Armenian ARMSCII Armenian
Կ-0131-01.06.2017,03.11.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «որն օրենքի ուժով չի կարող» բառերը փոխարինել «որը սեփականության իրավունքի ծագման պահին օրենքի ուժով չէր կարող»  բառերով.

2) լրացնել նոր` 1.1 մասով.

«1.1 Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցած գույքը դրա նկատմամբ սեփականության իրավունքը ծագելուց հետո առաջացած փաստական հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքի ուժով չի կարող նրան պատկանել սեփականատերն այդ գույքը պետք է օտարի այդ հանգամանքի ի հայտ գալուց հետո մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով»:

3) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կամ 1.1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի եւ նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով եւ ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը:»

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Այն գույքը, որոնց նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքի դադարման հիմքերը առաջացել են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարի ընթացքում»: