Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-174-03.11.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի   38-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվում է ընկերության գործադիր մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով:

Ընկերության գործադիր մարմնի կողմից պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով ընդհանուր ժողով գումարելու պահանջ ներկայացնելու պահից 30 օրացույցային օրվա ընթացքում ընդհանուր ժողով չգումարվելու դեպքում պահանջը ներկայացրած մասնակիցը (մասնակիցները) կարող է (են) գումարել ընդհանուր ժողով:

Պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով ընդհանուր ժողով գումարվելու դեպքում ժողովի գումարման ձեւը եւ օրակարգը սահմանվում են այն գումարելու պահանջը ներկայացրած մասնակցի (մասնակիցների) կողմից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

1.1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների՝ ընկերության կառավարման իրավունքը կարգավորելու անհրաժեշտությամբ:

1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Սույն նախագծով առաջարկվող լրացումները նպատակ ունեն ապահովել մասնակցի՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի (ա) կետով սահմանված ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքը:

Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Բարձրագույն մարմնի կողմից կառավարում կարելի է իրականացնել հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու միջոցով: Օրենքի 37-րդ եւ 38-րդ հոդվածներում արտահերթ եւ հերթական ժողովի հրավիրման իրավունքը վերապահված է գործադիր մարմնին: Այլ կերպ ասած՝ գործադիր մարմնի կամքից է կախված մասնակցի՝ օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը: Գործող խմբագրությամբ Օրենքի կիրառման հետեւանքով պրակտիկայում ստեղծվել է իրավիճակ, որտեղ 90 տոկոս բաժնեմաս տնօրինող մասնակիցներին անհրաժեշտ է ժողով հրավիրել, սակայն գործադիր մարմինը պարզապես ժողով չի գումարում: Մասնակիցներին մնում է տնօրենին ժողով հրավիրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ հայցով դիմել դատարան, բայց այդ դեպքում ժամանակի կորստի հետեւանքով ընկերությունը կարող է կրել նյութական եւ այլ անդառնալի կորուստներ: Ընդ որում, առաջարկվող նորմին համանման կարգավորում արդեն իսկ առկա է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածում:

1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Օրենքի 38-րդ հոդվածը խմբագրել այնպես, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու իրավունք ունենա(ն) նաեւ առնվազն 10 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակից(ներ)ը:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու հետ կապված իրավահարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընունման արդյունքում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու իրավունք կունենա(ն) նաեւ գումարային առումով ընկերության առնվազն 10 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակից(ներ)ը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի՜ պարոն Բաբլոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են դրա ընդունման հիմնավորումը եւ տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված եւ լրացված ներկայացված է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Էդմոն Մարուքյանը։

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 04 թերթ:

Հարգանքով՝     ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ