Armenian ARMSCII Armenian
Կ-047-03.07.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներին գերազանցելու դեպքում գերազանցող մասը (այսուհետ` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար) հաշվանցվում է հետագա ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա սույն մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին եւ (կամ) պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում վերադարձվել կամ հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց: Սույն մասով սահմանված դրույթները չեն վերաբերում սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքներին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվում է 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացող` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի նկատմամբ: