Armenian ARMSCII Armenian
Կ-1692-27.10.2017-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀO-13-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «օրենքով» բառից հետո լրացնել «, այլ օրենքներով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

«5) կայազորային մեկուսարանների եւ կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը, ինչպես նաեւ այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «տարածքային» բառից առաջ լրացնել «կենտրոնական մարմնից, կենտրոնական մարմնի ենթակայության ստորաբաժանումներից,» բառերը,

2. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1. 1-ին մասում «օրենքով» բառից հետո լրացնել «եւ այլ օրենքներով» բառերը,

2. 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով,

3. ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը.

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ մասեր.

«4. Ռազմական ոստիկանության պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը ներառում է տվյալ պաշտոնը զբաղեցնող ռազմական ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված իրավունքների ու պարտականությունների նկարագիրը եւ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջները: Ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը` ռազմական ոստիկանության պետի ներկայացմամբ:

5. Ռազմական ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության եւ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ եւ 4-րդ կետերով.

«3) իրականացում է օրենքով վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն.

4) իրականացում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաեւ այլ տրանսպորտային միջոցների ուղեկցում:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 11.1. ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային մեկուսարանների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քրեակատարողական հիմնարկների ու ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերի վարչակազմերի գործունեությունը սահմանող պահանջներին համապատասխան: Կայազորային մեկուսարանների գործունեության ապահովման շրջանակներում ռազմական ոստիկանությունն իրականացնում է կայազորային մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին հետագա ծառայությունը շարունակելու համար նշանակված զորամասեր տեղափոխումը` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

2. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային կարգապահական վաշտերում օրենքով սահմանված կարգով գտնվող զինծառայողների կողմից օրվա խստացված ռեժիմով ծառայության իրականացումը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պաշտոնատար անձանց գործունեությունը սահմանող պահանջներին եւ օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:

3. Ռազմական ոստիկանությունն ապահովում է այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկվել է պաշտպանության միջոց՝ ծառայության վայրը փոփոխելու ձեւով, պաշտպանության միջոցի ձեռնարկման ժամանակահատվածում զինծառայողի զինվորական ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելով ռազմական ոստիկանության ենթակա զորամասում:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «զինվորական» բառը փոխարինել «ռազմական» բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 18. ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Ռազմական ոստիկանության ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքը, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից: