Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2411-24.01.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի թիվ ՀՕ-59-Ն օրենքի 12-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը եւ ապրանքային նշանի օգտագործումը ».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքային նշանի իրավատերը կարող է երրորդ անձանց արգելել կատարելու սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները»,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս՝

«7. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝

1) այդ ապրանքային նշանի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաեւ դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում.

2) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը կամ այդ ապրանքային նշանով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը.

3) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը.

4) այդ նիշի կիրառումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով.

5) այդ ապրանքային նշանի օգտագործումն ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմեն անվանումներում.

6) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված նպատակներով ապրանքային նշանի բազմացումը, պահեստավորումը կամ վաճառքը:»։

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ եւ 4.2-րդ մասերով.

«4.1. Ապրանքային նշանն օգտագործելու լիցենզային պայմանագիրը պետք է պարունակի պայման, համաձայն որի լիցենզառուի ապրանքների կամ ծառայությունների որակը չպետք է զիջի լիցենզատուի ապրանքների կամ ծառայությունների որակին, եւ լիցենզատուն իրավունք ունի վերահսկել այդ պայմանի կատարումը:

4.2. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ լիցենզային պայմանագիրը դադարելու համար:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն (այսուհետ՝ Կարգադրություն) ընդունվել է 2012 թվականի հունիսի 30-ին: Կարգադրության 1-ին հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 6-րդ բաժինը սահմանում է, որ Քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացման եւ քաղաքացիական օրենսդրության կատարելագործման նպատակով անհրաժեշտ է.

«6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին:»:

Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է 1998թ. մայիսի 5-ին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մոդելային օրենսգրքի հիման վրա: Այն կարեւոր քայլ էր Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական շուկայի անցման, շուկայական տնտեսական հարաբերությունների ծավալման, սեփականության բոլոր ձեւերի պաշտպանությունն ապահովելու ճանապարհին: Հանդիսանալով շուկայական հարաբերությունների կարգավորման հիմքը՝ քաղաքացիական օրենսգիրքը ապահովում է նաեւ քաղաքացիաիրավական հարաբերությունների բնագավառում ընթացիկ օրենսդրության զարգացումը։ Սակայն օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական եւ իրավական կյանքում տեղի ունեցան կարեւոր փոփոխություններ: Քաղաքացիաիրավական հարաբերությունների զարգացումը եւ դրա արդյունքում օրենսգրքում առաջացած կարգավորման բացերը, ինչպես նաեւ առանձին անկատար իրավական ինստիտուտները, տերմինաբանական անճշտությունները Քաղաքացիական օրենսգրքի արդիականացման պահանջներ են առաջադրում:

Իրավական պետությանը բնորոշ իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ անհրաժեշտ է Քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնում կատարել փոփոխություններ, քանի որ, մի կողմից այն արդիականացնելու եւ միջազգային առաջատար փորձին համապատասխանացնելու, որոշ դեպքերում նաեւ հստակեցումների կարիք ունի, իսկ մյուս կողմից առկա են տասնյակ հոդվածներ, որոնք կրկնվում են եւ արդեն իսկ կարգավորված են տվյալ բնագավառը կարգավորող առանձին ընդունված օրենքներով («Ապրանքային նշանների», «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների», «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների» մասին օրենքներում եւ այլն), որն արդյունավետ չէ մի շարք պատճառներով: Հաճախակի իրավակարգավորման եւ իրավակիրառ ոլորտում խնդիրներ են առաջանում, երբ միեւնույն ոլորտի նույնանման դրույթներ ամրագրված են տարբեր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերում:

Երբեմն էլ ոլորտը կարգավորող վերոգրյալ առանձին օրենքների վերանայումը հաճախակի, ինքնաբերաբար, առիթ եւ պատճառ է հանդիսանում նաեւ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության համար, եւ հակառակը: Ստեղծված իրավիճակում ոչ միայն կատարվում է կրկնակի աշխատանք, այլեւ շատ դեպքերում դրա հետեւանքով առաջանում են որոշ, առաջին հայացքից ոչ ակնհայտ հակասություններ օրենսգրքի եւ օրենքների միջեւ, որոնք ի հայտ են գալիս օրենքների կիրարկման փուլում եւ տարբեր խնդիրների պատճառ հանդիսանում:

Բացի այդ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 303-Ն որոշման հավելվածի 26-րդ կետով նախատեսված է միջազգային փորձին համապատասխան օրենսդրորեն հստակեցնել տեղեկատվության դասակարգման չափանիշները (պետական, ծառայողական, առեւտրային, անձնական գաղտնիք):

Առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ, կվերացվեն գործող օրենքում տեղ գտած թերությունները եւ անհստակությունները, իսկ դատարանները իրավունքի պաշտպանության այս կամ այն եղանակը կիրառելիս կառաջնորդվեն առավել օբյեկտիվ չափանիշներով:

Հաշվի առնելով վերոգրյալը, համապատասխան փոփոխություններ են առաջարկվել Օրենսգրքի 1-ին, 10-րդ, 21-րդ, 30-րդ, 132-րդ, 140-րդ, 141-րդ, 1100-րդ, 1101-1103-րդ, 1110-րդ, 1164-1168-րդ, 1171-1183-րդ հոդվածներում, ինչպես նաեւ 63-68-րդ գլուխներում:

Մասնավորապես, Օրենսգրքում օգտագործվող որոշ տերմինների հստակեցման, միջազգային առաջատար փորձին եւ ստանդարտներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ տարընկալումների կանխման անհրաժեշտությունից ելնելով, Օրենսգրքում առաջարկվել է տարանջատել եւ հստակեցնել «Մտավոր սեփականություն» եւ «Մտավոր սեփականության իրավունք» եզրույթները (Հոդվածներ 140 եւ 1100)։ Արդյունքում նաեւ առաջարկվել է հրաժարվել «մտավոր գործունեության արդյունք» եզրույթից եւ այն փոխարինել «մտավոր սեփականություն» եզրույթով (Հոդվածներ 1, 10, 21, 30, 132, 140, 1104, 1106, 1107, 1108 եւ 1100), քանի որ, օրինակ` առեւտրային գաղտնիք հանդիսացող որոշ տեղեկություններ կարող են չհանդիսանալ «մտավոր գործունեության արդյունք», բայց պահպանվեն որպես մտավոր սեփականություն։ Հետեւաբար, միայն «մտավոր գործունեության արդյունքը» որպես «մտավոր սեփականություն» որակելը հակասություն կառաջացնի մտավոր սեփականության որոշ օբյեկտների հետ։

Փոփոխություններն ուղղված են նաեւ չբացահայտված տեղեկատվության պահպանման եւ պաշտպանության եղանակները հստակեցնելուն: Հաշվի առնելով այս ոլորտում առկա միջազգային փորձը (ԱՄՆ, ԵՄ երկրներ)՝ «չբացահայտված տեղեկատվություն» հասկացությունը փոխարինվել է «առեւտրային գաղտնիք» հասկացությամբ: Հստակեցվել են նաեւ առեւտրային գաղտնիքի հասկացությունը, դրա պաշտպանության եղանակների եւ փոխանցմանը վերաբերող դրույթներում: Որպես առեւտրային գաղտնիքի նկատմամբ իրավունքների օրինական ձեռք բերման մեկ այլ եղանակ Օրենսգրքում ավելացվել է նաեւ «հետադարձ մշակման» (այսպես կոչված «reverse engineering») հասկացությունը, որը հնարավորություն է ընձեռում առեւտրային գաղտնիք պարունակող ֆիզիկական օբյեկտն օրինական եղանակով ձեռք բերած կամ տիրապետող անձի կողմից դրա էության բացահայտումն ինքնուրույն մանրակրկիտ զննության կամ ուսումնասիրության արդյունքում: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության մեջ «առեւտրային գաղտնիք» հասկացության ներմուծումը եւ պաշտպանության արդյունավետ եղանակների նախատեսումը կներդաշնակեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային առաջատար փորձի հետ, ինչպես նաեւ լրացուցիչ խթան կհանդիսանա օտարերկրյա ներդրումների ներգրավման համար:

Հստակեցվել են բոլոր տեսակի կազմակերպությունների կողմից ֆիրմային անվանումների օգտագործման սահմանափակումները, հատկապես դրանց եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված ապրանքային նշանների նույնական կամ շփոթելու աստիճան նման լինելու դեպքերում: Հստակեցվել են նաեւ ֆիրմային անվանումների շփոթելու աստիճան նմանության որոշման կանոնները: Անկախ վերոգրյալից, օրենսգրքի սույն նախագծի հեղինակները նպատակ չեն հետապնդում առավել կարեւորել ֆիրմային անվանումների դերակատարությունը եւ դրանց պահպանման (պաշտպանության) համար լրացուցիչ իրավունքներ կամ հնարավորություններ չեն նախատեսել։ Անհրաժեշտ է ընդգծել, որ որպես կազմակերպությունների անհատականացման միջոցների պահպանման եւ պաշտպանության առավել արդյունավետ իրավական միջոց քաղաքացիական օրենսդրությունը նախատեսել է ապրանքային նշանների ինստիտուտը։

Նախագծով վերացվել է միեւնույն կամ նմանատիպ նորմերի կրկնողությունը տարբեր իրավական ուժ ունեցող ակտերում, ինչը հստակություն կմտցնի մտավոր սեփականության ոլորտի կարգավորման հարցում եւ կնպաստի հետագա օրենսդրական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Մտավոր սեփականության առանձին բնագավառները կարգավորող օրենքները կլրացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա եւ հատուկ օրենքներում չկրկնվող կարգավորումներով:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխանեցումը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին: Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքի ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցումը միջազգային առաջատար փորձի հետ եւ տվյալ ոլորտում ներդրողների իրավունքների առավել արդյունավետ պահպանման եւ պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովումը լուրջ խթան կհանդիսանա այս ոլորտում Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացման համար եւ առավել գրավիչ կդարձնի Հայաստանի շուկան միջազգային ներդրումների համար։


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքներիի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի N որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթոր Հովհաննիսյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ