Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-223-15.12.2017-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի նպատակն է սահմանել գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները:

2. Օրենքի կարգավորման առարկան գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման եւ գործունեության հետ կապված հարաբերություններն են:

Հոդված 2. Գյուղատնտեսության պետական աջակցության մասին օրենսդրությունը

1. Գյուղատնտեսության պետական աջակցության մասին  Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

1) գյուղատնտեսական արտադրություն` գործունեության տեսակ, որը նպատակաուղղված է բուսական, կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությանը, մշակմանը, սեփական հումքի վերամշակմանը, իրացմանը.

2) գյուղատնտեսություն`  տնտեսության իրական հատվածի ոլորտ, որը հիմնված է գյուղատնտեսական արտադրության վրա.

3) գյուղատնտեսական ապրանքարտադրողներ` ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ, ինչպես նաեւ սեփական արտադրության գյուղատնտեսական հումքի եւ մթերքի մշակմամբ եւ(կամ) վերամշակմամբ.

4) գյուղացիական տնտեսություն` գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող, համատեղ տնտեսություն վարող քաղաքացիների (ընտանիքի անդամների) ինքնուրույն կազմակերպական միավոր: Գյուղացիական տնտեսությունը կարող է ստեղծվել նաեւ մեկ քաղաքացու կողմից.

5) գյուղատնտեսական հումքի եւ մթերքի մշակում` տեխնոլոգիական գործընթաց, որի արդյունքում էական չի փոփոխվում գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ֆիզիկական եւ քիմիական կազմը.

6) գյուղատնտեսական հումքի եւ մթերքի վերամշակում` տեխնոլոգիական գործընթաց, որի արդյունքում զգալիորեն փոփոխվում է գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ֆիզիկական եւ(կամ) քիմիական կազմը.

7) ագրոպարենային համակարգ` գյուղատնտեսության, գյուղատնտեսական հումքի եւ մթերքի վերամշակող արդյունաբերության ճյուղերի, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների ու մատակարարումների ոլորտի ամբողջություն.

Հոդված 4.  Գյուղատնտեսության պետական աջակցության սուբյեկտները

1. Սույն օրենքի շրջանակներում պետական աջակցություն են ստանում  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

Հոդված 5. Գյուղատնտեսության պետական աջակցության նպատակները

1. Գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական նպատակներն են`

1) պետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը.

2) գյուղատնտեսական հումքի եւ մթերքի մշակման ոլորտում մասնագիտացման մակարդակի բարձրացումը.

3) հողային, ջրային, աշխատանքային, գիտատեխնիկական, էներգետիկ, կենսական եւ այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը.

4) գյուղատնտեսության ներճյուղային կառուցվածքի բարելավումը, բարձր ավելացված արժեք ապահովող գյուղատնտեսական հումքի եւ մթերքի արտադրության տեսակարար կշռի ավելացումը.

5) շուկայական կողմնորոշում ունեցող մրցունակ ագրարային հատվածի ձեւավորումը.

6) պետության ագրոպարենային համակարգի կայուն եւ համաչափ զարգացման ապահովումը.

7) սահմանմամերձ, լեռնային, բարձրլեռնային եւ գյուղատնտեսական արտադրության համար անբարենպաստ տարածքների զարգացման ապահովումը.

8) գյուղատնտեսության կարիքների համար օգտագործվող բնական ռեսուրսների պահպանումը եւ հավասարակշռված օգտագործումը:

Հոդված 6. Գյուղատնտեսության պետական աջակցության սկզբունքները

1. Գյուղատնտեսության պետական աջակցության սկզբունքներն են`

1) գյուղատնտեսության պետական աջակցության շարունակականության ապահովումը.

2) գյուղատնեսության պետական աջակցության ծավալների աճի ավելացումը պետական բյուջեի աճին զուգընթաց.

3) գյուղատնտեսական տնտեսությունների համար պետական աջակցության հասցեականության եւ հասանելիության ապահովումը.

4) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի միասնականությունը եւ մրցակցության հավասար պայմանների ապահովումը.

Հոդված 7. Գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական ուղղությունները

1. Գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝

1) հացահատիկային եւ կերային մշակաբույսերի առաջնային սերմնաբուծության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

2) գյուղատնտեսության ոլորտին   տրամադրվող վարկերի տոկոսադրույքների  սուբսիդավորումը.

3) սահմանամերձ համայնքների գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցության տրամադրումը.

4) գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցությունը բնական աղետների կամ համաճարակների հետեւանքով բերքի կորստի կամ գյուղատնտեսական կենդանիների անկման դեպքում կորստի առնվազն 50 տոկոսի չափով.

5) գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության պետական աջակցությունը.

6) ժամանակակից տեխնոլոգիաներով այգիների մշակման եւ ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման պետական աջակցությունը.

7) պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրումը.

8) բնական աղետների կանխարգելմանը կամ մեղմմանն ուղղված միջոցառումների պետական աջակցությունը.

9) հողերի բերրիության բարձրացման միջոցառումների եւ գյուղատնտեսական հողերի պաշտպանության միջոցառումների իրականացումը.

10) գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության եւ տեխնիկայի նորագույն ձեռքբերումների, արտասահմանյան եւ տեղական փորձի ուսումնասիրման արդյունքների տեղայնացումը եւ ներդրումը.

11) կառավարության որոշմամբ գյուղատնտեսական տնտեսություններին պետական աջակցության այլ ձեւերը:

Հոդված  8. Գյուղատնտեսության պետական աջակցության իրականացումը

1. Գյուղատնտեսության պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Տարեկան ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի սկզբունքներին, աջակցման նպատակներին եւ պետական աջակցության հիմնական ուղղություններին համապատասխան:

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է մեր հանրապետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտին եւ գյուղացիական տնտեսություններին պետության կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ:
 
 
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝   ՄԻՔԱՅԵԼ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՆԱԻՐԱ  ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՎԱՐԴԵՎԱՆ  ԳՐԻԳՈՐՅԱՆ