Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-026-19.06.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է իր պահանջների եւ առարկությունների հիմքում դրված, ինչպես նաեւ իր վկայակոչած այլ փաստերը, եթե օրենքով այդ փաստն ապացուցելու պարտականությունն այլ անձի վրա դրված չէ:»:

Հոդված 2. Օրենսգրքի  52-րդ հոդվածի 2-րդ մասը «քաղաքացիական» բառից հետո լրացնել «կամ վարչական» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Սակայն որոշ դեպքերում օրենքով կամ այլ իրավական ակտով որոշակի փաստի ապացուցման պարտականությունը կարող է դրվել դատավարության կողմերից մեկի վրա: Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը: Հետեւաբար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ հնարավորություն նախատեսելով օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտի համաձայն՝ ապացուցման պարտականությունը դնել մեկ այլ անձի վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջեւ դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Այստեղից հետեւություն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն չի տալիս քաղաքացիական գործով նախադատելիությունը կիրառել նաեւ վարչական գործերի վրա:  Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս նախադատելիություն կիրառել ինչպես քաղացիական գործեր, այնպես էլ վարչական գործեր քննելիս: Այսպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միեւնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որեւէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նման կարգավորման բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն ընդունվել է ավելի վաղ, քան ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը: Հետեւաբար սույն նախագծով առաջարկվում է լրացնել տվյալ բացը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ