Armenian ARMSCII Armenian
Կ-1831-16.11.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների օգտագործումն արգելվում է: Դրանք ապացուցողական ուժ չունեն եւ չեն կարող դրվել դատական ակտի հիմքում»:

Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: