Armenian ARMSCII Armenian
Կ-0401-26.06.2017-ՖՎ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 5-րդ ենթակետում «Ընկերության» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության» բառերը:

2) լրացնել նոր 28-րդ ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«28) համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն՝ Ընկերությունը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե այդ ընկերության ֆինանսական վիճակի վատթարացումը կամ անվճարունակությունը կամ սնանկացումը կամ լուծարումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի եւ (կամ) տնտեսության այլ հատվածների վրա:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի եւ (կամ) տնտեսության այլ հատվածների վրա ունեցած Էական բացասական ազդեցությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով տվյալ Ընկերության մեծությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հետ փոխկապվածությունը, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների փոխարինելիությունը, Ընկերության կողմից իրականացվող գործառնությունների բնույթը, բարդությունը եւ (կամ) ռիսկայնությունը: Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով սույն ենթակետով սահմանված չափանիշները, սահմանում է Ընկերություններին համակարգային նշանակություն ունեցող  համարելու կարգը»:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«4. Միեւնույն ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ինչպես նաեւ համատեղ ապրող կամ միեւնույն տնտեսություն վարող հետեւյալ անձինք. ծնողները, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, ամուսնու` 18 տարին լրացած զավակը,  տատը, պապը, 18 տարին լրացած թոռը, ամուսնու ծնողները, 18 տարին լրացած քույրը եւ եղբայրը, նրանց ամուսիններն ու 18 տարին լրացած զավակները: Միեւնույն տնտեսություն վարելու չափանիշները սահմանում է Կենտրոնական բանկը»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը՝

1) լրացնել 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«5. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության ներքին հսկողության համակարգի նվազագույն պահանջներ:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «միեւնույն Ընկերությունում զբաղեցնել այլ պաշտոն կամ» արտահայտությունը:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածում

1) 1-ին մասի 10-րդ եւ 11-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնելը, Ընկերությանը արտաքին աուդիտն իրականացնող անձին վճարման չափի սահմանումը,

11) գործարար վարվելակերպի կանոնների սահմանումը,»:

2) լրացնել 4.1 կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Խորհուրդը պատասխանատու է Ընկերությունում ներքին հսկողության արդյունավետ համակարգի ապահովման համար:»:

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) անկախ գնահատական է տալիս Ընկերության ներքին հսկողության, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգերի, Ընկերության կառավարման համակարգի եւ գործընթացների որակի, համարժեքության եւ արդյունավետության վերաբերյալ .».

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 9-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Ներքին աուդիտի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որեւէ բացասական հետեւանք կամ պարտավորություն առաջացնել:»:

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝. «Պատասխանատու ակտուարի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որեւէ բացասական հետեւանք կամ պարտավորություն առաջացնել:»:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Արտաքին աուդիտի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որեւէ բացասական հետեւանք կամ պարտավորություն առաջացնել:»:

Հոդված 9. Օրենքի 58-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «տարրերի կազմը» բառերը փոխարինել «տարրերի կազմն ու սահմանաչափերը» բառերով:

2) 4-րդ մասում «ոլորտներում» բառից հետո լրացնել «կամ եթե Ընկերությունըհամարվում է համակարգային նշանակություն ունեցող Ընկերություն» բառերը:

3) 5-րդ մասում «սույն» բառը հանել:

Հոդված 10. Օրենքի 59-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 65-րդ, 66-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 69-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «Ընկերությունը պարտավոր է ձեւավորել հետեւյալ տեխնիկական պահուստները՝» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկը կարող է սահմանել հետեւյալ տեխնիկական պահուստները ՝» բառերով:

2) 3-րդ մասում «Բացի սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահուստներից» բառերը փոխարինել «Բացի Կենտրոնական բանկի կողմից սահմանված տեխնիկական պահուստներից» բառերով:

3) 4-րդ մասում «Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահուստների» բառերը փոխարինել «Տեխնիկական պահուստների» բառերով, իսկ «ըստ ապահովագրության տեսակների» բառերը՝ «ըստ ապահովագրության ձեւերի, տեսակների» բառերով:

4) 5-րդ մասում «միեւնույն տեսակի»  բառերը փոխարինել «միեւնույն ձեւի, տեսակի»  բառերով:

Հոդված 12. Օրենքի 70-րդ, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 80-րդ հոդվածը լրացնել ՝

1. 5.1 մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«5.1 Կենտրոնական բանկը կարող է պահանջել Ընկերությունից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում օտարել այլ անձի կանոնադրական կապիտալում սույն հոդվածով սահմանված կարգով ձեռք բերված իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է չհիմնավորված ռիսկեր առաջացնել Ընկերության  համար եւ (կամ) վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը եւ (կամ) խոչընդոտել Ընկերության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ տվյալ ընկերության ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերից առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն մասով սահմանված ժամկետը երկարացնել եւս վեց ամսով»:

2. 7-րդ մասի վերջին պարբերությունում «Սույն մասով սահմանված ժամկետում Ընկերության կողմից հիշյալ մասնակցությունը չօտարվելու դեպքում» բառերը փոխարինել «Սույն մասով, ինչպես նաեւ սույն հոդվածի 5.1-րդ մասով սահմանված ժամկետներում Ընկերության կողմից համապատասխան մասնակցությունը չօտարվելու դեպքում» բառերով:

Հոդված 14. Օրենքի 81-րդ հոդվածում լրացնել 7-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7. Սպառողների շահերի պաշտպանության, ինչպես նաեւ ապահովագրական խարդախությունների կանխարգելման նպատակով Կենտրոնական բանկը կարող է նորմատիվ իրավական ակտերով պահանջներ սահմանել ապահովագրության պայմանգրերի կնքման, փոփոխության, ինչպես նաեւ պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ:»:

Հոդված 15. Օրենքի 126-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «ապահովագրական պորտֆելի» բառերը փոխարինել «ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի» բառերով:

2) Լրացնել 1.1 եւ 1.2 կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Կենտրոնական բանկը կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական պորտֆելի նախատեսվող փոխանցման վերաբերյալ հայտարարություն է հրապարակում Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հաuցեում գտնվող Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նշված հայտարարության մեջ նշվում է, որ հայտարարության հրապարակումից երկու ամսվա ընթացքում ապահովադիրները, որոնց հետ կնքված ապահովագրության պայմանագրերը նախատեսվում է փոխանցել այլ Ընկերության, կարող են գրավոր Կենտրոնական բանկ ներկայացնել ապահովագրական պորտֆելի փոխանցման վերաբերյալ իրենց առարկությունները: Միեւնույն ժամկետում փոխանցող Ընկերությունը ապահովագրական պորտֆելի նախատեսվող փոխանցման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է ուղարկում ապահովադիրներին՝  ծանուցմանը կցելով Կենտրոնական բանկի հայտարարությունը:

1.2. Կենտրոնական բանկը կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը բավարարում կամ մերժում է սույն հոդվածի 1.1 մասով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում: Ապահովադիրներից ստացած առարկությունները հիմք չեն ապահովագրական պորտֆելի փոխանցման մերժման համար, սակայն Կենտրոնական բանկը որոշմամբ անդրադառնում է  նաեւ ապահովագրական պորտֆելի փոխանցման վերաբերյալ ապահովադիրներից ստացված առարկություններին եւ հիմնավորում այդ առարկությունները չընդունելու պատճառները:»:

Հոդված 16. Օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասը «ինչպես նաեւ պատվիրված նամակով ծանուցում ուղարկել ապահովադիրներին՝ նրանց մշտական բնակության հասցեով » բառերը փոխարինել  «ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկել ապահովադիրներին» բառերով:

Հոդված 17. Օրենքի 138-րդ հոդվածում՝

1) լրացնել 1.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներից՝ արտահերթ՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ կետերով սահմանված հերթականությամբ:

Եթե ապահովագրության պայմանագրերից բխող պահանջների արժեքը գերազանցում է Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունը, ապա գերազանցող մասը բավարարվում է սույն հոդվածով ապահովագրության պայմանագրերից բխող համապատասխան պահանջների բավարարման համար նախատեսված հերթում: Եթե Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունն է գերազանցում պահանջների արժեքը, ապա գերազանցող մասը ընդգրկվում է լուծարային միջոցների կազմում եւ օգտագործվում է օրենքով սահմանված կարգով;»:

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2. Ընկերության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետեւյալ հերթականությամբ՝

1) առաջին՝ լուծարային հանձնաժողովի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ եւ հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ լուծարային հանձնաժողովի նախագահի եւ անդամների աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները.

2) երկրորդ՝ պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

3) երրորդ՝ պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջները.

4) չորրորդ՝ կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

5) հինգերորդ` կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջները.

6) վեցերորդ` վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող անձի  կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

7) յոթերորդ՝ վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջները.

8) ութերորդ՝ առաջինից-յոթերորդ հերթերում չընդգրկված ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները.

9) իններորդ՝  առաջինից-ութերորդ հերթերում չընդգրկված այլ պահանջները.

10) տասներորդ` պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների նկատմամբ Ընկերության պարտավորությունները.

11) տասնմեկերորդ՝ ստորադաս փոխառություններից բխող պահանջները.

12) տասներկուերորդ՝ Ընկերության մասնակիցների պահանջները:

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3.  Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Ընկերության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդից – իններորդ եւ տասնմեկերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում Ընկերության մասնակիցները եւ Ընկերության հետ փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ Ընկերության պարտավորությունները բավարարվում են տասներկուերորդ հերթում:»:

4) 9-րդ մասում «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-8-րդ կետերում» բառերով:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: