Armenian ARMSCII Armenian
Կ-1551-17.10.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8.1-րդ մասով.
 
«8.1. Էլեկտրոնային պայմանագրերի էլեկտրոնային եղանակով վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով»:
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) կարգավորվում են  Հայաստանի Հանրապետությունում նոտարների գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը եւ այլ հարաբերություններ: «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-190-Ն օրենքով ներդրվեց նոտարի կողմից կատարողական մակագրության թերթ տրամադրելու ինստիտուտը, որի արդյունքում նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների շարքում ավելացվեց կատարողական մակագրության թերթ տալը (Օրենքի 36-րդ հոդված 1-ին մաս 21-րդ կետ): Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքում  կայացվող որոշման, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատման կամ վավերացման հետ միաժամանակ, որպես նոտարական ակտ առանձնացվեց նաեւ կատարողական մակագրության թերթը (Օրենքի 36.1-րդ հոդված):

Արդյունքում, Օրենքի 18.1-րդ գլխով կարգավորվում է կատարողական մակագրությանն առընչվող հարաբերությունները` Հայաստանի Հանրապետության նոտարներին իրավունք վերապահելով պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտատիրոջ պահանջը կատարելու համար իր վավերացրած գործարքի վերաբերյալ կատարել կատարողական մակագրություն: Հստակ սահմանվեցին կատարողական մակագրության թերթ տալու պայմանները, կատարողական մակագրությամբ բռնագանձման կարգը եւ դրանից բխող այլ հարաբերություններ(Օրենքի 82.1-րդ, 82.2-րդ եւ 82.3-րդ հոդվածներ):

Բացի այդ, առկա կարգավորումների շրջանակներում կատարողական մակագրության թերթը տրվում է հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե՝

1) ներկայացվում են նոտարական կարգով վավերացված փաստաթղթեր, որոնք հաստատում են պարտատիրոջ հանդեպ պարտապանի անվիճելի պարտավորությունը, եւ բացակայում է պարտատիրոջ հանդիպական պարտավորությունը.

2) առկա են սույն օրենքի 82.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հիմքերը.

3) պարտատերը ներկայացնում է պարտքը բռնագանձելու կամ չկատարված պարտականությունը կատարելու համար նոտարին կատարողական մակագրություն տալու համար դիմելու մասին պարտապանին պատշաճ կարգով ծանուցելու վերաբերյալ ապացույց:

Նշված կարգավորումների արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով  անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել կատարողական մակագրության թերթի ինստիտուտը, որի արդյունքում հնարավորինս կթեթեւանա դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ գործարքի կողմին հնարավորություն կտրվի ավելի կարճ ժամկետում, ավելի քիչ ծախսատարությամբ հասնել պարտավորության կատարմանը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոշարադրյալը անհրաժեշտ է նշել, որ առաջարկվող նախագծի ընդունման նպատակն է ընդլայնել նոտարական գործողությունների՝ ժամանակակից տեղեկատվական համակարգերի միջոցով իրականացման ապահովումը:
Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային եւ վարկային կազմակերպությունների միջեւ` նոտարին տրամադրելով Էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն: Վերջիններիս ներդնումը հնարավորություն կստեղծի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը (այսուհետ՝ էլեկտրոնային պայմանագրեր): Կսահմանվեն էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձեւերը եւ դրանց էլեկտրոնային վավերացման կարգը:

Նշված կարգավորումների արդյունքում պարտատիրոջը հնարավորություն է տրվում էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում բանկային հաշվի քաղվածքի առկայությամբ  ստանալ կատարողական մակագրության թերթ:

Այսպիսի կարգավորումների արդյունքում կընդլայնվի կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը, որը   կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ եւ արագ կատարմանը եւ քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: Բացի այդ կնվազեցվի նաեւ դատարանների ծանրաբեռնվածությունը:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի՝

1.էլեկտրոնային եղանակով տիպային պայմանագրերի վավերացումը,

2.նոտարների համար էլեկտրոնային կնիքի եւ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծումը,

3. էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա պայմանագրերի տիպային ձեւերի եւ դրանց էլեկտրոնային վավերացման կարգի սահմանումը,

4. նոտարի կողմից տրվող կատարողական մակագրության թերթի ինստիտուտի ընդլայնումը,

5. նոտարական գործողությունների ճիշտ եւ արագ կատարումը,

6. քաղաքացիների սպասարկման որակի բարելավում,

7. դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։ 
  
 
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի  -ի  N  - Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 

Հարգանքով`   
 ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ