առաջարկում է նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին (ընդ որում` այն թեկնածուները, որոնց նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, չեն դիտարկվում).՝ ստորեւ բերված հերթականությամբ.

1) առաջին հերթին առաջարկում է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացման այն դատավորին, ով մինչ այդ գրավոր դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ` խնդրելով իրեն տեղափոխել առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է տարիքով ավագին.

2) երկրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 47-րդ հոդվածի 5-րդ մասովսահմանված` տարիքով ավագ ռեզերվային դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում  եւ ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում.

3) երրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի կրճատված դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում եւ ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է նախ առաջին ատյանի այլ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին.

4) չորրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված նախկին դատավորներին: Նշված անձանց առաջարկությունը արվում է, անգամ եթե նրանք ընդգրկված են առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագ նախկին դատավորին, ապա տարիքով ավագ անձին.

5) հինգերորդ հերթին առաջարկում է թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավարտած թեկնածուներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ կրող անձանց` ըստ Արդարադատության ակադեմիայի ավարտման հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին: Տվյալ տարվա ավարտածներին առաջարկ կարող է արվել, եթե դատավորների թեկնածուների ցուցակում չկան Արդարադատության ակադեմիան նախորդ տարիներին ավարտած եւ թափուր տեղին համապատասխան մասնագիտացման թեկնածուներ, կամ դատավորների թեկնածուների ցուցակում առկա նախորդ տարիներին ավարտած եւ թափուր տեղին համապատասխան մասնագիտացման բոլոր թեկնածուները այդ պահին կրում են պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ.

2. Ռեզերվային դատավորներին, նախկին դատավորներին եւ սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված անձանց Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան թեկնածուի բնակության վայրի հասցեով: Մյուս դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան թեկնածուի աշխատանքի վայր:

Հոդված 115. Առաջին ատյանի դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը եւ չընդունելու հետեւանքները

1. Թեկնածուն ծանուցումը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը նրա համար որեւէ բացասական հետեւանք չի առաջացնում:

3. Սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավորի համաձայնությունը չի վերացնում նրա` համապատասխանաբար ռեզերվային կամ կրճատված դատավորի կարգավիճակը, իսկ առաջին ատյանի դատարանի դատավորների համար վերացնում է:

4. Սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը, բացառությամբ այն դեպքի, երբ նա ընդգրկված է դատավորների առաջխաղացման ցուցակում եւս, հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն: Այս հիմքով դատավորների թեկնածուների ցուցակից հանվելու դեպքում թեկնածուն այլեւս չի կարող սույն օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել այդ ցուցակում ընդգրկվելու խնդրանքով:

5. Սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն, բացառությամբ հղիության պատճառով հրաժարվելու, ինչպես նաեւ այն դեպքի, երբ ցուցակում առկա են Արդարադատության ակադեմիայի թափուր տեղին համապատասխան մասնագիտացման շրջանավարտներ, որոնք այդ պահին չեն կրում պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ եւ ունեն իրենից նվազ հանրագումարային միավորներ:

6. Եթե սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում ցուցակում գտնվող տվյալ տարվա նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուն անհամաձայնության հետեւանքով սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն պետք է հանվի ցուցակից, ապա Բարձրագույն դատական խորհուրդն իր առաջարկությունը կրկնում է նախորդ` նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուին: Եթե վերջինս անհամաձայնության հետեւանքով եւս պետք է հանվի ցուցակից, ապա սույն մասով սահմանված կարգով առաջարկությունները կրկնվում են այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ մեկը չի ընդունել առաջարկը, կամ տվյալ տարվա դպրոցի շրջանավարտների թափուր տեղին համապատասխան մասնագիտացման ցուցակը չի սպառվել, բացառությամբ այն շրջանավարտների, որոնք այդ պահին կրում են պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ:

7. Սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված թեկնածուի անհամաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իր առաջարկությունը կրկնում է ժամանակագրական կարգով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրված հաջորդ անձին, քանի դեռ որեւէ մեկը չի ընդունել առաջարկը, կամ թափուր տեղին համապատասխան մասնագիտացման ցուցակը չի սպառվել:

8. Թեկնածուի համաձայնության դեպքում թեկնածությունը առաջարկվում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահը Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության հիման վրա եռօրյա ժամկետում համապատասխան անձին նշանակում է դատավոր:

9. Սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է հրամանագիր իր առարկություններով առաջարկը Բարձրագույն դատական խորհուրդ վերադարձնելու մասին:

10. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը փակ քվեարկությամբ, խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ չի ընդունում Հանրապետության Նախագահի առարկությունը ապա Հանրապետության Նախագահը եռօրյա ժամկետում համապատասխան անձին նշանակում է դատավոր կամ դիմում է Սահմանադրական դատարան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով:

11. Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա քննարկում է անձի թեկնածուների ցուցակում գտնվելու դեպքում դատավորների թեկնածուների ցուցակից հանելու հարցը:

12. Եթե Հանրապետության նախագահը Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունը եռօրյա ժամկետում իր առարկություններով չի վերադարձնում վերադարձնում Բարձրագույն դատական խորհուրդ, կամ Հանրապետության Նախագահի առարկությունները Բարձրագույն դատական խորհրդի կողմից չընդունվելու դեպքում չի դիմում Սահմանադրական դատարան, ապա համապատասխան անձն իրավունքի ուժով համարվում է նշանակված դատավորի պաշտոնում, ինչի մասին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքում:

13. Սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում դատավոր է նշանակում ներկայացված թեկնածուին:

Հոդված 116. Դատավորի երդումը

1. Դատավորի պաշտոնում նշանակված անձը դատավորի պաշտոնն առաջին անգամ ստանձնելիս նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տրված հետեւյալ երդմամբ.

«Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անկախ եւ անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը եւ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:»:

2. Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո դատավորը ստորագրում է ընթերցված տեքստը:

Հոդված 117. Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու կարգը

1. Բացառիկ դեպքերում առաջին ատյանի դատավորն իրավունք ունի սույն օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված հերթից դուրս դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով իրեն նշանակել մեկ այլ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում՝ տվյալ առաջին ատյանի դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում: Դիմում ներկայացնող դատավորը պետք է պատճառաբանի իր դիմումը: Դիմումի մեջ պետք է շարադրվեն տեղափոխման հիմնավոր պատճառները: Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է դատավորի դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորին զրույցի։ Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Եթե տեղափոխմանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա համապատասխան առաջարկությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահին է ներկայացվում նաեւ համապատասխան դատավորի պատճառաբանված դիմումը: Հանրապետության Նախագահը Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության հիման վրա կատարում է համապատասխան նշանակումը:

2. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց նշանակման նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված դրույթները:

Հոդված 118. Առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման կարգը

1. Երկու տարբեր առաջին ատյանի դատարանների դատավորներն իրավունք ունեն դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով կատարել իրենց պաշտոնների փոխանակում: Դիմում ներկայացնող դատավորները պետք է պատճառաբանեն իրենց դիմումը: Դիմումի մեջ պետք է շարադրվեն համապատասխան դատավորների պաշտոնների փոխանակման հիմնավոր պատճառները: Նման դիմում չի կարող քննարկման առարկա դառնալ, եթե այդ դատարաններում կան կրճատված դատավորներ:

2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորներին զրույցի։

3. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Եթե փոխանակմանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, ապա համապատասխան առաջարկությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահին են ներկայացվում նաեւ համապատասխան դատավորների պատճառաբանված դիմումը: Հանրապետության Նախագահը Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության հիման վրա կատարում է համապատասխան նշանակումները:

4. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց նշանակման նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված դրույթները:

Հոդված 119. Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգը

1. Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը կազմում եւ երկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր տվյալ առաջին ատյանի դատարանում ունեն ոչ պակաս քան 3 տարվա դատավորի պաշտոնավարման ստաժ եւ չունեն կարգապահական տույժեր:

2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

3. Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված հատկանիշները անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Քվեարկությունն անցկացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով:

4. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Առաջին հերթին քվեարկության են դրվում այն դատավորների թեկնածությունները, ովքեր սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկվելու ցանկություն են հայտնել, բացառությամբ այն դեպքի, երբ այդ ցուցակում ընդգրկված է միայն մեկ թեկնածու:Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել թվով «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

5. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց նշանակման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված դրույթները:

 6. Առաջին ատյանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո առաջին ատյանի դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել որպես տվյալ առաջին ատյանի դատարանի դատավոր:Առաջին ատյանի դատարանի նախագահն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում, չի կարող վերստին նշանակվել դատարանի նախագահի պաշտոնում կամ ընդգրկվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակում:

Հոդված 120. Դատարանների նախագահների նշանակման հետ կապված առաջարկ ներկայացնելիս` քվեաթերթիկներով քվեարկության ժամանակ հաշվի առնվող հատկանիշները

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամը դատարանների նախագահների նշանակման հետ կապված առաջարկ ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի է առնում հետեւյալ հատկանիշները.

1) դատավորի մասնագիտական հեղինակությունը.

2) աշխատանքային ունակությունները.

3) դատավորի վարքագծի կանոնների պահպանումը.

4) գրավոր եւ բանավոր հաղորդակցության ունակությունները.

5) դատավորի մասնակցությունը դատական իշխանության ինքնա-կառավարմանը.

6) դատավորի մասնակցությունը իրավունքի եւ օրենսդրության զարգացման ծրագրերին.

7) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսեւորված վերաբերմունքը.

8) դատավորի կազմակերպչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանք իրականացնելու դեպքում այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած որակները:

ԳԼՈՒԽ  17

ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 121. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները

1.   Բարձրագույն դատական խորհուրդը կազմում եւ հաստատում, այդ թվում՝ լրացնում եւ փոփոխում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները:

2. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներն են`

1)   վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացման բաժիններով.

2) վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացման բաժիններով:

Հոդված 122.  Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի առնվող հատկանիշները

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամը առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման հարցը քննարկելիս, քվեաթերթիկներով քվեարկելիս հաշվի է առնում հետեւյալ հատկանիշները.

1) դատավորի մասնագիտական գիտելիքները` հաշվի առնելով դատավորի մասնագիտական գործունեությունը, դատավորի մասնագիտական եւ հետբուհական կրթությունը.

2) աշխատանքային ունակությունները.

3) դատավորի կողմից դատարանի եւ դատավորի հեղինակության պաշտպանությունը եւ դատավորի վարքագծի կանոնների պահպանումը.

4) գրավոր եւ բանավոր հաղորդակցության ունակությունները` ելնելով դատական նիստերի արձանագրություններից, կայացրած դատական ակտերից.

5) դատավորի մասնակցությունը սույն օրենսգրքով նախատեսված կրթական եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերին.

6) դատավորի մասնակցությունը դատական իշխանության ինքնա-կառավարմանը.

7) դատավորի մասնակցությունը իրավունքի եւ օրենսդրության զարգացման ծրագրերին.

8) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսեւորված վերաբերմունքը.

9) դատավորի գործունեության գնահատման արդյունքները:

Հոդված 123.  Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը եւ հաստատումը

1. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`

1) համապատասխան մասնագիտացմամբ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 3 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող, գնահատման արդյունքում առնվազն լավ գնահատական ստացած դատավորը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձեւով.

2) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 5 տարի համապատասխան մասնագիտացմամբ դատավոր աշխատած նախկին դատավորը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձեւով. եւ ում գործունեությունը գնահատվել է լավ.

3) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վերաքննիչ դատարանի դատավոր, Վճռաբեկ դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձեւով, եւ ում գործունեությունը գնահատվել է լավ,

4) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող եւ գիտական գործունեությամբ զբաղվող անձինք:

2.   Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը բաղկացած է երեք բաժնից.

1) քրեական մասնագիտացում.

2) քաղաքացիական մասնագիտացում.

3) վարչական մասնագիտացում:

3.   Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի որեւէ մասնագիտացման բաժնի ցուցակը սպառվել է, կամ եթե ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ որեւէ մասնագիտացման գծով առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի բաժնում առկա է ոչ ավելի, քան չորս դատավոր, ապա Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով հրապարակում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի` համապատասխան մասնագիտացման գծով ցուցակի կազմման մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում են թեկնածուների կողմից դիմումների եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները եւ վայրը:

4. Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակ ընդգրկվելու համար կարող են Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել դիմում` առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակին համապատասխան` բաժնում ընդգրկվելու ցանկությամբ։ Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու դիմումը ներառում է նաեւ դիմում ներկայացրած անձի գործունեության գնահատման պահանջ: Անձը կարող է դիմել միայն մեկ մասնագիտացմամբ բաժնում ընդգրկվելու համար։

5. Դիմումներ ընդունելու սահմանված ժամկետի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

6. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչեւ հոկտեմբերի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին` դիմումին կցելով հետեւյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ.

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե դիմողն արական սեռի է).

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ.

6) գիտական գործունեության առնվազն ութ տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

7. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Յուրաքանչյուր բաժնի համար կազմվում են առանձին քվեաթերթիկներ` ընդգրկվելով այդ բաժնում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած բոլոր թեկնածուներին: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

8. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար դիմել է ցուցակը լրացնելու համար անհրաժեշտ թվաքանակից ավելի շատ թեկնածու, ապա այդ բաժնի համար քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է 5 թվի եւ առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում քվեարկության օրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե քվեարկության մասնակիցը ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվում են առավել «կողմ» ձայներ ստացած այնքան դատավորներ, որքան ձայն ուներ քվեարկության մասնակիցը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած դատավորներին: Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

9. Եթե դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակից ավելի քիչ կամ դրան հավասար թեկնածու, ապա այդ բաժնի համար քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Քվեարկության արդյունքներով անցած են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին է քվեարկել քվեարկությանը մասնակցած Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին:

10. Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է քվեարկության արդյունքում կազմված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը:

11. Սույն հոդվածի 1-ի մասի 4-րդ կետով նշված անձանց համար Արդարադատության ակադեմիայում կազմակերպվում է ուսուցում գործնական հմտությունների զարգացման մասով:

Հոդված 124.  Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը եւ հաստատումը

1. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում կարող են ընդգրկվել` քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ

1) դատավորները կամ

2) իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող եւ գիտական գործունեությամբ զբաղվող անձինք:

2. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, կամ եթե ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա է ոչ ավելի, քան չորս դատավոր, ապա Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հրապարակում է դատավորների առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում են թեկնածուների կողմից դիմումների եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները եւ վայրը:

3. Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել դիմում` դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու ցանկությամբ։ Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու դիմումը ներառում է նաեւ դիմում ներկայացրած անձի գործունեության գնահատման պահանջ:

4. Դիմումներ ընդունելու սահմանված ժամկետի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնորդների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչեւ հոկտեմբերի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին` դիմումին կցելով հետեւյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ.

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե դիմողն արական սեռի է).

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ.

6) գիտական գործունեության առնվազն տասը տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

6. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Քվեաթերթիկներում ընդգրկվում են այդ բաժնում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած բոլոր թեկնածուները: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

7. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել է ցուցակը լրացնելու համար անհրաժեշտ թվաքանակից ավելի շատ թեկնածու, ապա քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է 5 թվի եւ առաջխաղացման ցուցակում քվեարկության օրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե քվեարկության մասնակիցը ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակում ընդգրկելու համար Հանրապետության Նախագահին են առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած այնքան դատավորներ, որքան ձայն ուներ քվեարկության մասնակիցը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած դատավորներին: Լրացուցիչ քվեարկության ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

8. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակից ավելի քիչ կամ դրան հավասար թեկնածու, ապա քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Քվեարկության արդյունքներով անցած են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին է քվեարկել քվեարկությանը մասնակցած Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին:

9. Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է քվեարկության արդյունքում կազմված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը:

Հոդված 125. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ամենամյա ցուցակներից դուրս թողնելու հիմքերը

1. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձը դուրս է թողնվում ցուցակից՝

1) եթե նա առաջխաղացման կարգով նշանակվել է համապատասխանաբար դատավորի պաշտոնում.

2) եթե նա դիմում է այդ մասին.

3) եթե դադարեցվել  կամ դադարել են նրա` որպես դատավորի լիազորությունները.

4) եթե նա ընդգրկվել է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.

5) եթե նա վերջին հինգ տարում ընդգրկված է եղել առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում.

6) եթե Բարձրագույն դատական խորհուրդը նրա նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառել է նկատողություն կամ խիստ նկատողություն.

7) եթե նա հանվել է դատավորների թեկնածուների ցուցակներից:

2. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից անձը դուրս է թողնվում այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս սույն հոդվածով սահմանված հիմքերը։

3. Անձին ցուցակից դուրս թողնելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով կրկին դիմելու համար:

Հոդված 126. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր վերաքննիչ դատարան.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

Հոդված 127. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար նշանակման ենթակա դատավորի  թեկնածու առաջարկելու կարգը

1. Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդը գրավոր առաջարկում է դատավորներին ստորեւ բերված հերթականությամբ.

1) առաջին հերթին առաջարկում է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացման այն դատավորին,, ով մինչ այդ գրավոր դիմել է Բարձրագույն դատական խորհրդին` խնդրելով իրեն տեղափոխել վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է տարիքով ավագին.

2) երկրորդ հերթին առաջարկում է տարիքով ավագ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի ռեզերվային դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում (բացառությամբ իրավաբան գիտնականների).

3) երրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված այլ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կրճատված դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում նախ վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին (բացառությամբ սույն օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված անձանց).

4) չորրորդ հերթին առաջարկում է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կրճատված կամ ռեզերվային` տարիքով ավագ այն դատավորին, որը զբաղեցնում է առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը:

2. Բարձրագույն դատական խորհուրդը գործող դատավորներին գրավոր առաջարկությունը ներկայացնում է աշխատանքի վայր, իսկ ռեզերվային դատավորներին` բնակության վայրի հասցեով:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք չկան կամ առաջարկությունը չեն ընդունում, ապա համարվում է, որ առաջարկված են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված բոլոր անձանց թեկնածությունները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում թափուր տեղի համար կարող են ինքնառաջադրման մասին դիմել նաեւ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող նախկին դատավորները: Թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում նրանք մնում են վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ցուցակում, իսկ թափուր պաշտոնը զբաղեցնելուց հրաժարվելու դեպքում հանվում են վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ցուցակից:

Հոդված 128. Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը, չընդունելու հետեւանքները: Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունը եւ նշանակումը

1. Թեկնածուն ծանուցումը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի անհամաձայնությունը նրա համար որեւէ բացասական հետեւանք չի առաջացնում:

3. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքում վճռաբեկ դատարանի դատավորի համաձայնությունը չի վերացնում նրա` համապատասխանաբար ռեզերվային կամ կրճատված դատավորի կարգավիճակը, իսկ վերաքննիչ դատարանի դատավորների համար այն վերացնում է:

4. Սույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դատավորի անհամաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:

5. Թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացրած թեկնածության վերաբերյալ փակ քվեարկությամբ կազմում է առաջարկություն, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը: Հանրապետության Նախագահը Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության հիման վրա համապատասխան անձին նշանակում է դատավոր:

6. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց նշանակման նկատմամբ կիրառվում են օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված դրույթները:

Հոդված 129. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու կարգը եւ նշանակումը

1. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված անձանց եւ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասով ինքնառաջադրված անձանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

2. Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված եւ սույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով ինքնառաջադրված բոլոր անձինք: Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

3. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով դրական եզրակացություն է տրվում առավել «կողմ» ձայներ ստացած անձին: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

4. Եթե քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա համարվում է ընտրված, եթե ստացել է Բարձրագույն դատական խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը այդ անձին հանում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման  ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից եւ հայտարարություն է անում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար նոր առաջադրումներ սկսելու մասին:

5. Քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հանրապետության նախագահին:

Հոդված 130. Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման կարգը

1. Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը կազմում եւ երկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ  դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք բավարարում են սույն հոդվածով նախատեսված պահանջներին եւ կարող են հավակնել դատարանի նախագահի պաշտոնին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկվում են վերաքննիչ դատարանի բոլոր այն դատավորները, ովքեր տվյալ դատարանում ունեն ոչ պակաս քան 3 տարվա դատավորի պաշտոնավարման ստաժ:

3. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

4. Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի  120-րդ հոդվածով սահմանված հատկանիշները անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Յուրաքանչյուր հավակնողի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

5. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Առաջին հերթին քվեարկության են դրվում այն դատավորների թեկնածությունները, ովքեր սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկվելու ցանկություն են հայտնել, բացառությամբ այն դեպքի, երբ այդ ցուցակում ընդգրկված է միայն մեկ թեկնածու:Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել թվով «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված է միայն մեկ թեկնածու, ապա նա համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է Բարձրագույն դատական խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին:

7. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց նշանակման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված դրույթները:

8. Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վերաքննիչ  դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել որպես տվյալ դատարանի դատավոր:

9. Վերաքննիչ դատարանի նախագահն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում, չի կարող վերստին նշանակվել դատարանի նախագահի պաշտոնում կամ ընդգրկվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակում:

Հոդված 131. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է վճռաբեկ դատարանի նոր պալատ.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

Հոդված 132. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը

1. Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Ազգային ժողովին թեկնածություն առաջարկելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր առաջարկում է դատավորներին ստորեւ բերված հերթականությամբ.

1) առաջին հերթին առաջարկում է տարիքով ավագ վճռաբեկ դատարանի ռեզերվային դատավորին կամ պալատի նախագահին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում.

2) երրորդ հերթին առաջարկում է վճռաբեկ դատարանի կրճատված կամ ռեզերվային` տարիքով ավագ այն դատավորին կամ պալատի նախագահին, որը զբաղեցնում է այլ դատարանի դատավորի պաշտոնը:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք չկան կամ առաջարկությունը չեն ընդունում, ապա Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ է լինում սույն օրենսգրքի 134-րդ հոդվածով սահմանված կարգով առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից թեկնածու ընտրելուն:

Հոդված 133. Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը, չընդունելու հետեւանքները: Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունը եւ նշանակումը

1. Թեկնածուն ծանուցումը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Սույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի անհամաձայնությունը նրա համար որեւէ բացասական հետեւանք չի առաջացնում:

3. Սույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված անձի անհամաձայնության դեպքում նրա ռեզերվային կարգավիճակը դադարում է:

Հոդված 134. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու կարգը եւ նշանակումը

1. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված անձանց եւ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասով ինքնառաջադրված անձանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

2. Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված եւ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասով ինքնառաջադրված բոլոր անձինք:

3. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածով, ինչպես նաեւ 133-րդ հոդվածով սահմանված դեպքերում կազմում է առաջարկություն՝ դատավորի յուրաքնաչյուր տեղի համար ներկայացնելով երեք թեկնածու:

4. Բարձրագույն դատական խորհուրդը առաջարկությունը ներկայացնում է Ազգային ժողովին, որը ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընտրում է առաջարկվող թեկնածուին եւ առաջարկում Հանրապետության նախագահին:

5. Հանրապետության նախագահը կարող է առաջարկությունը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել Ազգային ժողովին:

6. Եթե Ազգային ժողովը չի ընդունում Հանրապետության Նախագահի առարկությունը, ապա Հանրապետության Նախագահը ընդունում է հրամանագիր համապատասխան անձին վճռաբեկ դատարանի դատավոր նշանակելու մասին կամ դիմում է Սահմանադրական դատարան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով:

7. Եթե Հանրապետության նախագահը Ազգային ժողովի առաջարկությունը եռօրյա ժամկետում իր առարկություններով չի վերադարձնում  Ազգային ժողով, կամ Հանրապետության Նախագահի առարկությունները Ազգային ժողովի կողմից չընդունվելու դեպքում չի դիմում Սահմանադրական դատարան, ապա համապատասխան անձն իրավունքի ուժով համարվում է նշանակված դատավորի պաշտոնում:

Հոդված 135. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգը

1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը կազմում եւ երկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ  պալատի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր տվյալ դատարանում ունեն ոչ պակաս քան 3 տարվա դատավորի պաշտոնավարման ստաժ:

2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

3. Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի  120-րդ հոդվածով սահմանված հատկանիշները անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Յուրաքանչյուր հավակնողի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

4. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Առաջին հերթին քվեարկության են դրվում այն դատավորների թեկնածությունները, ովքեր սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկվելու ցանկություն են հայտնել, բացառությամբ այն դեպքի, երբ այդ ցուցակում ընդգրկված է միայն մեկ թեկնածու:Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել թվով «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված է միայն մեկ թեկնածու, ապա նա համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է Բարձրագույն դատական խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին:

6. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց նշանակման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված դրույթները:

7. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում պաշտոնավարման ժամկետը վեց տարի է: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը շարունակում է պաշտոնավարել որպես տվյալ դատարանի դատավոր:

8. Նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ:

Հոդված 136. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության կարգը

1. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն ընտրվում է սույն օրենսգրքով 134-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Բարձրագույն դատական խորհուրդը քվերակությունն անցած թեկնածուի վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Ազգային ժողովին:

3. Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով:

5. Նույն անձը Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Հոդված 137. Առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի, վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունների դադարումը

1. Առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարում են դատավորների համար սույն օրենսգրքով սահմանված պաշտոնավարման ավարտման հիմքերի առկայության դեպքերում:

ԳԼՈՒԽ  18

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 138. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը:

2. Կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական իշխանության անկախությունը հարգելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության արգելքի եւ թափանցիկության սկզբունքների հիման վրա:

Հոդված 139. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

1. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելը.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելը.

3) դատավորի կողմից «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու եւ փորձաշրջանի ղեկավարի կողմից իր համար սահմանված պարտականությունները չկատարելը:

2. Սույն հոդվածի իմաստով կարգապահական խախտումները համարվում են դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր կողմից վարքագծի խախտում թույլ տալու հանգամանքը եւ ցանկացել կամ գիտակցաբար թույլ է տվել դա:

3. Սույն հոդվածի իմաստով կարգապահական խախտումները համարվում են կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր կողմից վարքագծի խախտում թույլ տալու հանգամանքը, սակայն տվյալ իրադրությունում պարտավոր էր եւ կարող էր գիտակցել այն:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կարգապահական պատասխանատվության վարույթ կարող է հարուցվել, եթե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտմամբ կայացված դատական ակտը բեկանվել (վերացվել) է եւ բեկանող (վերացնող) դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

5. Դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու համար:

6. Դատավորին քրեական, վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը եւ հակառակը:

7. Արդարադատություն իրականացնելիս օրենքի սխալ մեկնաբանությունը, փաստերի եւ ապացույցների սխալ գնահատումը չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Հոդված 140. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական խախտումը կատարվելուց հետո մեկ տարվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի:

2. Սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի առկայության դեպքում վարույթ կարող է հարուցվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտմամբ կայացված դատական ակտը բեկանող (վերացնող) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից 1 տարվա ընթացքում:

Հոդված 141. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմինները

1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն`

1) Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը,

2) արդարադատության նախարարը:

2. Կարգապահական վարույթ հարուցելու դեպքում կարգապահական վարույթ հարուցող մարմինները փոխադարձաբար տեղեկացնում են իրար՝ կցելով կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը:

Հոդված 142. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.

2)   կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները,

3)   վարույթ հարուցող անձի կողմից իր լիազորություններն իրականացնելիս կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

2. Կարգապահական վարույթ հարուցելու համար ներկայացվող  հաղորդումը՝ բացառությամբ  զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների, պետք է պարունակի՝

1) այն ներկայացնող անձի անուն, ազգանուն, ծանուցման հասցե եւ այն դատավորի մասին տվյալներ, որի դեմ կարգապահական վարույթ կարող է հարուցվել,

2) կարգապահական խախտումներ համարվող արարքների եւ դրանց կատարման տեղի ու ժամանակի նկարագրություն,

3) հնարավորության դեպքում ներկայացվող տվյալները հիմնավորող նյութեր,

4) հաղորդումը ներկայացրած անձի կամ մարմնի ստորագրություն:

3. Եթե մի քանի հաղորդումներ վերաբերում են նույն դատավորին եւ նույն կարգապահական խախտմանը, ապա դրանք միացվում են մեկ վարու յթում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասին չհամապատասխանող հաղորդումը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերադարձվում է կարգապահական վարույթ հարուցող մարմինների կողմից՝ մատնանշելով թույլ տրված սխալները:

5. Եթե ներկայացված հաղորդումը համապատասխանում է սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին եւ պարունակում է կարգապահական վարույթ հարուցելու բավարար հիմքեր, կարգապահական վարույթ հարուցող մարմինը այն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու մասին, հակառակ դեպքում, մեկ ամսվա ընթացքում մերժում է հաղորդումը՝ պատճառաբանելով մերժումը:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաղորդումը ներկայացնելու պահի դրությամբ սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի լրանալուն մնացել է մեկ ամսից քիչ ժամանակ, ապա հաղորդում ներկայացնելու պահից այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով:

7. Կարգապահական վարույթի հարուցումը կարող է մերժվել նաեւ այն դեպքում, երբ կարգապահական վարույթ հարուցող մարմինը տեղեկանում է նույն կարգապահական խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմնի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում ավելի շուտ կայացրած լինելու մասին:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում կարգապահական վարույթ հարուցող մարմինը կարող է գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պահանջել հաղորդումը ներկայացրած անձանցից:

9. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին, համապատասխան դատավորին եւ կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմնին:

Հոդված 143. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման ընթացքը

1. Հարուցված կարգապահական վարույթի տեւողությունը չի կարող 6  շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատավորի բացակայության դեպքերի: Կարգապահական վարույթի տեւողությունը կարող է երկարաձգվել դատավորի բացակայության ժամանակահատվածով:

2. Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում վարույթ հարուցող մարմինն իրավունք ունի՝

1) դատարանից պահանջել եւ ուսումնասիրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.

2) դատարանում ծանոթանալ քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռեւս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ.

3) դատավորին առաջարկել ներկայացնել գրավոր բացատրություններ.

4) կանչել եւ լսել վկաների.

5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից եւ պաշտոնատար անձանցից պահանջելեւ ստանալ նյութեր.

6) դիմելու կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացած հաղորդում ներկայացրած անձին` լրացուցիչ պարզաբանումներ տալու առաջարկությամբ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք պարտավոր են տալ պարզաբանումներ:

3. Դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի՝

1) ներկայացնել գրավոր բացատրություններ.

2) ծանոթանալ կարգապահական վարույթ հարուցող մարմնում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները.

3) կարգապահական վարույթ հարուցող մարմնի կողմից իրականացվող քննարկումներին մասնակցել՝ հանդես գալով անձամբ կամ փաստաբանի միջոցով, հարցեր տալ ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնել, բացատրություններ տալ եւ միջնորդություններ անել.

4) ներկայացնել ապացույցներ եւ մասնակցել դրանց հետազոտմանը.

4. Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցող մարմինը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

1) կարգապահական վարույթը կարճելու մասին.

2) կարգապահական վարույթը կասեցնելու մասին.

3) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:

5. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի հարուցման վարույթը այն դեպքում, երբ՝

1) առկա չեն հիմքեր կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու համար.

2) նույն կարգապահական խախտման հիմքով ավելի վաղ հարուցված կարգապահական վարույթով կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին.

3) դադարեցվել կամ դադարել են նրա լիազորությունները:

6. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը կասեցնում է հարուցված կարգապահական վարույթը նույն կարգապահական խախտման հիմքով ավելի վաղ հարուցված կարգապահական վարույթի հարուցման մասին տեղեկանալու դեպքում մինչեւ այդ հարցի լուծումը: Կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմնի կողմից գործի վարույթը կարճելու դեպքում, կարգապահական պատասխանատվության բավարար հիմքերի առկայության դեպքում, կարգապահական վարույթ հարուցող մարմինը վերսկսում է կասեցված կարգապահական վարույթը:

7. Կարգապահական վարույթը կարճելու մասին կարգապահական վարույթ հարուցող մարմինները փոխադարձաբար տեղեկացնում են միմյանց: Վարույթ հարուցողը իր կողմից կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց հետո չի կարող նույն հիմքով կրկին վարույթ հարուցել:

8. Վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները եւ այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «ծառայողական» դրոշմագրով:

Հոդված 144. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին կարգապահական վարույթ հարուցող մարմինը  միջնորդություն է ներկայացնում Բարձրագույն դատական խորհրդին՝ դրան կցելով կարգապահական խախտման մասին եզրակացությունը:

2. Կարգապահական խախտման մասին եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

3. Ներածական մասը բովանդակում է կարգապահական վարույթ հարուցողի անվանումը, դատավորի եւ նրան ներկայացուցչի անունը, ազգանունը:

4. Նկարագրական-պատճառաբանական մասում կարգապահական վարույթ հարուցողը շարադրում է դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարքը, այդ արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկությունները, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում` կատարված արարքում դատավորի մեղքի առկայությունը եւ դրա տեսակը, դատավորին բնութագրող հանգամանքները, նրա մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները եւ այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները:

5. Եզրափակիչ մասում շարադրվում են կարգապահական խախտման տեսակը եւ դրա ձեւակերպումը` նշելով կիրառման ենթակա կարգապահական տույժի միջոցը։

6. Նույն դատավորի կողմից մի քանի կարգապահական խախտում կատարելու դեպքում, դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության առավել խիստ կարգապահական տույժի ենթակա խախտման կատարման համար:

7. Կարգապահական վարույթ հարուցողը ստորագրում է կարգապահական խախտման մասին եզրակացությունը` նշելով այն կազմելու ամիս, ամսաթիվը եւ տարեթիվը:

8. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը կարգապահական խախտման մասին եզրակացության հետ մեկտեղ  կցվում են կարգապահական պատասխանատվության հարուցման վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը:

9.   Մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը եւ կից նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալու այն դատավորը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորին կարգապահական խախտման մասին եզրակացությունը եւ նյութերը հանձնվում են ոչ ուշ քան հարուցված կարգապահական վարույթի տեւողության համար սահմանված ժամկետից երկու շաբաթ առաջ: Նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն, լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին: Վարույթ հարուցած անձը դատավորի լրացուցիչ բացատրությունների կամ լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին միջնորդության հիման վրա իրավունք ունի փոխելու իր եզրակացությունը, եթե դա չի վատթարացնում դատավորի վիճակը:

10. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով կարգապահական խախտման մասին եզրակացությունը փոփոխելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը լրացուցիչ ապացույցներ կցելու դեպքում դրանք մեկ օրվա ընթացքում ուղարկվում են դատավորին։

11.Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը  Բարձրագույն դատական խորհրդին ուղարկելու պահից վարույթ հարուցած մարմինը այն չի կարող հետ վերցնել:

12. Կարգապահական վարույթի նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի Բարձրագույն դատական խորհրդին ուղարկելու պատասխան: Դատավորի կողմից պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Բարձրագույն դատական  խորհրդում նրա նկատմամբ կարգապահական գործի քննությանը:

Հոդված 145. Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:

2. Նախազգուշացումը կիրառվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից նվազ ծանրության ճանաչված կարգապահական խախտման համար, եթե դատավորը չունի տույժ:

3. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում, ի թիվս այլնի, խախտման հետեւանքները, դատավորի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, դատավորին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

4. Եթե խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, նկատողություն ստանալու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

Հոդված 146. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը գործում է որպես դատարան:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով, օրենքով պահպանվող այլ տեղեկությունների պահպանության համար:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ինքնաբացարկ հայտնել:

4. Կարգապահական վարույթ հարուցած մարմինը, դատավորը եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են Բարձրագույն դատական խորհրդի անդամին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել:

5. Բարձրագույն դատական խորհուրդը, քննարկելով խորհրդի անդամի ինքնաբացարկի հարցը, սույն օրենսգրքով սահմանված ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում, որոշում է կայացնում Բարձրագույն դատական խորհրդի անդամին ինքնաբացարկ հայտնելու մասին: Բարձրագույն դատական խորհրդի այդ անդամը չի կարող մասնակցել տվյալ գործով նիստին եւ քվեարկել:

6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Բարձրագույն դատական խորհրդի  նիստում դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը Բարձրագույն դատական խորհրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից մեկ ամսվա ժամկետում:

Հոդված 147. Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը

1. Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննությունը սկսվում է հարցի էության եւ կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է արդարադատության նախարարը, ապա վերջինս պարտավոր է ներկա գտնվել Բարձրագույն դատական խորհրդի  նիստին եւ իրավունք ունի հանդես գալու անձամբ կամ աշխատակցի միջոցով: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ զեկուցում է դրա անդամներից մեկը:

2. Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհրդին ուղարկելուց հետո կարգապահական վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք մեղմացնում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է դրա մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

3. Բարձրագույն դատական խորհրդում վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո խորհուրդը լսում է այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորը Բարձրագույն դատական խորհրդում բացատրություն է տալիս կարգապահական խախտման մասին եզրակացության մեջ արտացոլված յուրաքանչյուր խախտման վերաբերյալ: Նա կարող է ժխտել իր կողմից կարգապահական խախտում համարվող արարքի կատարման փաստը, վիճարկել արարքի որակումը` որպես կարգապահական խախտում, կամ վերոհիշյալ երկուսը միաժամանակ: Եթե դատավորը չի վիճարկում կարգապահական խախտման փաստի առկայությունը եւ համաձայնվում է տվյալ արարքի որակմանը՝ որպես կարգապահական խախտում, ապա Բարձրագույն դատական խորհուրդն անմիջապես անցնում է դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հարցի քննարկմանը:

4. Եթե դատավորը վիճարկում է իր կողմից կարգապահական խախտում կատարելու փաստը, ապա նրա բացատրությունները լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է վարույթի նյութերի եւ ապացույցների հետազոտմանը:

5.   Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի նաեւ իր նախաձեռնությամբ նիստին հրավիրելու ու հարցաքննելու վկաների: Վկաների չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վկային բերման ենթարկելու մասին որոշում կայացնելու:

6. Բարձրագույն դատական խորհուրդը գործով հրավիրված վկաներին նախազգուշացնում է վկայություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ վկայություն տալու, իսկ փորձագետին` եզրակացություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

7.   Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի նաեւ իր նախաձեռնությամբ ապացույցներ պահանջելու:

8. Գործի նյութերի ուսումնասիրությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց եզրափակիչ ելույթները, որից հետո նիստը հայտարարվում է ավարտված:

9. Բարձրագույն դատական խորհուրդը քվեարկության է դնում կարգապահական խախտման առկայության եւ կարգապահական տույժի տեսակի հարցերը:

Հոդված 148. Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության սահմանները

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորի նկատմամբ եւ միայն այն կարգապահական խախտման սահմաններում, որով կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին:

Հոդված 149. Դատավորի իրավունքները եւ պարտականությունները Բարձրագույն դատական  խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս

1. Դատավորն իրավունք ունի`

1) ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները.

2) հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու եւ միջնորդություններ անելու.

3) ապացույցներ ներկայացնելու եւ մասնակցելու դրանց հետազոտմանը.

4) մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ, ինչպես նաեւ փաստաբանի միջոցով:

2. Դատավորի փաստաբանը բոլոր դեպքերում իրավունք ունի մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդում տվյալ դատավորի վերաբերյալ հարցի քննարկմանը եւ օգտվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից:

3. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորն օգտվում է Սահմանադրության 61-րդ հոդվածով եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքներից:

4. Բարձրագույն դատական խորհրդի կանչին դատավորի անհարգելի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն իրավունք ունի քննելու դատավորի բացակայությամբ:

Հոդված 150. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը

1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակներում, անգամ եթե նույն դատավորը կատարել է մի քանի կարգապահական խախտում, Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է մեկ որոշում:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի անդամների   2/3-րդի ներկայության դեպքում:

3. Որոշումն ընդունվում է միայն Բարձրագույն դատական դատական խորհրդի անդամների ներկայությամբ:  Որոշումն ընդունվում է Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների փակ քվեարկությամբ՝ ձայների առնվազն 2/3-րդով:

4. Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում ընդունելու համար քննարկված հարցերը, խորհրդի անդամների կողմից արտահայտված դիրքորոշումը եւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո, բացառությամբ խորհրդի անդամի կողմից արտահայտված դիրքորոշման շրջանակներում խորհրդի անդամի կողմից ներկայացված հատուկ կարծիքի դեպքի:

5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը.

1) դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.

2) գործի վարույթը կարճելու մասին:

Հոդված 151. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը կարճելու հիմքերը

1. Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը այն դեպքում, երբ՝

1) հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը.

2) վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.

3) դադարեցվել կամ դադարել են նրա լիազորությունները:

Հոդված 152. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը ներկայացվող պահանջները եւ որոշման հրապարակումը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշումը  բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման ներածական մասում նշվում է`

1) Բարձրագույն դատական խորհրդի անվանումը եւ կազմը.

2) Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության վայրը եւ ժամանակը.

3) այն դատավորի անունը, ազգանունը եւ պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ.

4) վարույթը հարուցած անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը.

5) գործին մասնակցող անձանց անուն, ազգանունը.

3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում է`

1) կարգապահական խախտման մասին եզրակացության բովանդակությունը,

2) գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները,

3) վարույթը հարուցած անձի կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում նրա ներկայացուցչի դիրքորոշումը.

4) այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել.

5) այն անձանց բացատրությունները, ցուցմունքները, որոնք հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի նիստին.

6) կարգապահական խախտման եւ դատավորի մեղավորության մասին դատարանի հետեւությունները, դատավորի անձը բնութագրող հանգամանքները.

7) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետեւությունները, ինչպես նաեւ այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.

8) օրենքի այն նորմերը, որոնցով Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարվել է որոշում ընդունելիս:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասում նշվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը:

5. Գործի քննությունը ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է որոշման հրապարակման օրը, վայրը եւ ժամը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կազմվում եւ հրապարակվում է գործի քննությունն ավարտված հայտարարելուց  հետո` 15 օրվա ընթացքում:

6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը Բարձրագույն դատական խորհրդի որոշման հետ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում եւ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

8. Կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորը համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով:

9. Որոշումը հրապարակվելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է կարգապահական վարույթ հարուցած մարմնին եւ դատավորին:

10. Բարձրագույն դատական խորհրդի որոշումները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» եւ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 153. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների վերանայումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով

1. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր որոշումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով:

2. Նոր երեւան եկած հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե`

1) Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.                                                                         2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված որոշում կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ կարգապահական վարույթին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված որոշում կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի կողմից:

3. Նոր հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե`

1) Սահմանադրական դատարանը տվյալ գործով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը հակասող եւ անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.                                                                                                                                    2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է դատավորի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

3) վարչական դատարանը ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչել այն նորմատիվ իրավական ակտը, որի հիման վրա կայացվել է տվյալ որոշումը:

4. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, եթե Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել  քսան տարի:

5. Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու միջնորդությունը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ այն դատավորի կողմից, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:

6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է միջնորդությունը ներկայացրած անձը:

7. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

8. Բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը ուժը կորցրած է ճանաչում իր որոշումը եւ կայացնում է նոր որոշում:

Հոդված 154. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը

1. էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որեւէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:

2. Եթե քննարկումից հետո էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ առկա են կարգապահական պատասխանատվության ենթարկելու բավարար հիմքեր, ապա հարուցում է կարգապահական վարույթ:

3. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դատավորների թեկնածուների ցուցակից անձին հանել:

4. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:

ԳԼՈՒԽ  19

ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 155. Դատավորի լիազորությունների դադարեցումը

1. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե`

1) նա խախտել է սույն օրենսգրքով սահմանված անհամատեղելիության պահանջները.

2) զբաղվել է քաղաքական գործունեությամբ.

3) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով նա ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում ի վիճակի չի եղել կատարելու իր պաշտոնեական պարտականությունները.

4) նշանակումից հետո ձեռք է բերել  դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

5) կատարել է էական կարգապահական խախտում.

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահը այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին:

3. Եթե առերեւույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է արդարադատության նախարարին` դատավորի բժշկական զննությունը իրավասու մարմնի միջոցով կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե կարգապահական վարույթի ընթացքում հիմնավորվում է դատավորի կողմից էական կարգապահական խախտում կատարելու փաստը:

5. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավորված չի համարում էական կարգապահական խախտում կատարելու մասին եզրակացությունը, սակայն դատավորին վերագրվող արարքում առկա են կարգապահական խախտման հատկանիշներ, ապա կիրառում  է կարգապահական տույժ:

6. Էական կարգապահական խախտում է համարվում՝

1) սույն օրենսգրքով սահմանված կարգապահական խախտումները այն դատավորի կողմից կատարելը, ով կարգապահական խախտումները դիտավորությամբ կատարելու համար երկու նկատողություն կամ խիստ նկատողության ունի.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգապահական խախտումները այն դատավորի կողմից կատարելը, ով կարգապահական խախտումները կոպիտ անփութությամբ կատարելու համար երեք նկատողություն կամ խիստ նկատողության ունի.

3)   դատավորի կողմից այնպիսի արարքներ կատարելը, որով հեղինակազրկվում է դատական իշխանությունը կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

7. Դատավորի լիազորությունները դադարեցնելու սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ հիմքերով  դատավորի լիազորությունների դադարեցման վարույթի ընթացքի եւ որոշումների ընդունման կարգի, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերանայման նկատմամբ կիրառվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի նորմերը:

8. Դատավորի լիազորությունների դադարեցման հարցի քննարկման արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը ընդունում է որոշում դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ գործի վարույթը կարճելու մասին:

9.    Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է դատավորի լիազորությունների դադարեցման վարույթը, եթե՝

1) դատավորի լիազորությունների դադարեցման հիմքը հիմնավորված չէ,

2) դատավորի լիազորությունները դադարել են:

10. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով ուժը կորցրած է ճանաչում դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Մինչեւ վերականգնումը նշանակում կատարված լինելու եւ տվյալ դատարանում դատավորի թափուր այլ հաստիք չլինելու դեպքում վերականգնված դատավորը ձեռք է բերում կրճատված դատավորի կարգավիճակ:

ԳԼՈՒԽ 20

ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 156. Դատավորի լիազորությունների դադարումը

1. Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավորի լիազորությունները դադարում է, եթե`

1) նա հրաժարական է ներկայացնում.

2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ,  անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն,

5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած, մեղադրական դատավճիռ կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով,

6) նա մահացել է:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է հրաժարական ներկայացնելու կամ մահվան օրը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու հաջորդ oրվանից:

7. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է դատարանի համապատասխան վճիռը, դատավճիռը կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

8. Սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հաջորդ oրվանից:

9. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով ուժը կորցրած է ճանաչում դատավորի լիազորությունների դադարման մասին որոշումը, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն ընդունված դատարանի համապատասխան վճիռը, դատավճիռը կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները վերացվելու դեպքերում, որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Մինչեւ վերականգնումը նշանակում կատարված լինելու եւ տվյալ դատարանում դատավորի թափուր այլ հաստիք չլինելու դեպքում վերականգնված դատավորը ձեռք է բերում կրճատված դատավորի կարգավիճակ:

ԳԼՈՒԽ 21

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 157. Գնահատման հանձնաժողովի որոշումների վերաբերյալ բողոքի քննության կարգը Բարձրագույն դատական խորհրդում

1. Գնահատման հանձնաժողովի որոշումների վերաբերյալ բողոքները քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

2. Գնահատման հանձնաժողովի որոշումների վերաբերյալ բողոքների քննությունն իրականացվում  է գրավոր ընթացակարգով:

3. Բողոք բերող դատավորը բողոքը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու հետ միաժամանակ դրա պատճենը ներկայացնում է գնահատման հանձնաժողովին: Բողոքին կցվում է դրա պատճենը գնահատման հանձնաժողովին ուղարկելը հավաստող փաստաթուղթ:

4. Գնահատման հանձնաժողովը բողոքի պատճենը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում բողոք բերած դատավորի գործունեության գնահատման վերաբերյալ գործը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ: Գնահատման հանձնաժողովն իրավունք ունի նաեւ բողոքը ստանալու պահից եռօրյա ժամկետում ներկայացնելու պատասխան:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամը հարցի քննության վերաբերյալ կարող է ինքնաբացարկ հայտնել: Դատավորը, գնահատման հանձնաժողովի նախագահը կամ նրա լիազորությամբ գործող անձը եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են Բարձրագույն դատական խորհրդի անդամին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին կամ նիստը նախագահողին: Ինքնաբացարկ հայտնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի տվյալ անդամը չի կարող մասնակցել տվյալ գործով նիստին եւ քվեարկել:

6. Գնահատման հանձնաժողովի որոշումների վերաբերյալ բողոքները Բարձրագույն դատական խորհրդը քննում է բողոք բերած դատավորի գնահատման վերաբերյալ գործը ստանալու պահից 10 օրյա ժամկետում:

7. Գնահատման հանձնաժողովի որոշումների բողոքարկման գործով Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են: Նիստերն անցկացվում են դռնփակ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության, ինչպես նաեւ օրենքով պահպանվող տեղեկությունների պաշտպանության համար:

8. Բարձրագույն դատական խորհրդի նիստը բացելուց հետո նիստը նախագահողը  ներկայացնում է բողոքի, իսկ պատասխան ներկայացված լինելու դեպքում նաեւ պատասխանի համառոտ բովանդակությունը, որից հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է գործի նյութերի եւ ապացույցների հետազոտմանը:

9. Անհրաժեշտության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը  կարող է նիստին ներգրավել եւ լսել բողոք բերած դատավորին եւ գնահատման հանձնաժողովին:

10. Բարձրագույն դատական խորհրդում գնահատող հանձնաժողովի անունից հանդես է գալիս գնահատման հանձնաժողովի նախագահը կամ նրա կողմից լիազորված գնահատման հանձնաժողովի որեւէ անդամ: Բարձրագույն դատական խորհրդի պահանջով նիստին մասնակցում են գնահատման հանձնաժողովի մյուս անդամները:

11. Գործի քննության ընթացքում դատավորը եւ գնահատման հանձնաժողովի ներկայացուցիչը օգտվում են սույն օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներից:

Հոդված 158. Գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ բերված բողոքների քննության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները

1. Գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ բերված բողոքների վերաբերյալ գործի քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը՝

1) բողոքը բավարարելու եւ գնահատման հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու.

2) բողոքը մերժելու.

3) գործի վարույթը կարճելու մասին:

2. Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ բերված բողոքի քննության վերաբերյալ գործը, եթե՝

1) մինչեւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում կայացնելը դատավորը հետ է վերցրել բողոքը.

2) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները:

3. Գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ բերված բողոքների վերաբերյալ գործով Բարձրագույն դատական խորհրդի որոշումը  բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

4. Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ նշվում է`

1) Բարձրագույն դատական խորհրդի անվանումը եւ կազմը.

2) Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության վայրը եւ ժամանակը.

3) բողոք բերած դատավորի անունը, ազգանունը եւ պաշտոնը.

4) գնահատման հանձնաժողովի ներկայացուցչի անունը ազգանունը եւ պաշտոնը.

5) գործին մասնակցող այլ անձանց անուն, ազգանունը եւ գործի քննության ընթացքում նրանց կարգավիճակը.

6) գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

7) բողոքի եւ պատասխանի բովանդակությունը.

8) այն անձանց բացատրությունները, ցուցմունքները, որոնք հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի նիստին.

9) Բարձրագույն դատական խորհրդի հետեւությունները.

10) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետեւությունները, ինչպես նաեւ այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.

11) օրենքի այն նորմերը, որոնցով Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարվել է որոշում ընդունելիս:

12) Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասում նշվում է ընդունված որոշման շարադրանքը:

5. Գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ բերված բողոքների քննության արդյունքների մասին որոշումն ընդունվում է գործի քննությունն ավարտելուց հետո 5 օրվա ընթացքում:

6. Որոշում կայացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք: Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում ընդունելու համար քննարկված հարցերը, խորհրդի անդամների կողմից արտահայտված դիրքորոշումը եւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո, բացառությամբ խորհրդի անդամի կողմից արտահայտված դիրքորոշման շրջանակներում խորհրդի անդամի կողմից ներկայացված հատուկ կարծիքի:

7. Գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ բերված բողոքների վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումն ընդունվելուց հետո  եռօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմն այն հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ որոշման պատճենը ուղարկում է բողոք բերած դատավորին ու գնահատման հանձնաժողովին:

ԳԼՈՒԽ 22

ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Հոդված 159. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին առաջարկը

1. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը  անհապաղ հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նիստ:

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի դիմումի մուտքագրման հաջորդ օրը:

5. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում՝ ողջամտորեն խուսափելով նիստն ընդմիջելուց կամ հետաձգելուց:

6. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը չի նշանակում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերի առկայության հաստատում եւ չի կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:

7. Բարձրագույն դատական խորհրդին երկրորդ անգամ նույն հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ առաջարկություն չի կարող արվել:

8. Եթե դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանքի ծավալի այնպիսի փոփոխման անհրաժեշտություն է առաջացել, որը վատթարացնում է կամ կարող է վատթարացնել դատավորի վիճակը, ապա դա կարող է իրականացվել միայն սույն հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ:

Հոդված 160. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու դեպքում դատավորի լիազորությունների կասեցումը

1. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից դատավորի լիազորությունները համարվում են կասեցված` նախաքննության եւ դատաքննության ժամկետով:

2. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:

Հոդված 161. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննության եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման կայացման կարգը

1. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննությունն իրականացվում է դռնփակ ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորի պահանջով այն իրականացվում է դռնբաց ընթացակարգով:

2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը պարտավոր է ներկա գտնվել Բարձրագույն դատական խորհրդի նիստին եւ անձամբ ներկայացնել իր դիրքորոշումը:

3. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին առաջարկի քննության ժամանակ դատավորն իրավունք ունի ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող  նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու եւ միջնորդություններ անելու, մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ կամ փաստաբանի միջոցով:

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննության ժամանակ դատավորի փաստաբանը բոլոր դեպքերում իրավունք ունի մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդում տվյալ դատավորի վերաբերյալ հարցի քննարկման:

5. Փաստաբանը բոլոր դեպքերում իրավունք ունի ծանոթանալու հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները՝ բացառությամբ նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների. հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու եւ միջնորդություններ անելու,  ապացույցներ ներկայացնելու եւ մասնակցելու դրանց հետազոտմանը:

6. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննության ժամանակ դատավորն իրավունք ունի բացատրություն տալ Բարձրագույն դատական խորհրդին:

7. Դատավորին ազատությունից զրկելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ապահովում է դատավորի մասնակցությունը Բարձրագույն դատական խորհրդի նիստին:

8. Բարձրագույն դատական խորհրդի նիստին դատավորի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցն իրավունք ունի քննելու դատավորի բացակայությամբ:

9. Դատավորի կողմից հարգելի պատճառով Բարձրագույն դատական խորհրդի նիստին դատավորի չներկայանալու Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավորի օրինական շահերը ներկայացնելու համար ներգրավում է հանրային պաշտպան, բացառությամբ այն դեպքի, երբ դատավորը հայտարարել են հանրային պաշտպանից հրաժարվելու մասին, որն ընդունել է Բարձրագույն դատական խորհուրդը:

10. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության արդյունքում կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

1) դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին,

2) դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալը մերժելու մասին,

3) դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին,

4) դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին.

11.  Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն կամ դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին որոշում կայացնելու պահից դատավորը անհապաղ ազատ է արձակվում:

12. Բարձրագույն դատական խորհրդի որոշումները ընդունվում են դատավորին կարգապահական պատասխանատվություն ենթարկելու համար որոշում կայացնելու համար սահմանված կանոններով:

13. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
 

ԳԼՈՒԽ 22.

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 162. Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, առաջին ատյանի դատարանների բնականոն գործունեության ապահովումը

1. Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով եւ օրենքներով Վճռաբեկ դատարանին, վերաքննիչ դատարաններին, առաջին ատյանի դատարաններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման նպատակով նշված դատարաններում ստեղծվում են աշխատակազմեր:

2. Դատարանի աշխատակազմի հիմնադիրն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս համապատասխան դատարանի նախագահը:

3. Դատարանի աշխատակազմի ղեկավարին նշանակում է դատարանի նախագահը:

4. Դատարանի աշխատակազմի իրավական վիճակը եւ գործունության կարգը սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:

5. Դատարանի աշխատակազմի կառուցվածքը, կանոնադրությունը եւ դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է դատարանի նախագահը:

ԳԼՈՒԽ 23

ԵԶՐԱՓԱԿԻՉ եւ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 163. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտնում  ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի՝ սույն օրենսգրքով սահմանված կազմավորման դրույթների:

2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Նօրենքը:

3. Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը:

4. Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի ձեւավորվման նպատակով Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ հրավիրվում է Ընդհանուր ժողովի նիստ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության նպատակով:

5. Ընդհանուր ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու համար համապատասխան թեկնածուները ինքնաառաջադրվում են ոչ ուշ, քան Ընդհանուր ժողովի նիստի գումարից քսան օր առաջ:

6. Ընդհանուր ժողովը ընտրում է ինքնաառաջադրման կարգով առաջադրված թեկնածուներին՝ հաշվի առնելով սույն օրենսգրքով սահմանված՝ Ընդհանուր ժողովի կողմից իրականացվող ընտրությանը ներկայացվող պահանջները:

7. Ազգային ժողովի եւ Ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ամբողջական կազմը համալրվելուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը:

8. Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստում քննարկվում է Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից խորհրդի նախագահի ընտրության հարցը, որի ընթացքում քվեարկվում են խորհրդի բոլոր անդամները:

9. Ազգային ժողովը եւ Ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեքական անդամների ընտրում են հինգ, իսկ երկուական անդամների` երեք տարի ժամկետով:

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

06.12.2015 թվականին իրականացված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխով առանձին կարգավորում ստացան  դատարանների եւ Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված հարցերը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասով արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է եւ ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Դեռեւս Հայաստանի Հանրապետության Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ընդգծվում էր այն, որ իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սահմանադրական համակարգում դատական իշխանությունը գլխավորապես ունի հավասարակշռող կամ կայունացնող դեր։

Հայաստանի Հանրապետությունում իրականացված սահմանադրական բարեփոխումների առանցքային նպատակներից է մշտապես դիտարկվել իրավական պետության ձեւավորման գործում էական դերակատարում ունեցող իրավունքի գերակայության սկզբունքի հետեւողական իրացումը: Այս առումով իր ուրույն տեղն է գրավում իշխանության այլ ճյուղերի նկատմամբ հակակշռող կամ կայունացնող գործառույթ իրականացնող դատական իշխանությունը:

Նման առաքելության իրացման առաջնային նախադրյալը ոչ իրավաչափ ցանկացած ներգործությունից կամ միջամտությունից դատական իշխանության պաշտպանվածությունն է՝ դրա անկախության տեսքով։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով շեշտադրվում էր այն հանգամանքը, որ միայն գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անհրաժեշտ ու բավարար անկախությամբ օժտված դատական իշխանությունը կարող է երկրում իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության եւ արդար դատաքննության երաշխավոր հանդիսանալ։

Բացի այդ, որպես սահմանադրական բարեփոխումների առաջնահերթ հայեցակարգային խնդիր առանձնացվում էր անկախ, ինքնուրույն եւ օրենքի առջեւ հաշվետու դատական իշխանության կայացումը:

Սահմանադրական բարեփոխումների գլխավոր առանձնահատկությունը ր նրանում էր, որ դատական իշխանության գործառութային ամբողջականությունն ապահովելու համար դատական իշխանության առաքելությունը, հիմնական գործառույթները, այն մարմնավորող կառույցների կազմակերպման եւ գործունեության հիմքերն ստացան սահմանադրական ամրագրում:

Հաշվի առնելով դատական իշխանության դեմ ծառացած խնդիրները եւ դրանց լուծման կարեւորությունը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջին հերթին սահմանադրորեն ամրագրվեցին դատական իշխանության գործառութային ամբողջականությունը երաշխավորող անհրաժեշտ ու բավարար նախադրյալները, որոնք, դատավարական եւ դատարանակազմական ընդհանուր սկզբունքներից ելնելով, հիմք են ծառայում նաեւ դատական իշխանության մարմինների համակարգի ձեւավորման համար։

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում, ի թիվս այլ փոփոխությունների, էապես փոխվեց դատավորի կարգավիճակը, դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները, դատավորների ընտրության եւ նշանակման կարգը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կարգավիճակը:

Դատարանների եւ դատավորների անկախությունը երաշխավորելու նպատակով սահմանադրական մակարդակով ամրագրվեցին Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ պետական մարմնի կազմը եւ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգը, վերջինիս լիազորությունները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 214-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվեց, որ Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածով ամրագրվեց, որ  Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ վարչական դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Դատավորի կարգավիճակի նվիրված Հայաստանի Հանրապետության սահմանադրության 164-րդ հոդվածում ամրագրվեց նոր իրավակարգավորում այն մասին, որ դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվեցին երաշխիքներ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ինստիտուտի կապակցությամբ՝ մասնավորապես հստակ ամրագրվեց, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ, իսկ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորը առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվեց, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքով: Բացի այդ, նույն հոդվածի 11-րդ մասով սահմանվեց, որ  Դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով, իսկ  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 165-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն  դատավորների թեկնածուների համար Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

Փոփոխության ենթարկվեց նաեւ դատավորների ընտրության եւ նշանակման կարգը: Մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածով նախատեսվեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվեց, որ դատավորների ընտրությանը եւ նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքով:

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում էապես փոխվեց նաեւ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի կարգավիճակը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 171-րդ հոդվածով վերջինիս վերապահվեց ոչ միայն օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման, այլ  մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումների վերացման գործառույթը:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածով որպես անկախ պետական մարմին նախատեսվեց Բարձրագույն դատական խորհուրդը, որին վերապահվեց դատարանների եւ դատավորների անկախության երաշխավորման գործառույթ: Սահմանադրությամբ կարգավորվեցին նաեւ Բարձրագույն դատական խորհրդի կազմի եւ կազմավորման հետ կապված հարցերը, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  174-րդ հոդվածի 8-րդ մասով եւ 175-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվեց, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները, Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Հայաստանի Հանրապետության գործող դատական կարգավորում է դատական իշխանության կազմակերպման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները այնքանով, որքանով դրանք չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին: Միաժամանակ, օրենսգրքի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանում առկա են դատավարական (ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելու, վերաքննիչ բողոք բերելու ժամկետներ եւ այլն նորմեր), ինչպես նաեւ դատական ծառայողների, դատական կարգադրիչների եւ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմի` հաշտարարության վերաբերյալ բավականին ծավալուն կարգավորումներ:

Հաշվի առնելով գործող դատական օրենսգրքի իրավակարգավորումները եւ սահմանադրական օրենքների իրենց կարգավորման առարկայից դուրս չգալու սահմանադրական պահանջը` դատական օրենսգրքի նախագծում պետք է տեղ չգտնեն ինչպես դատական ծառայողների եւ հաշտարարության վերաբերյալ կարգավորումներ, այնպես էլ դատավարական (ընթացակարգային) նորմեր: Ընդ որում, նախագծում դատավարական նորմերի ամրագրումը բացառելու պահանջը բխում է ոչ միայն վկայակոչված սահմանադրական հիմնադրույթից, այլեւ դատավարական իրավունքի առանձին ճյուղերին բնորոշ առանձնահատկությունները նախագծում հստակ եւ սպառիչ կարգավորելու անհնարինությամբ:

Այս եւ համանման այլ հարցերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ որդեգրված նոր մոտեցումները պահանջում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով կարգավորել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դատական օրենսգրքի կարգավորման առարկա հանդիսացող հարցերի շրջանակը, ինչպես նաեւ նախատեսել նոր իրավակարգավորումներ այն ինստիտուտների կապակցությամբ, որոնք փոփոխության են ենթարկվել Սահմանադրական բարեփոխումների արդյունքում:

Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) բաղկացած է 23 գլուխներից: Նախագծի 1-ին գլխով կարգավորվել են օրենքի կարգավորման առարկայի, դատական իշխանության համակարգի, դատական իրավասության սահմանների հետ կապված հարցերը, ինչի արդյունքում ուրվագծվել են Նախագծի կարգավորման առարկան, տարանջատվել են առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները, մասնագիտացված դատարանները, կարգավորում են ստացել այլ հարցեր:

Նախագծի 2-րդ գլխով կարգավորվել են դատական իշխանության կազմակերպման եւ գործունեության այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են դատական իշխանության իրականացումը օրենքին համապատասխան, դատական իշխանության անկախությունը եւ ինքնավարությունը, սահմանվել է դատական նիստերի հրապարակայնության պահանջը՝  նախատեսելով, որ դատական նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, վարույթի մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում դատական նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին, կարգավորում են ստացել  դատավարության լեզվի, դատական իշխանության պաշտոնական կայքի, դատական վիճակագրության վարման հետ կապված եւ այլ հարցեր:

Նախագծի 3-րդ գլխով  որպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ենթակա գործեր առանձնացվել են բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի, սահմանվել է նաեւ, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ, նախատեսվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործող քաղաքացիական եւ քրեական մասնագիտացման դատավորներ եւ համապատասխանաբար քաղաքացիական մասնագիտացման դատավորներից նշանակվող սնանկության գործեր քննող դատավորներ, իսկ քրեական մասնագիտացման դատավորներից՝ անչափահասների վերաբերյալ գործեր քննող եւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորներ:

 Վերջիններիս նշանակման գործառույթը վերապահվել է Բարձրագույն դատական խորհրդին: Նախագծի 3-րդ գլխով  կարգավորվել են նաեւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների, դատավորների թվակազմի եւ նստավայրերի հետ կապված հարցերը:

Նախագծի 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գլուխներով կարգավորվել են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, Վերաքննիչ դատարանի եւ Վճռաբեկ դատարանի, դատարանների եւ վճռաբեկ դատարանի պալատների նախագահների հետ կապված հարցրերը: Մասնավորապես, սահմանվել է, որ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով  նախատեսված գործերը, սահմանվել է, որ վերաքննիչ դատարանները իրենց իրավասության սահմաններում վերանայում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ վարչական դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայվում են օրենքով  նախատեսված դեպքերում:

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի հետ կապված փոփոխությունները՝ նախատեսվել է, որ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով` ապահովում է օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը,  վերացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները:  Նախագծով նախատեսվել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գործող երկու պալատների փոխարեն գործելու են երեք պալատ՝ քրեական պալատ, քաղաքացիական պալատ եւ վարչական պալատ: Սահմանվել են առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունների հիմնական շրջանակը:

Նախագծի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ գլուխներով կարգավորվել են դատարանների ֆինանսավորման, դատարաններում գործերի բաշխման եւ դատավորի կարգավիճակի հետ կապված հարցերը: Մասնավորապես, սահմանվել են դատավորների ապաքաղաքականացվածության հիմնական դրույթները, սահմանվել են այն դեպքերը, երբ դատավորը կարող է զբաղեցնել ոչ առեւտրային կազմակերպությունում պաշտոն, նախատեսվել է դատավորի մերձավոր ազգականների հստակ շրջանակը, ամրագրվել են դատավորներ անձեռնմխելիության, անփոփոխելիության ապահովման երաշխիքները:

Նախագծի 11-րդ գլխով մանրամասն կարգավորվել են դատավորների վարքագծի կանոնները՝ հիմք ընդունելով «Դատավորի պրոֆեսիոնալ վարքագծի, մասնավորապես`  էթիկայի նորմերի, դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի վարքագծի եւ անաչառության սկզբունքների մասին» Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 եզրակացությունը (ընդունված 2002 թվականի նոյեմբերի 19-ին) եւ Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները (ընդունված 2002 թվականի նոյեմբերի 26-ին): Մասնավորապես, հստակ տարանջատում է դրվել դատավորի վարքագծի երեք խումբ կանոնների միջեւ՝

1. Դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի ընդհանուր կանոններ,

2. Ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծի կանոններ,

3. Ոչ դատական գործունեություն իրականացնելիս դատավորի վարքագծի կանոնները.

Հստակեցվել եւ որոշակիացվել են այն վարքագծի կանոնները, որոնց պահպանումը պարտադիր է Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար: Նախատեսվել է նաեւ, որ դատավորը պարտավոր է պահանջել, որ ապահովվի  վարքագծի կանոնների պահպանումը դատարանի աշխատակազմի կամ այն անձանց  կողմից, ովքեր դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո են, իսկ վերջիններիս կողմից խախտում թույլ տալու դեպքում դրա մասին հայտնել դատական ծառայողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառող իրավասու մարմնին:

Նախագծի 11-րդ գլխով մանրամասն կարգավորվել են դատավորի ինքնաբացարկի հիմքերը, դատավորի կողմից նվերներ ընդունելու արգելքի հետ կապված հարցերը: Ընդլայնվել  է «նվեր» հասկացության շրջանակը, որի մեջ  ներառվել է նաեւ անհատույց եւ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը եւ այլն:

Նախատեսվել են դատավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի վերաբերյալ կարգավորումներ՝  սահմանելով դատավորի՝ տնտեսական ընկերությունների մասնակից (բաժնետեր) կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու լինելու արգելք  նաեւ այն պարագայում,  եթե  դատավորը կամ նրա մերձավոր ազգականները տիրապետում են ընկերության կանոնադրական կապիտալի կամ ընկերակցության բաժնեհավաք կապիտալի հիսուն տոկոսից ավելիին:

Նախագծի 12-րդ գլխով կարգավորվել են դատավորների գործունեության գնահատման հարցերը եւ որպես Դատավորների գործունեության գնահատման նպատակն առանձնացվել է միայն դատավորների առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը նպաստելը:

Նախատեսվել է, որ գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում նա չի կարող դիմել առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու կամ դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու համար՝ մինչեւ գնահատման արդյունքների հաջորդ ամփոփումը:

Նախագծի 13-րդ գլխով Դատավորների ընդհանուր ժողովը առանձնացվել է որպես դատական իշխանության ինքնակառավարման մարմին, որին վերապահվել է  դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց քննարկելու,  Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի երեք դատավորների թեկնածությունը առաջադրելու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրության իրավասություն: Նախատեսվել է, որ դատավորների ընդհանուր ժողովը ձեւավորում է էթիկայի եւ կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի եւ դատավորների գնահատման հանձնաժողովները, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի աշխատակազմը ստեղծվելու է  Դատավորների ընդհանուր ժողովին Սահմանադրությամբ եւ դատական օրենսգրքով վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման նպատակով՝ սպասարկելով Դատավորների ընդհանուր ժողովին եւ վերջինիս ձեւավորած հանձնաժողովներին, ինչի միջոցով կբացառվի այն իրավիճակը, երբ վարույթ հարուցողի անձնակազմը գործում է վարույթ քննող մարմնի հետ նույն կառույցի՝ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներսում:

Նախագծի 14-րդ եւ 15-րդ գլուխներով կարգավորվել են Բարձրագույն դատական խորհրդի կազմի, լիազորությունների եւ գործունեության հետ կախված հարցերը՝ հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում վերջինիս տրված սահմանադրաիրավական կարգավիճակը:

Հարկ է նշել, որ Եվրոպական Միության Եվրոպական Դատավորների Խորհրդատվական Խորհրդի կողմից 2007 թվականի նոյեմբերի 23-ին ներկայացված թիվ տաս  կարծիքի  համաձայն որպես Դատական խորհրդի ոչ դատավոր անդամներ պետք է ընտրվեն հեղինակավոր իրավաբանները, համալսարանների պրոֆեսորները, ովքեր ունեն երկար տարիների մասնագիտական ստաժ կամ այն քաղաքացիները, որոնք ունեն ճանաչված կարգավիճակ: Նույն կարծիքի համաձայն եւ դատավոր եւ ոչ դատավոր անդամները չպետք է լինեն ակտիվ քաղաքական գործիչներ, պառլամենտի անդամներ, գործադիր իշխանության անդամներ: Վերը նշված կարծիքի համաձայն, եթե ոչ դատավոր անդամները ընտրվում են պառլամենտի կողմից, ապա վերջիններս պետք է ընտրվեն որակյալ մեծամասնության կողմից, որը պահանջում է ընդդիմության զգալի աջակցություն, եւ պետք է հանդիսանան այնպիսի անձինք, ովքեր խորհրդի ընդհանուր կազմում կարող են ապահովել հասարակության բազմակողմանի ներկայացուցչությունը[1]:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Նախագծով սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ  ընտրվող անձի անհամատեղելիության այնպիսի պահանջներ, ինչպիսիք են օրինակ դատավոր կամ վերջին հինգ տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելը կամ վերջին հինգ տարում քաղաքական գործունեությամբ զբաղվելը:

Հարկ է նշել, որ Եվրոպական միության երկրներում Դատական խորհուրդների ոչ դատավոր անդամները  սովորաբար իրավաբանի մասնագիտություն ունեցող անձինք են: Օրինակ Բելգիայում, Բուլղարիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Մալթայում,  Իռլանդիայում, Սլովենիայում, Շվեդիայում այդպիսիք են հանդիսանում փաստաբանները, Բելգիայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Սլովենիայում ոչ դատավոր անդամները ընտրվում են իրավագիտության ֆակուլտետների պրոֆեսորների կազմից, Բելգիայում ոչ դատավոր անդամներից չորս անդամներն պետք է ունենան տաս տարվա մասնագիտական փորձ եւ բարձրագույն կամ հավասարարժեք կրթություն:[2]

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ հեղինակավոր իրավաբանները եւս դիտարկվում են որպես ոչ դատավոր անդամներ եւ վերջիններիս առաջադրվում են ոչ դատավոր անդամներին ներկայացվող նույն պահանջները:

Դրանք են հանդիսանում՝

1. Փաստաբան կամ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր հանդիսանալը,

2. Մասնագիտական գործունեությամբ զբաղվելու տեւական ժամանակահատվածը,

Նախագծով Բարձրագույն դատական խորհրդի հեղինակավոր իրավաբաններին Ազգային ժողովին առաջադրման իրավունքը վերապահվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատին, բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ մասնագիտական հասարակական կազմակերպություններին[3]:

Հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի՝  Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվող անդամների ընտրությունն իրականացնելիս համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների հնարավորինս հավասարաչափ ընդգրկում ապահովվելու հանգամանքը՝ նախատեսվել է, որ Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներն ընտրվում են ըստ հետեւյալ խմբերի՝

5) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից՝ երկու անդամ, համապատասխանաբար քաղաքացիաիրավական եւ քրեաիրավական մասնագիտացմամբ,

6) վարչական դատարանից՝ մեկ անդամ,

7) վերաքննիչ դատարանից՝ մեկ անդամ,

8) վճռաբեկ դատարանից՝ մեկ անդամ:

Նախագծով հստակ տարանջատում է դրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման եւ դադարեցման հիմքերի միջեւ, հստակ սահմանվել են այն դեպքերը, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամները չեն մասնակցում Բարձրագույն դատական խորհրդի որոշումների կայացմանը, քվեարկություններին, նիստին կամ դրա մի մասին:

Սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակը եւ մասնավորապես Սահմանադրությամբ վերջինիս վերապահված լիազորություններից զատ Բարձրագույն դատական խորհրդին վերապահվել են այնպիսի լիազորություններ, ինչպիսիք են դատարանների եւ դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող յուրաքանչյուր հարց  քննարկելը եւ իրավասու մարմիններին առաջարկություններ ներկայացնելը, դատական իշխանությանը վերաբերող՝ օրենքների եւ այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ ակտերի նախագծերի վերաբերյալ  կարծիք տալը, Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորություններն դադարեցնելը, դատարանների գործավարության կանոնները, դատավորների վերապատրաստման կարգը, զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները հաստատելը եւ այլ լիազորություններ:

Նախագծի 15-րդ գլխով նախատեսվել են այն դեպքերը, երբ Բարձրագույն դատական խորհուրդն հանդես է գալիս որպես դատարան: Մասնավորապես,  դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Նախատեսվել է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նիստերի իրավազորության հարցը՝ մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու,  դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելիս նիստն իրավազոր է խորհրդի անդամների 2/3-րդի ներկայության դեպքում:

Հարկ է նշել, որ Եվրոպական Միության Եվրոպական Դատավորների Խորհրդատվական Խորհրդի կողմից 2007 նոյեմբերի 23 ներկայացված թիվ տաս կարծիքի  համաձայն Դատական խորհրդի այն որոշումները, որոնք առնչվում են դատական համակարգի կառավարմանը եւ վարչարարությանը, ինչպես նաեւ դատավորների նշանակման, տեղափոխման, կարգապահության եւ հեռացման հետ կապված որոշումները պետք է լինեն պատճառաբանված, ունենան պարտադիր ուժ[4]:

Նախագծով սահմանվել է նաեւ, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցած Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի օրենսգրքով սահմանված կարգով որպես դատարան հանդես գալու դեպքերի[5]:

Նախագծի 16-րդ եւ 17-րդ գլուխներով կարգավորում են ստացել դատավորների թեկնածուների ցուցակի կազմման եւ հաստատման, առաջին ատյանի դատարանների դատավորների եւ դատարանի նախագահների նշանակման կարգի, որակավորման քննությունների, դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջների, հայտերի ներկայացման, հայտի եւ դրան կից ներկայացված փաստաթղթերի ստուգման, հայտի ընդունման մերժման, գրավոր քննության արդյունքների ստուգման, գնահատման եւ բողոքարկման, դատավորների թեկնածուների ցուցակի կազմման, դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ցուցակներում իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտամանկավարժական  գործունեությամբ զբաղվող անձանց ընդգրկման կարգի, դատավոր նշանակվելու սահմանափակումները եւ այլ հարցերը: Նախագծի 17-րդ գլխում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակների կազմումը եւ հաստատումը վերապահվել է Բարձրագույն դատական խորհրդին, սահմանվել են դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներում իրավաբան գիտնականների ընդգրկման կարգի, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ամենամյա ցուցակներից դուրս թողնելու հիմքերի եւ համանման այլ հարցերը:

Նախագծի 18-րդ գլխով կարգավորվել են դատավորների կարգապահական պատասխանատվության հետ կապված հարցերը: Հարկ է նշել, որ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի եւ նրան կից Դատավորների կարգավիճակի մասին եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիր»[6] 5.1-րդ կետի համաձայն դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության բացառապես Դատական օրենսգրքով նախատեսված պարտականությունները խախտելու համար։

Ժողովրդավարություն՝ Իրավունքի Միջոցով Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի Հանձնաժողով) եզրակացության համաձայն՝  Վենետիկյան հանձնաժողովը բազմիցս կարեւորել է, որ կարգապահական պատասխանատվության հիմքերը սահմանվեն բավարար պարզությամբ, որպեսզի հնարավորություն տան կոնկրետ անձին կանխատեսելու իր վարքագծի հնարավոր հետեւանքները։ Կարգապահական պատասխանատվության հիմքերի առավել հստակ եւ մանրամասն կանոնակարգումը հնարավորություն կտա նաեւ սահմանափակել սուբյեկտիվությունն ու հայեցողությունը դրանց կիրառման ընթացքում[7]։

Դատավորների կարգապահական պատասխանատվության եւ գնահատման մասին Մակեդոնիայի օրենքի վերաբերյալ տրված եզրակացության 18-րդ կետով Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ կարգապահական պատասխանատվության առաջացման անհրաժեշտ պայման է դատավորի մեղքը, որը պետք է հաշվի առնել կարգապահական պատասխանատվության հիմքերը սահմանելիս[8]։

Վենետիկի հանձնաժողովը Վրաստանի դատական օրենսգրքի վերաբերյալ տրված    եզրակացության մեջ, անդրադառնալով կարգապահական պատասխանատվության հիմքերին, որոնց շարքում, ի թիվս այլնի, նախատեսված է եղել նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ եւ պարբերաբար խախտումները, նշել է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը անորոշ են եւ թույլ չեն տալիս դատավորին կանխատեսել իր վարքագիծը, դրանք բավականին լայն են, անհստակ, եւ դրանց հիման վրա դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելը խախտում է դատավորների անկախության սկզբունքը, ինչպես նաեւ պատասխանատվության համաչափության սկզբունքը։[9] Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովը իր մի շարք եզրակացություններում ողջունել է այն փաստը, որ կարգապահական պատասխանատվության հիմքերը մանրամասն թվարկված են եղել Դատական օրենսգրքով[10]:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 13.10.1994 թվականի թիվ R(94)12 հանձնարարականի 5-րդ սկզբունքի համաձայն` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը կիրառում է իրավունքի նորմը` ղեկավարվելով դրա բովանդակության սեփական ընկալմամբ: Դատարանները պարտավոր են ղեկավարվել նորմատիվ նյութի սեփական ընկալմամբ, քանի որ գործում է դատարանի կողմից օրենքի պատշաճ իմացության կանխավարկածը (jսra novit cսria): Հետեւաբար, պետք է հնարավորինս բացառել կարգապահական պատասխանատվության այնպիսի հիմքերի սահմանումը, որոնք կարող են ներառել իրավական նորմի սեփական ընկալման եւ դրա կիրառման հիմքով դատավորների պատասխանատվությունը: Իսկ կարգապահական պատասխանատվության հիմքերը լայն սահմանելը, ինչպես գործող Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, անխուսափելիորեն կարող է հանգեցնել դատավորի անկախության սահմանափակմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի 18-րդ գլխով որպես դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքեր առանձնացվեն են միայն դատավորի կողմից դատական օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելը եւ դատավորի կողմից «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու եւ փորձաշրջանի ղեկավարի կողմից իր համար սահմանված պարտականությունները չկատարելը:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահվել է միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Նախագծով հստակ տարանջատվեն են կարգապահական վարույթի հարուցման եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու փուլերը:  Որպես տույժ նախատեսվել են միայն կարգապահական տույժերի հետեւյալ տեսակները՝

1) նախազգուշացում,

2) նկատողություն,

3) խիստ նկատողություն

Նախագծով սահմանվել են դատավորի իրավունքները եւ պարտականությունները Բարձրագույն դատական  խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս,  սահմանվել է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազորության համար պարտադիր է խորհրդի անդամների  2/3-րդի ներկայությունը, իսկ որոշումն ընդունվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների փակ քվեարկությամբ ձայների առնվազն 2/3-րդ-ով, կարգավորվել են կարգապահական պատասխանատվության հետ կապված այլ հարցեր:

Նախագծի 19-րդ, 20-րդ եւ 21-րդ գլուխներով կարգավորվել են դատավորի լիազորությունների դադարեցման, դատավորի լիազորությունների դադարման, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության եւ լուծման մանրամասները: Մասնավորապես, հստակ տարանջատվել են դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը եւ դատավորի լիազորությունների դադարման հիմքերը՝ հաշվի առնելով գործող սահմանադրության իրավակարգավորման առանձնահատկությունները:

Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու իրավունքը վերապահվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին,  սահմանվել է նաեւ, որ դատավորին ազատությունից զրկելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ապահովում է դատավորի մասնակցությունը Բարձրագույն դատական խորհրդի նիստին, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն կամ դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին որոշում կայացնելու պահից նախատեսվել է դատավորի անհապաղ ազատ արձակման պահանջ:

Նախագծի 22-րդ եւ 23-րդ գլուխներով կարգավորվել են Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների բնականոն գործունեության ապահովման հարցերը եւ նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով եւ իրավական այլ ակտերով  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին, վերաքննիչ դատարաններին, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման նպատակով նշված դատարաններում ստեղծվում են աշխատակազմեր, բացի այդ կարգավորվել են դատական օրենսգրքի առանձին դրույթների ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է եղել եւ Նախագիծը մշակվել  է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում  է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով հստակ եւ համապարփակ կարգավորել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված դատական իշխանության կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված մոտեցումները եւ ապահովել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխանությունը  Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի՝

1. անկախ, ինքնուրույն եւ օրենքի առջեւ հաշվետու դատական իշխանության կայացումը,

2. կյանքի կկոչվեն դատական իշխանության անկախության եւ համակարգային ամբողջականության սահմանադրական երաշխիքները,

3. կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները,

4. կերաշխավորվեն դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ եւ բավարար նախադրյալները,

5. կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, որոնք կապահովեն դատական իշխանության հակակշռող դերն իշխանության այլ ճյուղերի առնչությամբ,

6. կապահովվի դատական իշխանության մարմինների անհրաժեշտ ներքին անկախությունը,

7. կարգավորում կստանան դատական իշխանության առաքելության, դատական իշխանության հիմնական գործառույթների, այն մարմնավորող կառույցների կազմակերպման եւ գործունեության հիմքերի հետ կապված հարցերը:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի` տնտեսական, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել դատական իշխանության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, կազմակերպման եւ գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորումը:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների արդյունքում բարեփոխված դատական իշխանության կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված մոտեցումները եւ ապահովել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ՝ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը ընդունվելու դեպքում (առանձին դրույթների մասով) կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, մասնավորապես.

1) 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ունի երեք պալատ (ներկայիս երկու պալատի փոխարեն)` գործող քաղաքացիական եւ վարչական պալատը առանձնացնելով առանձին պալատների, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանում ավելանում է մեկ պալատ 6 դատավորով, որը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեում ընթացիկ ծախսերի գծով ավելացման՝ առնվազն 120.0 մլն դրամի չափով,

2) 77-րդ հոդվածով սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի տասն անդամներից հինգը կազմում են ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամները, որոնց պահպանման գծով ծախսերը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով,

3) 103-րդ հոդվածով սահմանվում է, որ գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամներին ՀՀ պետական բյուջեից Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը վճարում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Այս գծով ծախսերը նույնպես հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

Միեւնույն ժամանակ, Նախագծով առաջարկվում է՝

1)  վճռաբեկ դատարանի պալատների տարանջատման արդյունքում ավելացնել դատավորների թիվը,

2) սահմանել, որ դատավորի՝ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելու դեպքում փոխհատուցվում է նաեւ նրա ընտանիքի անդամների տեղափոխման հետ կապված ծախսերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: