Armenian ARMSCII Armenian
Պ-178-07.11.2017,01.12.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են վերակազմավորվել հասարակական կազմակերպության։ Պետական գրանցման նպատակով փոխանցման ակտը կարող է չներկայացվել: Սահմանված ժամկետում չվերակազմավորված  իրավաբանական անձանց միությունները ենթակա են լուծարման:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին եւ վերագրանցվել։

Իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերագրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել իրավաբանական անձի վերակազմավորման համար պահանջվող փաստաթղթեր:
Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է վերակազմավորվելիս պահանջվող փաստաթղթերի ցանկին: Այսպես, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` «վերակազմավորման դեպքում` (…) վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է` (…) առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր, (…) փոխանցման ակտը»:

Վերոնշյալ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «...եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը եւ տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը եւ պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է»:  Հետեւաբար, վերակազմավորման արդյունքում ստեղծված հասարակական կազմակերպության հիմնադիր բոլոր իրավաբանական անձիք սույն պարագայում, բացի հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին ընդհանուր ժողովի որոշումից, պարտավոր են ներկայացնել նաեւ իրենց առանձին որոշումները:

Ինչպես պարզ է դառնում վերոնշյալ եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ եւ 65-րդ հոդվածների վերլուծությունից, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջվում է ներկայացնել փոխանցման ակտ առ այն, որ վերակազմակերպվող կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձանց միության իրավահաջորդը: Վերջինիս փոխանցվում են իրավանախորդին պատկանող եւ փոխանցման ակտում նշված ակտիվներն ու պասիվները, այլ իրավունքներն ու պարտավորությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` փոխանցման ակտը  հաստատում են վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները(մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը: Եթե հաշվի առնենք, որ օրենքը փոխանցման ակտ հաստատելու վերաբերյալ որեւէ նորմ չի պարունակում, իսկ  այդպիսի դրույթներ, որպես կանոն, իրավաբանական անձանց միությունների կանոնադրություններով նույնպես չեն նախատեսվում, ապա կարող ենք եզրահանգել, որ ակտը ներկայացնելու պահանջը գործնականում կարող է իրականացվել միայն իրավաբանական անձանց միության բոլոր հիմնադիրների կողմից հաստատվելու դեպքում: Հարկ է նկատել, որ մի շարք իրավաբանական անձանց միություններ ունեն բազմաթիվ հիմնադիրներ, հետեւաբար օրենսդրական պարտադիր փոփոխությունների (փոխանցման ակտի հաստատման եւ հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին առանձին որոշումների ընդունման) պատճառով իրավաբանական անձանց միությունների գրանցման գործընթացը զգալիորեն բարդանում է:

Մասնավորապես, վերագրանցման դեպքում ներկայումս պահանջվում է իրավաբանական անձանց միության անդամների կողմից նոր հիմնադիր ժողով հրավիրել ու հասարակական կազմակերպություն հիմադրել, միաժամանակ առանձին որոշմամբ իրավաբանական անձանց միությունը դադարեցնել,  այնինչ իրավաբանական անձանց միության ընդհանուր ժողովը ընդամենը կարող է որոշում կայացնել  իրավաբանական անձանց միությունը որպես հասարակական կազմակերպություն վերագրանցելու մասին եւ հաստատել կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համապատասխանեցնելով այն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի պահանջներին:
Բացի այդ, բազմաթիվ իրավաբանական անձանց միություններ իրենց հիմնադիրներ հանդիսացող ընկերությունների մասով խնդիր ունեն, քանի որ հիմնադիր ընկերություններից շատերն արդեն գոյություն չունեն: Նոր օրենսդրական կարգավորումների պարագայում ենթադրվում է, որ հիմնադիրները եւս պետք է որոշեն իրավաբանական անձանց միության գործունեությունը դադարեցնեն, թե` ոչ, այնինչ շատ իրավաբանական անձանց միությունների գործող կանոնադրությամբ վերջինս տարին մեկ անգամ հրավիրվող ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունն է:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ներկա կարգավորման համաձայն՝ հասարակական կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմնին՝ ժողովին է պատկանում հասարակական կազմակերպության գործադիր մարմին ընտրելու իրավասությունը (Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ժողովի՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները, բացառությամբ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 11-12-րդ կետերով սահմանվածների, կարող են Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի:

Այսինքն, ստացվում է, որ Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված լիազորությունը (գործադիր մարմին ընտրելու լիազորությունը) դասվում է ժողովի այն լիազորությունների թվին, որոնք Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ չեն կարող փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի:

Այս կարգավորումն արդյունավետ չէ եւ կարող է առաջացնում է որոշակի խնդիրներ: Այսպես, Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասից հետեւում է, որ հասարակական կազմակերպության գործադիր մարմինը զբաղվում է կազմակերպության ընթացիկ կառավարմամբ եւ լուծում է այնպիսի հարցեր, որոնք էական նշանակություն ունեն կազմակերպության ընթացիկ բնականոն գործունեությունն ապահովելու համար: Հետեւաբար, կազմակերպության գործադիր մարմնի՝ անգամ կարճ ժամանակահատվածով բացակայությունը բացասաբար կազդի հասարակական կազմակերպության վրա եւ կխաթարի հասարակական կազմակերպության բնականոն գործունեությունը:

Նման պայմաններում խիստ էական է, որպեսզի հասարակական կազմակերպությունն իրավունք ունենա գործադիր մարմին նշանակել ոչ թե միայն ժողովի միջոցով (որի գումարումը խիստ ժամանակատար է), այլ՝ նաեւ պարզեցված կարգով (կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի միջոցով):

Մինչդեռ Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի ներկայիս խմբագրությունը հնարավորություն չի տալիս կազմակերպության կանոնադրությամբ նախատեսել, որ կազմակերպության գործադիր մարմինը կարող է նշանակվել նաեւ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի միջոցով:

Ստացվում է որ բոլոր այն դեպքերում, երբ օրինակ կազմակերպության գործադիր մարմինը մահացել է կամ որեւէ այլ պատճառով չի կարող իրականացնել (պատշաճ իրականացնել) իր լիազորությունները, կազմակերպության բնականոն գործունեությունը որոշակի ժամանակահատվածով պետք է խաթարվի (մինչեւ ժողովի գումարումը եւ նոր գործադիր մարմնի ընտրությունը), ինչը ողջամիտ եւ արդյունավետ չէ:
Արտասահմանյան փորձի ուսումնասիրությունը եւս վկայում է այն մասին, որ մի շարք երկրներում հասարակական կազմակերպության գործադիր մարմինը կարող է նշանակվել կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի միջոցով:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՌԴ օրենքով նախատեսված է, որ կազմակերպության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ միանձնյա գործադիր մարմնի ստեղծումը կամ նրա լիազորությունների վաղաժամ դադարեցումը վերապահվում է կազմակերպության մշտական կառավարումն իրականացնող կոլեգիալ մարմնին:

«Հիմնադրամների եւ ասոցիացիաների» մասին Լատվիայի օրենքով սահմանված է, որ ընդհանուր ժողովը նշանակում եւ ազատում է գործադիր մարմնին, եթե կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։
 Լիտվայի Հանրապետության «Ասոցիացիաների մասին» օրենքը սահմանում է, որ ընդհանուր ժողովը նշանակում եւ ազատում է գործադիր մարմնին, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։

Սերբիայի Հանրապետության «Ասոցիացիաների մասին» օրենքը սահմանում է, որ ընդհանուր ժողովը ի թիվս այլ լիազորությունների նշանակում է կազմակերպության ղեկավարումն իրականացնող անձին, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։

 Լեհաստանի օրենսդրությամբ եւս սահմանված է, որ ընդհանուր ժողովը կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն է եւ իրավասու է կատարել կատարել կառավարմանն ուղղված ցանկացած գործողություն, եթե կանոնադրությամբ այդ լիազորությունը վերապահված չէ կառավարման այլ մարմնի։

Շվեցարիայում ոչ առեւտրային կազմակերպության ընդհանուր ժողովի բացառիկ եւ անօտարելի իրավասություններն են կանոնադրության ընդունումը (փոփոխումը), կազմակերպության լուծարումը եւ վերահսկողությունը կառավարման այլ մարմինների նկատմամբ։ Մյուս լիազորությունները, այդ թվում գործադիր մարմնին նշանակելը եւ փոխելը, կարող են կանոնադրությամբ վերապահվել այլ մարմնի։

Հաշվի առնելով վերոգրյալը, սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացը սահմանելով, որ պետական գրանցման համար փոխանցման ակտ կարող է չներկայացվել՝ համապատասխան լրացումներ կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածներում, ինչպես նաեւ մեկ տարով երկարաձգել իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացը:

Միաժամանակ առաջարկվում է Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասից «5-րդ,» բառը հանել, այդպիսով  հասարակական կազմակերպությանն իրավունք վերապահելով իր կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նախատեսել, որ գործադիր մարմին ընտրելու լիազորությունը կարող է փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ