Armenian ARMSCII Armenian
Կ-074-17.07.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» hամաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1 Սահմանումներ

ՀՈԴՎԱԾ 2 Իրավունքների տրամադրում

ՀՈԴՎԱԾ 3 Նշանակում եւ թույլտվություն

ՀՈԴՎԱԾ 4 Շահագործման թույլտվությունը հետ վերցնելը, ուժը կորցրած ճանաչելը, կասեցնելը եւ սահմանափակելը

ՀՈԴՎԱԾ 5 Օրենքների եւ կանոնակարգերի կիրառում

ՀՈԴՎԱԾ 6 Վկայականների եւ լիցենզիաների ճանաչում

ՀՈԴՎԱԾ 7 Թռիչքային անվտանգություն

ՀՈԴՎԱԾ 8 Ավիացիոն անվտանգություն

ՀՈԴՎԱԾ 9 Մաքսատուրքերից եւ այլ հարկերից ազատում

ՀՈԴՎԱԾ 10 Արդար մրցակցություն եւ պետական աջակցություն

ՀՈԴՎԱԾ 11 Սակագներ

ՀՈԴՎԱԾ 12 Առեւտրային գործունեություն

ՀՈԴՎԱԾ 13 Զուտ եկամուտների փոխարկում եւ փոխանցում

ՀՈԴՎԱԾ 14 Համագործակցային համաձայնագրեր

ՀՈԴՎԱԾ 15 Վերգետնյա սպասարկում

ՀՈԴՎԱԾ 16 Համակցված հաղորդակցություն

ՀՈԴՎԱԾ 17 Գանձումներ սպառողներից

ՀՈԴՎԱԾ 18 Վիճակագրական տվյալներ

ՀՈԴՎԱԾ 19 Խորհրդակցություններ

ՀՈԴՎԱԾ 20 Տարաձայնությունների կարգավորում

ՀՈԴՎԱԾ 21 Համաձայնագրի փոփոխություն

ՀՈԴՎԱԾ 22 Բազմակողմ կոնվենցիա

ՀՈԴՎԱԾ 23 Դադարեցում

ՀՈԴՎԱԾ 24 Գրանցում

ՀՈԴՎԱԾ 25 Ուժի մեջ մտնելը
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լինելով 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրման համար բացված` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի կողմեր,

ցանկանալով կնքել համաձայնագիր` իրենց համապատասխան տարածքների միջեւ եւ այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցություններ հաստատելու նպատակով,

ցանկանալով ապահովել միջազգային օդային հաղորդակցություններում թռիչքային եւ ավիացիոն անվտանգության բարձր մակարդակ,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե համատեքստն այլ բան չի պահանջում.

ա) «Ավիացիոն իշխանություններ» հասկացությունը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության դեպքում` ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն եւ ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության դեպքում՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտի պատասխանատու նախարար կամ, երկու դեպքում էլ, ցանկացած այլ մարմին կամ անձ` լիազորված կատարելու վերը նշված իշխանությունների կողմից ներկայումս իրականացվող գործառույթները,

բ) «Համաձայնեցված հաղորդակցություններ» հասկացությունը նշանակում է` սահմանված օդային հաղորդակցություններ, որոնք իրականացվում են սույն Համաձայնագրի հավելվածով նախատեսված երթուղիներով ուղեւորների, բեռների եւ փոստի փոխադրում՝ առանձին կամ համակցված,

գ) «Համաձայնագիր» հասկացությունը նշանակում է` սույն Համաձայնագիրը, դրա հավելվածը եւ դրա ցանկացած փոփոխություն,

դ) «Կոնվենցիա» հասկացությունը նշանակում է` 1944 թվականի դեկտեմբերի յոթին Չիկագոյում ստորագրման համար բացված` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա` ներառյալ դրա ցանկացած հավելված, որն ընդունվել է այդ կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաեւ` հավելվածի կամ կոնվենցիայի ցանկացած փոփոխություն, որը կատարվել է կոնվենցիայի 90-րդ եւ 94-րդ հոդվածների համաձայն՝ այնքանով, որքանով այդ հավելվածները եւ փոփոխություններն ընդունվել կամ վավերացվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից,

ե) «Նշանակված ավիաընկերություն» հասկացությունը նշանակում է` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն նշանակված եւ լիազորված ավիաընկերություն,

զ) «Սակագին» հասկացությունը նշանակում է` օդային հաղորդակցությունում (ներառյալ դրա հետ անմիջականորոն կապված այլ տեսակի փոխադրումներում) ավիաընկերությունների, այդ թվում` նրանց գործակալների կողմից գանձվող ցանկացած ուղեվարձ, դրույք կամ գանձում` ուղեւորների, ուղեբեռի եւ/կամ բեռների (բացառությամբ փոստի) փոխադրման համար, եւ այն պայմանները, որոնց ներքո այդ ուղեվարձը, դրույքը կամ գանձումը կիրառվում են,

է) «Օդային հաղորդակցություններ», «Միջազգային օդային հաղորդակցություն», «Ավիաընկերություն» եւ «Վայրէջք ոչ առեւտրային նպատակներով» հասկացություններն ունեն կոնվենցիայի 96-րդ հոդվածով իրենց տրված նշանակությունը,

ը) «Տարածք» հասկացությունն ունի կոնվենցիայի 2-րդ հոդվածով իրեն տրված նշանակությունը:

ՀՈԴՎԱԾ 2
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման հետ կապված հետեւյալ իրավունքները.

ա) իր պետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչք կատարելու իրավունք,

բ) իր պետության տարածքում ոչ առեւտրային նպատակներով վայրէջքի իրավունք,

գ) սույն Համաձայնագրի հավելվածով սահմանված երթուղու (երթուղիների) կետում (կետերում) վայրէջք կատարելու իրավունք` ուղեւորներ, ուղեբեռ, բեռներ եւ փոստ՝ առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու եւ օդանավից իջեցնելու նպատակով, եւ

դ) սույն Համաձայնագրով սահմանված այլ իրավունքներ:

2.  Սույն հոդվածի 1-ին կետի որեւէ դրույթ չպետք է դիտվի որպես մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում վճարմամբ կամ վարձակալմամբ ուղեւորներ, ուղեբեռ, բեռներ եւ փոստ՝ առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու արտոնության տրամադրում` այդ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում մեկ այլ կետ փոխադրելու նպատակով:

3. Սույն հոդվածի համաձայն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տրամադրած իրավունքները չպետք է վերապահվեն որեւէ այլ երրորդ կողմի:

4. Եթե զինված հակամարտության, քաղաքական անկայունության կամ զարգացումների կամ արտակարգ եւ/կամ անսովոր հանգամանքների պատճառով մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունն ի վիճակի չէ սպասարկելու սահմանված երթուղին, ապա մյուս Պայմանավորվող կողմը պետք է գործադրի իր հնարավոր ջանքերը` այդ երթուղիների համապատասխան վերակազմակերպման միջոցով դյուրացնելու համար վերոնշյալ ծառայության անխափան մատուցումը` ներառյալ ծառայությունների մատուցման հեշտացման համար անհրաժեշտ ժամանակով իրավունքների տրամադրումը:

ՀՈԴՎԱԾ 3
ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մյուս Պայմանավորվող կողմում նշանակելու մեկ կամ ավել ավիաընկերություններ` սահմանված երթուղիներով համաձայնեցված օդային հաղորդակցություններ շահագործելու նպատակով, եւ չեղարկելու կամ փոխարինելու այդ նշանակումները: Նման նշանակումները կամ դրանց չեղարկումը կամ փոխարինումը պետք է դիվանագիտական ուղիներով գրավոր փոխանցվեն մյուս Պայմանավորվող կողմին:

2. Նման լիազորություն ստանալուն պես եւ համաձայն սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի դրույթների` մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները պետք է նվազագույն ընթացակարգային ձգձգումներով տրամադրեն համապատասխան շահագործման թույլտվություն նշանակված ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին՝ շահագործելու համար համաձայնեցված հաղորդակցությունները, ինչի նպատակով այդ ավիաընկերությունը նշանակվել է:

3. Նման շահագործման թույլտվություններն ստանալուն պես նշանակված ավիաընկերությունը կարող է ցանկացած պահի սկսել համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումը, ինչի նպատակով նշանակվել է, պայմանով, որ ավիաընկերությունը գործի սույն Համաձայնագրի կիրառելի դրույթներին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 4
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ, ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններն իրավունք ունեն հետ վերցնելու, ուժը կորցրած ճանաչելու, կասեցնելու կամ սահմանափակելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կողմից նշանակված ավիաընկերությանը տրված` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված թույլտվությունը կամ պարտադրել ժամանակավոր կամ մշտական պայմաններ, եթե.

ա) այն հիմնադրված չէ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության տարածքում ԵՄ պայմանագրերի ներքո կամ չունի Եվրոպական միության օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան` շահագործման վավեր լիցենզիա, կամ

բ) ավիաընկերության փաստացի կարգավորիչ վերահսկողությունը չի իրականացվում կամ չի պահպանվում Օդանավ շահագործողի` իր վկայականի տրամադրման համար պատասխանատու Եվրոպական միության անդամ պետության կողմից, կամ համապատասխան ավիացիոն իշխանությունը հստակորեն նշված չէ նշանակման մեջ, կամ

գ) ավիաընկերության նկատմամբ սեփականության իրավունքն ուղղակիորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով չի պատկանում կամ այն փաստացիորեն չի վերահսկվում Եվրոպական միության կամ Եվրոպական ազատ առեւտրի ասոցիացիայի անդամ պետությունների կողմից եւ/կամ այդպիսի պետությունների քաղաքացիների կողմից, կամ

դ) ավիաընկերությունը չի գործել Հայաստանի Հանրապետության օրենքների եւ կանոնակարգերի համաձայն, կամ

ե) ավիաընկերությունը թերացել է գործել` սույն Համաձայնագրով սահմանված պայմանների համաձայն:

2. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ավիացիոն իշխանություններն իրավունք ունեն հետ վերցնելու, ուժը կորցրած ճանաչելու, կասեցնելու կամ սահմանափակելու Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերությանը տրված` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված թույլտվությունը կամ պարտադրելու ժամանակավոր կամ մշտական պայմաններ, եթե.

ա) այն հիմնադրված չէ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ չունի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան` շահագործման վավեր լիցենզիա, կամ

բ) ավիաընկերության փաստացի կարգավորիչ վերահսկողությունը չի իրականացվում կամ չի պահպանվում Հայաստանի Հանրապետության կողմից, կամ

գ) ավիաընկերության նկատմամբ սեփականության իրավունքն ուղղակիորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով չի պատկանում Հայաստանի Հանրապետությանը կամ փաստացիորեն չի վերահսկվում Հայաստանի Հանրապետության եւ/կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, կամ

դ) ավիաընկերությունը չի գործել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենքների եւ կանոնակարգերի համաձայն, կամ

ե) ավիաընկերությունը թերացել է գործել` սույն Համաձայնագրով սահմանված պայմանների համաձայն:

3. Եթե անհապաղ գործողություն անհրաժեշտ չէ վերոնշյալ օրենքների եւ կանոնակարգերի խախտումը կանխելու համար, կամ եթե ավիացիոն կամ թռիչքային անվտանգության ապահովման գործողություն անհրաժեշտ չէ իրականացնել` սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի (Թռիչքային անվտանգություն) եւ 8-րդ հոդվածի (Ավիացիոն անվտանգություն) դրույթների համաձայն, սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում թվարկված իրավունքները պետք է կիրառվեն միայն ավիացիոն իշխանությունների միջեւ խորհրդակցությունների անցկացումից հետո՝ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին (Խորհրդակցություններ) համապատասխան:

4. Սույն հոդվածը չի սահմանափակում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի` մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը տրված թույլտվությունը հետ վերցնելու, ուժը կորցրած ճանաչելու, կասեցնելու, սահմանափակելու իրավունքները կամ պարտադրելու պայմաններ` համաձայն սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի (Թռիչքային անվտանգություն) եւ 8-րդ հոդվածի (Ավիացիոն անվտանգություն):

ՀՈԴՎԱԾ 5
ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Մի Պայմանավորվող կողմի օրենքները, կանոնակարգերը եւ ընթացակարգերը կիրառվում են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների օդանավերի նավիգացիայի եւ շահագործման նկատմամբ առաջին Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտքի, այն տարանցելու, այնտեղ կանգ առնելու եւ մեկնելու ժամանակ:

2. Մի Պայմանավորվող կողմի օրենքները, կանոնակարգերը եւ ընթացակարգերը, որոնք կարգավորում են ուղեւորների, անձնակազմի, բեռի կամ փոստի` իր պետության տարածք մուտք գործելը, այնտեղ գտնվելը եւ այնտեղից մեկնումը, ավիացիոն անվտանգության, երկիր մուտք գործելու, այնտեղից մեկնելու, էմիգրացիոն, իմիգրացիոն, մաքսային, առողջապահական եւ կարանտինային ձեւակերպումները, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների օդանավերով փոխադրվող ուղեւորների, անձնակազմի, բեռի եւ փոստի նկատմամբ:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ըստ հարցման, մյուս Պայմանավորվող կողմին պետք է տրամադրի սույն հոդվածում նշվող համապատասխան օրենքների եւ կանոնակարգերի պատճենները:

4. Ուղեւորները, ուղեբեռը եւ բեռը, ներառյալ` փոստը, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքով ուղիղ տարանցման եւ օդանավակայանի՝ այդ նպատակով նախատեսված տարածքը չլքելու դեպքում պետք է ենթարկվեն ոչ ավելի, քան պարզեցված ստուգման` բացառությամբ այնպիսի ապօրինի գործունեության սպառնալիքի դեմ անվտանգության միջոցառումները, ինչպիսիք են բռնությունն ու օդահենությունը եւ թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հատուկ միջոցառումները: Ուղիղ տարանցմամբ փոխադրվող ուղեբեռը, բեռը եւ փոստը պետք է ազատվեն մաքսատուրքերից, գանձումներից եւ այլ նմանատիպ հարկերից:

ՀՈԴՎԱԾ 6
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ

1. Մի Պայմանավորվող կողմի օրենքների եւ կանոնակարգերի համաձայն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պարագայում ներառյալ Եվրոպական միության գործող օրենքները եւ կանոնակարգերը, տրված կամ վավեր ճանաչված` թռիչքային պիտանության վկայականները, թռիչքներ կատարելու համար որակավորման վկայականները եւ լիցենզիաները պետք է մյուս Պայմանավորվող կողմի կողմից ճանաչվեն վավեր` համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու նպատակով, պայմանով, որ նման վկայականները կամ լիցենզիաները տրվել կամ վավեր են ճանաչվել Չիկագոյի Կոնվենցիայով սահմանված նվազագույն չափանիշներին հավասար կամ ավելի բարձր:

2. Սույն հոդվածի 1-ին կետը կիրառվում է նաեւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կառավարության կողմից նշանակված այն ավիաընկերության առնչությամբ, որի փաստացի կարգավորիչ վերահսկողությունն իրականացվում է Եվրոպական միության մեկ այլ անդամ պետության կողմից:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի, այնուամենայնիվ, իրավունք է վերապահվում մերժելու իր տարածքի վրայով թռիչքների համար մյուս Պայմանավորվող կողմի կողմից իր քաղաքացիներին տրված կամ վավեր ճանաչված որակավորման վկայականների եւ լիցենզիաների ճանաչումը:

ՀՈԴՎԱԾ 7
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է դիմել` մյուս Պայմանավորվող կողմի ընդունած անվտանգության չափանիշների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար, որոնք առնչվում են ավիացիոն սարքավորումների, թռիչքային անձնակազմի, օդանավի կամ դրա շահագործման ցանկացած ոլորտին: Նման խորհրդակցությունները պետք է անցկացվեն դիմումի ստացման օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում:

2. Եթե նման խորհրդակցություններից հետո մի Պայմանավորվող կողմը գտնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը նման որեւէ ոլորտում արդյունավետորեն չի պահպանում եւ կիրառում թռիչքային անվտանգության այնպիսի չափանիշներ, որոնք առնվազն հավասար են այդ պահի դրությամբ Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, առաջին Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին հայտնաբերված նման թերությունների եւ տվյալ նվազագույն չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ գործողությունների մասին, եւ այդ մյուս Պայմանավորվող կողմը պետք է ձեռնարկի թերության վերացմանն ուղղված համապատասխան գործողություն: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ համաձայնեցված ավելի երկար ժամանակահատվածում համապատասխան գործողության ձեռնարկման ձախողումը պետք է հիմք հանդիսանա սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի (Շահագործման լիազորության տրամադրումը հետ վերցնելը, ուժը կորցրած ճանաչելը, կասեցնելը եւ սահմանափակելը) կիրառման համար:

3. Չնայած կոնվենցիայի 33-րդ հոդվածում նշված պարտավորություններին` համաձայնեցված է, որ մի Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների պատկանող կամ դրանց անունից լիզինգային համաձայնագրով շահագործվող ցանկացած օդանավ դեպի մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք կամ այդ պետության տարածքից հաղորդակցություններում շահագործվելիս մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելիս կարող է ենթարկվել զննության մյուս Պայմանավորվող կողմի լիազորված ներկայացուցիչների կողմից` օդանավում եւ օդանավի շրջակայքում` օդանավի եւ դրա անձնակազմի փաստաթղթերի վավերությունը եւ օդանավի եւ դրա սարքավորումների փաստացի վիճակը ստուգելու նպատակով (սույն hոդվածում` «կառամատուցային տեսչական ստուգում»)` պայմանով, որ այն չի հանգեցնի անհարկի ուշացման:

4. Եթե կառամատուցային տեսչական նման ստուգման կամ նման մի շարք ստուգումների արդյունքում առաջանում են լուրջ մտահոգություններ, որ.

ա) օդանավը կամ օդանավի շահագործումը չեն համապատասխանում այդ պահի դրությամբ կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, կամ

բ) այդ պահի դրությամբ կոնվենցիայի համաձայն սահմանված թռիչքային անվտանգության չափանիշների արդյունավետ պահպանումը եւ կիրառումը թերի են,

ստուգումն իրականացնող Պայմանավորվող կողմը պետք է, կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն, ազատ լինի եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց ներքո տրվել կամ վավեր են ճանաչվել այդ օդանավի կամ օդանավի թռիչքային անձնակազմի վկայականները կամ լիցենզիաները, կամ այն պահանջները, որոնց ներքո շահագործվում է օդանավը, հավասար չեն կամ չեն գերազանցում այդ պահի դրությամբ կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին:

5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների ներկայացուցչի կողմից մերժվել է այդ ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից կամ դրանց անունից շահագործվող օդանավի` սույն հոդվածի վերոնշյալ 3-րդ կետի համաձայն կառամատուցային տեսչական ստուգումը, մյուս Պայմանավորվող կողմը ազատ է ենթադրելու, որ առաջանում են սույն հոդվածի 4-րդ կետում նշված լուրջ մտահոգություններ, եւ կարող է անել այդ կետում նշված եզրակացությունները:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավունք է վերապահվում անմիջապես կասեցնելու կամ փոփոխելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման լիազորությունը այն դեպքում, երբ առաջին Պայմանավորվող կողմը եզրակացնում է, լինի դա կառամատուցային տեսչական ստուգման, կառամատուցային տեսչական ստուգումների շարքի, կառամատուցային տեսչական ստուգման թույլտվության մերժման, թե խորհրդակցության կամ այլ տեսակի գործողության արդյունք, որ անհապաղ գործողությունը կարեւոր է օդանավի անվտանգ շահագործման համար:

7. Սույն հոդվածի 2-րդ կամ 6-րդ կետերի համաձայն` մի Պայմանավորվող կողմի ցանկացած գործողություն պետք է դադարեցվի անմիջապես, երբ այդ գործողության ձեռնարկման հիմքը դադարում է գոյություն ունենալ:

8. Այն դեպքում, երբ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը նշանակել է ավիաընկերություն, որի կարգավորիչ վերահսկողությունն իրականացվում եւ պահպանվում է Եվրոպական միության այլ անդամ պետության կողմից, մյուս Պայմանավորվող կողմի` սույն հոդվածով սահմանված իրավունքները պետք է հավասարապես կիրառվեն Եվրոպական միության այդ` այլ անդամ պետության կողմից թռիչքային անվտանգության չափանիշների ընդունման, կիրառման կամ պահպանման եւ այդ ավիաընկերության շահագործման լիազորության նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 8
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

1. Միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավունքների եւ պարտավորությունների համաձայն՝ Պայմանավորվող կողմերը վերահաստատում են, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ անօրինական գործողություններից միմյանց պաշտպանելու իրենց պարտավորությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

2. Առանց սահմանափակելու միջազգային իրավունքով իրենց վերապահված ընդհանուր իրավունքներն ու պարտավորությունները` Պայմանավորվող կողմերը պետք է, մասնավորապես, գործեն ըստ 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավերի մեջ կատարվող հանցագործությունների եւ որոշակի այլ գործողությունների մասին» կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված «Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում բռնության ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված արձանագրության եւ 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին» կոնվենցիայի եւ քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն առնչվող այլ միջազգային կոնվենցիաների ու արձանագրությունների, որոնց Պայմանավորվող կողմերն անդամակցում են:

3. Պայմանավորվող կողմերը դիմում ստանալու դեպքում պետք է միմյանց տրամադրեն ողջ անհրաժեշտ աջակցությունը` կանխելու համար քաղաքացիական օդանավերի ապօրինի զավթման գործողությունները եւ նման օդանավերի, դրանց ուղեւորների եւ անձնակազմի, օդանավակայանների եւ աերոնավիգացիոն սարքավորումների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:

4. Պայմանավորվող կողմերը պետք է գործեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված եւ կոնվենցիայի հավելվածներ համարվող` ավիացիոն անվտանգության դրույթներին եւ տեխնիկական պահանջներին համապատասխան` այնքանով, որքանով անվտանգության այդպիսի դրույթները եւ պահանջները կիրառելի են Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է պահանջի, որ իր գրանցման օդանավ շահագործողները կամ այն օդանավ շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտական գտնվելու վայրը իր տարածքում է, կամ, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պարագայում` այն օդանավ շահագործողները, որոնք հիմնադրված են իր պետության տարածքում ԵՄ պայմանագրերի ներքո եւ ունեն շահագործման վավեր լիցենզիա Եվրոպական միության օրենսդրության եւ կանոնակարգերի համաձայն, եւ իր տարածքում օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ իր օդանավ շահագործողները պարտավոր են մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, այնտեղից մեկնելու կամ այդ տարածքում գտնվելու ընթացքում կիրառել ավիացիոն անվտանգության դրույթները` մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, ներառյալ, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պարագայում` Եվրոպական միության օրենքը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում օդանավի բեռնման կամ ուղեւորներ նստեցնելու ընթացքում եւ դրանից առաջ պետք է ապահովի, որ արդյունավետորեն կիրառվեն պատշաճ միջոցներ օդանավի պաշտպանության եւ ուղեւորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի եւ օդանավի պաշարների ստուգման համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաեւ բարյացակամորեն քննության առնի որոշակի սպառնալիքին արձագանքելու` անվտանգության հիմնավորված հատուկ միջոցառումների վերաբերյալ մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած դիմում:

6. Քաղաքացիական օդանավը գրավելու կամ այդ օդանավի, դրա ուղեւորների եւ անձնակազմի, օդանավակայանների կամ օդանավագնացության սարքավորումների անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների կամ դրանց սպառնալիքի առկայության դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է հաղորդակցության հեշտացման եւ համապատասխան այլ միջոցներով միմյանց օժանդակեն նման միջադեպը կամ դրա սպառնալիքն արագ եւ անվտանգ վերացնելու համար:

7. Երբ մի Պայմանավորվող կողմը ողջամիտ հիմքեր ունի համարելու, որ մյուս Պայմանավորվող կողմը չի կիրառում սույն հոդվածի ավիացիոն անվտանգության դրույթները, այդ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են դիմել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ անհապաղ խորհրդակցություններ անցկացնելու համար: Նման դիմումի ներկայացման օրվանից տասնհինգ (15) օրվա ընթացքում բավարարող համաձայնության չհասնելու դեպքում կարող են կիրառվել սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի (Շահագործման լիազորությունը հետ վերցնելը, ուժը կորցրած ճանաչելը, կասեցնելը եւ սահմանափակելը) դրույթները: Անհապաղ դեպքերում կամ սույն հոդվածի դրույթների հետագա խախտումը կանխելու համար Պայմանավորվող կողմը կարող է ձեռնարկել սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով (Շահագործման լիազորությունը հետ վերցնելը, ուժը կորցրած ճանաչելը, կասեցնելը եւ սահմանափակելը) սահմանված միջանկյալ գործողություն նախքան տասնհինգ (15) օրը լրանալը: Սույն կետի համաձայն ձեռնարկված ցանկացած գործողություն դադարեցվում է` մյուս Պայմանավորվող կողմի կողմից սույն հոդվածի անվտանգության դրույթները կատարելվուն պես:

ՀՈԴՎԱԾ 9
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից միջազգային հաղորդակցություններում շահագործվող օդանավ, ինչպես նաեւ դրա մշտական օգտագործման սարքավորումները, վառելիքի պաշարներն ու քսայուղերը եւ այդ օդանավում գտնվող պաշարները (ներառյալ սննդամթերքը, ոչ ոգելից խմիչքները եւ ծխախոտը) մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելիս ազատվում են բոլոր մաքսատուրքերից, ստուգման վճարներից եւ այլ տուրքերից կամ հարկերից՝ պայմանով, որ այդ սարքավորումները եւ պաշարները մնում են օդանավում:

2. Նույն տուրքերից եւ հարկերից, բացի մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող գանձումներից, պետք է ազատվեն նաեւ.

ա) օդանավում գտնվող այն պաշարները, որոնք օդանավ են վերցվել որեւէ Պայմանավորվող կողմի տարածքում այդ Պայմանվորվող կողմի լիազորված իշխանությունների կողմից սահմանված սահմանաչափով, եւ որոնք նախատեսված են սահմանված երթուղում շահագործվող մյուս Պայմանվորվող կողմի օդանավում օգտագործման համար,

բ) այն պահեստամասերը, որոնք բերվել են որեւէ մի Պայմանավորվող կողմի տարածք այն օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար, որը մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից օգտագործվում է սահմանված երթուղում,

գ) սահմանված երթուղով մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից շահագործվող օդանավի ապահովման համար նախատեսված վառելիքը եւ քսայուղերը, եթե անգամ այդ պաշարներն օգտագործվելու են այն Պայմանավորվող կողմի տարածքով անցնող երթուղու որեւէ հատվածում, որտեղ դրանք օդանավ են վերցվել:

Վերոնշյալ «ա», «բ» եւ «գ» ենթակետերում նշված պարագաները կարող են վերցվել մաքսային վերահսկողության կամ հսկողության:

3. Որեւէ Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավում գտնվող մշտական ավիացիոն սարքավորումները, ինչպես նաեւ նյութերը եւ պաշարները կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում միայն այդ տարածքի մաքսային իշխանությունների հաստատմամբ: Այդ դեպքում դրանք կարող են առնվել վերը նշված իշխանությունների վերահսկողության տակ այնքան ժամանակ, մինչեւ, մաքսային կանոնների համաձայն, վերաարտահանվեն կամ որեւէ այլ կերպով տնօրինվեն:

ՀՈԴՎԱԾ 10
ԱՐԴԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ երկու Պայմանավորվող կողմերի ավիաընկերություններին պետք է տրամադրի արդար եւ հավասար հնարավորություններ` սույն Համաձայնագրով կարգավորվող միջազգային օդային փոխադրումներ իրականացնելիս մրցակցելու համար:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է յուրաքանչյուր ավիաընկերության թույլատրի որոշել նրա կողմից առաջարկվող միջազգային օդային փոխադրման հաճախականությունը եւ կարողությունը` շուկայում առեւտրային նկատառումների հիման վրա: Այս իրավունքի համաձայն` ոչ մի Պայմանավորվող կողմ չպետք է միակողմանիորեն սահմանափակի մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների կողմից իրականացվող փոխադրումների ծավալը, հաճախականությունը կամ ծառայության կանոնավորությունը կամ օդանավի տիպը կամ տիպերը` բացառությամբ այն դեպքերի, երբ դա կպահանջվի մաքսային, տեխնիկական, շահագործման կամ շրջակա միջավայրի պահպանության նկատառումներով` կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված միասնական պայմաններին համապատասխան:

3. Որեւէ Պայմանավորվող կողմ չպետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերություններից պահանջի չվացուցակների, չվերթերի իրականացման ծրագրերի կամ գործառնական պլանների ներկայացում` հաստատման նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կպահանջվի ոչ խտրական հիմքերով միատեսակ պայմաններ պարտադրելու համար, ինչպես նախատեսված է սույն հոդվածի 2-րդ կետով, կամ երբ դա հստակորեն թույլատրվում է սույն Համաձայնագրով: Եթե Պայմանավորվող կողմը պահանջում է վերոնշյալ փաստաթղթերի ներկայացումը տեղեկատվական նպատակներով, ապա նա պետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների համար նվազագույնի հասցնի դրանց ներկայացման պահանջների վարչական արգելքները  եւ ընթացակարգերը:

4. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է տրամադրի կամ թույլատրի պետական սուբսիդիա կամ օժանդակություն իր նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին այնպես, որ դա բացասաբար անրադառնա մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների արդարացի եւ հավասար հնարավորության վրա` մրցակցելու միջազգային օդային փոխադրումների իրականացման համար:

5. Պետական սուբսիդիա կամ օժանդակություն նշանակում է` պետության կամ պետության կողմից վերահսկվող հանրային կամ մասնավոր մարմնի կողմից ավիաընկերությանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն խտրական հիմունքով աջակցության տրամարդում: Առանց սահմանափակման` այն կարող է ներառել գործառնական վնասների փոխհատուցումը, կապիտալի տրամադրումը, անվերադարձ դրամաշնորհները կամ արտոնյալ պայմաններով փոխառությունները, ֆինանսական առավելությունների տրամադրումը շահույթներից հրաժարման կամ պարտքի գումարների ծածկման միջոցով, օգտագործված հասարարական միջոցներից նորմալ վերադարձելիությունից հրաժարումը, հարկերից ազատումները, պետական մարմինների կողմից պարտադրվող ծախսերի փոխհատուցումը կամ օդանավակայանային սարքավորումների, վառելիքի կամ օդային հաղորդակցությունների բնականոն շահագործման համար այլ անհրաժեշտ սարքավորումների օգտագործման խտրական հնարավորությունը:

6. Երբ Պայմանավորվող կողմը սույն Համաձայնագրի ներքո շահագործվող հաղորդակցությունների առնչությամբ ավիաընկերությանը տրամադրում է սուբսիդիա կամ օժանդակություն, նա պետք է պահանջի, որ այդ ավիաընկերությունը իր հաշիվներում հստակորեն եւ առանձին նշի սուբսիդիան կամ օժանդակությունը:

7. Եթե մի Պայմանավորվող կողմն ունի հիմնավորված մտահոգություններ, որ իր ավիաընկերությունները ենթարկվել են խտրականության կամ անարդար գործելակերպի, կամ որ մյուս Պայմանավորվող կողմի կողմից նախատեսվող կամ տրամադրված սուբսիդիան կամ օժանդակությունը բացասաբար կանրադառնա կամ բացասաբար է անդրադառնում առաջին Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների արդարացի եւ հավասար հնարավորության վրա` մրցակցելու միջազգային օդային փոխադրումների իրականացման համար, առաջին Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են դիմել` մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ անհապաղ խորհրդակցություններ անցկացնելու համար: Նման դիմումի ներկայացման օրվանից տասնհինգ (15) օրվա ընթացքում իրենց բավարարող համաձայնության չգալը հիմք է մյուս Պայմանավորվող կողմի կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված իրավունքների կասեցման, կամ շահագործման թույլտվությունը հետ վերցնելու, կամ այնպիսի պայմանների կիրառման համար, որոնք նա անհրաժեշտ է համարում այդ իրավունքների իրականացման համար:

ՀՈԴՎԱԾ 11
ՍԱԿԱԳՆԵՐ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է թույլատրի, որ օդային հաղորդակցությունների սակագները սահմանվեն յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության կողմից` շուկայում առեւտրային նկատառումներից ելնելով: Պայմանավորվող կողմերի միջամտությունը պետք է սահմանափակվի.

ա) չհիմնավորված խտրական սակագների կամ գործելակերպերի կանխմամբ,

բ) գերիշխող դիրքի չարաշահման կամ ավիափոխադրողների միջեւ պայմանավորվածության պատճառով չհիմնավորված բարձր կամ սահմանափակող բնույթ ունեցող սակագներից սպառողների պաշտպանությամբ, եւ

գ) կառավարության կողմից ուղղակի կամ անուղղակի սուբսիդավորման կամ օժանդակության պատճառով արհեստականորեն ցածր սակագներից ավիաընկերությունների պաշտպանությամբ:

2. Պայմանավորվող կողմերը չեն կարող նշանակված ավիաընկերությունից կամ ավիաընկերություններից պահանջել Պայմանավորվող կողմերի տարածքների միջեւ միջազգային օդային փոխադրման սակագների ներկայացում` հաստատման նպատակով: Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմերի ավիաընկերությունները կշարունակեն խնդրանք ստանալու դեպքում ապահովել նախկին, գործող եւ առաջարկվող սակագների մասին տեղեկատվության անմիջական հասանելիությունը Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին՝ այդ ավիացիոն իշխանությունների համար ընդունելի եղանակով եւ ձեւաչափով:

3. Չնայած սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի դրույթներին` Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից ամբողջապես Եվրոպական միության տարածքում փոխադրման սակագները ենթակա են Եվրոպական միության օրենքին:

ՀՈԴՎԱԾ 12
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին, փոխադարձության սկզբունքով եւ մյուս Պայմանավորվող կողմի պետության մուտքին, մշտական բնակությանը եւ զբաղվածությանը վերաբերող օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան, իրավունք է վերապահվում այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերել եւ պահպանել իրենց ներկայացուցիչներին եւ կառավարչական, առեւտրային, վարչական եւ տեխնիկական անձնակազմին, ինչը պահանջվում է միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման համար:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններին իրավունք է վերապահում իր տարածքում վաճառել եւ գովազդել միջազգային օդային փոխադրման ծառայություններ եւ առնչվող այլ ծառայություններ` ուղղակիորեն կամ գործակալների կամ, նշանակված ավիաընկերության ընտրությամբ, այլ միջնորդների միջոցով` ներառյալ գրասենյակ հիմնելու իրավունքը, ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրավունք ունեն իրականացնելու օդային փոխադրումների վաճառք, եւ յուրաքանչյուր անձ ազատ է գնելու նման փոխադրումն այդ պետության արժույթով կամ այլ պետությունների ազատ փոխարկելի արժույթներով` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի` արտարժույթի փոխարկման գործող կարգերի համաձայն:

ՀՈԴՎԱԾ 13
ԶՈՒՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններին իրավունք է վերապահում փոխարկելու եւ իր երկիր փոխանցելու տեղական վճարումները գերազանցող տեղական եկամուտները` թուլատրելով անհապաղ փոխարկում եւ փոխանցում` առանց դրանց նկատմամբ որեւէ սահմանափակումների, խտրականության կամ հարկման` փոխարկման եւ փոխանցման համար նման պահանջ ի հայտ գալու պահին գործող փոխարժեքով:

ՀՈԴՎԱԾ 14
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունները, որոնք համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու լիազորություն ունեն, իրավունք ունեն շահագործելու եւ/կամ առաջարկելու համաձայնեցված հաղորդակցություններ սահմանված երթուղիներով կամ այդ երթուղիների ցանկացած հատվածով` տարբեր համագործակցային համաձայնագրերի ներքո, ինչպիսիք են կոդերի համատեղ օգտագործումը, բլոկ-նստատեղերը, համատեղ ձեռնարկությունը կամ լիզինգը.

ա) նույն Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ,

բ) մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ,

գ) երրորդ երկրի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ:

2. Պայմանով, որ նման համաձայնագրերի բոլոր ավիաընկերությունները.

ա) ունեն երթեւեկության հիմնական իրավունքներ եւ համապատասխանում են սույն Համաձայնագրի սկզբունքներին,

բ) համապատասխանում են երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից նման համաձայնագրերի նկատմամբ սովորաբար կիրառվող թռիչքային անվտանգության եւ այլ պահանջներին,

գ) սպառողներին տրամադրում են պատշաճ տեղեկատվություն նման կոդերի համատեղ օգտագործման կամ բլոկ-նստատեղերի համաձայնագրերի վերաբերյալ:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է կանխել սույն Համաձայնագրով սահմանված ծառայությունների մատուցման նպատակով լիզինգով վերցված այն օդանավի օգտագործումը, որը չի համապատասխանում 7-րդ հոդվածին (Թռիչքային անվտանգություն) եւ 8-րդ հոդվածին (Ավիացիոն անվտանգություն):

4. Կոդեր համատեղ օգտագործող ավիաընկերություններից պահանջվում է ավիացիոն իշխանություններին ներկայացնել նախատեսվող կոդերի համատեղ օգտագործման կամ բլոկ-նստատեղերի իրականացման համաձայնագրերի համար համապատասխան ոչ առեւտրային փաստաթղթերը դրանք կիրառելուց առնվազն երեսուն օր առաջ` յուրաքանչուր Պայմանավորվող կողմի ազգային կանոնակարգերի համաձայն:

ՀՈԴՎԱԾ 15
ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Յուրաքանչյուր ավիաընկերություն պետք է իրավունք ունենա մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ինքնուրույն իրականացնելու վերգետնյա սպասարկում կամ, իր ցանկությամբ, ընտրելու մրցակցող վերգետնյա ծառայության մատակարարների` ծառայության ամբողջական կամ մասնակի մատուցման համար: Իրավունքների իրականացումը պետք է ենթակա լինի միայն ֆիզիկական կամ գործառնական սահմանափակումների, որոնք բխում են օդանավակայանի ապահովության եւ անվտանգության նկատառումներից: Եթե նման դրույթները խոչընդոտում են ինքնասպասարկմանը, ապա մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների վերգետնյա սպասարկման ծառայությունների նկատմամբ կիրառվող պայմանները պետք է կիրառվեն հավասարապես եւ ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան միջազգային նմանատիպ օդային հաղորդակցության մեջ ներգրավված ցանկացած այլ ավիաընկերության նկատմամբ կիրառվող պայմաններն են սահմանափակումների կիրառման դեպքում, եւ գանձումները պետք է հիմնված լինեն մատուցված ծառայությունների գների վրա:

ՀՈԴՎԱԾ 16
ՀԱՄԱԿՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններին պետք է թույլատրվի օգտագործել օդային հաղորդակցության հետ կապված ցանկացած վերգետնյա այլ փոխադրամիջոց դեպի Պայմանավորվող կողմերի կամ երրորդ երկրների տարածքում գտնվող ցանկացած կետ եւ հակառակ ուղղությամբ իրականացվող ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար: Ավիաընկերությունները կարող են ընտրել` համակցված վերգետնյա փոխադրումն իրականացնել իրենց սեփական միջոցներով կամ այն իրականացնել այլ վերգետնյա փոխադրողների հետ պայմանավորվածության հիման վրա` ներառյալ այլ ավիաընկերությունների եւ անուղղակի բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից վերգետնյա փոխադրումը: Նման համակցված փոխադրումները կարող են մատուցվել օդային եւ վերգետնյա համակցված փոխադրման դիմաց միասնական ընդհանուր գնով` պայմանով, որ ուղեւորներն ու բեռներ առաքողները տեղեկացված լինեն նման փոխադրմանն առնչվող փաստերի վերաբերյալ:

ՀՈԴՎԱԾ 17
ԳԱՆՁՈՒՄՆԵՐ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՑ

1. Յուրաքանչյուր օդանավակայանի օգտագործման համար սահմանված վճարումները եւ այլ գանձումները, ներառյալ օդանավակայանի հարմարությունների, տեխնիկական եւ այլ սարքավորումների ու ծառայությունների համար, ինչպես նաեւ աերոնավիգացիոն սարքավորումների, կապի սարքավորումների եւ ծառայությունների դիմաց գանձումները, պետք է կատարվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի հաստատած դրույքաչափերի եւ սակագների համաձայն:

2. Այդ գանձումները պետք է լինեն արդարացի, ողջամիտ, ոչ խտրական եւ սպառողների խմբերի միջեւ համամասնորեն բաշխված:

3. Մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների նկատմամբ կիրառվող` սպառողներից գանձումները կարող են արտացոլել, բայց չպետք է գերազանցեն օդանավակայանում կամ օդանավակայանի համակարգում գործող իրավասու իշխանությունների կամ մարմինների կողմից մատուցվող համապատասխան` օդանավակայանային, օդանավակայանի շրջակայքի, օդանավակայանում աերոնավիգացիոն եւ ավիացիոն անվտանգության սարքավորումների ու ծառայությունների մատուցման դիմաց ամբողջական վճարը: Նման ամբողջական վճարները կարող են ներառել արժեզրկումից հետո ակտիվների ողջամիտ եկամտաբերությունը:

4. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները մյուս Պայմանավորվող կողմի սարքավորումների եւ ծառայությունների դիմաց չպետք է վճարեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից կամ ավիաընկերություններից եւ/կամ նմանատիպ միջազգային հաղորդակցություններ շահագործող ցանկացած այլ օտարերկրյա ավիաընկերություններից գանձվող ավելի բարձր սակագներ:

ՀՈԴՎԱԾ 18
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին, վերջիններիս դիմումով, պետք է տրամադրեն այնպիսի վիճակագրական տվյալներ, որոնք կարող են ողջամտորեն պահանջվել տեղեկատվական նպատակների համար` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության օրենքների եւ կանոնակարգերի համաձայն:

ՀՈԴՎԱԾ 19
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է սույն Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման եւ կատարման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու դիմում ներկայացնել ցանկացած ժամանակ:

2. Նման խորհրդակցությունները պետք է սկսվեն այդպիսի դիմումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրվանից վաթսունօրյա ժամկետում, եթե Պայմանավորվող կողմերի միջեւ այլ բան համաձայնեցված չէ:

ՀՈԴՎԱԾ 20
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

1. Եթե Պայմանավորվող կողմերի միջեւ որեւէ տարաձայնություն է ծագում՝ կապված սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ, ապա Պայմանավորվող կողմերն առաջին հերթին պետք է ձգտեն այն լուծել բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմերը չեն կարողանում տարաձայնությունը լուծել բանակցությունների միջոցով, նրանք կարող են համաձայնել, որ որոշման կայացման նպատակով վեճի լուծումը փոխանցել միջնորդ դատավորի, կամ, Պայմանավորվող կողմերից որեւէ մեկի դիմումով, վեճը կարող է ներկայացվել երեք միջնորդ դատավորներից բաղկացած դատարան. ընդ որում` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկական միջնորդ դատավոր, իսկ երրորդ միջնորդ դատավորը նշանակվում է այս երկու միջնորդ դատավորների կողմից: Միջնորդ դատարանը որոշում է իր իրավասության շրջանակը եւ սահմանում է իր սեփական ընթացակարգը, եթե Պայմանավորվող կողմերն այլ կերպ չեն համաձայնել:

3. Երեք միջնորդ դատավորներից բաղկացած միջնորդ դատարանի կողմից վեճի արբիտրաժային քննությունը պետք է կատարվի հետեւյալ կերպով.

յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի միջնորդ դատավորին վաթսուն (60) օրվա ընթացքում՝ հաշված այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից որեւէ մեկը մյուսից դիվանագիտական ուղիներով ծանուցում է ստացել տարաձայնությունը միջնորդ դատարանում կարգավորելու վերաբերյալ, եւ երրորդ միջնորդ դատավորը պետք է նշանակվի հետագա վաթսուն (60) օրվա ընթացքում:

4. Եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի նշանակում դատավոր վերը նշված ժամկետում, կամ եթե երրորդ միջնորդ դատավորը չի նշանակվում սահմանված ժամանակահատվածում, ապա Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահը կարող է, Պայմանավորվող կողմերից որեւէ մեկի դիմումով, նշանակել միջնորդ դատավոր կամ դատավորներ` ըստ անհրաժեշտության: Այս դեպքում երրորդ միջնորդ դատավորը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի եւ գործի որպես դատարանի նախագահ եւ պետք է որոշի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա դատավարությունը: Եթե նախագահը համարում է, որ ինքը այնպիսի պետության քաղաքացի է, որը չի կարող տվյալ վեճի հետ կապված չեզոք համարվել, ապա ավագ փոխնախագահը, ով այդ հիմքով որակազրկված չէ, պետք է իրականացնի նշանակումներ: Միջնորդ դատարանը պետք է որոշում կայացնի ձայների մեծամասնությամբ:

5. Պայմանավորվող կողմերը պարտավոր են ենթարկվել սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կայացված ցանկացած որոշման:

6. Եթե եւ քանի դեռ Պայմանավորվող կողմերից մեկը չի ենթարկվում սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կայացված որոշմանը, ապա մյուս Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել, կասեցնել կամ հետ վերցնել վերոնշյալ որոշմանը չենթարկված Պայմանավորվող կողմին կամ ավիաընկերությանը սույն Համաձայնագրի հիման վրա ի սկզբանե իր կողմից տրված որեւէ իրավունք կամ արտոնություն:

7. Միջնորդ դատարանի ծախսերը, ներառյալ դատավորների վճարները եւ կատարած ծախսերը, պետք է հավասարապես բաշխվեն Պայմանավորվող կողմերի միջեւ: Սույն հոդվածի 4-րդ մասի ընթացակարգերի կապակցությամբ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահի կրած ծախսերը պետք է դիտվեն որպես միջնորդ դատարանի ծախսերի բաղկացուցիչ մաս:

ՀՈԴՎԱԾ 21
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե որեւէ Պայմանավորվող կողմ նպատակահարմար է գտնում փոփոխել սույն Համաձայնագրի ցանկացած դրույթ, ապա նա կարող է դիմել` մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար: Նման խորհրդակցությունները, որոնք կարող են իրականացվել ավիացիոն իշխանությունների միջեւ, եւ որոնք կարող են լինել քննարկումների կամ գրագրության միջոցով, պետք է սկսվեն դիմումն ստանալու օրվանից վաթսունօրյա (60) ժամկետում, եթե երկու Պայմանավորվող կողմերը չհամաձայնեն այս ժամանակահատվածը երկարացնելու մասին: Նման կերպով համաձայնեցված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում, երբ երկու Պայմանավորվող կողմերը դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով միմյանց ծանուցում են իրենց համապատասխան իրավական ընթացակարգերով դրա ուժի մեջ մտնելու համար նախատեսված պահանջները կատարելու մասին:

ՀՈԴՎԱԾ 22
ԲԱԶՄԱԿՈՂՄ ԿՈՆՎԵՆՑԻԱ

Սույն Համաձայնագիրը եւ դրա հավելվածները կփոփոխվեն, որպեսզի համապատասխանեցվեն ցանկացած բազմակողմ կոնվենցիայի, որը կարող է պարտադիր դառնալ երկու Պայմանավորվող կողմերի համար:

ՀՈԴՎԱԾ 23
ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով կարող է մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցել սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին. նման ծանուցումը պետք է միաժամանակ տրվի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:

2. Համաձայնագրի գործողությունը դադարում է ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրվանից տասներկու (12) ամիս հետո, եթե մինչեւ այդ ժամկետի ավարտը դադարեցման մասին ծանուցումը փոխադարձ համաձայնությամբ հետ չի վերցվում: Նման ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու մասին որեւէ հաստատման բացակայության դեպքում վերոնշյալ ծանուցումը կհամարվի ստացված ծանուցումը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ստանալուց տասնչորս (14) օր հետո:

ՀՈԴՎԱԾ 24
ԳՐԱՆՑՈՒՄ

Սույն Համաձայնագիրը եւ դրա ցանկացած փոփոխություն պետք է գրանցվեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում:

ՀՈԴՎԱԾ 25
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, որի ընթացքում երկու Պայմանավորվող կողմերը դիվանագիտական հայտագրերի փոխանակմամբ միմյանց ծանուցել են իրենց համապատասխան իրավական ընթացակարգերով դրա ուժի մեջ մտնելու համար նախատեսված պահանջները կատարելու մասին:

Ի վկայություն վերոշարադրյալի՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված իրենց համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է .......... քաղաքում .......... . թվականի .......... .-ին, երկու բնօրինակով` հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն, որոնք հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման յուրաքանչյուր տարբերության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`
 


ՀԱՎԵԼՎԱԾ

Երթուղիների աղյուսակ

Երթուղի I

Հայաստանի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիներ.
 
Մեկնարկի կետեր Միջանկյալ կետեր Ժամանման կետեր  Տարածքից դուրս կետեր
Կետեր Հայաստանում Ցանկացած կետ Կետեր Լյուքսեմբուրգում Ցանկացած կետ

եւ` հակառակ ուղղությամբ:

Երթուղի II

Լյուքսեմբուրգի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիներ.
 
Մեկնարկի կետեր Միջանկյալ կետեր Ժամանման կետեր Տարածքից դուրս կետեր
Կետեր Լյուքսենբուրգում Ցանկացած կետ Կետեր Հայաստանում Ցանկացած կետ

եւ` հակառակ ուղղությամբ:

Նշումներ

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների իրավունք է վերապահվում իրականացնելու չվերթեր` օգտագործելով օդի հինգերորդ ազատության իրավունքը` համաձայն սույն Համաձայնագրի հավելվածով սահմանված երթուղիների:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն կամ ավիաընկերություններ կարող են ցանկացած կամ բոլոր չվերթերի ընթացքում բաց թողնել վերոնշյալ երթուղիների ցանկացած կետ եւ կարող են սպասարկել այդ կետերը ցանկացած հերթականությամբ` առանց ուղղությունների ու աշխարհագրության սահմանափակման եւ սույն Համաձայնագրով այլ կերպ թույլատրվող ցանկացած փոխադրում կատարելու իրավունքի սահմանափակման` պայմանով, որ, բացառությամբ բոլոր բեռնափոխադրումների, սպասարկվում է ավիաընկերությունը նշանակող Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող կետ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագիրը վավերացվում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքում, որի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում Կառավարության կողմից։ Ելնելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի եւ օրենքների միջեւ հակասություններ չկան:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը