Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1077-24.01.2011-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

« Եթե վարկերի տրամադրման, օգտվելու եւ մարման հետ կապված գովազդային ծառայությունները ( հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր եւ այլն)` անկախ գովազդի տեղադրման վայրից, պարունակում են վարկի արժեքի վրա ազդող թեկուզ մեկ պայման` տոկոսների չափի կամ վարկի տրամադրման ու մարման հետ կապված որեւէ այլ վճարի կամ ծախսի վերաբերյալ, ապա այդպիսի գովազդը պետք է պարունակի բոլոր մնացած պայմանները, որոնք որոշում են վարկի փաստացի արժեքը (վարկի ընդհանուր գումարը, տոկոսը եւ այն ստանալու համար կատարվող ծախսերը), ընդ որում, այն դեպքում, երբ հնարավոր չէ ողջամիտ ձեւով հասու դարձնել տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը` ներկայացվում է դրա հաշվարկման կարգը»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գովազդի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

Ներկայումս շատ բանկային եւ ֆինանսավարկային կազմակերպություններ իրենց գովազդներում ներկայացնում են վարկեր տրամադրելու հայտարարություններ, առաջարկներ եւ պայմաններ, որոնք ոչ միշտ են արտացոլում վարկի տրամադրման, օգտվելու եւ մարման փաստացի արժեքը (վարկի ընդհանուր գումարը, տոկոսը եւ այն ստանալու համար կատարվող բոլոր ծախսերը), ինչը վարկառուին զրկում է իր նախնական հաշվարկները կատարելու եւ իրեն հարմար բանկ կամ վարկային կազմակերպություն ընտրելու հնարավորությունից:

Օրենքի ընդունմամբ կլրացվի այն բացը, որը առկա է գործող օրենսդրության մեջ:

Օրենքի նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը: