Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0591-07.07.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի 45-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.

2. 2-րդ մասի «հիսնապատիկը» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» բառերով:

Հոդված 2. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

17.06.1998թ. ընդունված եւ 01.01.1999թ. օրինական ուժի մեջ մտած ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգիրքը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարեւոր իրավական ակտերից է: Օրենսգիրքն ընդունման պահին բավականին առաջադիմական էր, քանի որ դրանում առաջին անգամ ամրագրվեցին արդարադատության իրականացման ժողովրդավարական հիմնական սկզբունքները եւ անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովող երաշխիքները։

Այն ընդունման պահին միասնական, համակարգված եւ համապարփակ ակտ էր, որը կարգավորում էր ոչ միայն քաղաքացիական դատավարական հարաբերությունները, այլ նաեւ վարչական դատավարության հարաբերությունները։

Սակայն օրենսգիրքն իր դրական հատկանիշներով հանդերձ զերծ չէր նաեւ թերություններից, որոնց մի մասը առկա էին օրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան դրա գործնական կիրառման ընթացքում:

Մասնավորապես, ընդունման պահից օրենսգրքում նախատեսված են մի շարք ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ամբողջ ընթացքում կամ չստացան իրական պրակտիկ կիրառում (արագացված դատաքննություն), կամ չապացուցեցին իրենց արդյունավետությունը (դատական ծանուցումներ եւ դատական ծախսեր):

Օրենսգրքի ավելի քան տասնհինգ տարվա գործածության ընթացքում դրանում կատարվեցին բազմաթիվ փոփոխություններ ու լրացումներ (նախատեսվեց նախնական դատական նիստը, լրիվ վերաքննությունից անցում կատարվեց դեպի սահմանափակ վերաքննություն, մի քանի անգամ անընդմեջ նոր խմբագրման ենթարկվեց նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների ուժով դատական ակտերի վերանայման վարույթը, օրենսգրքից հանվեցին վարչաիրավական բնույթի  դատավարական հարաբերությունները եւ այլն), որոնք կիրառման ընթացքում ունեցան ոչ միայն դրական, այլեւ բացասական դրսեւորումներ։

ՀՀ կատարվող դատաիրավական բարեփոխումները (տնտեսական եւ քաղաքացիական դատարանների ստեղծումը եւ վերացումը, նոր դատական օրենսգրքի ընդունումը, վարչական դատարանների ստեղծումը) անընդհատ փոփոխությունների անհրաժեշտություն էր առաջացնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Չժխտելով փոփոխությունների մի ստվար մասի ողջամիտ եւ առաջադիմական բնույթը՝ այդուհանդերձ, դրանց մեծ մասը կատարվեց առանց հայեցակարգային մշակման եւ գիտական հիմնավորման։ Բացի այդ, փոփոխություններն ու լրացումները համալիր չէին, առավելապես կրում էին դրվագային բնույթ, հաճախ համաձայնեցված չէին իրավական այլ ակտերի, ինստիտուտների եւ նորմերի հետ։

Վերը նշված փոփոխությունները կատարվում էին առանց իրավակիրառողի եւ փաստաբանական համակարգի հետ լուրջ վերապատրաստումների իրականացման, ինչը հանգեցնում էր իրավակիրառ պրակտիկայի խաթարման:

Սակայն տարիների ընթացքում փորձ չարվեց լուծել դատական ծախսերի, դատական ծանուցումների եւ պարզեցված վարույթի կատարելագործման հետ կապված խնդիրները, միջոցներ չձեռնարկվեցին դատարանների ծանրաբեռնվածության նվազման համար:

Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում այդ թվում մի շարք դատավարական իրավունքներ (անձի հարցաքննության առանձնահատկություններ, իրավական որոշակիության սկզբունքի ներդրում եւ այլն) եւս անհրաժեշտություն են  առաջացնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրքում համապատասախան իրավակարգավորումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու:

Քաղաքացիադատավարական իրավահարաբերությունների կարգավորման գործընթացի վրա նշանակալի ազդեցություն ունեցավ նաեւ դատական պրակտիկան։ Մասնավորապես, Օրենսգրքի գործածության ընթացքում դրանում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ իրենց գնահատականը ստացան ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում։

Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք գործերով քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տարբեր հոդվածների սահմանադրականության հարցը, դրանց մի մասը ճանաչեց հակասահմանադրական՝ սահմանելով դատարանների կողմից գործի քննության ընթացքում կիրառման ենթակա պարտադիր իրավական դիրքորոշումներ։ Միաժամանակ վերջին հինգ տարվա ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանն ընդունեց օրենքի միատեսակ կիրառման ապահովմանն ուղղված բազմաթիվ որոշումներ՝ տալով օրենսգրքի տարբեր դրույթների մեկնաբանություններ` ուղղված իրավակիրառ պրակտիկայի կարգավորմանը։ Նշված որոշումներն ընդգծեցին օրենսգրքի որոշ կարեւոր դրույթների անկատարությունը եւ թերի լինելը:

Այդ ամենը հանգեցրեց առաջին ատյանի դատարաններում եւ վերաքննիչ դատարաններում ոչ միատեսակ պրակտիկայի, որի պայմաններում նույնանման փաստական հանգամանքների վերաբերյալ ընդունվում էին տարբեր որոշումները, ինչը խարխլում էր իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը:

Բացի այդ ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք բաժինները բաժանվում են հոդվածների, օրենսգրքում առկա են հոդվածներ, որոնց մասերը համարակալված չեն եւ այլն: Այս իրողությունը ակնհայտորեն հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի  01.07.2012թ. կարգադրությամբ նախատեսվեցին դրույթներ ուղղված քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացման:

Մասնավորապես, կարգադրության անբաժանելի մաս կազմող հավելված 1-ի 6-րդ կետը նվիրված է՝ քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացումը եւ քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանը։ Կարգադրությամբ նախատեսվում է քաղաքացիական դատավարությունում սահմանել վերադաս դատարանի կողմից դատական ակտը բեկանելու եւ գործը նոր քննության ուղարկելու դեպքում ստորադաս դատարանում գործերի քննության կարգի առանձնահատկություններ, մշակել նախնական դատական նիստի առավել ամբողջական կանոններ, հստակեցնել եւ կատարելագործել ապացուցման գործընթացը կարգավորող կանոնները, դատավարական օրենսգրքերով հնարավորինս սպառիչ սահմանել նիստի հետաձգման հիմքերը՝ բացառելով նիստի հետաձգումը դրա համար չնախատեսված որեւէ հիմքով, կատարելագործել դատական փորձաքննության նշանակման եւ անցկացման գործընթացը, ներդնել դատական վարույթների մասին ծանուցման առավել արդյունավետ մեթոդներ եւ դատական ծախսերի բաշխման արդար, թափանցիկ եւ հստակ համակարգ, կատարելագործել դատական քննության պարզեցված ընթացակարգերը եւ այլն:

Նշված փոփոխությունների նախատեսումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առանց նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքի մշակման անհնար է:

Այսինքն ներկայումս ՀՀ քաղաքացիական դատավարությունում անհրաժեշտ է, կատարելով հիմնարար փոփոխություններ, լուծել վերը նշված բոլոր խնդիրները, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարությունում կապահովվի մրցակցության եւ գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքների կենսագործումը:

Միաժամանակ նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ)  ընդունմանը զուգահեռ անհրաժեշտություն է առկա նաեւ նախագծին  հարակից այլ օրենքներում եւս փոփոխություններ եւ լրացումներ կատարել, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Այսպես, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առ այսօր նախատեսվում են առանձին դրույթներ, որոնք ուղղակի հղում են տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կոնկրետ հոդվածի, որը կարծում ենք, որ ճիշտ մոտեցում չէ, քանի որ օրենսդրությունը փոփոխությունների ենթարկելու արդյունքում հոդվածները ուժը կորցրած են ճանաչվում, լրացվում են նոր հոդվածներով եւ մասերով, մինչդեռ իրավակարգավորումները որպես կանոն մնում են, թեկուզ եւ այլ հոդվածի տակ: Նման պայմաններում կարծում ենք ճիշտ մոտեցում է ոչ թե կոնկրետ հոդվածին հղում կատարելը այլ օրենսգրքի կոնկրետ կարգավորմանը (օրինակ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջներով եւ այլն):

Բացի այդ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումներից առ այսօր դուրս է մնացել միջազգային արբիտրաժի, օտարերկրյա դատարանների վճիռների հարկադրի կատարման համար պետական տուրքի նախատեսումը, ինչպես նաեւ առանձին հատուկ վարույթներով պետական տուրքի նախատեսելը: Ուստի անհրաժեշտէ  փոփոխություն կատարել նաեւ համապատասխան իրավակարգավորումներում:

Նախագծով որդեգրվել է այն մոտեցումը, որ գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել այն դեպքերում, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ: Նման մոտեցում որդեգրելը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը՝ իր 08.06.12 ՍԴՈ-1037 որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասը` այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ: Մինչդեռ, առ այսօր Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով շարունակում է նախատեսված մնալ այս կարգավորումը:

Առաջարկվող լուծումները.

Նախագծում հստակ թվարկվել են դատարանի կողմից կայացվող դատական ակտերի տեսակները եւ մեկ հոդվածի տակ՝ ըստ Նախագծի առանձին հոդվածների թվարկվել է, թե կոնկրետ հոդվածում նախատեսվածը ինչ տեսակի դատական ակտ է:

Նախագծով առանձնացվել են «ենթակայություն» եւ «ընդդատություն» հասկացությունները քաղաքացիական գործերով։ Ըստ որում, ենթակայության ինստիտուտի համատեքստում սահմանվել է, թե որոնք են հանդիսանում քաղաքացիաիրավական վեճերով գործերը եւ որ դրանք ենթակա են քննության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից։ Այսպես, եթե գործող իրականությունում շատ դեպքերում վիճելի էր մնում` արդյոք վեճը իր բնույթով քաղաքացիաիրավական է, թե ոչ, ապա ներկայումս այդ խնդիրը վերացվում է։

Նախագծի առաջնային ուղղություններից է նախնական դատական նիստի նշանակության բարձրացումը: Դրանով պայմանավորված գործին մասնակցող անձանց հետեւյալ տնօրինչական լիազորությունների իրականացման հնարավորությունը պետք է սահմանափակել մինչեւ նախնական դատական նիստի ավարտը՝ հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու վերաբերյալ միջնորդության ներկայացումը, նոր պատասխանողի ներգրավումը կամ պատասխանողի փոխարինումը, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի կողմից դատավարության մեջ մտնելը, ապացույցներ ներկայացնելը:        Նախագծով առաջարկվում է ըստ հաջորդականության սահմանել նախնական դատական նիստի ընթացքում դատարանի գործողությունների կատարման հաջորդականությունը: Նախնական դատական նիստը պետք է ունենա երկու նպատակ՝ ապացուցման պարտականության բաշխումը եւ ապացույցների հավաքումը:

Նախնական դատական նիստի առաջնային խնդիրը պետք է հանդիսանա քննվող գործով ապացուցման առարկան որոշելը, անվիճելի փաստերի շրջանակը որոշելը, ապացուցման պարտականության բաշխելը:

Ընդ որում այդ որոշումը պետք է կայացվի առանձին ակտի ձեւով, եւ դրանում ցանկացած փոփոխություն նույնպես պետք է կատարվի առանձին ակտի ձեւով: Սակայն այդ որոշումը կարող է փոփոխվել մինչեւ նախնական դատական նիստի ավարտը: Նշված որոշումը առանձին ակտի ձեւով կայացնելը, ինչպես նաեւ նախնական դատական նիստի ավարտից հետո այն փոփոխելու արգելքը, բացառությամբ առանձին դեպքերի, կապահովի քաղաքացիական դատավարության կանխատեսելիությունը, հստակ կդարձնի գործին մասնակցող անձանց համար նրանց անելիքը քաղաքացիական դատավարության ընթացքում, կթեթեւացնի դատական քննության բեռը:

Անհրաժեշտ է հստակ կանոնակարգել դատաքննության ընթացքը եւ դրա ընթացքում դատավարական գործողությունների կատարման հաջորդականությունը: Այդ նպատակով անհրաժեշտ է սահմանել, որ դատաքննությունը պետք է բաղկացած լինի երեք փուլերից՝ գործին մասնակցող անձանց բացման խոսքը, ապացույցների հետազոտում եւ դատական վիճաբանությունները՝ նվազագույնի հասցնելով դատարանի հնարավորությունը դատաքննությունը վերսկսելու հարցում: Անհրաժեշտ է սահմանել, որ դատական վիճաբանություններից հետո, առաջին ատյանի դատարանը կարող է գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերսկսել դատաքննությունը, սակայն ոչ ավել, քան մեկ անգամ։

Նախագծում առաջարկվում է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի օրինակով մեկ գլխի մեջ սահմանել դատական նիստի ընդհանուր կանոնները, որոնք կիրառելի կլինեն դատական վարույթի բոլոր փուլերի համար: Ի կատարումն ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների» ցանկի`  սույն գլխում անհրաժեշտ է նախատեսել նաեւ դատական նիստերի հետաձգման հնարավորինս բոլոր սպառիչ հիմքերը, որն էլ նախատեսվել է նախագծի առանձին հոդվածով` սահմանելով բոլոր այն սպառիչ հիմքերը (թվով 14), որոնք կարող են գործի հետաձգման հիմք հանդիսանալ։   Մեկ գլխի մեջ առաջարկվում է միացնել նաեւ հայցն առանց քննության թողնելը եւ գործի վարույթը կարճելը՝ այն վերնագրելով որպես գործի վարույթի ավարտ առանց այն ըստ էության լուծելու:

Նախագծով առանձանցվում են գործի վարույթի կարճման երկու նոր հիմքեր, որոնք են՝ հայցի հարուցումը մինչեւ հարուցումը մահացած պատասխանողի դեմ եւ վեճի ըստ էության սպառումը:

Նախագծի առանձին հոդվածներում առկա են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առավել շատ կիրառվող հասկացությունների ցանկի սպառիչ սահմանումներ, որպիսիք են հանդիսանում օրինակ՝ դատավարության մասնակիցների, հայցի առարկայի, դրա փոփոխման, հայցի փաստական եւ իրավական հիմքերի, գործն ըստ էության լուծող, գործն ըստ էության չլուծող, միջանկյալ, վերջնական դատական ակտերի հասկացությունը:

Ի կատարումն ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների» ցանկի ` նախագծով փորձ է արվել կատարելագործել դատական փորձաքննության նշանակման եւ անցկացման գործընթացը: Մասնավորապես նախագծով առաջարկվում է գործին մասնակցող անձի բերած փորձագիտական եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ հավասարեցնել դատարանի կողմից նշանակված փորձաքննության, եթե այն կատարած փորձագետը մինչեւ նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջեւ գրավոր հաստատում է այն` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատաuխանատվության մաuին։

Բացի այդ, առաջարկվում է առանձին կանոնակարգումներ նախատեսել փորձագետի հարցաքննության համար՝  նշելով, որ փորձագետն իր եզրակացությունը ներկայացնելուց հետո այդ եզրակացությունը ճշգրտելու եւ պարզաբանելու նպատակով առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է հրավիրվել հարցաքննության: Ընդ որում նախագծով սահմանվում է, որ փորձագետը հատուկ գիտելիքների կապակցությամբ հարցաքննվում է միայն իր կողմից նախապես տրված գրավոր եզրակացության շրջանակներում:

Փորձագետի եզրակացության դեմ առարկելու արդյունավետ կառուցակարգ սահմանելու, ինչպես նաեւ դատաքննության կանխատեսելիությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ գործին մասնակցող անձը մինչեւ նախնական դատական նիստի ավարտը պարտավոր է առաջին ատյանի դատարանին ներկայացնել փորձագետի եզրակացության թույլատրելիության, արժանահավատության եւ հիմնավորվածության վերաբերյալ գրավոր առարկություն։

Որպես նորարություն քաղաքացիաիրավական վեճերի արագ ու արդյունավետ լուծման դաշտում հնարավորություն է նախատեսվում անչափահասի՝ որպես վկայի հարցաքննելը: Այս դեպքում, սակայն, առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք հանգում են հետեւյալին.

1. Տասնվեց տարեկան չդարձած վկային առաջին ատյանի դատարանը բացատրում է ցուցմունք տալու եւ միայն ճշմարտությունը հայտնելու կարեւորությունը՝ առանց նախազգուշացնելու սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատաuխանատվության ենթարկվելու մաuին։

2. Անչափահաս վկայի հարցաքննությանն առաջին ատյանի դատարանը ներգրավում է անչափահասի օրինական ներկայացուցչին, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների հարցաքննությանը` նաեւ մանկական հոգեբանի կամ մանկավարժի:

3. Տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ գործին մասնակցող անձինք հեռացվում են դատական նիստերի դահլիճից, եթե ունեն ներկայացուցիչ եւ եթե նրանց մասնակցությունը կարող է ազդել վկայի ցուցմունքների վրա:

Մինչեւ նախնական դատական նիստի ավարտը գրավոր առարկություն չներկայացնելու դեպքում, գործին մասնակցող անձը չի  կարող գործի հետագա քննության ընթացքում վիճարկել փորձագետի եզրակացության թույլատրելիությունը, արժանահավատությունը եւ հիմնավորվածությունը:

Որպես նոր ապացույցի տեսակ նախատեսվում է՝ գործին մասնակցող անձի` որպեu վկայի ցուցմունքը, ընդ որում վերջինս հարցաքննվում է վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով Նախագծի 68-րդ հոդվածի առանձնահատկությունները: Հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում է (խուսափում է) ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը (խուսափելը)ցուցմունք տալուց կամ պատասխանից, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք տալուց, համարել ապացուցված, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հարցերին պատասխանելը կարող է այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմք հանդիսանալ:

Միաժամանակ նախագծում կատարելագործվել են ապացուցման պարտականությունը (օրինակ՝ ժխտող անձի վրա չի կարող դրվել հակառակն ապացուցելու պարտականությունը), ապացույցի թույլատրելիության, վերաբերելիության, ապացույցների գնահատման կանոնները: Կատարելագործվել են ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը:

Մասնավորապես նախագծով սահմանվել է, որ ապացուցման կարիք չունեն գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող այն փաuտերը, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են: Որպես այդ նորմի բացառություն են սահմանվել այն դեպքերը, երբ`

1)  առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետեւանքով կամ ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.

2)  այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով.

3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որեւէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

Նախագծում էական փոփոխություններ են կատարվել դատական ծախսերին վերաբերող գլխում: Գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքում դատական ծախսերին նվիրված գլուխը բաղկացած է ընդամենը 6 հոդվածից, ինչը բավարար չէ տվյալ բնագավառում ծագող հարցերը համապարփակ կարգավորելու համար:

Դատական ծախսերին վերաբերող գլխում լուրջ խնդիրների առկայության եւ այդ գլխի կատարելագործման անհրաժեշտության մասին է վկայում այն հանգամանքը, որ դեռեւս 1999թ. մարտի 27-ին ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն ընդունել էր N 8 որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածները եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառելու դատական պրակտիկայի մասին»: Տվյալ որոշմամբ ոչ ամբողջապես, սակայն մասնակիորեն փորձ էր կատարվել կարգավորել առկա խնդիրները:

Նախագծով հստակեցվել եւ ընդլայնվել է դատական ծախսերի կազմը, կատարելագործվել են հայցագինը որոշելու եւ պետական տուրքը գանձելու կանոնները: Մասնավորապես, սահմանվել է, որ հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը, իսկ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

Նախագծով սահմանվել է նաեւ, որ գործի քննության ընթացքում հայցի առարկան փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը, գանձվում է հայցի առարկան փոփոխելիս` փոփոխված հայցի առարկային համապատասխան, իսկ ավելացած մասը չի վերադարձվում:

Նախագծում մանրամասն անդրադարձ է կատարվել գործի քննությանը ներգրավված վկաների, փորձագետների եւ թարգմանիչների կրած դատական ծախսերի փոխհատուցման հարցին. սահմանվել են այդ ծախսերի չափը հաշվարկելու կարգը, ծախսերը փոխհատուցելու կարգը եւ ժամկետները:

Առանձին հոդվածով կանոնակարգվել է փաստաբանի խելամիտ վարձատրության ինստիտուտը: Նախագծով հստակեցվել է, մասնավորապես, այն, որ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաեւ փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները: Անդրադարձ է կատարվել նաեւ դատարանի կողմից փաստաբանի խելամիտ վարձատրության չափը որոշելու ինստիտուտին՝ ամրագրելով, որ փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաեւ դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի եւ պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից: Իսկ այն դեպքերում, երբ Հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, եւ դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա փաստաբանի խելամիտ վարձատրության հետ կապված ծախսերը՝ ողջամիտ չափով բռնագանձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, ում վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը:

Նախագծով սահմանվել են դատական ծախսերի բաշխման մանրամասն կանոններ: Հստակեցվել են ընդհանուր կանոններն այն մասին, թե դատական ծախսերը որ դեպքում ումից եւ ինչ չափով են ենթակա բռնագանձման (հայցի մասնակի բավարարում, գործի կարճում եւ այլն): Բացի դրանից, սահմանվել են նաեւ որոշակի բացառություններ այդ ընդհանուր կանոններից: Օրինակ՝ եթե գործը կարճվել է այն պատճառով, որ պատասխանողը գործի քննության ընթացքում կամավոր կատարել է հայցվորի պահանջները, ապա դատական ծախսերը ենթակա են բռնագանձման հենց պատասխանողից, այլ ոչ թե հայցվորից:

Նախագծում բավականաչափ անդրադարձ է կատարվել դատական ծանուցումներին եւ ծանուցագրերին վերաբերող գլխին: Մանրամասն սահմանվել են այն դեպքերը, երբ անձը քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով համարվում է պատշաճ ծանուցված՝ առանց ծանուցագիրը փաստացի ստանալու: Սահմանվել են նաեւ ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու հետեւանքները. ծանուցագիրը ստանալուց հրաժարվելը հավաuարեցվում է այն հանձնված լինելուն։

Որպես ծանուցման լրացուցիչ եղանակ, սահմանվել է բջջային հեռախոսով ծանուցումը կատարելու հնարավորություն: Նախագծի համաձայն՝ դատավարության մասնակիցները դատարանին կարող են գրավոր ներկայացնել իրենց բջջային հեռախոսի համարը՝ խնդրելով դատարանին դատական ծանուցումը կատարել հեռախոսակապի միջոցով:

Սահմանվել է նաեւ դատական ծանուցման մեխանիզմ այն դեպքերի համար, երբ դատավարության մասնակիցը գտնվում է կալանավայրում, ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում կամ բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում: Նախագծի համաձայն՝ այդ  դեպքում դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով: Այդ հաստատությունների վարչակազմերը դատական ծանուցագիրը ստանալուն պես պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը:

Որպես նորարարություն նախագծում նախատեսվել է նաեւ վերջին շրջանում զարգացած երկրներում կիրառվող պայմանագրային ծանուցման մեթոդիկան, սահմանվել է, թե ինչ ընթացակարգով է տեղի ունենում պայմանագրային ծանուցումը եւ երբ է այդ դեպքում անձը համարվում պատշաճ ծանուցված։ Մասնավորապես, եթե կողմերի միջեւ կնքված պայմանագրով ուղղակիորեն նախատեսվում է նման հնարավորություն, ծանուցման կարգը նախատեսվում է պայմանագրով:

Նախագծով էականորեն կատարելագործվել են դատական ակտերի կառուցվածքներին ներկայացվող պահանջները:

Հաշվի առնելով պարզեցված վարույթների կատարելագործման անհրաժեշտությունը, որը կնպաստի  արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը,  եւ ի կատարումն ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների» ցանկի  հավելված 1-ի 7.8-րդ կետի ` նախագծում որոշակի փոփոխություններ են նախատեսվել պարզեցված վարույթների մեջ։

Մասնավորապես, նախագծում ավելացվել են երկու նոր պարզեցված վարույթներ։ Դրանք են պարզեցված վարույթը եւ հեռակա դատաքննությունը։

Նախագծում նախատեսված պարզեցված վարույթը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այդպիսին չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ։ Սույն կանոնը նախատեսում է նաեւ բացառություններ, որոնց առկայության դեպքում գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, դրանք են հանդիսանում՝

1) առկա է  գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց, որը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով.

3) առկա է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

4) ներկայացվել է խմբային հայց.

5) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր:

Դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են պարզեցված վարույթի գլխի դրույթներով:

Որպես նոր վարույթի տեսակ նախատեսվել է նաեւ հեռակա դատաքննությունը։ Հեռակա դատաքննությունը եւս ամրագրվել է առանձին գլխով։ Առաջին ատյանի դատարանը կարող է կիրառել հեռակա դատաքննություն հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին եւ չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի եւ նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:

Ինչ վերաբերվում է արագացված դատաքննությանը եւ վճարման կարգադրությունների վարույթներին, ապա այս վարույթները եւս էական փոփոխության են ենթարկվել։ Մասնավորապես, լրամշակվել են վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումին ներկայացվող պահանջները` դրանցում ընդգրկելով նաեւ դիմողի հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռող որոշակի տվյալները: Իսկ գործող դատավարական օրենքում օգտագործվող «պատասխանող» բառը փոխարինվել է առավել ընդունելի «պարտապան» բառով:

Լրամշակման են ենթարկվել նաեւ վճարման կարգադրություն արձակելը մերժելու համար հիմք հանդիսացող դեպքերը: Այսպես, ի տարբերություն գործող կարգավորումների, դրանց շարքում են ներառվել նաեւ հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, ինչպես նաեւ հայցն առանց քննության թողնելու հիմք հանդիսացող հանգամանքները եւ այն դեպքը, երբ առկա է նույն անձանց վերաբերյալ, միեւնույն հիմքերով եւ միեւնույն պահանջի մասին օրենքով սահմանված ժամկետում չբողոքարկված վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժման մասին որոշում:

Նախագծում առկա նորամուծություններից մեկն էլ այն է, որ վճարման կարգադրությունը արձակելը մերժելու մասին որոշումը դիտարկվել է որպես բողոքարկման ենթակա բացառապես պարտապանի կողմից՝ մեկ ամսվա ընթացքում սկսած այն օրվանից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ արձակված վճարման կարգադրության մասին:

Քննարկվող վարույթի շրջանակներում հստակեցվել են նաեւ այն դեպքերը, թե  երբ է վճարման կարգադրությունը կորցնում իր ուժը եւ ինչպիսին է դրա դատավարական կարգը: Մասնավորապես, եթե ներկայումս վճարման կարգադրության վերացման միակ հիմք է դիտարկվում պարտապանի կողմից առարկություն ներկայացնելու դեպքը, ապա նախագծում որպես վճարման կարգադրության վերացման հիմք նախատեսվել են այն դեպքերը, երբ պարտապանը կատարել է վճարման կարգադրությունից բխող պահանջը, ինչպես նաեւ երբ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը հնարավոր չի եղել առաքել պարտապանին: Ընդ որում, սահմանվել է, որ վճարման կարգադրությունը վերացնելու մասին դատարանը կայացնում է որոշում` դրանով իսկ որոշակիացնելով դատարանի գործողությունները:

Արագացված դատաքննության վարույթներով հստակեցվել են արագացված դատաքննության կիրառման հիմքերը: Ըստ Նախագծի այդ հիմքերը  յոթն են եւ հանգում են այն տրամաբանությանը, որ գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե`

1) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասի չափով.

2) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

3) ներկայացվել է հաշվարկված եւ չվճարված աշխատավարձ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

4) ներկայացվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումար բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

5) գործին մասնակցող անձինք գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանը իրենց չմասնակցելու մասին.

6) գործին մասնակցող անձինք գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ.

7)  գործով ապացուցման առարկայի կազմի մեջ մտնող փաստերն անվիճելի են, եւ գործի լուծման համար դատարանի կողմից անհրաժեշտ է պարզել բացառապես իրավունքի հարցեր կամ պատասխանողն ընդունել է հայցապահանջները:

Նախագծում առանձնակի ուշադրություն է դարձվել նոր երեւան եկած եւ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի` որպես քաղաքացիական դատավարության բացառիկ փուլի համապարփակ իրավակարգավորումների ապահովման խնդրին: Ի տարբերություն ներկայիս` այն արդարացիորեն զետեղվել է վերաքննիչ եւ վճռաբեկ վարույթները կարգավորող բաժիններից հետո: Միեւնույն ժամանակ, վերաքննիչ եւ վճռաբեկ վարույթների վերաբերյալ դրույթներից բացառվել են նոր երեւան եկած եւ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի հետ կապված դատավարական հարաբերությունները կարգավորող կանոնները` դրանով իսկ ընդգծելով նշված վարույթի ինքնուրույնությունը: Բացի այդ, խնդրի այս կերպ լուծման արդյունքում  վերացվել է նաեւ նույն հարցի վերաբերյալ տարբեր վարույթները կարգավորող  երկու դրույթների հնարավոր հակասությունների առաջացման հնարավորությունը:

Պետք է նշել, որ նախագծի` նոր երեւան եկած եւ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը կարգավորող բաժնի դրական կողմերը վերոհիշյալով չեն սպառվում: Ըստ էության պահպանելով գործող իրավակարգավորման տրամաբանությունը` նախագծում փորձ է կատարվել էլ ավելի կատարելագործել քննարկվող ինստիտուտը: Ընդ որում, այս նպատակի իրագործման համար հիմք է ընդունվել ոչ միայն ՀՀ օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը, այլեւ ուսումնասիրվել են միջազգային փորձը եւ դատավարագիտության մեջ ձեւավորված մոտեցումները:

Մասնավորապես. նախագծում հստակեցվել են բողոք բերելու իրավասությամբ օժտված սուբյեկտների շրջանակը, քանի որ գործող կարգավորումների նույնիսկ համակարգային վերլուծությունը ոչ միշտ է հանգեցնում միանշանակ եզրակացությունների, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի ձեւակերպումները, նպատակ ունենալով ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներում արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո բարձրացնել այս վարույթի կիրառելիության արդյունավետությունը, հանգեցրել են մեկ այլ ծայրահեղության: Խոսքը այն մասին է, որ դրանցում օգտագործվող «այն անձինք» արտահայտության տառացի մեկնաբանության դեպքում ստացվում է, որ անձը համապատասխան պայմանները բավարարելու դեպքում կարող է բերել դատական ակտը նոր երեւան եկած եւ նոր հանգամանքներով վերանայելու մասին բողոք` անկախ նրանից հանդիսանում է տվյալ գործող գործին մասնակցող անձ, թե ոչ: Իսկ այս հանգամանքը, բնականաբար, չի կարող համատեղելի լինել քաղաքացիական դատավարության նպատակների հետ:

Նախագծում որոշակի փոփոխությունների են ենթարկվել դատական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր երեւան եկած հանգամանքների շրջանակը: Այսպես, դրանց շարքից դուրս է բերվել դատարանի վճռի համար հիմք ծառայած դատական կամ վարչական ակտի վերացման հիմքը, քանի որ այն իր էությամբ չէր համապատասխանում «նոր երեւան եկած հանգամանք» հասկացությանը, եւ այն շարադրվել է նոր հանգամանքների շարքում:

Բացի այդ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է քննարկվող վարույթի հարուցման տեսանկյունից կարեւորվող եւս մեկ հիմք: Մասնավորապես, որպես այդպիսին հանդիսանում է դատական ակտի կայացման համար հիմք հանդիսացող գործարքի անվավեր ճանաչումը, որն էլ զետեղվել է նոր հանգամանքների շարքում:

Միեւնույն ժամանակ, որպես նորամուծություն է հանդիսանում գործին մասնակցող անձի իրավահաջորդի կողմից բողոք բերելու ժամկետի հաշվարկման կանոնի ամրագրումը, քանի որ գործող դատավարական օրենքը որեւէ հատուկ կանոն այս կապակցությամբ չի նախատեսում:

Որպես առաջարկվող իրավակարգավորման դրական կողմ կարելի է մատնանշել այն, որ հանվել է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով բողոք բերելիս այդ որոշումը կցելու պարտականությունը: Նման մոտեցման համար հիմք է ընդունվել այն պարզ իրողությունը, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը իրենից ներկայացնում է նորմատիվ իրակական ակտ, իսկ քաղաքացիական դատավարությունում գործում է դատավորի կողմից օրենքի պատշաճ իմացության կանխավարկածը (juranovitcuria):

Նախագծում նաեւ լուծում է տրվել այն հարցին, թե ինչ դատավարական գործողություններ պետք է կատարի դատարանը այն դեպքում, երբ բողոքը բերող անձը բողոքը ներկայացնում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից տասը տարին անցնելուց հետո: Բանը նրանում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը առանց որեւէ վերապահման բացառում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամկետ լրանալու պայմաններում դատական ակտի վերանայում, բայց եւս չի նախատեսել նման բողոքների կապակցությամբ դատարանի կողմից կատարվելիք գործողությունները: Այդ իսկ պատճառով, ինչպես նաեւ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ ձեւավորած մոտեցումները, նախագծում քննարկվող դեպքը դիտարկվել է որպես բողոքի վերադարձման հիմք:

Օրենքով որպես հատուկ հայցային վարույթի տեսակ առաջարկվում է ընտանեկան գործերը: Ելնելով այդ գործերի առանձնահատկություններից՝ նախագծով առաջարկվում է, ի տարբերության գործերի քննության ընդհանուր կարգի, այդ գործերի հիմքում դնել ի պաշտոնե քննության մոդելը: Ընտանեկան գործերով հատուկ հայցային վարույթը համապատասխանեցվել է Ընտանեկան օրենսգրքի պահանջներին:

Նախագծով նախատեսվել է նաեւ խմբային հայցի վարույթը: Կոլեկտիվ հայցերի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերն ունեն մի շարք առավելություններ, քանի որ դրանք մեծ թվով անհատական պահանջներ միավորում են մեկ ներկայացուցչական քաղաքացիական գործում: Նման միավորումը կարող է բարձրացնել դատավարության արդյունավետությունը եւ նվազեցնել դատական ծախսերը: Իրավունքի եւ փաստերի նույն հարցերը ներառող գործերի դեպքում պահանջների միավորումը խմբային հայցում կարող է դատավարությունից դատավարություն նույն վկաների, իրեղեն ապացույցների եւ քննվող հարցերից  խուսափելու հնարավորություն ընձեռել:

Խմբային հայցերի ընթացակարգի ներդրումը կարող է լուծել այն խնդիրը, որ փոքր չափերի հատուցումները որեւէ անձի չեն շահագրգռում իր իրավունքների իրականացման համար առանձին հայց հարուցել: Կոլեկտիվ հայցը լուծում է այս խնդիրը` հավանական աննշան հատուցումների միավորումից ստանալով որեւէ մեկի (սովորաբար փաստաբանի) աշխատանքին համարժեք գումար: Այլ կերպ ասած` կոլեկտիվ հայցն ապահովում է, որ պատասխանողը, ով լայնածավալ վնասի հանգեցնող գործողություններ է կատարում` յուրաքանչյուր անհատ հայցվորին դրանով պատճառելով փոքր չափի վնաս, այնուամենայնիվ, փոխհատուցի նրանց պատճառած վնասը: Հավանաբար փոխհատուցումից ավելի կարեւոր է այն, որ պահանջների համատեղ քննությունը կարող է հանդիսանալ իրավախախտման առաջացրած ծախսերը հոգալու պարտավորությունը իրավախախտի վրա դնելու միակ եղանակը, ինչն իր հերթին կկանխի հետագա իրավախախտումները:

Խմբային հայցերի առանձնահատկություններից է հանդիսանում նաեւ այն, որ խմբային հայցով հայցվորներից մեկը կամ մի քանիսը (փոքրամասնությունը) զրկվում են դատարանի կողմից կայացրած դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից։ Այսինքն, խմբային հայցով դատական ակտի դեմ բողոքը կարող է ներկայացվել բոլոր հայցվորների անունից միայն։ Դա պայմանավորված է այն առանձնահատկությամբ, որ անձինք հարուցելով հայց՝ խմբի կազմով, պետք է գիտակցեն նաեւ ռիսկը (այդ թվում իրենց համար անբարենպաստ դատական ակտի տեսքով) եւ ինչ գործողություն էլ կատարվում է խմբային հայցվորների անունից, կատարվում է «մեկ միասնական օրգանիզմ» սկզբունքով։ Միեւնույն ժամանակ խմբային հայցով սպառիչ է նաեւ խմբային հայցվորների ներկայացուցիչների ցանկը, ըստ որում, խմբային հայցով ներկայացուցիչներ կարող են լինել՝ տվյալ խմբային հայցի ցանկացած հայցվոր, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն կամ փաստաբան, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն:

Խմբային հայցերի ներդրման պահանջ նախատեսված է նաեւ ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների» ցանկի 3.15-րդ կետով, ինչպես նաեւ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի միջոցառումների ցանկով:

Որպես առանձին վարույթներ մանրամասն կանոնակարգումներ են նախատեսվել երեք նոր վարույթներով, որոնք են՝

1. արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու եվ օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման եվ հարկադիր կատարման վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները.

2. ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու եվ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները.

3. օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու եվ կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը:

Վերոնշյալ երեք վարույթներով նախատեսվել են նման վարույթ հարուցելու համար դիմումին եւ դրան կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դատարանի գործողությունները նշված վարույթների շրջանակներում:

Նախագծով կատարելագործվել է վերաքննության ինստիտուտը: Նախ եւ առաջ, հստակ սահմանվել է որոշումների այն սպառիչ ցանկը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Որպես այդպիսին՝ մասնավորապես սահմանվել են հայցի ապահովման (հակընդդեմ ապահովման) միջոց կիրառելու, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու, հայցի ապահովման միջոցը վերացնելու կամ վերացնելը մերժելու մաuին որոշումները:

Որպես գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների ապահովման երաշխիք, սահմանվել է, որ վերջնական դատական ակտի հրապարակման ժամանակի եւ վայրի մասին պատշաճ չծանուցված գործին մաuնակցող անձինք իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն oրվանից uկuած` երեք ամuվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ դատական ակտի կայացման մաuին:

Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու նկատառումով սահմանվել է վերաքննիչ բողոքի քննության գրավոր ընթացակարգի հնարավորությունը միջանկյալ դատական ակտերի դեմ:

Սահմանվել է վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը մերժելու ինստիտուտ՝ այն դեպքերի համար, երբ բողոքում առկա թերությունները անվերացվելի են: Հակառակ դրան, նեղացվել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի շրջանակը:

Սահմանվել են վերաքննիչ դատարանում գործի քննության ժամկետները: Ելնելով գործն ըստ էության լուծող եւ չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքներով գործերի քննության էական տարբերություններից՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների համար սահմանվել է գործի քննության տարբերակվող կարգ. դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են առանց դատական նիuտ հրավիրելու։

Նախագծով սահմանվել եւ մանրամասնեցվել են այն դեպքերը, երբ վերաքննիչ դատարանն իրավունք է ստանում հետազոտել ապացույցներ եւ (կամ) ընդունել նոր ապացույցներ: Ապացույցների ընդունման հիմնական կանոնը այն է, որ գործին մասնակցող անձը կարողանա վերաքննիչ բողոքում հիմնավորել, որ վերաքննիչ դատարան ներկայացրած նոր ապացույցը իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դատարանին։ Ընդ որում նախագծի համապատասխան հոդվածի համատեքստում բացահայտվում է, թե երբ չի կարող ապացույցը համարվել առաջին ատյանի դատարան իր կամքից անկախ հանգամանքներում չներկայացված։

Սահմանվել են այն դեպքերը, երբ վերաքննիչ դատարանն իրավունք ունի դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերից եւ հիմնավորումներից եւ բեկանել դատական ակտը. անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից եւ հիմնավորումներից` վերաքննիչ դատարանը ստուգում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի առկայությունը, գործի վարույթը կարճելու եւ հայցն առանց քննության թողնելու հիմքերի առկայությունը: Բացի դրանից, լրամշակվել եւ ավելացվել են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը: Ըստ որում այդ հիմքերի շարքին են դասվում՝

1) դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ.

2) դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կողմից.

3) դատական ակտը կայացրել է այն դատավորը, որը տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված չէ.

4) դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը.

5) ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Հստակեցվել են վերաքննիչ դատարանի կոնկրետ այս կամ այն լիազորությունների կիրառման իրավաչափության պայմանները եւ սահմանափակումները, օրինակ՝ վերաքննիչ դատարանը չի կարող կիրառել դատական ակտը բեկանելու եւ փոփոխելու լիազորությունը, եթե եկել է այն եզրահանգման, որ դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան, սխալ է որոշել անվիճելի փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը:

Նախագծի առկա բարեփոխումների առավել կարեւոր ուղղություններից մեկը դատական ակտերին ներկայացվող պահանջների վերանայումն է եւ դատական ակտի իրավական հիմնավորվածության սկզբունքի ապահովումը: Այս առումով, մանրամասնեցվել են վերաքննիչ դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները:

ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո ձեւավորված դատական պրակտիկան ցույց է տվել, որ վերաքննիչ դատարանը, գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, զրկված է մի շարք էական նշանակություն ունեցող լիազորություններից (վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման իրավունք, դատական ծախսերի հարցը չլուծելու դեպքում լրացուցիչ դատական ակտ կայացնելու իրավունք եւ այլն): Նախագծում նաեւ լուծում է տրվել այս հարցերին:

Փոփոխությունների ու լրացումների կատարում է նախատեսվում նաեւ Նախագծին հարակից օրենքների փաթեթում խմբագրական խնդիրներ կանոնակարգելու, պետական տուրքի չափերը հստակեցնելու եւ նոր վարույթների համար պետական տուրք սահմանելու, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված մոտեցումը պահպանելու համար:

Ակնկալվող արդյունքը.

Սույն նախագծերն ընդունվելու դեպքում կկենսագործվեն «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի  01.07.2012թ. կարգադրությամբ նախատեսված քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցները, կապահովվի դատավարությունում  մրցակցության եւ գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքների կենսագործումը, առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում գործերի միատեսակ քննությունը:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանա:
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ՝

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է  կանոնակարգել դատաքննության ընթացքը եւ դրա ընթացքում դատավարական գործողությունների կատարման հաջորդականությունը, բարձրացնել նախնական դատական նիստի նշանակությունը, մեկ գլխի մեջ սահմանել դատական նիստի ընդհանուր կանոնները, որոնք կիրառելի կլինեն դատական վարույթի բոլոր փուլերի համար:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվի` փորձաքննության իրականացման առավելագույն ժամկետ սահմանելու վերաբերյալ ուղեկցող գրությամբ ներկայացված առաջարկությունը հաշվի առնելու պարագայում:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ամրագրված պետական տուրքի դրույքաչափը  սահմանվում է տասնապատիկի չափով` ներկայումս սահմանված կրկնապատիկի փոխարեն, ամրագրվում է պետական տուրք` արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, ինչպես նաեւ  ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար, սակայն, միաժամանակ, սահմանվում են դրույթներ գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը նաեւ վեճի առարկայի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցելու դեպքերում թույլատրելու վերաբերյալ` տվյալ գործով առաջին ատյանի դատարանի կողմից  արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալու դեպքերում:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացմանն ու  քաղաքացիադատավարական իրավահարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես` նախատեսվում է կատարելագործել վերաքննության ինստիտուտը` սահմանելով  որոշումների այն սպառիչ ցանկը, որոնք ենթակա են բողոքարկման, էական փոփոխություններ են կատարվել դատական ծախսերի, ծանուցման մեխանիզմների  մասով, որպես նոր վարույթի տեսակ նախատեսվել է նաեւ հեռակա դատաքննությունը:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես`  ամրագրվում է պետական տուրք` գույքը տիրազուրկ ճանաչելու եւ դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու, անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու, քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու, երեխայի որդեգրման, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, ինչպես նաեւ  ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չեն հանգեցնում:

Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (առաջարկվում է վերանայել դատարանների կողմից իրականացվող առանձին գործողությունների համար պետական տուրքի գործող դրույքաչափերը, ինչպես նաեւ սահմանել պետական տուրքի օբյեկտ հանդիսացող  նոր գործողությունների տեսակներ)  ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: 
 
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 730-Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարգանքով` Կարեն Կարապետյան