Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-256-07.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածից հանել «, հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից :

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է, որ «տոնը» բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր: Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որեւէ հանդիսության նվիրված խնջույքը: Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել եւ ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը: Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները: Օրինակ, մի քանի հազար տարվա հնություն ունեն Նավասարդյան տոները, որ հայ ժողովուրդը հանդիսավորապես նշում էր Բագրեւանդ գավառում, Արածանի գետի ափին: Այն նաեւ պետական տոն էր, որովհետեւ հայոց պետությունը հոգ էր տանում, որ այդ տոնը նշվի պատշաճ մակարդակով: Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ:

Դրանցում արտացոլվում են ազգային նկարագիրը, հայկական ոգուն բնորոշ դրսեւորումները:

Պետական տոները հիմնականում արտահայտում են երկրի եւ ժողովրդի համար պատմական պահերը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է Հայաստանյան  տոնացույցում  միայն  հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ)  եւ Ծննդյան տոներ  նախատեսելով: Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից:

Հայաստանի Հանրաապետությունում  համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, եւ այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը (պաշտոնը) եւ վճարվում է միջին աշխատավարձը:

Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ եւ հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունումը միտված է  պետության սոցիալական-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության  ապահովմանը?

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը եւ պետական մակարդակով նշելուն  եւ կապահովի պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1740-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը:

Հարգանքով`
                                                                                                        ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ