Armenian ARMSCII Armenian
Կ-148-05.10.2017,05.12.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման  մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) սպասարկման գրասենյակ՝ լիազոր մարմնի համացանցում բոլորին հասանելի ապահովված տիրույթ, սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող նոտար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող բաժին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ  դեպքերում փաստաբան եւ փաստաբանական գրասենյակ, պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ, որոնք իրականացնում են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցումն իրականացվում է համացանցում բոլորին հասանելի լիազոր մարմնի կողմից վարվող տիրույթում՝ ապահովված անձի կողմից, միաժամանակ որպես սպասարկման գրասենյակ հանդես է գալիս նաեւ նոտարը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ  հաստատված  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2017-2022թթ. ծրագրով սահմանված՝ ապահովված իրավունքների համակարգի վերաբերյալ դրույթը սահմանում է առ այն, որ մինչեւ 2022 թվականը պետք է զարգացնել  ապահովված իրավունքների գրանցման համակարգը, ինչին մեծապես կնպաստի գրանցման գործընթացը հանրությանը ավելի հասանելի դարձնելը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սպասարկման գրասենյակների միջոցով: Բացի այդ, ապահովված իրավունքների գրանցման գործընթացին առնչվող փոփոխությունների իրականացումն ընդգրկված է նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) ֆինանսական վարկերի աջակցման համար անհրաժեշտ բարեփոխումների մատրիցայում արծարծված միջոցառումների ցանկում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջանում մշակել համապատասխան իրավական ակտի նախագիծ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է սպասարկման գրասենյակ դիտարկել նաեւ՝
 
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող բաժինը,
 
2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով փաստաբանը եւ փաստաբանական գրասենյակը, պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը:
 
Առաջարկվող կարգավորումը նպատակ է հետապնդում  զարգացնել  ապահովված իրավունքների գրանցման համակարգը՝ գրանցման գործընթացը հանրությանը ավելի հասանելի դարձնելու միջոցով:
 
Ակնկալվող արդյունքը
 
Նախագծի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործընթացը հանրությանը հասանելի դարձնելն է:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ