Armenian ARMSCII Armenian
Կ-072-14.07.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2016 թվականի հուլիսի 22-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարությունը (այսուհետեւ` Պայմանավորվող կողմեր),

ցանկանալով ավելի խրախուսել միմյանց միջեւ տնտեսական համագործակցությունը` մի Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում ներդրումների առնչությամբ,

ընդունելով, որ այդ ներդրումներին վերաբերող` Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը կխթանի կապիտալի հոսքը եւ Պայմանավորվող կողմերի տնտեսական զարգացումը,

հաշվի առնելով, որ ներդրումային կայուն շրջանակը կապահովի տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը եւ կբարելավի կյանքի պայմանները,

համաձայնելով, որ ներդրումների իրականացումը պետք է կատարվի  իրենց օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան,

գիտակցելով, որ նման ներդրումների խրախուսումը պահանջում է համագործակցային ջանքեր երկու Պայմանավորվող կողմերի ներդրողների կողմից,

համաձայնեցին հետեւյալի մասին.

Հոդված 1

Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

1. «Ներդրող» հասկացությունը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար նշանակում է`

ա) ֆիզիկական անձ, որը Պայմանավորվող կողմի քաղաքացի է, եւ որը ներդրում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում,

բ) իրավաբանական անձ, ինչպիսին է կորպորացիան, հիմնադրամը, տրեստը, ձեռնարկությունը կամ ընկերակցությունը, որը ստեղծվել կամ կազմավորվել է այդ Պայմանավորվող կողմի օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, եւ որն արդյունավետ կերպով կառավարվում է տվյալ Պայմանավորվող կողմի տարածքում,

գ) Պայմանավորվող կողմի Կառավարություն կամ Կառավարությանը պատկանող ընկերություններ:

2. «Ներդրումներ» հասկացությունը նշանակում է` գույքի ցանկացած տեսակ, որը ներդրվում է մի Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` իր օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, եւ, մասնավորապես, ներառում է.

ա) շարժական եւ անշարժ գույքը, ինչպես նաեւ այլ իրավունքներ, ինչպիսիք են հիպոտեկը, գրավը եւ եկամտի իրավունքով ազատ օգտագործումը (ուզուֆրուկտ),

բ) բաժնեմասերը, բաժնետոմսերը, պարտատոմսերը եւ կազմակերպությունների մասնակցության այլ ձեւերը,

գ) շահույթի վերաներդրումը,

դ) դրամական պահանջները կամ այլ իրավունքներ` ներդրմանը համարժեք իրավաչափ գործունեության համար, բացառությամբ այն դրամական պահանջների, որոնք բացառապես բխում են`

i. Պայմանավորվող կողմի քաղաքացու կամ ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ապրանքների վաճառքի եւ ծառայությունների մատուցման առեւտրային պայմանագրերից,

ii. վարկի երկարաձգումից` կապված առեւտրային գործարքի հետ, ինչպիսին է, օրինակ, առեւտրի ֆինանսավորումը,

ե) մտավոր եւ արդյունաբերական սեփականության իրավունքները, որոնք ընդունված են Պայմանավորվող կողմի  ներքին օրենսդրությամբ, ներառյալ հեղինակային իրավունքները եւ հարակից իրավունքները, ապրանքանիշերը, արտոնագրերը, արդյունաբերական նախագծերը եւ տեխնիկական գործընթացները, բույսերի նոր տեսակների բուծման իրավունքները, նոու-հաուները, առեւտրային գաղտնիքները, ապրանքային անունները եւ բարի համբավը,

զ) տնտեսական եւ առեւտրային գործունեության իրավունքները` շնորհված օրենքով, վարչական ակտով կամ պայմանագրով: Արաբական Միացյալ Էմիրությունների դեպքում բնական ռեսուրսները չեն կարգավորվում սույն Համաձայնագրով:

Գույքի ներդրման կամ վերաներդրման ձեւի փոփոխությունը չի ազդում գույքի` որպես ներդրման բնույթի վրա` պայմանով, որ այդ փոփոխությունը չի հակասում սկզբնապես ներդրված գույքի նկատմամբ տրամադրված թույլտվություններին, եթե այդպիսիք առկա են:

3. «Եկամուտներ» հասկացությունը նշանակում է` ներդրումից ստացված եկամուտ եւ, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է շահույթը, դիվիդենտները, կապիտալի աճը, տոկոսները, ռոյալթիները եւ այլ վճարեր:

4. «Ազատ փոխարկելի արժույթ» հասկացությունը նշանակում է` ցանկացած արժույթ, որը լայնորեն կիրառվում է միջազգային գործարքներում եւ փոխարկվում է հիմնական արժութային շուկաներում:

5. «Տարածք» հասկացությունը նշանակում է`

ա) Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության հողային տարածքը, ջրային տարածքը եւ դրանց վերեւում գտնվող օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ եւ իրավասություն` իր գործող ազգային օրենսդրությանը եւ միջազգային իրավունքին համապատասխան:

բ) Արաբական Միացյալ Էմիրությունների համար` Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքը, ծովային տարածքը, օդային տարածքը եւ ստորջրյա գոտիները, որոնց նկատմամբ Արաբական Միացյալ Էմիրություններն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ` միջազգային իրավունքի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների օրենսդրությանը համապատասխան, ներառյալ ԱՄԷ իրավասության տակ գտնվող Բացառիկ տնտեսական գոտին, ցամաքը եւ կղզիները` ԱՄԷ-ի ջրերում, ծովի հատակում եւ ընդերքում իրականացվող գործունեության առնչությամբ` կապված բնական ռեսուրսների հետազոտման կամ արդյունահանման հետ` իր օրենսդրության եւ միջազգային իրավունքի հիման վրա:

6. «Իրավասու մարմին» հասկացությունը նշանակում է`

i. Արաբական Միացյալ Էմիրությունների դեպքում` Ֆինանսների նախարարություն կամ լիազորված ներկայացուցիչ,

ii. Հայաստանի Հանրապետության դեպքում` Էկոնոմիկայի նախարարություն:

ՀՈԴՎԱԾ 2

Ներդրումների խթանումը եւ խրախուսումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում է եւ ստեղծում է բարենպաստ պայմաններ` մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իր տարածքում ներդրումներ կատարվելու համար, եւ ընդունում է այդ ներդրումները` իր  օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան:

2. Փոխադարձ ներդրումների հոսքերը խրախուսելու նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, ջանում է հնարավորության սահմաններում տեղեկություններ տրամադրել իր տարածքում ներդրումային հնարավորությունների մասին:

ՀՈԴՎԱԾ 3

Ներդրումների պաշտպանությունը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների եւ եկամուտների նկատմամբ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կիրառվում է արդար եւ հավասար ռեժիմ: Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է կամայական կամ խտրական միջոցներով խոչընդոտի մյուս Պայմանավորվող կողմի  ներդրողների կողմից իր տարածքում կատարվող ներդրումների զարգացմանը,  կառավարմանը, օգտագործմանը,  տնօրինմանը կամ օտարմանը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, պետք է հնարավորինս հանրությանը հասանելի դարձնի ներդրումներին վերաբերող իր օրենքները եւ կանոնակարգերը:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների համար ապահովի իր դատարաններ,  վարչական դատարաններ եւ գործակալություններ ու դատական այլ  մարմիններ դիմելու իրավունքը:

ՀՈԴՎԱԾ 4

Ազգային եւ առավել բարենպաստ ռեժիմ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի  ներդրողների ներդրումների եւ եկամուտների նկատմամբ  սահմանում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա կիրառում է իր սեփական ներդրողների ներդրումների ու եկամուտների նկատմամբ կամ  երրորդ պետության ներդրողների ներդրումների ու եկամուտների նկատմամբ` ընտրելով տվյալ ներդրողների համար առավել բարենպաստ ռեժիմը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր  տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների զարգացման, կառավարման, պահպանման, օգտագործման, տնօրինման, վաճառքի կամ օտարման հետ կապված, սահմանում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա կիրառում է իր սեփական  ներդրողների կամ  երրորդ պետության ներդրողների նկատմամբ` ընտրելով տվյալ ներդրողների համար առավել բարենպաստ ռեժիմը:

3. Սույն հոդվածի ներքո Պայմանավորվող կողմի ներդրողի համար սահմանվող ռեժիմը չի տարածվում ներդրման կատարման նախնական փուլի վրա:

4. Չնայած սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո այլ պետությունների հետ կնքած` Պայմանավորվող կողմերի երկկողմ ներդրումային համաձայնագրերին` առավել բարենպաստ ազգերի ռեժիմը չի կարող վերաբերել ընթացակարգային կամ դատական հարցերին: Այս առումով հստակություն մտցնելու համար չպետք է նման այլ համաձայնագրերից բխող առավել բարենպաստ պաշտպանություն ներմուծել:

5. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերությունները չպետք է մեկնաբանվեն որպես մի Պայմանավորվող կողմի պարտավորություն` մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին տրամադրել որեւէ ռեժիմ, նախապատվություն կամ արտոնություն, որոնք առաջին Պայմանավորվող կողմը կարող էր տրամադրել հետեւյալի հիման վրա`

ա) գոյություն ունեցող կամ ապագա մաքսային միության կամ տնտեսական կամ արժութային միության, ազատ առեւտրի գոտու կամ համանման միջազգային այլ համաձայնագրեր, որոնց Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը անդամ է կամ կանդամակցի ապագայում,

բ) միջազգային որեւէ համաձայնագիր կամ կարգավորում, որն ամբողջությամբ կամ մասամբ վերաբերում է հարկմանը:

ՀՈԴՎԱԾ 5

Կատարման պահանջներ

Պայմանավորվող կողմերից ոչ մեկն իր տարածքում չպետք է սահմանի պարտադիր այնպիսի պահանջներ մյուս Պայմանավորվող կողմի  ներդրողների ներդրումների նկատմամբ`  նյութերի գնման, արտադրության միջոցների, շահագործման, փոխադրման, ապրանքների մարկետինգի կամ նմանատիպ գործողությունների առնչությամբ, որոնք ունեն ոչ ողջամիտ  եւ խտրական ազդեցություն: Սույն պարբերությունը չի կիրառվում Պայմանավորվող կողմի Կառավարության որեւէ մակարդակում, օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, ապրանքների եւ ծառայությունների գնման ընթացքում ձեռնարկվող միջոցների նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 6

Վնասի կամ կորստի դիմաց փոխհատուցում

1. Եթե Պայմանավորվող կողմի  ներդրողների ներդրումներին վնաս կամ կորուստ է հասցվում  մյուս Պայմանավորվող կողմի  տարածքում պատերազմի կամ զինված այլ հակամարտության, քաղաքացիական խռովությունների, արտակարգ իրավիճակի, հեղափոխության, ապստամբության կամ նման այլ դեպքերի հետեւանքով, մյուս Պայմանավորվող կողմը այդ ներդրողների նկատմամբ փոխհատուցման կամ այլ կարգավորման մասով սահմանում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա կիրառում է իր սեփական  ներդրողների կամ  երրորդ պետության ներդրողների նկատմամբ` ընտրելով տվյալ ներդրողների համար առավել բարենպաստ ռեժիմը:

2. Առանց ազդելու սույն հոդվածի 1-ին պարբերության վրա` մի Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնք մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այդ պարբերությունում նշված դեպքերում կրում են վնաս կամ կորուստ, որն առաջացել է`

ա) զինված ուժերի կամ իշխանությունների կողմից իրենց ունեցվածքի կամ դրա մի մասի բռանագրավման,

բ) զինված ուժերի կամ իշխանությունների կողմից իրենց ունեցվածքի կամ դրա մի մասի ոչնչացման հետեւանքով, ինչը ռազմական գործողությունների արդյունք չէ կամ չի բխում իրադրության անհրաժեշտությունից,  պետք է պատշաճ ժամանակին ստանան համարժեք եւ արդյունավետ փոխհատուցում կամ հատուցում իրենց ունեցվածքի բռնագրավման ընթացքում կամ  դրա ոչնչացման հետեւանքով կրած վնասի կամ կորստի համար: Համապատասխան վճարումները պետք է կատարվեն ազատ փոխարկելի արժույթով եւ լինեն առանց հետաձգման ազատ փոխանցելի:

ՀՈԴՎԱԾ 7

Սեփականազրկում

1. Պայմանավորվող կողմը չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով սեփականազրկի կամ ազգայնացնի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումները կամ ձեռնարկի համարժեք հետեւանքներ ունեցող այլ միջոցներ, ինչպիսիք են սառեցումը կամ հավելյալ հարկի գանձումը (այսուհետ` սեփականազրկում), բացառությամբ այդ դեպքերի, երբ միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները.

ա) հանրային շահերից բխող նպատակի համար,

բ) ոչ խտրական հիմքի վրա,

գ) օրենքով սահմանված կարգով եւ

դ) պատշաճ ժամանակին, համարժեք եւ արդյունավետ փոխհատուցման վճարում:

2. Փոխհատուցումը պետք է համարժեք լինի սեփականազրկված ներդրման արդար շուկայական արժեքին` սեփականազրկումից կամ նախատեսվող սեփականազրկման մասին հայտնի դառնալու պահից անմիջապես առաջ` կախված նրանից, թե որն է ավելի եղել:

3. Եթե արդար շուկայական արժեքը հնարավոր չէ որոշել, փոխհատուցումը պետք է սահմանվի արդարացի կերպով` հաշվի առնելով համապատասխան բոլոր գործոնները եւ հանգամանքները, ինչպիսիք են ներդրված կապիտալը, ներդրման բնույթն ու տեւողությունը, փոխանակման արժեքը, հաշվեկշռային արժեքը եւ բարի համբավը:

4. Փոխհատուցումը պետք է վճարվի առանց հետաձգման, լինի ամբողջովին իրացվելի եւ ազատ փոխարկելի:

5. Պայմանավորվող կողմի ներդրողը, որը տուժել է մյուս Պայմանավորվող կողմի իրականացրած սեփականազրկումից, իրավունք ունի մյուս Պայմանավորվող կողմի դատական կամ իրավասու եւ անկախ այլ մարմնում պատշաճ ժամանակին ստանալու իր դեպքի վերանայում` ներառյալ իր ներդրման գնահատումը եւ փոխհատուցման վճարումը, սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

6. Եթե Պայմանավորվող կողմը սեփականազրկում է իր օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան  իր տարածքում կազմավորված իրավաբանական անձի ակտիվները, որին մասնակցություն ունեն  մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները, ապա նա պետք է ապահովի, որ սույն հոդվածի դրույթները կիրառվեն այնպես, որ այդ ներդրողներին երաշխավորվի համարժեք եւ արդյունավետ փոխհատուցում:

7. Պայմանավորվող կողմի Կառավարության ակտիվները անձեռնմխելի են ազգայնացումից, սեփականազրկումից, արգելափակումից կամ սառեցումից:

8. Կառավարության ակտիվները ենթակա չեն վերոնշյալ միջոցների կիրառմանը` երրորդ կողմի պահանջի հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 8

Փոխանցումներ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր տարածքում գործող օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, ապահովում է, որ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի` իր տարածքում կատարած ներդրման հետ կապված բոլոր վճարումները ազատ եւ առանց հետաձգման փոխանցվեն իր տարածք եւ իր տարածքից դուրս: Այդ փոխանցումները մասնավորապես ներառում են`

ա) սկզբնական կապիտալը եւ ներդրումների պահպանման կամ ավելացման համար անհրաժեշտ լրացուցիչ գումարները,

բ) եկամուտները,

գ) պայմանագրով կատարվող վճարումները, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն կատարվող հետվճարումները,

դ) ներդրումն ամբողջությամբ կամ մասամբ լուծարելուց կամ վաճառքից ստացված հասույթը,

ե) սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի եւ 7-րդ հոդվածի համաձայն կատարվող փոխհատուցման վճարումները,

զ) սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն կատարվող վճարումները,

է) ներդրումային վեճի կարգավորումից առաջացած  վճարումները,

ը) ներդրման հետ կապված` արտասահմանից անձնակազմի աշխատավարձերը եւ այլ վարձատրություններ,

թ) ազգային ավիաընկերությունների շահույթը եւ եկամուտները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ սույն հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված փոխանցումները կատարվեն առանց հետաձգման, ազատ փոխարկելի արժույթով, փոխանցման օրը գործող շուկայական փոխարժեքով եւ այն Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, որտեղ կատարվել են ներդրումները:

3. Չնայած սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններին` Պայմանավորվող կողմը, իր օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, կարող է բարեխիղճ, արդար եւ ոչ խտրական եղանակով ժամանակավորապես կանխել փոխանցումները` կիրառելով.

ա) սնանկության գործընթացներում վարկատուների պաշտպանությանը եւ

բ) քրեական հանցագործություններին

 վերաբերող իր օրենքները եւ կանոնակարգերը:

ՀՈԴՎԱԾ 9

Իրավունքի փոխանցումը

1. Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա կողմից նշանակված մարմինը (սույն հոդվածի նպատակների համար` երաշխավոր) կատարում է երաշխիքով վճարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրականացված ներդրման առնչությամբ, ապա մյուս Պայմանավորվող կողմը պետք է ընդունի`

ա) փոխհատուցվող կողմի բոլոր իրավունքների եւ պահանջների փոխանցումը երաշխավորին, եւ

բ) որ երաշխավորն իրավունք ունի իրականացնելու այդ իրավունքները եւ կիրարկելու այդ պահանջները իրավունքի փոխանցման հիման վրա` այնպես, ինչպես սկզբնական ներդրողը, եւ պետք է ստանձնի ներդրմանն առնչվող պարտավորությունները:

2. Երաշխավորը բոլոր դեպքերում իրավունք ունի ստանալու`

ա) նույն ռեժիմը իր ձեռք բերած իրավունքների, պահանջների եւ ստանձնած պարտավորությունների առնչությամբ,  իրավունքի փոխանցման հիման վրա, կամ

բ) ցանկացած վճարում, որը ստացվել է այդ իրավունքների եւ պահանջների համաձայն`

այնպես, ինչպես փոխհատուցող կողմն իրավունք ունի դրանք ստանալու սույն Համաձայնագրի հիման վրա` տվյալ ներդրման եւ դրան առնչվող եկամուտների մասով:

3. Փոխանցված իրավունքները կամ պահանջները չպետք է գերազանցեն ներդրողի սկզբնական իրավունքները կամ պահանջները:

4. Չնայած սույն հոդվածի 1-ին պարբերությանը` իրավունքի փոխանցումը կատարվում է Պայմանավորվող կողմում` միայն այդ Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի հաստատումից հետո:

ՀՈԴՎԱԾ 10

Պայմանավորվող կողմի եւ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջեւ վեճերի կարգավորումը

1. Ներդրողը մյուս Պայմանավորվող կողմի հետ ունեցած վեճերը սկզբում փորձում է լուծել բարեկամաբար` խորհրդակցությունների եւ բանակցությունների միջոցով:

2. Խորհրդակցություններ եւ բանակցություններ սկսելու համար ներդրողը համապատասխան Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին է ուղարկում գրավոր ծանուցում: Գրավոր ծանուցման մեջ նշվում է`

ա) վեճի կողմ հանդիսացող ներդրողի անունը եւ հասցեն,

բ) սույն Համաձայնագրի այն դրույթները, որոնք ենթադրաբար խախտվել են,

գ) պահանջի փաստացի եւ իրավական հիմքերը եւ

դ) հայցվող իրավական պաշտպանության միջոցները եւ վնասների հատուցման պահանջվող գումարը, եթե այդպիսին առկա է:

3. Եթե վեճը հնարավոր չէ բարեկամաբար կարգավորել գրավոր ծանուցումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում, Պայմանավորվող կողմի խնդրանքով` վեճը ներկայացվում է այդ Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին կամ արբիտրաժի կենտրոններ` հաշտեցման եւ միջնորդության համար:

4. Եթե վեճը հնարավոր չէ բարեկամաբար կարգավորել սույն հոդվածի 3-րդ պարբերությունում նշված հաշտեցման եւ միջնորդության մեկնարկի օրվանից վեց ամսվա ընթացքում, վեճը, ներդրողի խնդրանքով, կարող է կարգավորվել հետեւյալ կերպով.

ա) այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է ներդրումը, կամ

բ) այն Պայմանավորվող կողմի արբիտրաժի կենտրոնների կողմից, որի տարածքում  կատարվել է ներդրումը, կամ

գ) 1965 թվականի մարտի 18-ին Վաշինգտոնում ստորագրության համար բացված` Պետությունների եւ այլ պետությունների քաղաքացիների միջեւ ներդրումային վեճերի կարգավորման կոնվենցիայի ներքո հիմնադրված Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) կողմից` արբիտրաժի միջոցով,

դ) Միավորված ազգերի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) Արբիտրաժի կանոններին համապատասխան` արբիտրաժի միջոցով, երկու Պայմանավորվող կողմերի ընդունած վերջին փոփոխություններով հանդերձ:

5. Դատավարության ցանկացած փուլում ներդրողները եւ ընդունող պետությունը կարող են հետ վերցնել գործը, եթե նրանք համաձայնության են եկել վեճի կարգավորման որեւէ այլ եղանակի շուրջ:

6. Արբիտրաժային վճիռները վերջնական եւ պարտադիր են: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է արբիտրաժային վճռի ընդունումը եւ հարկադիր կատարումը` իր օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան:

7. Վճիռը պարտադիր է եւ ենթակա չէ բողոքարկման կամ իրավական այլ պաշտպանության, քան նախատեսված է ICSID կոնվենցիայով կամ արբիտրաժի այն կանոններով, որոնց վրա հիմնված է ներդրողի գործի վարույթը, եթե նոր փաստեր կամ ապացույցներ ի հայտ չեն եկել: Վճիռը պետք է համապատասխանի ICSID կոնվենցիայի 48-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ եւ 54-րդ հոդվածներին:

8. Վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմը չպետք է հաշտեցման կամ արբիտրաժային վարույթի կամ վճռի հարկադիր կատարման որեւէ փուլում առարկություն հայտնի, որ վեճի մյուս կողմ հանդիսացող ներդրողը ապահովագրության հիման վրա ստացել է իր կորուստների դիմաց ամբողջական կամ մասնակի փոխհատուցում:

9. Երբ ներդրողը եւ Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված մարմին կամ նրա տեղական ինքնակառավարման մարմինը համաձայնագիր են կնքում ներդրողի ներդրումների վերաբերյալ, կիրառվում է տվյալ համաձայնագրում նախատեսված վեճերի կարգավորման ընթացակարգը:

ՀՈԴՎԱԾ 11

Պայմանավորվող Կողմերի միջեւ վեճերի կարգավորումը

1. Պայմանավորվող կողմերի միջեւ սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը հնարավորության դեպքում կարգավորվում են  բանակցությունների միջոցով:

2. Եթե սույն հոդվածի առաջին պարբերության ներքո վեճը չի կարգավորվում վեց ամսվա ընթացքում, ապա, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով, այն ներկայացվում է երեք անդամից կազմված Արբիտրաժային դատարան:

3. Արբիտրաժային դատարանը կազմավորվում է յուրաքանչյուր առանձին դեպքի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկ անդամի, եւ այս երկու անդամները համաձայնության են գալիս որպես նախագահի երրորդ պետության քաղաքացու ընտրության վերաբերյալ: Այս անդամները նշանակվում են Պայմանավորվող կողմի` վեճը արբիտրաժային դատարան ներկայացնելու մտադրության մասին մյուս Պայմանավորվող կողմին ծանուցելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում, իսկ նախագահը նշանակվում է հետագա երկու ամիսների ընթացքում:

4.  Եթե սույն հոդվածի 3-րդ պարբերությունում նշված ժամկետները չեն պահպանվում, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, համապատասխան այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, կարող է դիմել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար: Եթե Արդարադատության միջազգային դատարանի նախագահը որեւէ Պայմանավորվող կողմի  քաղաքացի է կամ որեւէ այլ պատճառով չի կարող կատարել այդ գործառույթը, ապա փոխնախագահը կամ, եթե վերջինս չի կարող, Արդարադատության միջազգային դատարանի` ավագությամբ հաջորդ անդամը, դատարանի կանոնների համաձայն, հրավիրվում է` կատարելու անհրաժեշտ նշանակումները նույն պայմաններով: Նշանակված դատավորը պետք է լինի այնպիսի պետության քաղաքացի, որը դիվանագիտական հարաբերություններ ունի Պայմանավորվող կողմերի  հետ:

5. Արբիտրաժային դատարանը սահմանում է իր սեփական ընթացակարգը, եթե Պայմանավորվող կողմերն այլ որոշում չեն կայացրել:

6.  Արբիտրաժային դատարանն իր որոշումը կայացնում է սույն Համաձայնագրի հիման վրա եւ միջազգային իրավունքի կանոններին համապատասխան: Նա որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ, ընդ որում` որոշումը վերջնական է եւ պարտադիր:

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է դատարանում իր անդամի եւ արբիտրաժային դատավարություններում իր իրավական ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նախագահի եւ մնացած ծախսերը երկու Պայմանավորվող կողմերը կրում են հավասար չափով: Այնուամենայնիվ, դատարանը կարող է իր վճռում ծախսերի այլ բաշխում սահմանել:

ՀՈԴՎԱԾ 12

Այլ կանոնների կիրառումը

1. Առանց ազդելու 4-րդ հոդվածի  վրա, եթե Պայմանավորվող կողմերի օրենսդրությունը կամ Պայմանավորվող կողմերի միջեւ պարտավորությունները` գործող միջազգային իրավունքի համաձայն կամ այսուհետ կնքվելիք համաձայնագրերով, ի լրումն սույն Համաձայնագրի, պարունակում են ընդհանուր կամ առանձնահատուկ կանոններ, որոնք մյուս Պայմանավորվող կողմի  ներդրողի ներդրումների նկատմամբ սահմանում են ավելի բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա այդ կանոնները, այնքանով, որքանով դրանք ավելի բարենպաստ են ներդրողի համար, գերակայում են սույն Համաձայնագրի նկատմամբ:

2. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ պատշաճ չէ խրախուսել ներդրումները`  թուլացնելով հասարակության առողջության, անվտանգության կամ շրջակա միջավայրի պահպանության միջոցները: Նրանք չպետք է հրաժարվեն կամ այլ կերպ նվազեցնեն կամ առաջարկեն հրաժարվել այդ միջոցներից` իրենց տարածքներում ներդրումների խրախուսման, իրականացման կամ ընդլայնման նպատակով:

3. Ներդրողը պետք է պահպանի անվտանգության էական շահերին, հասարակության առողջության պաշտպանությանը կամ կենդանիներին ու բույսերին վնաս պատճառող հիվանդությունների կանխարգելմանն առնչվող օրենքները եւ կանոնակարգերը:

ՀՈԴՎԱԾ 13

Համաձայնագրի կիրառումը

Սույն Համաձայնագիրը կիրառվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը կամ դրանից հետո կատարված ներդրումների նկատմամբ, եթե Պայմանավորվող կողմերի ներդրողների համար չեն առաջանա անբարենպաստ պայմաններ, սակայն չի կիրառվում ներդրումների հետ կապված այն վեճերի կամ պահանջների նկատմամբ, որոնք առաջացել են մինչեւ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

ՀՈԴՎԱԾ 14

Խորհրդակցություններ

Պայմանավորվող կողմերն անցկացնում են խորհրդակցություններ սույն Համաձայնագրի իրականացման կամ կիրառման հետ կապված հարցերի շուրջ, ներառյալ ներդրումային վեճերի կարգավորումը: Այս խորհրդակցություններն անցկացվում են Պայմանավորվող Կողմերից մեկի խնդրանքով` դիվանագիտական ուղիներով համաձայնեցված վայրում եւ ժամին:

ՀՈԴՎԱԾ 15

Արտոնությունների սահմանափակումը

1. Սույն Համաձայնագրից բխող արտոնությունները չեն կիրառվում.

i. Պայմանավորվող կողմի ներդրողի նկատմամբ, եթե տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիություն ստանալու հիմնական  նպատակը եղել է սույն Համաձայնագրից բխող արտոնություններից օգտվելը, որոնք այլապես հասանելի չէին ներդրողի համար, կամ

ii. կողմ չհանդիսացող այն ներդրողի նկատմամբ, որը ձեռք է բերում ներդրման սեփականության կամ վերահսկման իրավունքը քաղաքացիություն ստանալու միջոցով, եթե ներդրողը կատարել է իր ներդրումը միջնորդ երկրների միջոցով, եւ կողմ չհանդիսացող երկիրը չունի դիվանագիտական հարաբերություններ ընդունող երկրի հետ:

Նախքան սույն Համաձայնագրից բխող արտոնությունների մերժումը` մերժող Պայմանավորվող կողմը ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին արտոնությունների մերժման մասին եւ խորհրդակցում նրա հետ:

ՀՈԴՎԱԾ 16

Ուժի մեջ մտնելը, փոփոխություններն ու լրացումները, տեւողությունը եւ դադարեցումը

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական ընթացակարգերը կատարելու մասին Պայմանավորվող կողմի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրը:

2. Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել գրավոր փոփոխություններ եւ լրացումներ: Այդ փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ընթացակարգերին համապատասխան:

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում տասը տարի ժամկետով: Այնուհետեւ այն կշարունակի ուժի մեջ մնալ մինչեւ սույն Համաձայնագիրը դադարեցնելու մտադրության մասին դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմի` մյուս Պայմանավորվող կողմին ներկայացված գրավոր ծանուցումից հետո տասներկու ամիս ժամկետի լրանալը: Այն ներդրումների նկատմամբ, որոնք հաստատվել կամ կատարվել են նախքան սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին ծանուցման ուժի մեջ մտնելը, սույն Համաձայնագրի դրույթները ուժի մեջ կլինեն այդ ամսաթվից հետո հաջորդ տասը տարիների ընթացքում կամ տվյալ ներդրողի առնչությամբ համապատասխան պայմանագրով նախատեսված եւ համաձայնեցված կամ այդ ներդրողին տրամադրված հաստատման մեջ սահմանված ավելի երկար ժամանակահատվածում:

4. Սույն Համաձայնագիրը գործում է` անկախ Պայմանավորվող կողմերի միջեւ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների առկայությունից:

5. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարեցվում է 2002 թվականի ապրիլի 20-ին  Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջեւ կնքված` Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը:

Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Երեւան քաղաքում 2016 թվականի հուլիսի 22-ին, հայերեն, արաբերեն եւ անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագիրը վավերացվում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքում, որի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում Կառավարության կողմից։ Ելնելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:


ՏԵՂԵԿԱՆՔ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի եւ օրենքների միջեւ հակասություններ չկան:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը