Armenian ARMSCII Armenian
Կ-0492-03.07.2017-ՏՏԳԲ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Պետական վերահսկողության շրջանակներում՝ լիազոր մարմնի կողմից իրականացվող անասնաբուժասանիտարական պետական փորձաքննության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերի դրույթները»:

Հոդված 2. 3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«կենդանական ծագման մթերք` կենդանիների սպանդից գոյացած չվերամշակված  մսեղիքը, կիսամսեղիքը, մսեղիքը, քառորդը, տեսակավորված ոսկրոտ եւ անոսկր միսը, աղացած մսի, ծեծած մսի եւ դրանցից ստացված կիսապատրաստվածքները, պոչը եւ դմակը, նախաբազկի եւ սրունքի հոդերը, պարենքիմատոզ օրգանները, ենթամաշկային եւ ընդերային ճարպը, ուղեղը, արյունը, լեզուն, ամորձիները, գլուխը, կուրծը, ինչպես նաեւ չփաթեթավորված եւ չմակնշված՝ մսամթերք, կաթ եւ կաթնամթերք, ձուկ եւ ձկնամթերք, երկկենցաղներ, խեցգետնակերպեր, կակղամորթներ, ցամաքային եւ ջրային անողնաշարավորներ եւ դրանցից ստացված մթերք, չբեղմնավորված ձկնկիթ եւ ձու, մեղր, որոնք առանց վերամշակման կամ վերամշակումից հետո օգտագործվում են սննդում կամ որպես պարենային հումք.»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.1-ին, 29.2-րդ եւ 29.3-րդ կետերով.

29.1) մսեղիք՝ սպանդի կամ մորթի ենթարկված կենդանու ամբողջական մարմինը առանց մաշկի, գլխի, վերջավորությունների ստորին հատվածների եւ ներքին օրգանների.

29.2) կիսամսեղիք՝ մսեղիքի ողնաշարի երկարությամբ հավասարաչափ հատվածների բաժանած մասերը.

29.3) քառորդ մսեղիք՝ մսեղիքի չորս մասի բաժանած հատվածները.»:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետը:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) վերամշակել (մշակել), իրացնել, վաճառել, մատակարարել, ներմուծել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական ծագման հումք, բացառությամբ՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամանակացույցով նախատեսված դեպքերի.».

2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը:

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Կենդանիների սպանդի կիրառման ոլորտները եւ ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) անձնական սպառման համար, եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: