Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-164-24.10.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթացի (այսուհետ` շահագործումից հանելու գործընթաց) ապահովումն է:

Հոդված 2. Շահագործումից հանելու գործընթացի իրականացումը

1. Շահագործումից հանելու գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Շահագործումից հանելու ռազմավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 3. Անվտանգության պահանջների ապահովումը

Շահագործումից հանելու գործընթացն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը եւ Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները, հաշվի առնելով այն, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը հանդիսանում է որպես «դոնոր» երկրորդ էներգաբլոկի համար:

Հոդված 4. Հասարակությանը տեղեկատվության տրամադրումը

Շահագործումից հանելու գործընթացի իրականացման ընթացքի մասին հասարակությանը եւ բնապահպանական կազմակերպություններին պարբերաբար տեղեկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատեւ կանգառի ռեժիմում: «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» կետի ապահովում:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2006 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՀ կառավարության թիվ 1637-Ն «Միջուկային տեղակայանքը` Հայկական Ատոմային էլեկտրակայանը, շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշիվ բացելու մասին» որոշմամբ ՀՀ Ֆինանսների նախարարությանը թույլատրվել է իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել արտաբյուջետային հաշիվ` Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների շրջանառման նպատակով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N48 արձանագրային որոշման 8-րդ կետով հավանության է արժանացել «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարություն» փաստաթուղթը: Վերոնշյալ ռազմավարությամբ առաջարկվում է որպես Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման տարբերակ ընտրել է «Հաջորդական ապամոնտաժում» տարբերակը, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատված է (2007 թվականին) շուրջ 310,37 մլն ԱՄՆ դոլար, որը իրականացվելու է 3 փուլով`
Առաջին փուլ` շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստում, տեւողությունը 3 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 6 մլն. Եվրո:

Երկրորդ փուլ` Հետշահագործման փուլի տեւողությունը, ՀԱԷԿ-ի կանգառից հետո 10 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 70,0 մլն. Եվրո:

Երրորդ եւ հաջորդ փուլերի իրականացումը, նախատեսվում է ավարտել Հայկական ԱԷԿ-ի կանգառից հետո 40 տարվա ընթացքում, այդ աշխատանքների համար Ծախսերը գնահատված են շուրջ 163 մլն. Եվրո:

Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսվում է լրամշակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N48 արձանագրային որոշման 8-րդ կետով հավանության արժանացած Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությունը:

Հաշվի առնելով, որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է ՀՀ կառավարությունը 2012թ.-ին ընդունել է որոշում` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին:

2014թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության թիվ 12 արձանագրային որոշման 11-րդ կետով հավանության է արժանացել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:

Հաշվի առնելով, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությամբ նախատեսված է շահագործումից հանման գործընթացը մեկնարկել 2016թ-ից, իսկ 2014թ. մարտի 27-ի ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգում տասը տարով, անհրաժեշտ է վերոնշյալ ռազմավարության դրույթները ապահովելու նպատակով մեկնարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի շահագործումից հանման գործընթացը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն:

Ակնկալվող արդյունքը

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարում (Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի մասով) եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով եւ սահմանված ժամկետում իրականացման ապահովում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն ԲԱԲԼՈՅԱՆ

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի N 1249-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրա-պետության  Ազգային  ժողովում  քննարկելիս, Հայաստանի  Հանրապետության  կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Արզումանի Հարությունյանը:

Հարգանքով`
                                                                    ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

12 հոկտեմբերի 2017 թվականի N 1249 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հավանություն տալ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
          ՎԱՐՉԱՊԵՏ                                 Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. հոկտեմբերի  23
           Երեւան