Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-042-29.06.2017-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ոստիկանությունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ օրինական շահերը` անկախ նրա սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու արժանապատվությունը, կյանքի, պատվի ու բարի համբավի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքը, ինչպես նաեւ մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.2-րդ կետով`

«6.2) ծանր եւ առանձնապես ծանր, ինչպես նաեւ սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված եւ նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ:

Հաշվառման ենթակա են հանցագործության դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձանց եւ մեղադրյալից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:

Փորձագիտական հիմնարկները, դատագենետիկական փորձաքննությունը ավարտելուց հետո, 5-օրյա ժամկետում պարտավոր են էլեկտրոնային եղանակով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոստիկանությանը տրամադրել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:

ԴՆԹ բնութագրերը պահվում են 80 տարի ժամկետով, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից այդ մասին տեղեկատվությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում: Եթե դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձի ԴՆԹ բնութագիրը նույնացվում է քրեական գործի քննությամբ հետագայում պարզված եւ հանցագործության մեջ չմեղադրվող անձի հետ, ապա այդ մասին ոստիկանությունում տեղեկատվություն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տվյալ ԴՆԹ բնութագիրը ոչնչացվում է:

ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման եւ հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ չունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով ԴՆԹ բնութագրերի հաշվառումն արգելվում է:

ԴՆԹ բնութագրերը չեն կարող օգտագործվել սույն կետով չնախատեսված նպատակներով:

Սույն մասի պահանջների նկատմամբ հսկողությունն իրականցնում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ Սահամանադրության 25-րդ հոդվածում հստակ ամրագրվել է նաեւ անձի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Մասնավորապես, 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Բացի դրանից, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի ձեւակերպումները անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» թիվ 359-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ սահմանադրական նորմերին համապատասխան՝ փոփոխություններ պետք է կատարվի նաեւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում:

Բացի այդ, ներկայումս ՀՀ-ում իրականացվում են ԴՆԹ տվյալների նույնականացման ծրագրի ներդրման եւ շահագործման աշխատանքներ: 2004 թ. Ինտերպոլի եւ Ավստրայի ԱԿԲ-ի կողմից համատեղ ստեղծված ԴՆԹ տվյալների նույնականացման այդ ծրագիրը նախատեսված է միջազգային ոստիկանական համագործակցության համար: Համակարգի ճկունությունը հնարավորություն է ստեղծում նաեւ ներպետական մակարդակով բարձրացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը: 2015թ. ստորագրվել է պայմանագիր Ինտերպոլի գլխավոր քարտուղարության եւ Ինտերպոլի Հայաստանի ԱԿԲ-ի միջեւ, որով Ինտերպոլը` օգտագործման իրավունքով, առանց երրորդ կողմի փոխանցելու իրավունքի ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին թույլատրել է գործարկել ԴՆԹ տվյալների նույնացման ծրագիրը:

Իրավապահ գործունեությունում ԴՆԹ բնութագրերի օգտագործումը տարածված է բազմաթիվ երկրներում (ՌԴ, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Մալազիա, Սինգապուր, Թաիլանդ, Կոլումբիա, Չիլի, Նոր Զելանդիա, Իսլանդիա եւ այլն): Կան երկրներ, որոնք հավաքագրում եւ հաշվառում են ամբողջ բնակչության գենետիկ տվյալները, երկրներ կան, որոնք հաշվառում են բացառապես ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված անձանց ԴՆԹ բնութագրերը, եւ երկներ էլ կան, որոնք հաշվառում են հանցագործության բոլոր տեսակների համար դատապարտված անձանց ԴՆԹ պրոֆիլները:

Պետության յուրաքանչյուր բնակչի գենետիկ տվյալների` տեղեկատվական բազաներում հաշվառելու պրակտիկան տարածված է Իսլանդիայում: Այստեղ հաշվառված են շուրջ 300.000 գենոտիպ:

Աշխարհում ամենամեծ ԴՆԹ տեղեկատվական բազան հանդիսանում է «NDNAD»-ը («ազգային բազա», Մեծ Բրիտանիա): Այն հիմնադրվել է 1995 թ.: 2012 թ. դրությամբ այն պարունակում էր մոտ 6 մլն. նմուշօրինակ: Այս բազայում հաշվառման ենթակա են դատապարտյալների, ինչպես նաեւ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց տվյալները: Ըստ բրիտանական աղբյուրների ԴՆԹ բազաների վարումը հնարավորություն է տալիս բացահայտել շաբաթական շուրջ 2000 հանցագործություն: Մեծ Բրիտանիայում եւս քննարկումներ են տարվում տվյալների արբշիռ բազա ստեղծելու շուրջ, որը իր մեջ ներառի ամբողջ բնակչության գենոտիպերը:

ԱՄՆ-ի գենետիկ ինֆորմացիայի ազգային բազան ստեղծվել է 1998 թ.: 2002 թ. տվյալներով այնտեղ պահվում էր շուրջ 800 հազար գենոտիպ: Հաշվառման ենթակա են ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց տվյալները: «National DNA INDEX» (NDIS` CODIS-ի մի մասը) բազայում պահվում է շուրջ 10 մլն. ԴՆԹ պրոֆիլ:

ՌԴ-ում ԴՆԹ տվյալների բազա ստեղծելու ուղղությամբ առաջին քայլերը ձեռնարկվել են 2008թ., երբ ընդունվեց «ՌԴ-ում պետական գենոմային հաշվառման մասին» ՌԴ օրենքը: Ստեղծված բազայում հաշվառման վերցվեցին ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց, սեռական ազատության եւ անձեռնամխելիության դեմ ուղղված հանցանք կատարած անձանց տվյալները, քննչական գործողությունների իրականացման ընթացքում չճանաչված անձանցից վերցված կենսաբանական ծագման նմուշները: ԴՆԹ բազայի օպերատորը ՌԴ ՆԳՆ-ն է:

ՀՀ-ում առաջարկվում է ներդնել այլ մոդել: Մասնավորապես նախատեսվում է հաշվառման վերցնել մեղադրյալներից, հանցագործության դեպքի վայրից վերցված եւ դատագենետիկական փորձաքննությունների ընթացքում նույնականացված ԴՆԹ բնութագրերը: Տարիների ընթացքում, երբ ԴՆԹ բնութագրերը քանակական իմաստով մեծ ծավալ կկազմեն, ՀՀ ոստիկանությունը կարող է համեմատական հետազոտման համար վերցված կենսաբանական ծագման նմուշների եւ հաշվառման մեջ գտնվող նմուշների համեմատական հետազոտում կատարելով քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրել որոնվող անձի տվյալները:

Ելնելով վերոգրյալից`անհրաժեշտություն է առաջացել տվյալ բազայի ստեղծման ու գործարկման իրավական հիմքերը ՀՀ օրենսդրությամբ եւս ամրագրել: Մասնավորապես «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում անհրաժեշտ է ամրագրել ոստիկանության` ԴՆԹ նույնականացման հաշվառումներ վարելու իրավունքը: Բացի այդ մատնադրոշմային հաշվառման համակարգը, այլեւս բավարար չէ ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց բացահայտման եւ նույնականացման համար, քանի որ նույնիսկ հասարակ ձեռնոց օգտագործելու հանցանք կատարած անձինք կարող են մատնահետք չթողնել, իսկ դիակներից միշտ չի լինում վերցնել մատնահետքեր, քանի որ շատ դեպքերում մաշկային հյուսվածքը կենսաբանորեն քայքայված է լինում: Մյուս կողմից մատնահետքերը վերանալու (մաքրվելու) հատկություն ունեն, ինչը օբյեկտիվորեն բացառում է հանցագործության դեպքի վայրերից դրանք վերցնելը: Այս պայմաններում էականորեն բարձրանում է կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված եւ նույնականացված ԴՆԹ բնութագրերի դերն ու նշանակությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասրը, ոստիկանության կողմից մարդու ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության խախտման արգելքը ամրագրելու, ինչպես նաեւ օրենքում առկա ձեւակերպումները ՀՀ նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներ, որոնք ուղղված են լինելու ոստիկանության ծառայողների կողմից մարդու հոգեկան եւ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ հնարավոր ոչ իրավաչափ միջամտությունները բացառող առավել ամբողջական կարգավորումներին, ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են նշված իրավունքի պաշտպանությանն ուղղված զուտ հիմնարար սկզբունքների ամրագրմանը:

Նախագծով առաջարկվում է նաեւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարել լրացում ` հնարավորություն ստեղծելով հաշվառել եւ վարել ԴՆԹ քարտադարաններ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրինագծի ընդունմամբ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ նոր Սահմանադրությանը, ինչպես նաեւ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» թիվ 359-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի կատարումը: Բացի այդ, կստեղծվի անձից կենսաբանական ծագման նմուշների հիման վրա ստացված ԴՆԹ բնութագրերի հաշվին ԴՆԹ նույնականացման քարտադարանների ստեղծման նորմատիվ հիմք: Անհրաժեշտ իրավական եւ կազմակերպչական աշխատանքների իրականացումից եւ համակարգի շահագործման արդյունքը ամփոփելուց հետո, երբ ակնհայտ կլինեն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքներում հաշվառման այս տեսակի արդյունավետությունը, ապագայում կներկայացվեն առաջարկություններ անհայտ կորածների, չճանաչված դիակների, սպանությունների համար դատապարտված անձանց նույնականացման համար անհրաժեշտ մեխանիզմների մասին:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավաոում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջական միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համամատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի ընդունման դեպքում

Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն եւ լրացում՝ հնարավորություն ստեղծելով հաշվառել եւ վարել ԴՆԹ քարտադարաններ: Նախատեսվում է նաեւ ամրագրել ոստիկանության կողմից մարդու ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության խախտման արգելքը, անձի իրավունքների եւ ազատությունների հնարավոր սահմանափակումների հիմքերը եւ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա ձեւակերպումները համապատասխանեցնել ՀՀ սահմանադրական նոր կարգավորումներին

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ նախագծով նախատեսվում է ամրագրել ոստիկանության կողմից մարդու ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության խախտման արգելքը, անձի իրավունքների եւ ազատությունների հնարավոր սահմանափակումների հիմքերը եւ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա ձեւակերպումները համապատասխանեցնել ՀՀ սահմանադրական նոր կարգավորումներին: Նախատեսվում է նաեւ ոստիկանության համար ստեղծել հնարավորություն հաշվառելու եւ վարելու ԴՆԹ քարտադարաններ:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ