Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-215-14.12.2017-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  2004 թվականի նոյեմբերի 9-ի Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով.

«Անկախ գործատուի սեփականության ձեւից եւ կազմակերպաիրավական տեսակից, աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատվելու, ինչպես նաեւ հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատելու նախապատվությունը տրվում է` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական  պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող  զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաեւ ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը եւ եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Գործող ՀՀ Աշխատանքային օրենսգրքում գործատուի կողմից աշխատողների հաստիքները կամ թվաքանակը  կրճատվելու, ինչպես նաեւ հավասար որակավորման կամ  արտադրողականության  դեպքում, աշխատանքում մնալու  նախապատվության չի նախատեսում հայրենիքի  պաշտպանության համար զոհված կամ առողջությունը կորցրած` հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքի անդամների համար: Նման մոտեցումն արդարացի համարվել չի կարող, քանի որ զինծառայողի   ընտանիքի  անդամի աշխատանքը կորցնելու  հետեւանքով   ընտանիքը կարող է  հայտնվել  սոցիալական  ծանր պայմաներում: Նման մոտեցումըն չի բխում սոցիալական, ինքնիշխան պետության, ինչպես նաեւ Ազգ-բանակ հայեցակարգի բովանդակությունից: Նման նախապատվության իրավունքի մասին օրինադրույթի բացակայությունն արդարացի դժգոհություն է առաջացնում հասարակության շրջանում:

Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատելիս աշխատողների հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատանքը շարունակելու  նախապատվությունը տալ հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն  ձեռք բերած  զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաեւ ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը եւ եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում գործատուն աշխատանքը շարունակելու  նախապատվությունը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթին համապատասխան` կտրամադրի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական  պարտականությունները կատարելիս զոհված կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող  զինծառայողի  ընտանիքի  անդամներին, որոնց համար կապահովվի աշխատանքից չզրկվելու`  օրենքով երաշխավորված հնարավորությունը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

«  »  դեկտեմբեր, 2017թ.
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան.

ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում  «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող`  Գեւորգ Պետրոսյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ ենք:

Ազգային ժողովի պատգամավորներ`                       Նաիրա Զոհրաբյան
                                                                                    Գեւորգ Պետրոսյան
                                                                                    Միքայել Մելքումյան
                                                                                    Վահե Էնֆիաջյան
                                                                                    Իվետա Տոնոյան
                                                                                    Հակոբ Նազարյան