Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-150-09.10.2017-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 20-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում`

1. 4-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մշակութային արժեքներ` մշակույթի եւ արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ եւ արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական եւ գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ եւ ձեւեր, լեզուներ, բարբառներ եւ խոսվածքներ, ազգային ավանդույթներ եւ սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ եւ մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ), պատմամշակութային առումով եզակի տարածքներ.»:

2. 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մշակույթ` հասարակության կյանքի նյութական եւ հոգեւոր ոլորտներում գործողությունների, զգայությունների եւ մտածողության եղանակների ամբողջությունն ու դրանց արժեքավոր արտահայտությունը, բնության նկատմամբ մարդու վերաբերմունքը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքումում լրացվող հոդվածի վերաբերյալ

Նախագծում առաջարկվել է` հոդված 6-ի  «Մշակութային արժեքներ» պարբերության մեջ «մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ)» բառերից հետո ավելացնել «պատմամշակութային առումով եզակի տարածքներ»: Նման լրացումը թույլ կտա մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները կազմելիս (ինչը, նույն օրենքի հոդված 22-ի համաձայն` լիազորված պետական մարմնի իրավասությունն ու պարտականությունն է) առավել ամբողջական ու տեղայնացված  մոտեցում ունենալ եւ այդ ցուցակում ընդգրկել, օրինակ, Գառնու Ժայռերի սիմֆոնիայի կամ Սյունիքի Զորաց քարերի նման տարածքներ:

Նույն հոդվածում «Մշակույթ» պարբերության մեջ «արտահայտությունը» բառից հետո առաջարկվել է ավելացնել` «բնության նկատմամբ մարդու վերաբերմունքը» բառերը, քանի որ այսօր աշխարհում ընդհանուր մշակույթի կարեւորագույն գումարելին` էկոլոգիական մշակույթը, դիտվում է որպես ոչ թե մշակույթի մեկ առանձին ուղղություն կամ դիտանկյուն, այլ մշակույթի նոր որակ, ամբողջական աշխարհի` գործնական ու  ինտելեկտուալ-հոգեւոր, ընկալումից բխող արտացոլում:

Տեղեկանք

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումում լրացվող հոդվածի վերաբերյալ

Հոդված 6. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները եւ բովանդակությունը.

Մշակույթ` հասարակության կյանքի նյութական եւ հոգեւոր ոլորտներում գործողությունների, զգայությունների եւ մտածողության եղանակների ամբողջությունն ու դրանց արժեքավոր արտահայտությունը:

Մշակութային արժեքներ` մշակույթի եւ արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ եւ արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական եւ գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ եւ ձեւեր, լեզուներ, բարբառներ եւ խոսվածքներ, ազգային ավանդույթներ եւ սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ եւ մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Հ.10/06.10.2017թ.
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Ա.Բաբլոյան.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»  Հայաստանի Հանրապետւթյան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Ռուզաննա Մուրադյան)

բ)  նախագծի ընդունման հիմնավորումը,

բ)  գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 

ԱԺ պատգամավոր`                            ՌՈՒԶԱՆՆԱ  ՄՈՒՐԱԴՅԱՆ