Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-211-13.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 44.1-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

5) առկա է արգելադրված գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 44.1-րդ հոդվածով հստակ սահմանված են արգելանքի տակ գտնվող գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանելու որոշակի հիմքեր: Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Ստացվում է, որ, հարկադիր կատարողը, հանդիսանալով պետական մարմին, իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ եւ օրենքներով, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 44.1-րդ հոդվածով արգելանքի տակ գտնվող գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանելու հիմքերից բացի պրակտիկայում հանդիպում են նաեւ գույքն արգելանքից հանելու այլ հիմքեր:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ներկայումս. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք:

Բազմաթիվ են դեպքերը, երբ անձը, դիմում է իրավասու դատարան գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, դատական կարգով պահանջը բավարարվում է, անձը դիմում է համապատասխան լիազոր մարմին սեփականության իրավունքը գրանցելու համար, սակայն պարզվում է, որ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը չի կարող գրանցվել, քանի որ տվյալ գույքի նկատմամբ առկա է ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից կիրառված արգելանք: Անձը նշված վճիռը ներկայացնում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն գույքն արգելանքից հանելու համար, սակայն ԴԱՀԿ ապահովող ծառայությունն էլ իր հերթին մերժում է՝ պատճառաբանելով, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հստակ են սահմանված գույքն արգելանքից հանելու հիմքերը, իսկ նշված պարագայում նման հիմքը բացակայում է: Ստացվում է, որ անձը դիմում է դատարան, դատական ծախսեր է կատարում, իր սեփականության իրավունքը հաստատում վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ, սակայն օրենքի բացի արդյունքում իր իրավունքը նշված գույքի նկատմամբ պետական գրանցում չի ստանում, գույքն էլ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցված համապատասխան կատարողական վարույթով պարտապան հանդիսացող անձի պարտավորությունների համար մնում է արգելադրված: Այս ամենը հանգեցնում է նրան, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաեւ՝ անձի սեփականության իրավունքի իրացումը մնում են անկատար: Եվ տվյալ անձը ստիպված է լինում կրկին դիմել իրավասու դատարան՝ այս անգամ գույքն արգելանքից հանելու պահանջով:

Կարգավորման նպատակը. Կարգավորման նպատակն է իրավական երաշխիքներ ստեղծել անձանց սեփականության սահմանադրական իրավունքների իրացման համար:

Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման պարագայում կերաշխավորվի անձանց սեփականության իրավունքը օրինական հիմքով ձեռք բերած գույքի նկատմամբ, կթեթեւանա դատարանների ծանրաբեռնվածությունը՝ գույքն արգելանքից հանելու պահանջով հայցադիմումների մասով, իսկ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը հնարավորություն կընձեռվի օրենքի շրջանակներում որոշումներ կայացնել գույքն արգելանքից հանելու համար, կընդլայնվի գույքն արգելանքից հանելու հիմքերի շրջանակը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ Ձեզ եմ ներկայացնում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային Ժողովի Աշխատակարգի 25-րդ հոդվածի համաձայն՝ գրությանը կից ներկայացնում եմ

1 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,

2. Նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ