Armenian ARMSCII Armenian
Կ-131-22.09.2017,23.10.2017-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ԲԱԺԻՆ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

ՀՈԴՎԱԾ 2. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից եւ նորմատիվ այլ իրավական ակտերից:

2. Սույն օրենքի դրույթներն ազգային անվտանգության մարմինների զինծառայողների վրա տարածվում են շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով:


ԲԱԺԻՆ II

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 2

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 3. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1. Զինվորական ծառայությունն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության հատուկ տեսակ է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող: Օտարերկրյա պետությունների զինված ուժերում եւ այլ զորքերում կամ ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը կամ ուսումնառությունը, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը կամ ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում կամ ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են համապատասխան պայմանագրերով:

2. Զինվորական ծառայությունը ներառում է՝

1) զորակոչի՝ պարտադիր կամ զորահավաքային, կամ պայմանագրի կնքման կամ վարժական հավաքի կանչվելու միջոցով զինվորական ծառայությանը ներգրավումը.

2) զինվորական պաշտոնի նշանակումը եւ զինվորական կոչման շնորհումը.

3) զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակից բխող պարտականությունների իրականացումը.

4) զինվորական ծառայությունից արձակումը:

3. Առաջին անգամ զինվորական ծառայություն անցնող քաղաքացին Հայաստանի Հանրապետության պետական դրոշի եւ զորամասի մարտական դրոշի առջեւ տալիս է հավատարմության երդում: Երդման տեքստը սահմանվում է օրենքով: Ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնող անձինք զինվորական երդում են տալիս ուսումնական ծրագրի շրջանակում կազմակերպվող հավաքի ժամանակ։

ՀՈԴՎԱԾ 4. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

1. Զինվորական ծառայության կազմակերպման սկզբունքներն են՝

1) միանձնյա եւ կենտրոնացված ղեկավարումը.

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների գերակայությունը.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը զինծառայողների անմնացորդ նվիրվածությունը.

4) զինծառայողների արհեստավարժությունը.

5) զինծառայողների իրավունքների եւ ազատությունների առաջնահերթությունը.

6) զինծառայողների պատվի եւ արժանապատվության նկատմամբ հարգանքն ու խտրականության արգելումը.

7) զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանվածությունը:

2. Զինվորական ծառայության ներգրավումն իրականացվում է.

1) զորակոչի միջոցով՝

ա. սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց համար.

բ. ռազմաուսումնական հաստատություններ ընդունված 18 տարին չլրացած անձանց համար՝ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված կարգով.

2) պայմանագրով՝

ա. պահեստազորում հաշվառված եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած կամ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար.

բ. պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձանց համար.

3) զորահավաքային զորակոչի միջոցով՝ պահեստազորում հաշվառված անձանց համար,

4) պահեստազորի զորահավաքային նախապատրաստության շրջանակներում անցկացվող վարժական հավաքներին կանչվելու միջոցով՝ պահեստազորում հաշվառված անձանց համար:

3. Ռազմաուսումնական հաստատություններ ընդունված 18 տարին չլրացած անձանց զորակոչն կազմակերպվում է փաստաթղթային ձեւակերպման միջոցով՝ համապատասխան զինվորական կոմիսարիատում նշված անձի զինվորական հաշվառման փաստաթղթերում ռազմաուսումնական հաստատություն ընդունվելու եւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն որպես կուրսանտ գրանցվելու վերաբերյալ գրառումներ կատարելու միջոցով:

ՀՈԴՎԱԾ 5. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Զինվորական ծառայության տեսակներն են.

1) ժամկետային.

2) պահեստազորային.

3) զորահավաքային:

2. Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայությունից:

3. Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձեւն է։ Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում եւ այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության:

4. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

1) շարքային կազմի համար՝ 24 ամիս, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար՝ 3 տարի.

2) պահեստազորի սպայական կազմի համար՝ 24 ամիս.

3) պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար՝ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը:

5. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել 18 տարին չլրացած անձինք, ինչպես նաեւ մինչեւ 23 տարեկան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձինք, զինծառայողները, պահեստազորում հաշվառված անձինք, իգական սեռի քաղաքացիները։ Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսումնառության ընթացքում համարվում են ժամկետային պարտադիր զինծառայողներ եւ նրանց վրա տարածվում են ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

6. Ուսումնառության ընթացքում իր դիմումի համաձայն կամ առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու հիման վրա ռազմաուսումնական հաստատությունից ազատվելու կամ անբավարար առաջադիմության կամ կարգապահական տույժի պատճառով հեռացված 18 տարին լրացած անձն ուղարկվում է շարունակելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով։ Զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունից ազատված անձանց ուսման, ինչպես նաեւ զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների նախկինում ծառայած ժամանակաշրջանը: Մինչեւ 18 տարեկանը լրանալը ռազմաուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված անձինք հաշվառվում են իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում եւ 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության՝ ընդհանուր հիմունքներով:

7. Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ՝ օրենքով սահմանված կարգով, պայմաններով եւ ժամկետներով: Այլընտրանքային ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի համաձայն:

8. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը կնքվում են 3-12 ամիս կամ 3 կամ 5 տարի ժամկետով, իսկ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց հետ՝ տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության եւ հետուսումնական 10 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է նաեւ ուսումնառության ժամանակահատվածը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն:

9. Պահեստազորային զինվորական ծառայություն է համարվում պահեստազորի պատրաստության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կազմակերպված վարժական հավաքների ժամանակ իրականացվող ծառայությունը:

10. Զորահավաքային զինվորական ծառայություն է համարվում օրենքով սահմանված դեպքերում հայտարարված զորահավաքի շրջանակներում զորահավաքային զորակոչի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Զորահավաքային զինվորական ծառայությունն իրականացվում է մինչեւ զորահավաք հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքի՝ օրենքով սահմանված կարգով դադարեցումը:

ՀՈԴՎԱԾ 6. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ

1. Զինվորական ծառայության սկիզբ է համարվում՝

1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ զորահավաքային զորակոչի կամ պահեստազորային զինվորական ծառայության կանչված քաղաքացիների համար՝ ծառայության վայր մեկնելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը.

2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիների համար՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.

3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների համար՝ տվյալ ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցվելու օրը:

2. Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի եւ բավարարման (ապահովման) ցուցակներից հանելու օրը:

ՀՈԴՎԱԾ 7. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի՝ սույն օրենքով սահմանված զինվորական ծառայության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը: Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով: Օրենքով կարող է սահմանվել նաեւ զինվորական ծառայության ժամկետի արտոնյալ հաշվարկ:

2. Զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում զինծառայողի՝

1) ազատազրկման կամ կալանքի ձեւով պատիժը կրելու ժամանակահատվածը.

2) ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը.

3) զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածները՝ անկախ պատճառներից, ինչպես նաեւ զինծառայողի պահանջով իր առողջական վիճակի կրկնակի հետազոտման մեջ գտնվելու ժամանակահատվածը, եթե հետազոտման արդյունքներով զինծառայողի բուժման անհրաժեշտությունը բացակայում է.

4) ռազմաուսումնական հաստատություններից կարգապահական տույժի կարգով կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված կուրսանտների ուսման կամ սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը՝ սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում,

5) սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձի կողմից պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրից հրաժարվելու դեպքում՝ սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն ամսական արձակուրդում գտնվելու օրերը՝ սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում.

6) սույն օրենքի խախտմամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցած լինելու ժամանակահատվածը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերում նշված ժամկետները հաշվարկվում են զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում, եթե զինծառայողն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ:

ՀՈԴՎԱԾ 8. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Զինծառայողն իրավունք չունի՝

1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

2) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված զինվորական պաշտոնների.

3) ստեղծել կուսակցություններ կամ կրոնական միավորումներ, անդամակցել որեւէ քաղաքական կուսակցության կամ արհեստակցական միության, իսկ կրոնական միավորման անդամ հանդիսանալու դեպքում զինվորական ծառայության ընթացքում եւ ծառայակիցների շրջանում իրականացնել քարոզչական գործունեություն.

4) ոչ ծառայողական նպատակների համար օգտագործել պետական սեփականություն հանդիսացող նյութական արժեքներ, տեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցներ.

5) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.

6) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական կազմակերպությունների եւ դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.

7) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

8) վարձատրություն ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

9) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Զինծառայողների իրավունքները եւ պարտականությունները, այդ թվում՝ ընտրական իրավունքն ու հանրաքվեներին մասնակցության կարգը, կարգապահական իրավունքը եւ կարգապահական պատասխանատվությունը սահմանվում են օրենքով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չպահպանելը զինծառայողի նկատմամբ հանգեցնում է կարգապահական, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ պատասխանատվության կիրառման:

ԳԼՈՒԽ 3

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 9. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

1. Զինվորական ծառայության պաշտոնները դասակարգվում են հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմերի:

2. Հրամանատարական կազմի պաշտոնները բաժանվում են հետեւյալ խմբերի.

1) բարձրագույն հրամանատարական.

2) ավագ հրամանատարական.

3) միջին հրամանատարական.

4) կրտսեր հրամանատարական:

3. Ոչ հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) բարձրագույն սպայական.

2) ավագ սպայական.

3) կրտսեր սպայական.

4) ավագ ենթասպայական.

5) կրտսեր ենթասպայական.

6) շարքային:

4. Զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական եւ բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարարական ծառայությունների հիմնական պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարութունը:

6. Զինվորական պաշտոնները միմյանց նկատմամբ կարող են համարվել հավասար կամ բարձր կամ ցածր՝ ըստ պաշտոնների խմբերում իրենց զբաղեցրած դիրքի:

ՀՈԴՎԱԾ 10. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում սահմանվում են զինծառայողների հետեւյալ կազմերը եւ զինվորական կոչումները.

1) շարքային կազմ՝ «շարքային» եւ «եֆրեյտոր» զինվորական կոչումներով.

2) ենթասպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է՝

ա. կրտսեր ենթասպայական կազմից՝ «կրտսեր սերժանտ», «սերժանտ», «ավագ սերժանտ», «ավագ» զինվորական կոչումներով.

բ. ավագ ենթասպայական կազմից՝ «ենթասպա», «ավագ ենթասպա» զինվորական կոչումներով.

3) սպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է՝

ա. կրտսեր սպայական կազմից՝ «լեյտենանտ», «ավագ լեյտենանտ», «կապիտան» զինվորական կոչումներով,

բ. ավագ սպայական կազմից՝ «մայոր», «փոխգնդապետ» «գնդապետ» զինվորական կոչումներով,

գ. բարձրագույն սպայական կազմից՝ «գեներալ-մայոր», «գեներալ-լեյտենանտ», «գեներալ-գնդապետ», «բանակի գեներալ» զինվորական կոչումներով:

2. Զինվորական կոչումների կրման ժամկետներն են.

1) կրտսեր սերժանտ՝ 1 տարի.

2) սերժանտ, ավագ սերժանտ, ավագ՝ 2 տարի.

3) ենթասպա՝ 3 տարի.

4) լեյտենանտ՝ 2 տարի.

5) ավագ լեյտենանտ՝ 2 տարի.

6) կապիտան՝ 3 տարի.

7) մայոր՝ 3 տարի.

8) փոխգնդապետ՝ 4 տարի:

3. «Շարքային», «եֆրեյտոր», «ավագ ենթասպա», «գնդապետ» եւ բարձր մյուս զինվորական կոչումների կրման համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

4. Զինվորական կոչումները (բացառությամբ բարձրագույն սպայական կազմի) լինում են առաջին եւ հերթական: Շարքային կազմի համար առաջին զինվորական կոչում է համարվում «շարքային» զինվորական կոչումը, ենթասպայական կազմի համար՝ «կրտսեր սերժանտ» զինվորական կոչումը, սպայական կազմի համար՝ «լեյտենանտ» զինվորական կոչումը: Ենթասպայական եւ սպայական կազմերի (բացառությամբ բարձրագույն սպայական կազմի) մյուս զինվորական կոչումները համապատասխան կազմերում համարվում են հերթական զինվորական կոչումներ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված զինվորական կոչումների կրման ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Այդ ժամկետում ներառվում են նաեւ՝

1) զինծառայողին անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, զինվորական կոչումից զրկելու կամ զինվորական կոչումն իջեցնելու կամ կարգապահական տույժ ստացած լինելու կամ հանցագործության դեպքի կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով կարճված քրեական գործերով ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման, ինչպես նաեւ անօրինական զորացրելու եւ հետագայում վերականգնելու հետեւանքով ընդհատված ժամանակահատվածները.

2) պահեստազորում գտնվելու ժամանակաշրջանը, ընդ որում, պահեստազորում հաշվառված անձանց համար տվյալ զինվորական կոչումը կրելու ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետներից մեկ տարով ավելի է:

6. Պահեստազորից զինվորական ծառայության ընդունված զինծառայողների՝ ունեցած զինվորական կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում շնորհված զինվորական կոչումը կրելու ժամանակը:

ՀՈԴՎԱԾ 11. «ԼԵՅՏԵՆԱՆՏ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

1. «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է՝

1) ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական դասընթաց ավարտած՝ սպայական կոչում չունեցող զինծառայողներին, ընդ որում, ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է ինտերնատուրան ավարտելուց հետո.

2) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին՝ սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո.

3) սպայական պաշտոնի նշանակված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներին.

4) պահեստազորում հաշվառված եւ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին՝ պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելուց հետո:

ՀՈԴՎԱԾ 12. ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼԸ

1. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է՝

1) պայմանագրային զինվորական ծառայություն անցնող եւ «ավագ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը.

2) ավագ ենթասպայական կազմի համապատասխան մասնագիտական ուսումնական ծրագիր ավարտած շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին.

3) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված եւ ավագ ենթասպայական խմբի պաշտոնի նշանակված զինծառայողներին, ովքեր ունեն կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում եւ բարձրագույն կրթություն:

2. «Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է «ենթասպա» զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմանը համապատասխանում է «ավագ ենթասպա» զինվորական կոչումը:

ՀՈԴՎԱԾ 13. ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼԸ

1. «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող եւ համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաեւ խրախուսման կարգով՝ բարեխիղճ եւ ծառայության բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողներին՝ համապատասխան խմբերի պաշտոնների նշանակվելու դեպքում:

2. «Սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող եւ համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաեւ «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «սերժանտ» եւ դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

3. «Ավագ սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող եւ համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաեւ «սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ սերժանտ» եւ դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

4. «Ավագ» զինվորական կոչում շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ» եւ դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

ՀՈԴՎԱԾ 14. ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼԸ

1. «Շարքային» զինվորական կոչում շնորհվում է՝

1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս.

2) զինվորական կոչում չունեցող եւ սույն օրենքով սահմանված կարգով պահեստազոր փոխանցվող քաղաքացիներին՝ պահեստազորում հաշվառելիս.

3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին՝ որպես կուրսանտ գրանցելիս.

4) սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայության ներգրավվող իգական սեռի քաղաքացիներին՝ զինվորական պաշտոնի նշանակելիս:

2. «Եֆրեյտոր» զինվորական կոչում շնորհվում է խրախուսման կարգով՝ «շարքային» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին:

ՀՈԴՎԱԾ 15. ՀԵՐԹԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

1. Հերթական զինվորական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե զինծառայողի զբաղեցրած զինվորական պաշտոնի խմբին համապատասխանում է շնորհվող զինվորական կոչմանը հավասար կամ բարձր զինվորական կոչում: Հերթական զինվորական կոչումը շնորհվում է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու դեպքում:

2. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր կամ դոկտորանտ սպայական կազմի զինծառայողներին հերթական զինվորական կոչում, մինչեւ «գնդապետ» զինվորական կոչումը ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական զինվորական կոչումը համապատասխանում է մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած զինվորական պաշտոնով նախատեսված զինվորական կոչմանը:

3. Հերթական զինվորական կոչումը վաղաժամկետ շնորհվում է խրախուսման կարգով, բայց ոչ բարձր զբաղեցրած զինվորական պաշտոնի համար սահմանված զինվորական կոչումից:

4. Զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած զինծառայողներին զինվորական ծառայության ընթացքում խրախուսման կարգով կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնով նախատեսված զինվորական կոչումից մեկ աստիճան բարձր զինվորական կոչում՝ մինչեւ «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ:

5. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի դատապարտվելու եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կալանքի ձեւով պատիժը կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման կամ «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում» կարգապահական տույժի կրման ժամանակահատվածները չեն հաշվարկվում զինվորական կոչումով ծառայության կրման ժամկետում: Սույն մասում նշված, ինչպես նաեւ զինծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված կամ ծառայողական քննություն նշանակված կամ կարգապահական տույժ ստացած լինելու ժամանակահատվածներում զինծառայողին չի շնորհվում հերթական զինվորական կոչում:

6. Զինված ուժերի եւ այլ զորքերի բժիշկ-մասնագիտների զինվորական կոչումներին ավելացվում են «բժշկական ծառայության» բառերը: Սույն օրենքի համաձայն պահեստազորում հաշվառված կամ պաշտոնաթող քաղաքացիների զինվորական կոչումներին ավելացվում են համապատասխանաբար «պահեստազորի» եւ «պաշտոնաթող» բառերը:

7. Զինվորական կոչում շնորհելու կարգը, ներկայացման եւ զինվորական կոչում շնորհելու հրամանների ձեւերը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

8. Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին հերթական զինվորական կոչում շնորհվում է պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելուց հետո՝ միջոցառումը ղեկավարող պաշտոնատար անձի ներկայացմամբ:

9. Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին հերթական զինվորական կոչում կարող է շնորհվել երկու անգամ:

10. Պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողներին հերթական կոչում շնորհվում է՝

1) ենթասպայական կազմի կոչումներ՝ երեք ամիս հետո,

2) ավագ լեյտենանտ եւ կապիտան՝ վեց ամիս հետո,

3) մայոր, փոխգնդապետ եւ գնդապետ՝ մեկ տարի հետո:

11. Պետական լիազոր այլ մարմիններից տեղափոխված զինծառայողներին հերթական կոչում շնորհվում է՝

1) ենթասպայական կազմի կոչումներ, ավագ լեյտենանտ եւ կապիտան՝ երեք ամիս հետո,

2) մայոր, փոխգնդապետ եւ գնդապետ՝ վեց ամիս հետո:

12. Զինծառայողի զինվորական կոչումը կարող է իջեցվել օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան կարգապահական տույժ տալու միջոցով: Զինծառայողը զինվորական կոչումից կարող է զրկվել դատական կարգով, ինչպես նաեւ սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքում՝ մինչեւ շարքային՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

ՀՈԴՎԱԾ 16. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Զինվորական կոչում շնորհում են՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ.

2) պետական լիազոր մարմնի ղեկավարը՝ ավագ սպայական եւ «լեյտենանտ» զինվորական կոչումները.

3) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք՝ սույն մասի 2-րդ կետում չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի զինվորական կոչումները, ինչպես նաեւ վաղաժամկետ կամ զբաղեցրած զինվորական պաշտոնով նախատեսված զինվորական կոչումից մեկ աստիճան բարձր զինվորական կոչումները՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական իրավունքի սահմաններում:

ԲԱԺԻՆ III

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ

ԳԼՈՒԽ 4

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 17. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ՝ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության եւ վարժական հավաքի ներգրավվելու ժամանակ իրականացվում է նրանց առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն: Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը կատարվում է առաջնահերթ ու անվճար՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:

2. Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության, հետազոտման եւ փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում եւ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները եւ դրանց գործունեության կարգը, բժշկական հետազոտությունների եւ բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, փորձաքննության եզրակացությունների ձեւերը, հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում որոշվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը զինվորական ծառայության համար, ինչպես նաեւ զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին՝ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Քաղաքացու բժշկական փորձաքննության արդյունքներով տրվում է քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից։ Եզրակացությունն առնվազն ներառում է քաղաքացու առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, քաղաքացու պիտանիության աստիճանը զինվորական ծառայությանը, նրա առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները, եզրակացության բողոքարկման կարգն ու ժամկետները: Քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը քաղաքացու պիտանիության աստիճանից եւ բժշկական փորձաքննության նպատակից, նշվում է.

1) պիտանի է զինվորական ծառայության համար.

2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.

4) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.

5) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.

6) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

7) կարիք ունի բուժման.

8) ենթակա է կանչվելու վարժական հավաքի.

9) ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը տրվում է սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված զինվորական ծառայության յուրաքանչյուր տեսակը հաշվի առնելով:

5. Քաղաքացին իրավունք ունի ծանոթանալ իր առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության ընթացքին եւ ստանալ դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնել առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով բողոքարկել իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:

ՀՈԴՎԱԾ 18. ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

1. Քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կազմակերպվում եւ անցկացվում է նախազորակոչային պատրաստություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում քաղաքացիները կարող են անցնել զինվորական պատրաստություն՝ սույն օրենքով սահմանված դեպքերում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպություններում կարող են կազմակերպվել եւ անցկացվել զինվորական մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր: Նշված կրթական ծրագրերին քաղաքացիները մասնակցում են զինվորական կոմիսարիատի ընտրությամբ եւ ուղեգրով:

ԳԼՈՒԽ 5

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

ՀՈԴՎԱԾ 19. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1. Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչեւ 27 տարին լրանալը, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները՝ մինչեւ 35 տարին լրանալը (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաեւ այն քաղաքացիները եւ պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 եւ (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:

2. Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, ով նախկինում դատապարտվել է ազատազրկման՝ ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար եւ ազատազրկման ձեւով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

3. Հայտարարված զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության չի կարող զորակոչվել այն անձը, ով պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձեւով կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:

4. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը եւ սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին:

5. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամկետը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը եւ այն զինվորական հաշվառական մասնագիտությունը, որն ունեցող պահեստազորի սպայական կազմի քաղաքացիները ենթակա են զորակոչի, ինչպես նաեւ նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած սպաների զորացրման մասին:

6. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն պարտադիր զինվորական ծառայության համապատասխան զորակոչերի կազմակերպման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից տրվում է զորակոչի անցկացման եւ սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման:

ՀՈԴՎԱԾ 20. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով համապատասխան զինվորական կոմիսարիատը, իսկ քաղաքացու՝ օտարերկրյա պետությունում բնակվելու եւ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված լինելու դեպքում՝ դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը, քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում են զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով զինվորական կոմիսարիատ ներկայանալու ժամկետը:

2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո սույն օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն ունեցող եւ զորակոչի ենթակա (այսուհետ՝ զորակոչի ենթակա) քաղաքացիները պարտավոր են ծանուցման մեջ նշված ժամկետում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առավել մոտ զինվորական կոմիսարիատ:

3. Սույն հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու պարտականության խախտումը քաղաքացիների համար հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

ՀՈԴՎԱԾ 21. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին՝

1) ով առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) ով մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

3. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին՝

1) ով առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) ով մինչեւ պահեստազորի սպայական կազմ որակավորվելն անցել է պարտադիր զինվորական ծառայություն:

4. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում:

5. Սույն հոդվածում չնախատեսված այլ հիմքով քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:

ՀՈԴՎԱԾ 22. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1. Սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է՝

1) առողջական վիճակի պատճառով.

2) ընտանեկան պայմաններից ելնելով:

2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրված քաղաքացուն՝ պատգամավորական լիազորությունների ողջ ժամկետով:

3. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ նպատակային ուսումնառության համար՝

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն՝ եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը,

2) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին: Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 19 տարին լրանալու օրը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերում քաղաքացուն տարկետում տալու եւ տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս՝ քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է պարտադիր զինվորական ծառայության ենթակա պահեստազորի սպաների փորձաքննության համար սահմանված կարգով, ինչպես նաեւ նշված քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված հիմքերի առկայության դեպքում:

5. Քաղաքացուն կամ քաղաքացիների կատեգորիաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք ունեցող կամ այդ հիմքով տարկետում ստացած, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի համաձայն տարկետում ստացած քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել տարկետման իրավունքից եւ սույն օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

ՀՈԴՎԱԾ 23. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼԸ

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է.

1) բուժման կարիք ունենալու, կամ

2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:

2. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ՝ մինչեւ 1 տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

3. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է մեկ անգամ՝ 3 տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

4. Սույն հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից ազատված եւ պահեստազորում հաշվառված քաղաքացին մինչեւ 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության՝ 5 տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ ընդհանուր հիմունքներով:

5. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է.

1) բուժման կարիք ունենալու, կամ

2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:

6. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է հինգ անգամ՝ 1 տարի ժամանակով: Հինգերորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:

7. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երկու անգամ՝ 3 տարի ժամանակով: Երկրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:

8. Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացին մինչեւ 35 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության՝ 5 տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ ընդհանուր հիմունքներով:

ՀՈԴՎԱԾ 24. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼԸ

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, ով ունի.

1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)՝

ա. չունեն այլ զավակ, կամ

բ. ունեն այլ զավակ, ով անչափահաս է, կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու եւ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների.

4) երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին.

5) մինչեւ 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ կամ կա այդպիսի անձ, որը սակայն ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է:

2. Եթե քաղաքացին անչափահաս տարիքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխա եւ որդեգրվել է խնամատար հաստատությունից, եւ առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերում նախատեսված պայմանները, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից: Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, քույրը, եղբայրը, տատը, պապը, ինչպես նաեւ խնամակալ կամ հոգաբարձու ճանաչված այլ անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով քաղաքացին համարվում է միայնակ ծնող ունեցող, եթե՝

1) մյուս ծնողը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած.

2) մյուս ծնողն անհայտ է (օրենքով սահմանված կարգով հայրություն կամ մայրություն չի ճանաչվել) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

3) մինչեւ քաղաքացու 18 տարին լրանալն առնվազն հինգ տարի առաջ ծնողներն ամուսնալուծվել են եւ ծնողները բնակվում են միմյանցից առանձին.

4) ծնողների ամուսնությունն օրենքով սահմանված կարգով չի գրանցվել եւ ծնողները բնակվում են միմյանցից առանձին:

4. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում չնախատեսված դեպքերում քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կարող է տրվել քաղաքացու դիմումի հիման վրա եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, իսկ 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ մինչեւ երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը: Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

6. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, ով ունի.

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերում կամ 2-րդ մասում նախատեսված ընտանեկան պայմաններ.

2) առանց մոր մեծացող հաշմանդամություն ունեցող երեխա:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը: Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ նրա 35 տարին լրանալու օրը: Եթե 35 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 35 տարին լրանալու հիման վրա ազատվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

8. Սույն հոդվածի համաձայն քաղաքացին համարվում է ստացած տարկետման իրավունքը կորցրած, եթե նրա մոտ վերացել են տարկետում ստանալու համար հիմք հանդիսացած հանգամանքները: Քաղաքացին պարտավոր է ստացած տարկետումից հետո յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ընթացքում տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնել տարկետում ստանալու համար հիմք հանդիսացած հանգամանքները հաստատող փաստաթղթերը:

ՀՈԴՎԱԾ 25. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական եւ, ըստ մարզերի (Երեւանի քաղաքի)՝ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ:

2. Շարքային կամ պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչերի պատշաճ իրականացման համար պատասխանատու է համապատասխան զինվորական կոմիսարիատը, որի շրջանակներում զինվորական կոմիսարը՝

1) կազմակերպում է շարքային եւ պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի նախնական եւ անհրաժեշտ այլ հետազոտությունների ուղեգրման գործընթացը.

2) որոշում է կայացնում սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու մասին.

3) նախապատրաստում եւ նախնական եզրակացությամբ՝

ա. մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 22-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով եւ 24-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված հանգամանքների, ինչպես նաեւ սույն օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն քաղաքացու՝ գիտական աստիճան ունենալու եւ մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստաթղթերը.

բ. իրավասու բժշկական հանձնաժողով է ներկայացնում առողջական խնդիրներ ունեցող շարքային եւ պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների նախնական եւ այլ հետազոտությունները, նրանց առողջական վիճակի վերաբերյալ առկա այլ փաստաթղթերը.

գ. ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության մանդատային հանձնաժողով է ներկայացնում շարքային կազմի քաղաքացիների կողմից տրված ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կամ սպայական դասընթացներին մասնակցելու դիմումները.

դ. պահեստազորի սպաների զորակոչային մանդատային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 22-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը:

3. Մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովը.

1) որոշում է կայացնում՝

ա. սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ սույն օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գիտական աստիճան ունենալու եւ մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին.

բ. սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հիմքերով շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.

2) առաջարկություն է ներկայացնում հանրապետական զորակոչային հանձնաժողովին՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ կամ մերժում է նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ քաղաքացու դիմումը:

4. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը.

1) համակարգում եւ վերահսկում է մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաեւ իրավասու բժշկական հանձնաժողովների եւ զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեությունը.

2) որոշում է կայացնում՝

ա. սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով եւ 23-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով նախատեսված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին.

բ. սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով եւ նույն հոդվածում նախատեսված ժամկետներում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.

3) եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նպատակահարմարության վերաբերյալ.

4) քննարկում է մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաեւ իրավասու բժշկական հանձնաժողովների եւ զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած որոշումների (տրված եզրակացությունների) վերաբերյալ ներկայացված բողոքները:

5. Հանրապետական կամ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաեւ իրավասու բժշկական հանձնաժողովների եւ զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած որոշումների (տրված եզրակացությունների) վերաբերյալ բողոքների ներկայացումը՝ մինչեւ այդ որոշումների (տրված եզրակացությունների) վերանայումը, չի կասեցնում դրանց կատարումը:

6. Հանրապետական կամ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաեւ իրավասու բժշկական հանձնաժողովների եւ զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) որոշումները (տրված եզրակացությունները), դրանց կայացման օրվանից եռօրյա ժամկետում, տրվում են քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին: Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները, դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

7. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողով, որը.

1) համակարգում եւ վերահսկում է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ապահովման ուղղությամբ զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեությունը.

2) որոշում է կայացնում՝

ա. սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու մասին.

բ. սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերով, 23-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերում պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին.

գ. սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 23-րդ հոդվածի 5-րդ եւ 24-րդ հոդվածի 6-րդ մասերով նախատեսված հիմքերով ու նույն հոդվածներով նախատեսված ժամկետներում պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.

դ. սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա սահմանված զորակոչի ենթակա անձանց թվաքանակը սույն կետի «ա» ենթակետի համաձայն լրանալու դեպքում՝ զորակոչին կանչված մնացած քաղաքացիների զորակոչը հետաձգելու մասին.

3) քննարկում է զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության վերաբերյալ տրված բողոքները:

8. Պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովի որոշումը, դրա կայացման օրվանից եռօրյա ժամկետում, տրվում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին: Պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովի որոշումները, դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

9. Սույն հոդվածում նշված զորակոչային եւ մանդատային հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնում են նիստերի ձեւով: Նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում: Հանձնաժողովի որոշումները (եզրակացությունները) ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

10. Շարքային եւ պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչերի բժշկական ապահովումն իրականացնում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված իրավասու բժշկական հանձնաժողովները, որոնք՝

1) իրականացնում են շարքային կամ պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտությունները եւ փորձաքննությունները.

2) փորձաքննական եզրակացություն են տալիս քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ.

3) քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ տրված փորձաքննական եզրակացությունները ներկայացնում են հանրապետական զորակոչային կամ պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովներ:

ԳԼՈՒԽ 6

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ

ՀՈԴՎԱԾ 26. ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների (այսուհետ՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներ) ծառայության վայրեր նշանակումը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների, իրականացվում է կենտրոնացված ձեւով եւ վիճակահանությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները:

2. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելիս հաշվի են առնվում ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ: Ծառայության վայրեր նշանակված շարքային կազմի պարտադիր զինծառայողները՝ մինչեւ զինվորական երդում տալը, համարվում են նորակոչիկներ եւ անցնում են զինվորական պատրաստության ծրագիր: Շարքային կազմի պարտադիր զինծառայողները կարող են ուղարկվել ուսումնական զորամասեր՝ ռազմահաշվառական մասնագիտություն ստանալու համար, կամ իրենց դիմումի համաձայն մասնակցել սպայական կամ սերժանտական դասընթացների: Սույն մասում նշված զինվորական պատրաստության ծրագրի կամ դասընթացների անցկացման կարգերն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Նորակոչիկները չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ կամ ներգրավվել ռազմական գործողություններին:

3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ՝ եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների)՝

1) ով հանդիսանում է 63 տարին լրացած կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) ունեցող ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը.

2) ով ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր).

3) ով ամուսնացած է եւ ունի մեկ երեխա.

4) ում ծնողները մահացած են.

5) ում մեկ ծնողը մահացած է եւ այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են եւ ունեն հաշմանդամություն կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ:

4. Հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են նշանակվում միեւնույն զորամաս: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը:

5. Շարքային կազմի այն պարտադիր զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում անցնել զինվորական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ կնքում են պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

6. Հայտարարված սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում սույն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների (այսուհետ՝ սպայական կազմի պարտադիր զինծառայողներ) ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է վիճակահանությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով: Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությունն անցկացվում է՝ հաշվի առնելով սպայի մասնագիտացումը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ: Ասպիրանտուրա (դոկտորանտուրա) ավարտած կամ գիտական աստիճան ունեցող սպայական կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայր նշանակվում են ըստ գիտական մասնագիտացման: Վիճակահանությամբ ծառայության վայրեր նշանակված սպայական կազմի պարտադիր զինծառայողները անցնում են ուսումնական պատրաստության ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով ու ժամկետում:

ՀՈԴՎԱԾ 27. ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

1. Ծառայության վայր նշանակված շարքային կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով գրանցվում են զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում, վերցվում են պարենային, իրային եւ դրամական բավարարման, նշանակվում են զինվորական պատրաստության ծրագրով նախատեսված ուսումնական ստորաբաժանումների պաշտոնների եւ նրանց շնորհվում է «շարքային» զինվորական կոչում:

2. Զինվորական երդում տված շարքային կազմի պարտադիր զինծառայողները զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում են ոչ հրամանատարական կազմի շարքային խմբի պաշտոնների, նրանց ամրակցվում է զենք եւ համապատասխան զինամթերք, սպառազինություն կամ ռազմական տեխնիկա, անհատական պաշտպանության միջոցներ:

3. Զինվորական ծառայության ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառայողները սույն օրենքով սահմանված կարգով կարող են նշանակվել կրտսեր հրամանատարական կամ կրտսեր ենթասպայական խմբերի պաշտոնների, ինչպես նաեւ նրանց կարող են շնորհվել «եֆրեյտոր» կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ՝ փոխադրելով կրտսեր ենթասպայական կազմ:

4. Սպայական կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայրերում նշանակվում են ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական խմբի պաշտոնի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, գրանցվում են զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում, վերցվում են պարենային, իրային եւ դրամական բավարարման, նրանց ամրակցվում է զենք եւ համապատասխան զինամթերք, անհատական պաշտպանության միջոցներ:

5. Շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով ծառայության այլ վայր կարող են տեղափոխվել՝

1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.

2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.

3) ընտանեկան պայմաններից ելնելով.

4) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.

5) ռազմաուսումնական հաստատությունից հեռացվելու (ազատվելու) կամ առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում:

6. Շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ծառայության ընթացքում կարող են իրենց համաձայնությամբ կնքել պայմանագիր եւ անցնել պայմանագրային զինվորական ծառայության՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 28. ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼԸ

1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետեւյալ արձակուրդները՝

1) հիմնական.

2) լրացուցիչ.

3) հիվանդության պատճառով (վերականգնողական).

4) ամսական:

2. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետեւյալ արձակուրդները՝

1) հերթական.

2) լրացուցիչ.

3) հիվանդության պատճառով (վերականգնողական):

3. Շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված արձակուրդ տալու դեպքում տրվում է նաեւ արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ՝ մինչեւ 2 օրացուցային օր ընդհանուր ժամկետով:

4. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ՝ ոչ պակաս, քան 5 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից՝ օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է՝ հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը եւ զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Հիմնական արձակուրդ տրվում է՝

1) շարքային կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին՝ 10 օրացուցային օր.

2) կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին՝ 15 օրացուցային օր։

5. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին յուրաքանչյուր տարվա համար հերթական արձակուրդը տրվում է՝ յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու եւ կես օր հաշվարկով:

6. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է 5 օրացուցային օր տեւողությամբ՝

1) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար՝ խրախուսման կարգով,

2) ընտանեկան պայմաններից ելնելով՝ զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում,

3) սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված պայմաններ ունեցողներին՝ 6 ամիսը մեկ անգամ:

7. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է ընտանեկան պայմաններից ելնելով՝ զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում՝ 5 օրացուցային օր տեւողությամբ:

8. Շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից՝ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար՝ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով) տեղեկանքի հիման վրա:

9. Շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու ժամանակ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողին կարող է տրվել արձակուրդ մինչեւ 30 օրացուցային օր տեւողությամբ՝ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

10. Հիմնական կամ հերթական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում հիվանդացած շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողի հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում տրված արձակուրդի ժամկետում։

11. Շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը: Բուժման ավարտից հետո շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության՝ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով կողմից, որի արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը՝ մինչեւ 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ՝ մինչեւ 30 օրացուցային օր: Երկարաձգված բուժման կամ վերականգնողական ժամկետի ավարտից հետո շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության: Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրվում է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը, ինչպես նաեւ զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին: Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից, նշվում է.

1) պիտանի է զինվորական ծառայության համար.

2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.

4) կարիք ունի ծառայողական պարտականություններից մասնակի ազատման՝ մինչեւ 15 օր ժամկետով.

5) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

6) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:

12. Ամսական արձակուրդ տրվում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված շարքային կազմի պարտադիր զինծառայողներին՝ ծառայության 6 ամիսը լրանալուց հետո յուրաքանչյուր ամսվա ընթացքում 7 օրացուցային օր ժամկետով: Սույն հոդվածում նշված շարքային կազմի պարտադիր զինծառայողներին սույն հոդվածում սահմանված հերթական արձակուրդ չի տրվում, իսկ լրացուցիչ արձակուրդ տրվում է միայն սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքերում:

13. Սույն հոդվածով սահմանված արձակուրդների տրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

ՀՈԴՎԱԾ 29. ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԸ

1. Շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են՝

1) սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու դեպքում.

2) վաղաժամկետ՝

ա. սույն օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասի 6-րդ կետի համաձայն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում.

բ. սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ կամ 6-րդ մասերով սահմանված ընտանեկան պայմաններից ելնելով, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված շարքային կազմի պարտադիր զինծառայողների.

գ. զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով մահացած ճանաչվելու դեպքում:

2. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված եւ պատիժ կրող շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից եւ հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի համապատասխան բաժիններում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ եթե չեն օգտվում սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով կամ ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում ստանալու իրավունքից, որոնց առկայության պարագայում հաշվառվում են պահեստազորում՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված շարքային կազմի պարտադիր զինծառայողների:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով։ Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակվելու դեպքում զինծառայողին տրամադրվում են նաեւ նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա փաստաթղթերը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի եւ 2-րդ մասի հիման վրա առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից արձակված եւ պահեստազորում հաշվառված քաղաքացիները 3 տարին մեկ անգամ ենթակա են բժշկական վերափորձաքննության, որի արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչվելու դեպքում՝ շարքային կազմի նախկին պարտադիր զինծառայողները՝ մինչեւ 27 տարին լրանալը, իսկ սպայական կազմի նախկին պարտադիր զինծառայողները՝ մինչեւ 35 տարին լրանալը, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով զորակոչի միջոցով ուղարկվելու շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը՝ եթե նրանց չծառայած ժամկետը գերազանցում է 6 ամիսը, բացառությամբ սույն օրենքի 26-րդ մասի 5-րդ կետում նախատեսված զինծառայողների, որոնք զորակոչի միջոցով ուղարկվում են շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը՝ անկախ պարտադիր զինվորական ծառայության ծառայած ժամկետից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի եւ 2-րդ մասի հիման վրա ընտանեկան պայմաններից ելնելով պարտադիր զինվորական ծառայությունից արձակված եւ պահեստազորում հաշվառված շարքային կազմի նախկին պարտադիր զինծառայողները՝ մինչեւ 27 տարին լրանալը, իսկ սպայական կազմի նախկին պարտադիր զինծառայողները՝ մինչեւ 35 տարին լրանալը, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով զորակոչի միջոցով ուղարկվելու շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը՝ եթե զինվորական ծառայությունից արձակվելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են եւ նրանց չծառայած ժամկետը գերազանցում է 6 ամիսը:


ԲԱԺԻՆ IV

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 7

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 30. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել՝

1) 18 տարին չլրացած քաղաքացիները՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքում.

2) պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նախատեսված անձինք.

3) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած եւ մինչեւ 36 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները եւ իգական սեռի քաղաքացիները՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից։

2. Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին՝

1) ով օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.

2) ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կամ ով ունի չհանված կամ չմարված դատվածություն.

3) ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

3. Պայմանագիր կնքելը մերժելու դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցել քաղաքացուն՝ նշելով մերժման հիմքերը եւ պատճառները:

4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական եւ ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 45 տարեկանը,

2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 48 տարեկանը,

3) ավագ սպայական կազմի «մայոր» եւ «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 50 տարեկանը,

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 55 տարեկանը,

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» եւ «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 60 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:

5. Սահմանային տարիքի հասած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մասնագիտությունների ցանկում ներառված մասնագիտություն ունեցող շարքային կազմի եւ ռազմաբժշկական կամ ռազմադասախոսական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչեւ 10 տարի ժամկետով, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով եւ կոլեգիալ որոշման հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 31. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

1. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) պետական լիազոր մարմնի եւ քաղաքացու (զինծառայողի) միջեւ կնքվող գրավոր համաձայնություն է՝ սույն օրենքի պահանջների հիման վրա պայմանագրում սահմանված պայմաններով եւ ժամկետում զինվորական ծառայություն անցնելու մասին։ Զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատվում են համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից: Պայմանագրի օրինակների վրա դրվում է պետական լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն ունեցող կնիք:

3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու դեպքում՝ իրավասու հրամանատարի (պետի) հրամանով հայտարարվելու օրվանից: Պայմանագրի ժամկետը հաշվարկվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրա առաջին օրինակը կարվում է զինծառայողի անձնական գործում, երկրորդը հանձնվում է զինծառայողին:

4. Պայմանագրերը կարող են լինել առաջին կամ հերթական կամ նոր։ Առաջին պայմանագիր է համարվում առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող քաղաքացու (զինծառայողի) հետ կնքվող պայմանագիրը։ Հերթական պայմանագիր է համարվում պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու կամ սույն օրենքի 33-րդ հոդվածում նախատեսված այլ դեպքերում կնքվող պայմանագիրը։ Նոր պայմանագիր է համարվում նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած եւ զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետ կրկին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում կնքվող պայմանագիրը։

ՀՈԴՎԱԾ 32. ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Առաջին պայմանագիրը կնքվում է՝

1) սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված քաղաքացիների հետ.

2) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողի հետ՝ սպայական դասընթաց ավարտելուց հետո՝ փոխադրելով սպայական կազմ.

3) սերժանտական դասընթաց ավարտած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ՝ փոխադրելով ենթասպայական կազմ.

4) շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայություն անցնող եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած զինծառայողի հետ.

5) ռազմաուսումնական հաստատություն ընդունված՝ 18 տարին չլրացած քաղաքացու կամ մինչեւ 23 տարեկան՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում հաշվառված արական սեռի կամ իգական սեռի քաղաքացու հետ՝ ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ: Սույն կետով սահմանված 18 տարին չլրացած քաղաքացու հետ պայմանագիր կնքելու պարտադիր պայման են նրա օրինական ներկայացուցիչների՝ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, ինչպես նաեւ քաղաքացու 18 տարին լրանալուց հետո վերջինիս կողմից պայմանագրի վերակնքումը: Սույն կետում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաեւ ուսումնառության կամ հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն ծագող իրավական հետեւանքի նախատեսումը.

6) պետական լիազոր մարմնի պատվերով, ներառյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ուսումնառություն անցած քաղաքացիների հետ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո՝ փոխադրելով սպայական կամ ենթասպայական կազմ: Սույն կետում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերի համաձայն ծագող հետեւանքների նախատեսումը:

2. Համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների, ինչպես նաեւ ակադեմիական ուսումնառության գործուղված կամ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական կրթական ծրագրով համապատասխան ուսումնական հաստատություններում, ներառյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ուսումնառություն անցնող՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող քաղաքացիների, եւ (կամ) զինծառայողների հետ կնքվում է ուսումնառություն անցնելու մասին քաղաքացիաիրավական պայմանագիր, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր: Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն օրենքով սահմանված ժամկետում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաեւ ուսումնառության եւ (կամ) հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում համապատասխան պայմանագրի գործողությունը քաղաքացու եւ/կամ զինծառայողի կողմից՝ անկախ պատճառներից, ինչպես նաեւ սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում զինվորական ծառայության մեջ չգտնվող քաղաքացիների եւ (կամ) զինծառայողների համար պարտավորության չկատարման արդյունքում սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերի համաձայն ծագող հետեւանքների նախատեսումը:

3. Առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է՝

1) ոչ հրամանատարական շարքային խմբի զինվորական պաշտոնի նշանակվողի համար՝ 3 տարի.

2) հրամանատարական կազմի կրտսեր հրամանատարական խմբի կամ ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական կամ ավագ ենթասպայական կամ կրտսեր ենթասպայական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվողի համար՝ 3 տարի.

3) ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների համար՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության եւ հետուսումնական 10 տարի.

4) ակադեմիական ուսումնառությունը կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն կամ հետբուհական, ներառյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ուսումնական հաստատություններ ավարտած անձանց համար՝ 3-5 տարի.

5) պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտած անձանց կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած զինծառայողների համար՝ 2-3 տարի:

4. Առաջին պայմանագիրը պետական լիազոր մարմնի կողմից ստորագրում են՝

1) համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը՝ բարձրագույն հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնի նշանակվող զինծառայողների հետ.

2) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք՝ սույն մասի 1-ին կետում չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի համապատասխան խմբերի զինվորական պաշտոնի նշանակվող զինծառայողների հետ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված քաղաքացիաիրավական պայմանագրերը ստորագրում է համապատասխան պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը:

ՀՈԴՎԱԾ 33. ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքվում է հետեւյալ դեպքերում.

1) նախորդ պայմանագրի ժամկետը լրանալիս (իր համաձայնությամբ).

2) պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթություն, ինչպես նաեւ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելիս՝ այն դեպքերում, եթե տվյալ պահին գործող զինվորական ծառայության պայմանագրի մնացած ժամկետը պակաս է սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված համապատասխան ժամկետով կնքվելիք պայմանագրի ժամկետից.

3) պետական լիազոր մի մարմնից մյուսը փոխադրվելիս.

4) զինվորական ծառայության մեջ սահմանային տարիքի հասնելու եւ ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնելիս:

2. Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողը հերթական պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի անունով ներկայացնում է զեկուցագիր՝ գործող պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ: Հղիության եւ ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար կամ բուժման նպատակով արձակուրդում գտնվելու պատճառով հերթական պայմանագիր կնքելու հնարավորություն չունեցող պայմանագրային զինծառայողները շարունակում են զինվորական ծառայությունը՝ պայմանագրային հիմունքներով: Նշված հանգամանքների վերացումից հետո՝ ծառայության վայր ներկայանալուց մեկ ամսվա ընթացքում, ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողը հերթական պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի անունով ներկայացնում է զեկուցագիր: Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու որոշում կայացնում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձինք:

3. Հերթական պայմանագիր չկնքող պայմանագրային զինծառայողը ներկայացվում է զինվորական ծառայությունից արձակման՝ պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով:

4. Նոր պայմանագիր կնքվում է նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած, պահեստազորում հաշվառված եւ կրկին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացու հետ՝ հաշվի առնելով սույն օրենքի 30-րդ հոդվածում սահմանված պայմանները:

5. Հերթական կամ նոր պայմանագրերը պետական լիազոր մարմնի անունից ստորագրում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձինք:

ՀՈԴՎԱԾ 34. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Պայմանագրի գործողությունը դադարում է՝

1) սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում՝ զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը.

2) զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու դեպքում՝ հերթական պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.

3) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ զինծառայողին տեղափոխվող մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելու օրը.

4) օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն չանցած զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունից ազատելիս (հեռացնելիս)՝ ռազմաուսումնական հաստատության անձնակազմի ցուցակներից հանելու օրը.

5) սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերի ծագման օրը:

2. Պայմանագրի գործողությունը կասեցվում է՝

1) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերում նշված դեպքերում՝ մինչեւ նշված կետերով նախատեսված հանգամանքների վերանալու օրը.

2) զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու ժամանակահատվածում.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինծառայողին կալանքի ձեւով պատժի դատապարտելիս՝ մինչեւ պատժի կրման ավարտի օրը.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած իգական սեռի զինծառայողին երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելիս՝ մինչեւ արձակուրդի ավարտի օրը:

2. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում պայմանագրի օրինակներում կատարվում է դադարման կամ կասեցման հիմքի մասին համապատասխան գրառում՝ ամսաթվի եւ տարեթվի նշումով:

ԳԼՈՒԽ 8

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ

ՀՈԴՎԱԾ 35. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնի նշանակվում է՝ հաշվի առնելով զինծառայողի համապատասխանությունը տվյալ պաշտոնին, մասնագիտական ու ծառայողական ունակությունները, հոգեբանական որակները, առողջական վիճակը եւ սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ: Պայմանագրային զինծառայողը նշանակվում է իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի՝ հաշվի առնելով ծառայողական գործունեության փորձը: Պայմանագրային զինծառայողի՝ նոր մասնագիտական զինվորական պաշտոնի, նշանակմանը պետք է նախորդի համապատասխան վերապատրաստումը:

2. Բարձրագույն հրամանատարական եւ բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնների կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, ով մինչեւ նշանակումն առնվազն 3 տարի ժամկետով զբաղեցրել է զինված ուժերի կամ այլ զորքերի ավագ հրամանատարական խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն եւ ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան հատուկ կոչում (դասային աստիճան):

3. Ավագ հրամանատարական կամ ավագ սպայական խմբերի զինվորական պաշտոնների կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, ով մինչեւ նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է միջին հրամանատարական խմբի զինվորական պաշտոն կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն եւ ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն:

4. Միջին հրամանատարական խմբի զինվորական պաշտոնների կարող են նշանակվել բարձրագույն կրթությամբ կրտսեր սպայական կոչում ունեցող պայմանագրային զինծառայողները:

5. Կրտսեր հրամանատարական խմբի զինվորական պաշտոնների կարող են նշանակվել սպայական կամ ենթասպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած կամ համապատասխան ռազմահաշվառական մասնագիտություն ունեցող պայմանագրային զինծառայողները: Զինվորական պաշտոնին համապատասխանող ռազմահաշվառական մասնագիտությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

6. Զինվորական պաշտոնի նշանակելիս պահպանվում են հետեւյալ պայմանները.

1) հրամանատարական եւ ոչ հրամանատարական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողներ: Այն պաշտոնների ցանկը (բացառությամբ բարձրագույն հրամանատարական եւ բարձրագույն սպայական) որոնք կարող են համալրվել ստորադաս կազմերի պայմանագրային զինծառայողներով, սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը.

2) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի, սակայն ունեցած ռազմահաշվառական մասնագիտությանը ոչ պիտանի ճանաչված պայմանագրային զինծառայողն իր համաձայնությամբ կարող է նշանակվել այլ ռազմահաշվառական մասնագիտությամբ զինվորական պաշտոնի.

3) եթե պայմանագրային զինծառայողին չի տրվում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն, նա նշանակվում է այդպիսի թույլտվություն չպահանջող պաշտոնի.

4) պայմանագրային զինծառայողին չի թույլատրվում նույն զորամասում համատեղ ծառայել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ

5) պայմանագրային զինծառայողները պաշտոնի (բացառությամբ բարձրագույն հրամանատարական եւ բարձրագույն սպայական) նշանակվում են անձնակազմին վերաբերող հրամաններով, որն արձակում է տվյալ զինվորական պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պետը.

6) ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր ռազմահաշվառական կամ բարձրագույն կրթությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախկինում զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:

7. Պայմանագրային զինծառայողներին զինվորական պաշտոնի (բացառությամբ բարձրագույն հրամանատարական եւ բարձրագույն սպայական) նշանակումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

8. Ռազմաբժշկական կամ ռազմաուսումնական հաստատությունների մասնագիտական կամ պրոֆեսորադասախոսական բնույթի պաշտոններում կարող են նշանակվել նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձինք՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 36. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԲԱՐՁՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

1. Պայմանագրային զինծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի՝

1) ծառայության մեջ առաջխաղացման կարգով.

2) մրցույթի կամ ատեստավորման արդյունքներով.

3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:

2. Մրցութային կարգով նշանակման ենթակա պաշտոնների ցանկը, նշանակման կարգը եւ պայմանները սահմանում է պետական լիազոր մարմինը:

3. Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի դատապարտվելու եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու, ինչպես նաեւ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու կամ ծառայողական քննություն նշանակված լինելու դեպքերում պայմանագրային զինծառայողը չի կարող բարձր պաշտոնի նշանակվել՝ մինչեւ սահմանված փորձաշրջանի կամ քրեական գործի կամ ծառայողական քննության ավարտը, իսկ ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված կամ կարգապահական տույժ ստացած պայմանագրային զինծառայողը՝ մինչեւ դատվածությունը կամ կարգապահական տույժը հանելը կամ մարելը:

ՀՈԴՎԱԾ 37. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

1. Պայմանագրային զինծառայողը նշանակվում է հավասար պաշտոնի՝

1) ծառայողական անհրաժեշտությունից (այդ թվում՝ ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից) ելնելով.

2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.

3) ընտանեկան պայմաններից ելնելով (իր զեկուցագրի համաձայն).

4) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն:

ՀՈԴՎԱԾ 38. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՑԱԾՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

1. Պայմանագրային ինծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի՝

1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասար պաշտոնի (իր համաձայնությամբ).

2) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով (իր համաձայնությամբ).

3) ընտանեկան պայմաններից ելնելով (իր համաձայնությամբ).

4) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (իր համաձայնությամբ).

5) «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում, ինչպես նաեւ, եթե «նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այլ կարգապահական խախտման համար ենթարկվել է կարգապահական տույժի.

6) եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է զինվորական ծառայության սահմանափակման այնպիսի պատժի, որը բացառում է իր զբաղեցրած պաշտոնում հետագա պաշտոնավարումը.

7) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում:

ՀՈԴՎԱԾ 39. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ պայմանագրային զինծառայողը կարող է իր համաձայնությամբ նշանակվել հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող՝

1) թափուր զինվորական պաշտոնի՝ մինչեւ 6 ամիս ժամկետով.

2) զինվորական պաշտոնն զբաղեցնող զինծառայողի ժամանակավոր բացակայության դեպքում՝ մինչեւ 4 ամիս ժամկետով (արձակուրդի, բացառությամբ՝ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության, մեկ ամսից ավելի ժամկետով գործուղման դեպքերում): Երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են պաշտոնն զբաղեցնողի՝ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամկետի ընթացքում:

2. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում եւ ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը): Թափուր պաշտոնի կամ հղիության եւ ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված պայմանագրային զինծառայողին հաշվարկվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

3. Զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են՝

1) շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են շարքային կազմի կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ.

2) ավագ ենթասպայական կազմի զինծառայողները՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ ենթասպայական կազմի կամ կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ.

3) կրտսեր սպայական կազմի զինծառայողները՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են կրտսեր եւ ավագ սպայական կազմերի զինվորական կոչումներ.

4) ավագ սպայական կազմի զինծառայողները՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ եւ բարձրագույն սպայական կազմերի զինվորական կոչումներ:

4. Առանձնահատուկ դեպքերում թափուր զինվորական (բացառությամբ հրամանատարական կազմի) պաշտոնի կարող է նշանակվել նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 40. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

1. Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է՝

1) այլ պաշտոնի նշանակվելու դեպքում.

2) հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման, պատճառով.

3) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով.

4) զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելիս եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս կամ հարուցված քրեական հետապնդման շրջանակներում նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս.

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձեւով պատժի դատապարտվելու դեպքում.

6) հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս.

7) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքում.

8) մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում.

9) գերության մեջ գտնվելու դեպքում.

10) ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ 6 ամիսը գերազանցող ժամկետով Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում.

11) զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում:

2. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը):

ՀՈԴՎԱԾ 41. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ

1. Պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 2-րդ եւ 3-րդ կետերում սահմանված դեպքերում՝ 1 ամսից ոչ ավելի, իսկ հղիության եւ ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողի հաստիքը կրճատվելու դեպքում՝ մինչեւ արձակուրդի ավարտը.

2) 4-րդ կետում սահմանված դեպքում՝ մինչեւ տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը լրանալը, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում՝ վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել.

3) 5-րդ կետում սահմանված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի ձեւով պատժի դատապարտվելու դեպքում՝ պատժի կրման ամբողջ ժամկետով.

4) 6-րդ կետում սահմանված դեպքում (ներառյալ՝ արձակումը ձեւակերպելու ժամկետը)՝ 1 ամսից ոչ ավելի.

5) 7-րդ կետում սահմանված դեպքում՝ 3 ամսից ոչ ավելի.

6) 8-րդ կետում սահմանված դեպքում՝ մինչեւ վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.

7) 9-րդ կետում սահմանված դեպքում՝ մինչեւ ազատվելը.

8) 10-րդ կետում սահմանված դեպքում՝ մինչեւ ուսումնառության ավարտը:

2. Պայմանագրային զինծառայողներին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

ՀՈԴՎԱԾ 42. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Պայմանագրային զինծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է հետեւյալ դեպքերում.

1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.

2) առաջխաղացման կարգով.

3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա (իր համաձայնությամբ).

4) ընտանեկան պայմաններից ելնելով (իր խնդրանքով).

5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.

6) պլանային փոխարինման կարգով.

7) ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա ընդունվելու կապակցությամբ.

8) ռազմաուսումնական հաստատությունից, ասպիրանտուրայից, դոկտորանտուրայից, կլինիկական օրդինատուրայից, ինտերնատուրայից ազատվելու (հեռացվելու) պատճառով.

9) եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատիժ:

2. Պայմանագրային զինծառայողը ծառայողական անհրաժեշտությունից ելնելով ծառայության նոր վայր տեղափոխվում է հավասար պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց զինծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, անչափահաս, մինչեւ 23 տարեկան՝ սովորող կամ հաշմանդամություն ունեցող երեխա, խնամքի տակ գտնվող եւ համատեղ բնակվող անաշխատունակ անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է:

3. Պայմանագրային զինծառայողը առաջխաղացման կարգով ծառայության նոր վայր տեղափոխվում է բարձր պաշտոնի նշանակմամբ:

4. Պայմանագրային զինծառայողն ընտանեկան պայմաններից ելնելով ծառայության նոր վայր տեղափոխվում է՝

1) եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված ընտանիքի անդամի համար ծառայության վայրը հակացուցված է.

2) բնակության վայրի բժշկական-սոցիալական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն՝ առանձին ապրող հոր, մոր, քրոջ, եղբոր, պապի, տատի, որդեգրողի մշտական կողմնակի խնամքի անհրաժեշտությունից ելնելով:

5. Պայմանագրային զինծառայող ամուսիններից մեկին սույն հոդվածի համաձայն ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում միաժամանակ որոշում է կայացվում ծառայության նոր վայր տեղափոխել նաեւ մյուս ամուսնուն, եթե փոխվում է ընտանիքի բնակության վայրը: Եթե հնարավոր չէ զինծառայող ամուսիններին ծառայության նոր վայրում միաժամանակ նշանակել զինվորական պաշտոնների, ապա տեղափոխությունը կատարվում է միայն զինծառայողի համաձայնությամբ:

6. Պայմանագրային զինծառայողը ծառայության նոր վայր մեկնում է գործերը եւ պաշտոնը հանձնելուց հետո՝ տեղափոխման հրամանն ստանալու օրվանից ոչ ուշ՝ քան 30-օրյա ժամկետում, բացառությամբ արձակուրդում, գործուղման կամ բուժման մեջ գտնվելու դեպքերի:

7. Պայմանագրային զինծառայողների ուսման կամ ծառայության, ինչպես նաեւ ծառայողական գործուղումներն իրականացվում են սույն օրենքով եւ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 43. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՊԼԱՆԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

1. Պլանային փոխարինման կարգով ծառայության նոր վայր տեղափոխման ենթակա են հատուկ եւ կլիմայական ծանր պայմաններում ծառայող սպայական կազմի պայմանագրային զինծառայողները: Հատուկ եւ կլիմայական ծանր պայմաններում ծառայության տեւողությունը եւ տեղափոխման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Տեղափոխվող պայմանագրային զինծառայողները չեն օգտվում ծառայության նոր վայրն ընտրելու իրավունքից: Նրանք նշանակվում են հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի՝ իրավասու պաշտոնատար անձի հրամանով:

2. Պայմանագրային զինծառայողը կարող է հրաժարվել պլանային փոխարինումից եւ շարունակել ծառայությունը հատուկ կամ կլիմայական ծանր պայմաններում, որի դեպքում ծառայության լրացուցիչ ժամկետը սահմանվում է նրա համաձայնությամբ՝ մեկ տարուց ոչ պակաս: Պլանային փոխարինումից հրաժարվելու մասին պայմանագրային զինծառայողի ստորագրությամբ նշում է կատարվում վերջինիս անձնական գործում:

3. Պլանային փոխարինման կարգով տեղափոխությունը կարող է կատարվել պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ տարի, ինչպես նաեւ պայմանագրային զինծառայողի՝ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալուց ոչ ուշ, քան երեք տարի առաջ:

4. Պայմանագրային զինծառայողին հատուկ եւ կլիմայական ծանր պայմաններ ունեցող ծառայության վայր կրկին տեղափոխելն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 44. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

1. Պայմանագրային զինծառայողը կարող է տեղափոխվել հետագա ծառայությունը շարունակելու՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգից՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգից՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն.

4) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր:

2. Պայմանագրային զինծառայողի տեղափոխությունը կատարվում է նրա խնդրանքով կամ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողի տեղափոխությունը հիմք չէ տեղափոխությունից հետո պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն օրենքով ծագող իրավական հետեւանքները չկիրառելու համար:

3. Տեղափոխվող զինծառայողի անունը հանվում է համապատասխան մարմնի անձնակազմի ցուցակներից եւ գրանցվում տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում: Ընդ որում, մինչեւ տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրը, նա համարվում է համապատասխան մարմնի ծառայող:

ՀՈԴՎԱԾ 45. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները կարող են գործուղվել պետական մարմիններ, կազմակերպություններ, հիմնարկներ եւ ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ այլ մարմիններ)՝ հետագա ծառայությունը շարունակելու: Գործուղումն իրականացվում է պայմանագրային զինծառայողի համաձայնությամբ՝ այլ մարմնի հարցման հիման վրա:

2. Գործուղված զինծառայողների հետ հերթական պայմանագիր կնքում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված այն մարմնի ղեկավարի միջնորդությամբ, որտեղ գործուղվել է զինծառայողը:

3. Գործուղված պայմանագրային զինծառայողի զինվորական կոչման շնորհումը, զինվորական ծառայությունից արձակումը, գերատեսչական եւ պետական պարգեւներով պարգեւատրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված այն մարմնի ղեկավարի միջնորդությամբ, որտեղ գործուղվել է զինծառայողը:

4. Գործուղման անհրաժեշտությունը վերանալուց հետո պայմանագրային զինծառայողներն ուղարկվում են գործուղող մարմին՝ նրանց հետագա զինվորական ծառայության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Զինվորական ծառայությունը շարունակելու ցանկություն չհայտնած պայմանագրային զինծառայողն արձակվում է զինվորական ծառայությունից՝ առանց զինվորական պաշտոնի նշանակվելու: Նշված դեպքում պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայության ավարտի օր համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից (այլ զորքերից) արձակվելու օրը:

ԳԼՈՒԽ 9

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 46. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

1. Պայմանագրային զինծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որի վարման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

2. Պայմանագրային զինծառայողի անձնական գործում հաշվառվում են պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման, զինվորական կոչումների շնորհման, ռազմական եւ այլ կրթության, ատեստավորման եւ վերապատրաստումների, օրացուցային եւ արտոնյալ ժամկետով ծառայության ստաժի, կիրառված խրախուսանքների ու կարգապահական տույժերի, սույն օրենքով սահմանված զինվորական ծառայության եւ կոչման կրման ժամկետներում չհաշվարկվող ժամանակահատվածների, առողջական վիճակի, ընտանեկան դրության եւ ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկատվությունը:

3. Զինվորական պաշտոնի համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը հանդիսանում է տվյալ պաշտոնն զբաղեցնող զինծառայողի համար սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող եւ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար զինծառայողին մասնագիտական գիտելիքների ու ծառայողական ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող փաստաթուղթ: Զինվորական պաշտոնների անձնագրերը հաստատվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

ՀՈԴՎԱԾ 47. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

1. Պայմանագրային սպայական կազմի զիծառայողների (բացառությամբ բարձրագույն սպայական կազմի) ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության եւ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում:

2. Պայմանագրային սպայական կազմի զինծառայողը ատեստավորվում է պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, բայց զինվորական ծառայության յուրաքանչյուր 3 տարվա ընթացքում՝ առնվազն մեկ անգամ, ինչպես նաեւ զինծառայողին՝

1) ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա ուսումնառության գործուղելիս եւ ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ զինվորական պաշտոնի նշանակելիս.

2) բարձր պաշտոնի նշանակելիս:

3. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող զինծառայողները.

2) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողները: Նշված զինծառայողները ատեստավորման ենթակա են ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց մեկ տարի հետո:

4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման կամ բուժման մեջ գտնվող զինծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5. Ատեստավորման արդյունքներով կայացվում են հետեւյալ որոշումները՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

2) երաշխավորվում է նշանակվելու բարձր պաշտոնի.

3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա է նշանակվելու ցածր պաշտոնի.

4) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նախատեսված համապատասխան դեպքերում՝

ա. երաշխավորվում է ուսումնառության գործուղման կամ ենթակա չէ ուսումնառության գործուղման,

բ. ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ երաշխավորվում է նշանակվելու մինչեւ ուսումնառության գործուղվելը զբաղեցրած պաշտոնից բարձր պաշտոնի կամ նպատակահարմար է նշանակել մինչեւ ուսումնառության գործուղվելը զբաղեցրած պաշտոնին հավասար պաշտոնի.

5) սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նախատեսված դեպքում՝ երաշխավորվում է նշանակվելու բարձր պաշտոնի կամ ենթակա չէ նշանակվելու բարձր պաշտոնի:

6. Ատեստավորվող զինծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին եւ վերադասության կարգով բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Ատեստավորման ենթակա զինծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

8. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

ԳԼՈՒԽ 10

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 48. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

1. Պայմանագրային զինծառայողներին տրվում են հետեւյալ արձակուրդները՝

1) հերթական.

2) լրացուցիչ.

3) ուսումնական (ռազմաուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում).

4) հիվանդության պատճառով (վերականգնողական)

5) կին զինծառայողին՝ հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ երեխայի խնամքի համար:

2. Պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ արձակուրդներ:

3. Պայմանագրային զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված արձակուրդներ տալու դեպքում տրվում է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ՝ մինչեւ 2 օրացուցային օր ընդհանուր ժամկետով:

4. Պայմանագրային զինծառայողներին սույն հոդվածով նախատեսված արձակուրդներ տալու կարգը եւ արձակուրդ տալու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) ցանկը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

ՀՈԴՎԱԾ 49. ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

1. Հերթական արձակուրդի տեւողությունը սահմանվում է՝

1) մինչեւ 15 օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար՝ տարվա ընթացքում 30 օրացուցային օր.

2) 15-25 օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար՝ տարվա ընթացքում 35 օրացուցային օր.

3) 25 եւ ավելի օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար՝ տարվա ընթացքում 40 օրացուցային օր:

2. Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով:

3. Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած պայմանագրային զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց անմիջապես հետո տրվում է հերթական արձակուրդ:

4. Պայմանագրային զինծառայող ամուսինների ցանկությամբ՝ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:

5. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա համար զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը եւ արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով:

6. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած պայմանագրային զինծառայողներին.

2) մինչեւ 16 տարեկան 3 եւ ավելի երեխա ունեցող պայմանագրային զինծառայողներին.

3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցող պայմանագրային զինծառայողներին:

7. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով պայմանագրային զինծառայողը չի օգտվել հերթական եւ (կամ) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նախատեսված լրացուցիչ արձակուրդից, ապա դրանք տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:

8. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած պայմանագրային զինծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժումն իրականացրած բժշկական հաստատության համապատասխան տեղեկանքը:

9. Հերթական արձակուրդից պայմանագրային զինծառայողին հետ կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած հրամանատարի (պետի) հրամանով: Նշված դեպքում չօգտագործած արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում՝ եթե կազմում է 15 օրացուցային օր եւ ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը պայմանագրային զինծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:

10. Պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության ընդունվելու եւ զինվորական ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է դրա ընդհանուր տեւողությունը 12-ի բաժանելու եւ ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են՝ ավելացման եղանակով:

ՀՈԴՎԱԾ 50. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

1. Լրացուցիչ արձակուրդը տրվում է՝

1) զինվորական ծառայության առանձնահատուկ կամ վնասակար պայմաններում ծառայող պայմանագրային զինծառայողին՝ 10 օրացուցային օր.

2) ընտանեկան պայմաններից ելնելով՝ պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում, կամ ուսման կապակցությամբ կամ այլ հարգելի պատճառներով՝ մինչեւ 10 օրացուցային օր:

2. Պայմանագրային զինծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը կարող է միացվել հերթական արձակուրդին:

ՀՈԴՎԱԾ 51. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

1. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնող պայմանագրային զինծառայողին ուսման ընդմիջումների ընթացքում տրվում է՝

1) ձմեռային արձակուրդ՝ 15 օրացուցային օր.

2) ամառային արձակուրդ՝ 30 օրացուցային օր:

ՀՈԴՎԱԾ 52. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ (ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ) ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

1. Պայմանագրային զինծառայողներին հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար՝ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ ռազմաբժշկական հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա:

2. Պայմանագրային զինծառայողներին առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու ժամանակ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողին կարող է տրվել արձակուրդ մինչեւ 30 օրացուցային օր տեւողությամբ՝ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

3. Հերթական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում հիվանդացած պայմանագրային զինծառայողի հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում տրված արձակուրդի ժամկետում։

4. Պայմանագրային զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:

5. Պայմանագրային զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը: Բուժման ավարտից հետո պայմանագրային զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության՝ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով կողմից, որի արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը՝ մինչեւ 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ՝ մինչեւ 30 օրացուցային օր: Երկարաձգված բուժման կամ վերականգնողական ժամկետի ավարտից հետո պայմանագրային զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության: Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրվում է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը, ինչպես նաեւ զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին: Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից, նշվում է.

1) պիտանի է զինվորական ծառայության համար.

2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար

3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.

4) կարիք ունի ծառայողական պարտականություններից ազատման՝ մինչեւ 15 օրացուցային օր ժամկետով.

5) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.

6) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար:

ՀՈԴՎԱԾ 53. ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ՝ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

1. Կին զինծառայողին՝ հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում կին զինծառայողի դրամական ապահովությունը պահպանվում է: Հղիության եւ ծննդաբերության արձակուրդից առաջ կամ անմիջապես հետո կին զինծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է հերթական արձակուրդ:

3. Կին զինծառայողին, իր ցանկությամբ, տրվում է երեխայի խնամքի համար արձակուրդ՝ մինչեւ երեխայի երեք տարին լրանալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս: Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին զինծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում է:

4. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին զինծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, հերթական զինվորական կոչում շնորհելու (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածի), զինվորական ծառայությունից արձակվելիս դրամական օգնության չափը եւ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար:

5. Հղիության եւ ծննդաբերության տարում կին զինծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տեւողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար մինչեւ օրացուցային տարվա ավարտը՝ ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկու եւ կես օր հաշվարկով:

ԳԼՈՒԽ 11

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԸ

ՀՈԴՎԱԾ 54. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է՝

1) երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելիս.

2) զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալիս.

3) պայմանագրի ժամկետը լրանալիս.

4) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս.

5) հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի եւ չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.

6) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի եւ չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.

7) «զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժ կիրառելիս.

8) մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելիս՝ եթե չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.

9) ռազմաուսումնական հաստատությունից կամ սպայական կամ սերժանտական դասընթացներից կամ ակադեմիական ուսումնառությունից կամ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունից (այսուհետ՝ ուսումնառություն) իր դիմումի համաձայն ազատվելիս կամ անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով հեռացվելիս, եթե չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.

10) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելիս կամ զինվորական կոչումից զրկվելիս.

11) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի հիման վրա պայմանագրային զինծառայողն արձակվում է զինվորական ծառայությունից, եթե սույն օրենքով սահմանված կարգով նրա հետ չի կնքվում հերթական պայմանագիր:

3. Սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող պայմանագրային զինծառայողների համար՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերում սահմանված հիմքերով հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում սահմանված հիմքով՝ ուսումնառության ընթացքում, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս, ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետեւանք՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց՝ ամսական նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով տուժանքի ձեւով: Սույն մասում սահմանված իրավական հետեւանքի կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած պայմանագրային զինծառայողը սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, իսկ պետական լիազոր մարմնի պատվերով, ներառյալ՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունում, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատության ռազմաբժշկական ֆակուլտետում ուսումնառություն անցած կամ անցնող զինծառայողների համար ծագում է նաեւ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը բարձրագույն ուսումնական հաստատությանը վճարելու պարտավորություն:

ՀՈԴՎԱԾ 55. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է իր ներկայացրած զեկուցագրի հիման վրա, բացառությամբ՝ երբ արձակումն իրականացվում է առանց նրա հետ համաձայնեցնելու:

2. Եթե առկա են պայմանագրային ծառայությունից արձակելու մեկից ավելի հիմքեր, զինծառայողն արձակվում է իր ընտրած հիմքով, բացառությամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ եւ 10-11-րդ կետերով նախատեսված դեպքերի:

3. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է զինված ուժերի պահեստազոր, եթե ենթակա չէ պաշտոնաթողության: Պայմանագրային զինծառայողը ենթակա է պաշտոնաթողության, եթե լրացել է սույն օրենքով սահմանված՝ պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը կամ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ խաղաղ եւ պատերազմի ժամանակ: Պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ պաշտոնաթող նախկին զինծառայողները համարվում են զինված ուժերի եւ այլ զորքերի վետերաններ:

4. Զինվորական ծառայության մեջ 20 եւ ավելի տարի անբասիր ծառայած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած պայմանագրային զինծառայողներին՝ անկախ ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք, բացառությամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-11-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն սպայական կազմի զինծառայողներին այդպիսի իրավունք վերապահում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաեւ ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորում հաշվառված եւ սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող, ինչպես նաեւ պետական լիազոր մարմնում աշխատող եւ զինվորական ծառայության մեջ չգտվող քաղաքացիները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում, ինչպես նաեւ պայմանագրային զինվորական ծառայությունից անօրինական արձակված պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է իր ցանկությամբ՝ զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանը չեղյալ համարելու միջոցով՝ արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում:

6. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով՝ արձակման հիմքեր ծագելուց ոչ ուշ, քան 1-ամսյա ժամկետում: Արձակման հրամանում պարտադիր նշվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժը, որում առանձին նշվում են օրենքով սահմանված օրացուցային եւ արտոնյալ պայմաններով հաշվարկվող զինվորական ծառայության ժամանակահատվածները:

7. Զինվորական ծառայությունից արձակելու հրամանի հիման վրա զորամասի հրամանատարի (զինվորական կառավարման մարմնի պետի) հրամանով զինծառայողը հանվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի եւ բավարարման (ապահովման) ցուցակներից, եւ հրամանի տրման օրվա դրությամբ կատարվում է վերջնահաշվարկ: Հիվանդանոցային բուժման մեջ կամ հերթական արձակուրդում կամ հղիության եւ ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանվում է բուժման կամ արձակուրդի ավարտի հաջորդ օրը:

8. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն կադրերի տրամադրության տակ թողնված եւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Նշված դեպքում, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:

9. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եւ վերջնահաշվարկ կատարվում է այդ օրվա դրությամբ: Եթե մինչեւ դատապարտվելը զինծառայողը սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն թողնվել է կադրերի տրամադրության տակ, ապա վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:


ԲԱԺԻՆ V

ՊԱՀԵՍՏԱԶՈՐ

ԳԼՈՒԽ 12

ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 56. ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Պահեստազորում հաշվառումը զինվորական հաշվառման անբաժանելի մասն է, որի նպատակն է ապահովել խաղաղ ժամանակ պահեստազորային պատրաստության շրջանակներում քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման եւ վերապատրաստման գործընթացի, իսկ պատերազմի ժամանակ՝ զորահավաքային զորակոչի պատշաճ իրականացումը:

2. Պահեստազորում հաշվառվում են՝

1) ժամկետային պարտադիր կամ պայմանագրային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած եւ համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված քաղաքացիները.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները.

3) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նշված քաղաքացիները.

4) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած եւ սույն օրենքով սահմանված կարգով «լեյտենանտ» զինվորական կոչում ստացած քաղաքացիները,

5) ռազմահաշվառական մասնագիտություն ունեցող իգական սեռի քաղաքացիները.

6) Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության եւ փրկարարական ծառայության համակարգերից արձակված քաղաքացիները՝ նրանց շնորհված հատուկ կոչումները (բացառությամբ զինվորական կոչումների) հաշվի առնելով,

7) 27 տարեկանը լրացած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ զինվորական կոչում ունեցող անձինք՝ ունեցած զինվորական կոչումները հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

9) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները.

10) օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառման ենթակա եւ սույն մասում չնշված այլ կարգավիճակ ունեցող քաղաքացիները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերում քաղաքացիները պահեստազորում հաշվառվում են տարածքային զինվորական կոմիսարի որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 57. ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԽՄԲԵՐԸ ԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ

1. Պահեստազորում քաղաքացիների հաշվառումն իրականացվում է ըստ զինվորական ծառայության կազմերի՝ տարիքային երկու խմբով:

2. Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչեւ 48 տարեկանը,

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչեւ 50 տարեկանը,

3) ավագ սպայական կազմի «մայոր» եւ «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչեւ 55 տարեկանը,

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչեւ 58 տարեկանը,

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» եւ «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչեւ 65 տարեկանը,

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչեւ 70 տարեկանը:

3. Պահեստազորի երկրորդ խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչեւ 50 տարեկանը,

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչեւ 52 տարեկանը,

3) ավագ սպայական կազմի «մայոր» եւ «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչեւ 58 տարեկանը,

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչեւ 60 տարեկանը,

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» եւ «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչեւ 68 տարեկանը,

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչեւ 70 տարեկանը:

4. Պահեստազորի առաջին եւ երկրորդ խմբերը բաժանվում են երկու կարգի՝ ըստ պահեստազորայինի զինվորական պատրաստության աստիճանի:

5. Առաջին կարգում հաշվառվում են.

1) շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, ովքեր սույն օրենքով սահմանված ժամկետներում անցել են պարտադիր զինվորական ծառայություն.

2) ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, ովքեր պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի կրտսեր հրամանատարական խմբի պաշտոններ.

3) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, ովքեր՝

ա. չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն.

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի կրտսեր կամ միջին հրամանատարական խմբերի պաշտոններ.

4) ավագ սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի ավագ կամ բարձրագույն հրամանատարական խմբերի պաշտոններ.

5) բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ.

6) մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիները՝ անկախ զինվորական ծառայություն անցնելու ժամկետից.

7) զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

6. Երկրորդ կարգում հաշվառվում են.

1) շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, ովքեր՝

ա. չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն.

բ. զինվորական ծառայության մեջ են գտնվել 6 ամսից պակաս ժամկետով.

գ. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով.

դ. ռազմահաշվառական մասնագիտություն ստացած եւ զինվորական ծառայություն չանցած իգական սեռի քաղաքացիները.

2) ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, ովքեր՝

ա. պայմանագրային զինվորական ծառայության մեջ են գտնվել մեկ տարուց պակաս ժամկետով.

բ. պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով.

3) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, ովքեր՝

ա. զինվորական ծառայության մեջ են գտնվել մեկ տարուց պակաս ժամկետով.

բ. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով.

գ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական խմբի պաշտոններ.

4) ավագ սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, ովքեր՝

ա. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով.

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի ավագ սպայական խմբի պաշտոններ.

5) բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, ովքեր՝

ա. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով.

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի բարձրագույն սպայական խմբի պաշտոններ:

7. Պահեստազորի առաջին խմբում հաշվառված պահեստազորայինի՝ սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված սահմանային տարիքը լրանալու դեպքում, վերջինս փոխանցվում է պահեստազորի երկրորդ խումբ:

ԳԼՈՒԽ 13

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

ՀՈԴՎԱԾ 58. ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

1. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվում են հետեւյալ միջոցառումները՝

1) վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու եւ նրանց վերապատրաստելու նպատակով.

2) զինվորական վարժանքներ (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) կամ զորավարժություններ (զորախաղեր)՝ զինված ուժերի զորահավաքային պատրաստականության վիճակը ստուգելու նպատակով.

3) պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավվում:

2. Վարժական հավաքները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների եւ ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:

3. Զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) եւ զորավարժությունները (զորախաղերը) հայտարարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ յուրաքանչյուր տարվա զինված ուժերի զորահավաքային պատրաստականության պլանների հիման վրա:

4. Պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավվումն իրականացվում է պետական լիազոր մարմնի եւ քաղաքացու միջեւ երեք ամիս ժամկետով կնքվող պայմանագրի միջոցով: Սույն մասում նշված պայմանագիրը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Քաղաքացու կողմից հաստիքով նախատեսված պարտականությունների իրականացման կարգը եւ պայմանները սահմանվում են պայմանագրով: Պայմանագրի ձեւը եւ պետական լիազոր մարմնի անունից պայմանագիրը ստորագրող իրավասու պաշտոնատար անձանց ցանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

5. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին կամավոր հիմունքներով կարող են մասնակցել նաեւ սույն օրենքով սահմանված պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ հաշվառումից հանված անձինք՝ պայմանագրային հիմունքներով:

6. Սույն հոդվածով սահմանված պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 59. ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կանչվում են պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինները:

2. Պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված՝

1) շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչեւ չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչեւ երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավել, քան երեք ամիս՝ մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական եւ սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչեւ երկու անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչեւ երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավել, քան երեք ամիս՝ մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի՝ օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները, թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների՝ մինչեւ երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավել, քան երկու ամիս՝ մեկ տարվա ընթացքում:

3. Պահեստազորի առաջին խմբի երկրորդ կարգում հաշվառված՝

1) շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչեւ վեց անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչեւ երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավել, քան երեք ամիս՝ մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական եւ սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչեւ երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավել, քան երկու ամիս՝ մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի՝ օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները, թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների՝ մինչեւ չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով, բայց ոչ ավել, քան մեկ ամիս՝ մեկ տարվա ընթացքում:

4. Անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն վարժական հավաքի մեջ ներգրավվելու ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է երկարաձգվել մինչեւ երկու ամիս ժամկետով, ինչպես նաեւ ավելացվել վարժական հավաքների քանակը՝ չգերազանցելով վարժական հավաքներում գտնվելու՝ սույն հոդվածում սահմանված ընդհանուր ժամկետները:

5. Պարտադիր զինվորական ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված եւ պահեստազորում հաշվառված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո՝ մեկ տարուց ոչ շուտ:

6. Քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր:

7. Վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում եւ վերցվում բոլոր տեսակի բավարարումների, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում է զենք, զինամթերք եւ անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները, սոցիալական երաշխիքները, վարժական հավաքի ժամանակահատվածը օրացուցային հաշվարկով ներառվում է քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

8. Վարժական հավաքի ավարտման օրը քաղաքացուն տրվում է կարգագիր՝ յոթօրյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատում հաշվառման կանգնելու համար:

9. Վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը): Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

10. Քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը կամ վարժական հավաքի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

ՀՈԴՎԱԾ 60. ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ (ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԿԱՄ ՇՏԱԲԱՅԻՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ) ԵՎ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԶՈՐԱԽԱՂԵՐԻ) ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբերում հաշվառված շարքային կամ ենթասպայական կամ սպայական կազմերի պահեստազորայինը կարող է կանչվել զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) կամ զորավարժությունների (զորախաղերի)՝ ոչ ավել, քան տարեկան երկու անգամ:

2. Պահեստազորայինները զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) կանչվում են մինչեւ 10 օրացուցային օր ժամկետով, իսկ զորավարժությունների (զորախաղերի)՝ դրանց տեւողության ամբողջ ժամկետով:

3. Պահեստազորայինը զինվորական վարժանքի կամ զորավարժության կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին ուղարկվում է զինվորական վարժանքի կամ զորավարժության անցկացման վայր՝ սահմանված ժամկետում զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու համար: Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացին ապահովվում է անվճար սննդով եւ զինվորական համազգեստով՝ զինծառայողների համար սահմանված կարգով, եւ քնելատեղով:

4. Պահեստազորայինին զինվորական վարժանքի կամ զորավարժության ավարտից հետո միանվագ ձեւով վճարվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով եւ կարգով:

5. Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) եւ միջին աշխատավարձը: Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

6. Քաղաքացու կողմից զինվորական վարժանքից կամ զորավարժությունից խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

ԲԱԺԻՆ VI

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 14

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 61. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական ապահովության եւ նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց է:

2. Զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին եւ հիմնական պայմաններին համապատասխան: Սույն հոդվածով սահմանված՝ զինծառայողների դրամական ապահովությանը վերաբերող դրույթները տարածվում են նաեւ քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների վրա՝ "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի եւ համապատասխան ոլորտները կարգավորող օրենքների պահանջներին համապատասխան:

3. Զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) եւ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների, ինչպես նաեւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված զինծառայողների դրամական ապահովության կարգը եւ չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Զինծառայողների դրամական ապահովությունը բաղկացած է զինվորական (այլ հատուկ) կոչումներին համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման խմբերին եւ զինվորական ծառայության ստաժներին համարժեք պաշտոնային դրույքաչափերից (այսուհետ՝ պաշտոնային դրույքաչափ), օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից եւ լրավճարներից: Սույն հոդվածով զինծառայողների դրամական ապահովությունը սահմանող դրույթները տարածվում են նաեւ զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի եւ զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա:

5. Զինծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների եւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի արտադրյալով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Զինվորական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված՝ տվյալ պաշտոնի խմբի սանդղակի գործակիցների միջոցով:

7. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է 7 մակարդակից, որոնցից յուրաքանչյուրում սահմանվում է նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչեւ առավելագույնը հաշվարկելու՝ բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից:

8. Առաջին անգամ զինվորական պաշտոնում նշանակված անձի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբի սանդղակում՝ ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի միջոցով:

9. Նախորդ պաշտոնի նկատմամբ սահմանված կարգով ավելի բարձր կամ ցածր պաշտոնի նշանակված զինծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է նոր պաշտոնի խմբի սանդղակում՝ ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի միջոցով:

10. Զինծառայողին զինվորական ծառայության ստաժի համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ՝ պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը:

11. Պաշտոնային դրույքաչափի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է հետեւյալ սխեմայով.

1) 1-7-րդ մակարդակների համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափի միավոր ավելացում՝ կախված զինվորական ծառայության ստաժից.

2) մինչեւ 2 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 1-ին մակարդակի գործակցի միջոցով.

3) 2-ից մինչեւ 5 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 2-րդ մակարդակի գործակցի միջոցով.

4) 5-ից մինչեւ 10 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 3-րդ մակարդակի գործակցի միջոցով.

5) 10-ից մինչեւ 15 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 4-րդ մակարդակի գործակցի միջոցով.

6) 15-ից մինչեւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 5-րդ մակարդակի գործակցի միջոցով.

7) 20-ից մինչեւ 25 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 6-րդ մակարդակի գործակցի միջոցով.

8) 25 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 7-րդ մակարդակի գործակցի միջոցով.

9) սանդղակի 7-րդ մակարդակից պաշտոնային դրույքաչափը մնում է անփոփոխ:

12. Պաշտոնային դրույքաչափի բնականոն աճի հերթական միավոր ավելացումն իրականացվում է սահմանված զինվորական ծառայության ստաժը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից:

13. Կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից այլ զորքեր տեղափոխվելու կամ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություն ընդունվելու կամ վերադառնալու կապակցությամբ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ թողնված, ինչպես նաեւ արձակուրդում (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի) կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափը պահպանվում է օրենքով սահմանված կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածի համար:

14. Ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններն ավարտած եւ սկզբնական սպայական զինվորական կոչում ստացած զինծառայողների համար՝ մինչեւ պաշտոնի նշանակումը, իսկ ռազմաբժշկական ուսումնական հաստատություններն ավարտած եւ ինտերնատուրայում կամ օրդինատուրայում սովորելու հրամանագրված զինծառայողների համար՝ նաեւ ինտերնատուրայում եւ օրդինատուրայում սովորելու ընթացքում, պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպայական կազմի նվազագույն խմբի 2-րդ մակարդակի գործակցով:

15. Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում ուսման (այդ թվում՝ որակավորման բարձրացման նպատակով տարբեր դասընթացներ, կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա, ասպիրանտուրա, ադյունկտուրա) կամ օտարերկրյա պետություններ ծառայության գործուղված եւ զինվորական պաշտոնից ազատված զինծառայողների համար ուսումնառության ընթացքում պահպանվում է զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնային դրույքաչափը:

16. Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում՝ ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Սույն մասում նշված դեպքում չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկում չեն ներառվում զինծառայողի՝ սույն օրենքի համաձայն զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում չներառվող ժամանակահատվածների օրերը:

17. Անհարգելի պատճառով ծառայության չներկայացած օրերի համար զինծառայողներին դրամական ապահովություն չի հաշվարկվում:

18. Զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ եւ տրվում է զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

19. Ծառայողական գործունեության գնահատման եւ (կամ) հատուկ առաջադրանքների եւ (կամ) աշխատանքների որակյալ կատարման համար զինծառայողներին կարող են տրվել պարգեւատրումներ՝ օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 62. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Զինծառայողները, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կարող են ստանալ պարենային եւ իրային ապահովություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պարենային եւ իրային ապահովության կարգը ներառում է սննդով եւ իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, հատկացվող սննդի տեսականին ու դրանց օրական չափաբաժինները, ինչպես նաեւ իրային միջոցների ցանկը: Կառավարության սահմանած դեպքերում իրային ապահովությունը կարող է փոխարինվել դրամական փոխհատուցմամբ:

2. Զինծառայողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների սննդի ու իրային միջոցների հատկացման կարգը սահմանվում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

ՀՈԴՎԱԾ 63. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս զինծառայողներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով տրվում է դրամական օգնություն՝

1) 3 տարուց մինչեւ 10 տարի զինվորական ծառայության համար.

2) 10 տարուց մինչեւ 15 տարի զինվորական ծառայության համար.

3) 15 տարուց մինչեւ 20 տարի զինվորական ծառայության համար.

4) 20 տարուց մինչեւ 25 տարի զինվորական ծառայության համար.

5) 25 եւ ավելի տարի զինվորական ծառայության համար:

2. Մինչեւ 3 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող եւ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կապակցությամբ պայմանագրային զինծառայողներին, ինչպես նաեւ զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմին օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է դրամական օգնություն՝ վերջին զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնի պաշտոնային դրույքաչափի չափով:

3. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաեւ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ընտանեկան պայմաններից ելնելով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր ժամկետային զինծառայողների համար հաշվարկվում է դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով, իսկ նույն կազմից այն զինծառայողի համար, որի ծնողները (այդ թվում՝ միայնակ մոր կամ միայնակ հոր կարգավիճակ ունեցող ծնողը) մահացած են, դրամական օգնությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի քսանապատիկի չափով: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն դրամական օգնության իրավունք տվող պայմանագրային զինվորական ծառայության համապատասխան ստաժում:

4. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված զինծառայողներին զինվորական ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաեւ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար: Պատվովճարի չափը, տրման կարգը եւ պատվովճարի տնօրինման ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Նախկինում զինվորական ծառայությունից արձակված եւ հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից հերթական անգամ արձակելիս դրամական օգնությունը հաշվարկվում է արձակման օրվա դրությամբ դրամական օգնության իրավունք տվող զինվորական ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) եւ զինվորական ծառայության լրիվ ստաժի մեջ առանձին ժամանակահատվածների համար սահմանված դրամական օգնության չափի տարբերության չափով: Ընդ որում, հերթական անգամ հաշվարկվող եւ նախկինում հաշվարկված դրամական օգնությունների հանրագումարը չի կարող գերազանցել ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված չափը: Դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական ծառայությունից արձակված, սակայն դրամական օգնություն չստացած եւ հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին հերթական անգամ դրամական օգնության իրավունք տվող հիմքով զինվորական ծառայությունից արձակելիս՝ նախկին զինվորական ծառայության ժամանակահատվածի համար դրամական օգնությունը հաշվարկվում է նախկին արձակման օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժի համար տվյալ օրվա դրությամբ գործող օրենքով սահմանված չափերին եւ պայմաններին համապատասխան: Սույն հոդվածի 1-ին մասում չնշված եւ օրենքով սահմանված այլ հիմքով զինվորական ծառայությունից արձակված եւ հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից արձակելիս դրամական օգնություն հաշվարկվում է կրկին զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածին համապատասխան սահմանված չափով:

6. Զինվորական ծառայության ընթացքում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու կամ զինվորական կոչումից զրկվելու կապակցությամբ կամ կարգապահական տույժի կարգով զինվորական ծառայությունից արձակված եւ հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված նախկին զինծառայողն օգտվում է դրամական օգնություն ստանալու իրավունքից զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված զինվորական ծառայության ստաժի համար սահմանված չափով, եթե չի դիմել վերականգնվելու զինվորական ծառայության մեջ: Նշված դեպքում զինծառայողի զինվորական ծառայության ժամկետը՝ մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից արձակվելը, համարվում է անընդմեջ:

7. Պայմանագրի ժամկետը լրացող եւ օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողին իր ցանկությամբ տրվում է դրամական օգնություն՝ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխան սահմանված չափով: Ընդ որում, սույն մասով սահմանված դրամական օգնությունը համապատասխան ստաժի շրջանակներում տրվում է մեկ անգամ, ինչպես նաեւ դրա հաշվարկման համար կիրառվում են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնները:

8. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), ինչպես նաեւ նրա հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաեւ դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով՝

1) նախկին եւ նոր ծառայության վայրերի հեռավորությունը 30-100 կիլոմետր լինելու դեպքում.

2) նախկին եւ նոր ծառայության վայրերի հեռավորությունը 100 կիլոմետրը գերազանցելու դեպքում: Ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո ծառայության նշանակված զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին սույն մասով նախատեսված դրամական օգնությունը հաշվարկվում եւ վճարվում է հիմք ընդունելով նրանց մշտական բնակության եւ ծառայության վայրերի միջեւ եղած հեռավորությունը:

9. Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաեւ դրամական օգնություն՝ պաշտոնային դրույքաչափի չափով՝

1) զինծառայողի ամուսնության կամ

2) տարերային աղետի հետեւանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ

3) զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատեւ հիվանդության կամ

4) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:

10. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին՝ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում, տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

11. Սույն հոդվածով սահմանված՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների դրամական օգնությանը վերաբերող դրույթները տարածվում են նաեւ քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների վրա:

12. Սույն հոդվածի իմաստով զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները եւ ծնողները:

13. Սույն հոդվածով սահմանված դրամական օգնությունների վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 64. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

1. Զինծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ՝ համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:

2. Այլ բժշկական հաստատություններում զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները բժշկական օգնություն եւ սպասարկում ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում՝ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում՝ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժում ստանալու (հետազոտություն անցնելու) իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում նրանց բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում զինծառայողի բուժման (հետազոտության), կեցության եւ ճանապարհածախսի գումարների հատկացման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը (հետազոտությունը) օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաեւ ուղեկցող անձի ճանապարհածախսը եւ կեցությունն օտարերկրյա պետությունում: Սույն մասում սահմանված իրավունքից չի օգտվում այն զինծառայողը, ում վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետեւանքով ստացած հիվանդությունը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանք է:

4. Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

5. Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած խեղման կամ վնաuվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի իմաստով՝ զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում՝

1) ամուսինը (կինը) եւ 18 տարին չլրացած երեխաները.

2) անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը.

3) ծնողները.

4) զինծառայողի, նախկին զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող՝ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը: Քույրը եւ եղբայրը համարվում են զինծառայողի, նախկին զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն եւ նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

ՀՈԴՎԱԾ 65. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: Ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվում ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կմ հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը: Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Պայմանագրային զինծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելիս հաշվի են առնվում նաեւ նրա ընտանիքի հետեւյալ անդամները՝

1) ամուսինը (կինը) եւ 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող՝ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաեւ համատեղ բնակվող՝ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ պայմաններով սպայական կազմի պայմանագրային զինծառայողներ կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

3. Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, ովքեր համապատասխանաբար կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը սակայն՝ 4-րդ աստիճանի վթարային է եւ քանդման ենթակա, ինչպես նաեւ 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի եւ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս՝ հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, եւ նրանց սեփականության իրավունքով անհատույց հատկացվում է բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Սույն մասով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող չեն համարվում այն անձինք, ովքեր զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվանից առաջ 5 տարվա ընթացքում օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանակությունը, կամ զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ բնակվում են օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած բնակելի տարածությունում կամ օրենքով սահմանված կարգով ժառանգության բացումից հետո բնակելի տարածության նկատմամբ ունեն ժառանգական իրավունք, սակայն չեն հրաժարվել իրենց հասանելիք բնակելի տարածության նկատմամբ ժառանգության իրավունքից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց սեփականության իրավունքով անհատույց բնակարան հատկացնելիս կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելիս հաշվի են առնվում նաեւ նրանց ընտանիքի՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանները բավարարող, հետեւյալ անդամները՝

1) ամուսինը (կինը) եւ 18 տարին չլրացած երեխաները.

2) անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը.

3) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի հետ նույն հասցեում հաշվառված ծնողները, իսկ զոհված (մահացած) զինծառայողի ծնողները՝ անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ վերջինիս հետ համատեղ հաշվառված լինելու հանգամանքից,

4) զինծառայողի, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող՝ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը: Քույրը եւ եղբայրը համարվում են զինծառայողի, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն եւ նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

5. Սույն հոդվածով սահմանված զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական լիազոր մարմնին հատկացված միջոցների հաշվին:

ՀՈԴՎԱԾ 66. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:

2. Զինծառայողների Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Սույն մասի համաձայն փոխհատուցվում են նաեւ զինծառայողի ամուսնու (կնոջ) եւ 18 տարին չլրացած երեխաների՝ զինծառայողի հետ արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը:

ՀՈԴՎԱԾ 67. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ՝ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ՀՈԴՎԱԾ 68. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Զինծառայողները ենթակա են զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:

2. Նշված ապահովագրությունը տարածվում է նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների վրա՝ աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ՝ զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

3. Ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:

ՀՈԴՎԱԾ 69. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

1. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը հատուցվում են պետական բյուջեի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:

2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների (ինչպես նաեւ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը) մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը հատուցվում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով եւ չափերով:

ՀՈԴՎԱԾ 70. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

2. Ամենամսյա պարգեւավճարի իրավունք ունեն՝

1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝

ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,

ե. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,

զ. Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված զինծառայողները,

է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,

ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները.

2) մահացած զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ եւ ունեն նաեւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.

3) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից.

4) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ անկախ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա պարգեւավճարի իրավունք ունեցող անձին նշանակվում է ամենամսյա մեկ պարգեւավճար՝ իր ընտրությամբ:

4. Ամենամսյա պարգեւավճարի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու "Հայաստանի ազգային հերոս" Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի անդամները:

5. Զոհված՝ «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած եւ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված, ինչպես նաեւ 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված եւ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի անդամներին նշանակվում է մեկ պարգեւավճար՝ իրենց ընտրությամբ: Ընտանիքի՝ ամենամսյա պարգեւավճարի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին՝ համամասնորեն:

6. Սույն հոդվածի իմաստով՝ զոհվածի ընտանիքի անդամ են համարվում զոհվածի՝

1) ծնողները, ամուսինը.

2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչեւ ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչեւ իր 23 տարին լրանալը).

3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

7. Ամենամսյա պարգեւավճարի չափերը, պարգեւավճար նշանակելու եւ վճարելու կարգը, պարգեւավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը չեն տարածվում "Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: "Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված պարգեւավճարի իրավունք:

ՀՈԴՎԱԾ 71. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Սույն օրենքի 64-րդ, 65-րդ եւ 66-րդ հոդվածների համաձայն զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները, օգտվում են ջրահեռացման եւ աղբահանության վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:

3. Զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները հանդիսանում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող սոցիալական փաթեթի շահառուներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինված ուժերից արձակված նախկին զինծառայողները պետության կողմից ֆինանսավորվող մասնագիտական վերապատրաստման ծրագրերում ընդգրկվում են առաջնահերթության կարգով:

5. Սույն օրենքի համաձայն պետական լիազոր մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները պարտավոր են զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով, նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից եւ երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով:

ՀՈԴՎԱԾ 72. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ

1. Սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով զինծառայողներ են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:

2. Զինծառայողներին հավասարեցված անձինք են՝

1) մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարժական հավաքների կանչված զինապարտները, ինչպես նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի, 69-րդ հոդվածի եւ 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 67-րդ, 68-րդ, 69-րդ հոդվածների եւ 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթները, եւ հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

4) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ, 65-րդ, 67-րդ, 68-րդ եւ 69-րդ հոդվածների, 71-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի դրույթները, ինչպես նաեւ պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ, 67-րդ, 68-րդ եւ 69-րդ հոդվածների դրույթները.

5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաեւ՝

1) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա:

ԲԱԺԻՆ VII

ԳԼՈՒԽ 15

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 73. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը, 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը, 19-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը, 25-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումները (ձեռք բերած տարկետման իրավունքը) պահպանում են իրենց ուժը:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ասպիրանտուրայում կամ դատական դպրոցում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 14-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները, որոնք գործում են մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի հունվարի 1-ից:

5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած եւ օրդինատուրայում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են ,Զինվորական ծառայություն անցնելու մասինե Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները, որոնք գործում են մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի հունվարի 1-ից:

6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը: Սույն մասում նշված զինծառայողները կարող են սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հրաժարվել սույն մասով սահմանված իրավունքից եւ օգտվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված նպատակային ծրագրերից:

7. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած եւ առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը: Սույն մասում նշված նախկին զինծառայողները կարող են սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հրաժարվել սույն մասով սահմանված իրավունքից եւ օգտվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված նպատակային ծրագրերից:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքը՝ բացառությամբ 1-ին եւ 2-րդ գլուխների, 7-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 14-րդ հոդվածի 4-րդ մասի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության եւ 3-րդ մասի, 17-րդ եւ 18-րդ հոդվածների, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքը, ,Զինվորական ծառայություն անցնելու մասինե Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքը՝ բացառությամբ 12-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 9-րդ մասի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության եւ 2.1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:

8. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի 1-ին եւ 2-րդ գլուխները, 7-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված անձանց մասով), 3-րդ եւ 4-րդ մասերը, 15-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ եւ 18-րդ հոդվածները, ,Զինվորական ծառայություն անցնելու մասինե Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ հոդվածի 9-րդ մասը, 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը եւ 2.1-ին մասը, 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

9. Սույն օրենքի ընդունումից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: