Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-241-24.01.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում «մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն)» բառերը փոխարինել «մտավոր սեփականության եւ մտավոր սեփականության իրավունքների» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) մտավոր սեփականություն ստեղծելու արդյունքում.»:

Հոդված 3. Օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) ունենալ մտավոր սեփականության իրավունքներ.»:

Հոդված 4. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված կարգով իրականացնել մտավոր սեփականության իրավունքներ.»:

Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) մտավոր սեփականությունը եւ մտավոր սեփականության իրավունքները.»:

Հոդված 6. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 140. Մտավոր սեփականության նկատմամբ իրավունքը

1.Սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով ճանաչվում է անձի իրավունքը մտավոր սեփականության նկատմամբ: Մտավոր սեփականությունը եւ դրա տեսակները սահմանվում են սույն օրենսգրքի 1100-րդ հոդվածով։»:

Հոդված 7. Օրենսգրքի 141-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 141. Ծառայողական եւ այլ գաղտնիք կազմող տեղեկատվություն

1. Ծառայողական, բանկային, ապահովագրական, կենսաթոշակային գաղտնիքների, «Արժեթղթերի շուկային մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» եւ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գաղտնիք կազմող տեղեկատվության հետ կապված հարաբերությունները սահմանվում են այդ օրենքներով:

2. Առեւտրային գաղտնիքի հասկացությունը եւ իրավական պահպանության պայմանները սահմանվում են սույն օրենսգրքի 1164-րդ հոդվածով: Այլ օրենքներով կարող են նախատեսվել առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկության պահպանության հատուկ պայմաններ:»:

Հոդված 8. Օրենսգրքի 1100-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1100. Մտավոր սեփականություն

1.Մտավոր սեփականություն են հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների օբյեկտները, արդյունաբերական սեփականության օբյեկտները, առեւտրային գաղտնիքը։

2. Հեղինակային իրավունքի օբյեկտներն են գիտության, գրականության եւ արվեստի ստեղծագործությունները։

3. Հարակից իրավունքների օբյեկտներն են կատարումները, հնչյունագրերը (ֆոնոգրամաները), տեսագրությունները, հեռարձակվող կամ մալուխով հաղորդվող հաղորդումները։

4. Արդյունաբերական սեփականության օբյեկտներն են գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները, սելեկցիոն նվաճումները, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները, անհատականացման միջոցները։

5. Անհատականացման միջոցներ են` կազմակերպությունների անվանումները (այդ թվում` ֆիրմային անվանումները), անհատ ձեռնարկատերերի անվանումները, ապրանքային նշանները (սպասարկման նշանները), աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները։

6. Սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով կարող են նախատեսվել մտավոր սեփականության այլ տեսակներ, օբյեկտներ եւ սուբյեկտներ:

7. Մտավոր սեփականությանը եւ մտավոր սեփականության իրավունքներին առնչվող եւ սույն օրենսգրքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 1101-1103-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 1104-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1104. Մտավոր սեփականության նկատմամբ բացառիկ իրավունքը

1. Մտավոր սեփականության նկատմամբ գույքային իրավունքի տիրապետողը բացառիկ իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած ձեւով եւ եղանակով օրինաչափ օգտագործելու իր մտավոր սեփականությունը:

2. Ուրիշ անձանց կողմից այն մտավոր սեփականության օգտագործումը, որի նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է դրա իրավատիրոջը, թույլատրվում է միայն վերջինիս համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3. Մտավոր սեփականության նկատմամբ բացառիկ իրավունքի տիրապետողն իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն այլ անձի փոխանցել այդ իրավունքը, նրան թույլատրել օգտագործելու եւ տնօրինելու իր մտավոր սեփականությունը, եթե դա չի հակասում սույն օրենսգրքին եւ այլ օրենքներին:

4. Բացառիկ իրավունքների սահմանափակումները` ներառյալ մտավոր սեփականության օգտագործման իրավունքն այլ անձանց տրամադրելու միջոցով, այդ իրավունքներն անվավեր ճանաչելն ու դրանց դադարեցնելը (չեղյալ հայտարարելը) թույլատրվում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, սահմաններում ու կարգով, պայմանով, որ դրանք վնաս չպատճառեն մտավոր սեփականության օբյեկտների բնականոն օգտագործմանը եւ անհիմն չոտնահարեն հեղինակների իրավունքները` հաշվի առնելով երրորդ անձանց օրինական շահերը:»։

Հոդված 11. Օրենսգրքի 1106-րդ հոդվածի 1-ին մասում «մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի» բառերը փոխարինել «մտավոր սեփականության օբյեկտի» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 1107-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1107. Մտավոր սեփականություն ստեղծելու եւ օգտագործելու պայմանագիր

1. Հեղինակը կարող է ստանձնել ապագայում ստեղծագործություն, գյուտ կամ այլ մտավոր սեփականություն ստեղծելու եւ իր գործատու չհամարվող պատվիրատուին այդ արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունք տրամադրելու պարտավորություն:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը պետք է սահմանի ստեղծվելիք մտավոր սեփականության բնույթը, ինչպես նաեւ այն օգտագործելու նպատակները եւ (կամ) եղանակները:

3. Հեղինակի կողմից ապագայում ստեղծվելիք ցանկացած մտավոր սեփականություն օգտագործելու բացառիկ իրավունքը որեւէ անձի տրամադրելու մասին հեղինակին պարտադրող պայմանագիրն առոչինչ է:

4. Որոշակի տեսակի կամ որոշակի բնագավառում ապագայում մտավոր սեփականություն ստեղծելու` հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առոչինչ են:»։

Հոդված 13. Օրենսգրքի 1108-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1108. Բացառիկ իրավունքը եւ սեփականության իրավունքը

1.Մտավոր սեփականության նկատմամբ բացառիկ իրավունքը գոյություն ունի անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է նման արդյունքը կամ անհատականացման միջոցը:»։

Հոդված 14. Օրենսգրքի 1110-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1110. Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության եղանակները

1. Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունն իրականացվում է սույն օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված եղանակներով: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել նաեւ`

1) մտավոր սեփականության իրավունքների խախտման համար հիմք ծառայած կամ խախտմամբ ստեղծված նյութական օբյեկտների առգրավմամբ, որոնք իրավախախտ անձի հաշվին ենթակա են ոչնչացման, եթե.

ա. դրանց օգտագործումն անխուսափելիորեն կառաջացնի օրենքով պահպանվող մտավոր սեփականության իրավունքների խախտում,

բ. ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապրանքից կամ փաթեթավորումից առանձնացնելն անհնար է.

2) թույլ տրված խախտման վերաբերյալ պարտադիր հրապարակմամբ` նշելով նաեւ, թե ում է պատկանում խախտված իրավունքը, ինչպես նաեւ թույլ տրված խախտման վերաբերյալ իրավախախտողի հաշվին՝ դատական վճռի ամբողջությամբ կամ մասնակիորեն պարտադիր հրապարակմամբ՝ իրավատիրոջ նշած Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցում.

3) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

2. Մտավոր սեփականության իրավունքների նկատմամբ պայմանագրերը խախտվելու դեպքում կիրառվում են պարտավորությունների խախտման համար պատասխանատվության մասին ընդհանուր կանոնները (գլուխ 26):

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված ապրանքը (այդ թվում համակարգիչ, համակարգչային ծրագիր, տեղեկատվություն պահպանելու հնարավորություն ունեցող որեւէ այլ սարք) պարունակում է էլեկտրոնային փաստաթղթեր, նամակներ, տվյալների բազաներ կամ այլ օրինական տեղեկատվություն, ապա մինչեւ տվյալ ապրանքի առգրավումն ու ոչնչացումն այդ տեղեկատվության իրավատերն իրավունք ունի հանել իրեն պատկանող օրինական տեղեկատվությունը:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքերում դատարանը հաշվի է առնում տվյալ գործի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ խախտման բնույթն ու կիրառվելիք միջոցի համաչափությունը, արդյունավետությունն ու անհրաժեշտությունը: Դատարանը հաշվի է առնում նաեւ հայցվորի պահանջը համարժեք դրամական փոխհատուցմամբ բավարարելու հնարավորության հարցը:»:

Հոդված 15. Օրենսգրքի 63-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ»

Հոդված 16. Օրենսգրքի 1112-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1112. Հարակից իրավունքների օբյեկտները

1. Հարակից իրավունքները տարածվում են կատարումների, հնչյունագրերի, ֆիլմերի ամրագրումների, հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների, տվյալների բազաների պարունակության, հրատարակչական ձեւավորումների վրա:

2. Հարակից իրավունքների ծագման եւ իրականացման համար որեւէ ձեւականություն չի պահանջվում:

Հոդված 17. Օրենսգրքի 1113-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 1113. Հեղինակային եւ հարակից իրավունքներ

1. Հեղինակային եւ հարակից իրավունքներին վերաբերող մանրամասները սահմանվում են «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքով:

Հոդված 18. Օրենսգրքի 1114-1138-րդ հոդվածները եւ 64-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենսգրքի 1144-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գյուտի, օգտակար մոդելի եւ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքներին վերաբերող մանրամասները սահմանվում են «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 20. Օրենսգրքի 1145-1156-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենսգրքի 1157-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բույսերի նոր սորտերի եւ կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքներին վերաբերող մանրամասները սահմանվում են «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» օրենքով:»

2) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 22. Օրենսգրքի 1158-1162-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 23. Օրենսգրքի 1163-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ,

«2. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիաներին վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:»:

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Օրենսգրքի 68-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ»:

Հոդված 25. Օրենսգրքի 1164-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1164. Առեւտրային գաղտնիքը, դրա իրավական պահպանությունը, պահպանության ժամկետը եւ բացահայտումը

1. Առեւտրային գաղտնիք է ցանկացած տեղեկությունը կամ դրա որեւէ մասը, որը՝

1) որպես ամբողջություն կամ իր մասերի ճշգրիտ փոխդասավորվածությամբ եւ համախմբությամբ ընդհանրապես հայտնի կամ դյուրամատչելի չեն տվյալ կարգի տեղեկատվության հետ սովորաբար առնչվող անձանց համար,

2) երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունեն իրական կամ հնարավոր որոշակի առեւտրային արժեք, բայց բացակայում են օրինական հիմքերով դրանց ազատորեն ստանալու հնարավորությունները եւ

3) օրինականորեն տնօրինող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ձեռնարկվել են տեղեկությունն առկա հանգամանքներում գաղտնի պահելու ողջամիտ քայլեր:

2. Առեւտրային գաղտնիքի իրավատեր է համարվում այն տնօրինողը կամ օրինական եղանակով ձեռք բերած եւ տիրապետող անձը: Եթե առեւտրային գաղտնիքը կամ դրա որեւէ մաս առանց օրենքի խախտման հայտնի է նաեւ որեւէ երրորդ անձի` ինքնուրույն ստեղծման (հայտնաբերման) մ, կամ օրենքով նախատեսված այլ եղանակով, այդ թվում՝ հետադարձ մշակման միջոցով (reverse engineering), ապա վերջինս եւս օգտվում է իրավատիրոջ համար սույն օրենսգրքով նախատեսված իրավունքներից:

3. Առեւտրային գաղտնիքի իրավատերն իրավունք ունի արգելելու երրորդ անձանց օգտագործել իր առեւտրային գաղտնիքը կամ դրա որեւէ մասը, եթե այն երրորդ անձի կողմից ձեռք է բերվել կամ երրորդ անձը բացահայտել է անօրինական եղանակով:

4. Առեւտրային գաղտնիքը պահպանվում է օրենքով` առանց որեւէ ձեւական պահանջների (պետական կամ այլ գրանցման, հաստատման եւ այլն) եւ այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները:

5. Առեւտրային գաղտնիքի խախտում է համարվում երրորդ անձի կողմից առանց իրավատիրոջ թույլտվության (համաձայնության) այն ձեռք բերելը, օգտագործելը կամ հրապարակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 26. Օրենսգրքի 1165-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1165. Պատասխանատվությունը առեւտրային գաղտնիքն ապօրինի օգտագործելու համար

1. Առեւտրային գաղտնիքն ապօրինի եղանակով ստացած, տարածած կամ օգտագործած անձը պարտավոր է առեւտրային գաղտնիքի իրավատիրոջը հատուցել դրա ապօրինի օգտագործմամբ պատճառված վնասները:

2. Եթե առեւտրային գաղտնիքն օգտագործող անձն այն ստացել է բացահայտելու իրավունք չունեցող անձից, որի մասին չգիտեր եւ պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա առեւտրային գաղտնիքի իրավատերն իրավունք ունի ստացողից (այդ թվում բարեխիղճ ձեռք բերողից) պահանջել առեւտրային գաղտնիքի՝

1) օգտագործման, բացահայտման կամ տարածման անհապաղ դադարեցում.

2) օգտագործմամբ պատճառված վնասների հատուցում, սկսած այն պահից, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել էր կամ կարող էր իմանալ, որ դրա օգտագործումն ապօրինի է:»:

Հոդված 27. Օրենսգրքի 1166-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1166. Առեւտրային գաղտնիքի նկատմամբ իրավունքը փոխանցելը

1. Առեւտրային գաղտնիքի իրավատերը կարող է առեւտրային գաղտնիքի նկատմամբ իրավունքն ամբողջությամբ կամ մասնակիորեն օտարել (փոխանցել) այլ անձի կամ օգտագործման տրամադրել երրորդ անձանց: Պայմանագիրը կնքվում է գրավոր՝ պարունակելով պայմանագրի գաղտնիության (կոնֆիդենցիալության) դրույթ:

2. Առեւտրային գաղտնիքի նկատմամբ իրավունքը ձեռք բերած անձը պարտավոր է առեւտրային գաղտնիքը շարունակել պահել գաղտնի պայմանագրի ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը լուծվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:

Հոդված 28. Օրենսգրքի 1166.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 29. Օրենսգրքի 69-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1166.2 հոդվածով.

«Հոդված 1166.2 Ֆիրմային անվանումը

1. Ֆիրմային անվանումը քաղաքացիական շրջանառության մասնակիցների անհատականացման միջոց հանդիսացող այն անվանումն է, որի ներքո կազմակերպությունն իրականացնում է իր գործունեությունը եւ տարբերվում է այլ իրավաբանական անձանցից։

2. Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձեւը բնորոշող բառեր եւ տարբերակող նշանակության առնվազն մեկ անուն՝ հատուկ անուն (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում), հասարակ կամ մտացածին անուն կամ տառերի այլ համակցություն։

3. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը եւ ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)՝ ավելացրած «եւ ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը։

4. Առեւտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին։

Հոդված 30. Օրենսգրքի 1167-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի՝

ա. 1-ին կետում «անվանումը» բառից հետո լրացնել «օրենքով նախատեսված կարգով, պայմաններով եւ ժամկետներում.» բառերով.

բ. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) արգելելու երրորդ անձանց օգտագործել իր ֆիրմային անվանմանը նույնական կամ դրան շփոթելու աստիճան նման ֆիրմային անվանում, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել կամ պատճառ դառնալ դրանց միջեւ կապ ենթադրելու համար` հաշվի առնելով, որ դա կարող է որեւէ վնաս հասցնել ֆիրմային անվանման իրավատիրոջը կամ վերջինիս բարի համբավին.».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Երրորդ անձանց կողմից ֆիրմային անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճան նման ֆիրմային անվանում օգտագործելու, այդ թվում՝ դրանով իրավունքներ եւ պարտականություններ ձեռք բերելու դեպքում, տվյալ ֆիրմային անվանման իրավատերն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։»:

Հոդված 31. Օրենսգրքի 1168-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասում «տարբերակող անունը» բառերը փոխարինել «տարբերակող նշանակության անունը» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաեւ դրա կազմակերպական-իրավական ձեւը բնորոշող բառերի օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում` տառադարձվում է:»:

3) 8-րդ մասի 2-րդ կետում «խորհրդանիշ» բառը փոխարինել «արտահայտություն» բառով:

4) 9-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ որեւէ ապրանքային նշանին կամ կարող են շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռեւս օգտագործման մեջ է, պայմանով, որ հայտը ներկայացնելիս հայտատուն գիտեր կամ կարող էր իմանալ այդպիսի ապրանքային նշանի առկայության մասին.».

5) 10-րդ մասում «տարբերակող» բառից հետո լրացնել «նշանակության» բառը.

6) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անունների, ինչպես նաեւ ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան եւ քաղաքացիական շրջանառության մասնակիցների, վերջիններիս ապրանքների կամ ծառայությունների անհատականացման որեւէ բառային միջոցի միջեւ շփոթելու աստիճան նմանությունը որոշվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով երկու բառային ապրանքային նշանների, կամ բառային եւ համակցված ապրանքային նշանների միջեւ շփոթելու աստիճան նմանությունը որոշելու կանոններով մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis):»:

Հոդված 32. Օրենսգրքի 1171-րդ հոդվածի՝

1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1171. Ապրանքային նշանի (սպասարկման նշանի) հասկացությունը »,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ապրանքային նշանին (սպասարկման նշանին) վերաբերող մանրամասները սահմանվում են «Ապրանքային նշանների մասին» օրենքով:»,

3) 3-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 33. Օրենսգրքի 1172-1178-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 34. Օրենսգրքի 1179-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1179. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանվան հասկացությունները

1. Աշխարհագրական նշում է համարվում տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել եւ (կամ) վերամշակվել եւ (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:

2. Ծագման տեղանուն է համարվում տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, եւ որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով (ներառյալ` բնական եւ մարդկային գործոնները), եւ որի արտադրությունը, վերամշակումը եւ պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում:

3. Երաշխավորված ավանդական արտադրանք է համարվում գյուղատնտեսական արտադրանքը կամ սննդամթերքը, որի յուրահատկությունները ճանաչված են, եւ որը գրանցված է օրենքով սահմանված կարգով:

4. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանվանը վերաբերող մանրամասները սահմանվում են «Աշխարհագրական նշումների մասին» օրենքով:»,

Հոդված 35. Օրենսգրքի 1179.1-1183-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 36. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն (այսուհետ՝ Կարգադրություն) ընդունվել է 2012 թվականի հունիսի 30-ին: Կարգադրության 1-ին հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 6-րդ բաժինը սահմանում է, որ Քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացման եւ քաղաքացիական օրենսդրության կատարելագործման նպատակով անհրաժեշտ է.

«6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին:»:

Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է 1998թ. մայիսի 5-ին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մոդելային օրենսգրքի հիման վրա: Այն կարեւոր քայլ էր Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական շուկայի անցման, շուկայական տնտեսական հարաբերությունների ծավալման, սեփականության բոլոր ձեւերի պաշտպանությունն ապահովելու ճանապարհին: Հանդիսանալով շուկայական հարաբերությունների կարգավորման հիմքը՝ քաղաքացիական օրենսգիրքը ապահովում է նաեւ քաղաքացիաիրավական հարաբերությունների բնագավառում ընթացիկ օրենսդրության զարգացումը։ Սակայն օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական եւ իրավական կյանքում տեղի ունեցան կարեւոր փոփոխություններ: Քաղաքացիաիրավական հարաբերությունների զարգացումը եւ դրա արդյունքում օրենսգրքում առաջացած կարգավորման բացերը, ինչպես նաեւ առանձին անկատար իրավական ինստիտուտները, տերմինաբանական անճշտությունները Քաղաքացիական օրենսգրքի արդիականացման պահանջներ են առաջադրում:

Իրավական պետությանը բնորոշ իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ անհրաժեշտ է Քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնում կատարել փոփոխություններ, քանի որ, մի կողմից այն արդիականացնելու եւ միջազգային առաջատար փորձին համապատասխանացնելու, որոշ դեպքերում նաեւ հստակեցումների կարիք ունի, իսկ մյուս կողմից առկա են տասնյակ հոդվածներ, որոնք կրկնվում են եւ արդեն իսկ կարգավորված են տվյալ բնագավառը կարգավորող առանձին ընդունված օրենքներով («Ապրանքային նշանների», «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների», «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների» մասին օրենքներում եւ այլն), որն արդյունավետ չէ մի շարք պատճառներով: Հաճախակի իրավակարգավորման եւ իրավակիրառ ոլորտում խնդիրներ են առաջանում, երբ միեւնույն ոլորտի նույնանման դրույթներ ամրագրված են տարբեր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերում:

Երբեմն էլ ոլորտը կարգավորող վերոգրյալ առանձին օրենքների վերանայումը հաճախակի, ինքնաբերաբար, առիթ եւ պատճառ է հանդիսանում նաեւ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության համար, եւ հակառակը: Ստեղծված իրավիճակում ոչ միայն կատարվում է կրկնակի աշխատանք, այլեւ շատ դեպքերում դրա հետեւանքով առաջանում են որոշ, առաջին հայացքից ոչ ակնհայտ հակասություններ օրենսգրքի եւ օրենքների միջեւ, որոնք ի հայտ են գալիս օրենքների կիրարկման փուլում եւ տարբեր խնդիրների պատճառ հանդիսանում:

Բացի այդ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 303-Ն որոշման հավելվածի 26-րդ կետով նախատեսված է միջազգային փորձին համապատասխան օրենսդրորեն հստակեցնել տեղեկատվության դասակարգման չափանիշները (պետական, ծառայողական, առեւտրային, անձնական գաղտնիք):

Առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ, կվերացվեն գործող օրենքում տեղ գտած թերությունները եւ անհստակությունները, իսկ դատարանները իրավունքի պաշտպանության այս կամ այն եղանակը կիրառելիս կառաջնորդվեն առավել օբյեկտիվ չափանիշներով:

Հաշվի առնելով վերոգրյալը, համապատասխան փոփոխություններ են առաջարկվել Օրենսգրքի 1-ին, 10-րդ, 21-րդ, 30-րդ, 132-րդ, 140-րդ, 141-րդ, 1100-րդ, 1101-1103-րդ, 1110-րդ, 1164-1168-րդ, 1171-1183-րդ հոդվածներում, ինչպես նաեւ 63-68-րդ գլուխներում:

Մասնավորապես, Օրենսգրքում օգտագործվող որոշ տերմինների հստակեցման, միջազգային առաջատար փորձին եւ ստանդարտներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ տարընկալումների կանխման անհրաժեշտությունից ելնելով, Օրենսգրքում առաջարկվել է տարանջատել եւ հստակեցնել «Մտավոր սեփականություն» եւ «Մտավոր սեփականության իրավունք» եզրույթները (Հոդվածներ 140 եւ 1100)։ Արդյունքում նաեւ առաջարկվել է հրաժարվել «մտավոր գործունեության արդյունք» եզրույթից եւ այն փոխարինել «մտավոր սեփականություն» եզրույթով (Հոդվածներ 1, 10, 21, 30, 132, 140, 1104, 1106, 1107, 1108 եւ 1100), քանի որ, օրինակ` առեւտրային գաղտնիք հանդիսացող որոշ տեղեկություններ կարող են չհանդիսանալ «մտավոր գործունեության արդյունք», բայց պահպանվեն որպես մտավոր սեփականություն։ Հետեւաբար, միայն «մտավոր գործունեության արդյունքը» որպես «մտավոր սեփականություն» որակելը հակասություն կառաջացնի մտավոր սեփականության որոշ օբյեկտների հետ։

Փոփոխություններն ուղղված են նաեւ չբացահայտված տեղեկատվության պահպանման եւ պաշտպանության եղանակները հստակեցնելուն: Հաշվի առնելով այս ոլորտում առկա միջազգային փորձը (ԱՄՆ, ԵՄ երկրներ)՝ «չբացահայտված տեղեկատվություն» հասկացությունը փոխարինվել է «առեւտրային գաղտնիք» հասկացությամբ: Հստակեցվել են նաեւ առեւտրային գաղտնիքի հասկացությունը, դրա պաշտպանության եղանակների եւ փոխանցմանը վերաբերող դրույթներում: Որպես առեւտրային գաղտնիքի նկատմամբ իրավունքների օրինական ձեռք բերման մեկ այլ եղանակ Օրենսգրքում ավելացվել է նաեւ «հետադարձ մշակման» (այսպես կոչված «reverse engineering») հասկացությունը, որը հնարավորություն է ընձեռում առեւտրային գաղտնիք պարունակող ֆիզիկական օբյեկտն օրինական եղանակով ձեռք բերած կամ տիրապետող անձի կողմից դրա էության բացահայտումն ինքնուրույն մանրակրկիտ զննության կամ ուսումնասիրության արդյունքում: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության մեջ «առեւտրային գաղտնիք» հասկացության ներմուծումը եւ պաշտպանության արդյունավետ եղանակների նախատեսումը կներդաշնակեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային առաջատար փորձի հետ, ինչպես նաեւ լրացուցիչ խթան կհանդիսանա օտարերկրյա ներդրումների ներգրավման համար:

Հստակեցվել են բոլոր տեսակի կազմակերպությունների կողմից ֆիրմային անվանումների օգտագործման սահմանափակումները, հատկապես դրանց եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված ապրանքային նշանների նույնական կամ շփոթելու աստիճան նման լինելու դեպքերում: Հստակեցվել են նաեւ ֆիրմային անվանումների շփոթելու աստիճան նմանության որոշման կանոնները: Անկախ վերոգրյալից, օրենսգրքի սույն նախագծի հեղինակները նպատակ չեն հետապնդում առավել կարեւորել ֆիրմային անվանումների դերակատարությունը եւ դրանց պահպանման (պաշտպանության) համար լրացուցիչ իրավունքներ կամ հնարավորություններ չեն նախատեսել։ Անհրաժեշտ է ընդգծել, որ որպես կազմակերպությունների անհատականացման միջոցների պահպանման եւ պաշտպանության առավել արդյունավետ իրավական միջոց քաղաքացիական օրենսդրությունը նախատեսել է ապրանքային նշանների ինստիտուտը։

Նախագծով վերացվել է միեւնույն կամ նմանատիպ նորմերի կրկնողությունը տարբեր իրավական ուժ ունեցող ակտերում, ինչը հստակություն կմտցնի մտավոր սեփականության ոլորտի կարգավորման հարցում եւ կնպաստի հետագա օրենսդրական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Մտավոր սեփականության առանձին բնագավառները կարգավորող օրենքները կլրացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա եւ հատուկ օրենքներում չկրկնվող կարգավորումներով:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխանեցումը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին: Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքի ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցումը միջազգային առաջատար փորձի հետ եւ տվյալ ոլորտում ներդրողների իրավունքների առավել արդյունավետ պահպանման եւ պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովումը լուրջ խթան կհանդիսանա այս ոլորտում Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացման համար եւ առավել գրավիչ կդարձնի Հայաստանի շուկան միջազգային ներդրումների համար։


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքներիի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի N- որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթոր Հովհաննիսյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ