Armenian ARMSCII Armenian
Կ-249-31.01.2018,07.02.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 1. Անվտանգության խորհրդի կարգավիճակը

1. Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:

Հոդված 2. Անվտանգության խորհրդի գործառույթը եւ լիազորությունները

1. Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:

2. Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

3. Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

ԳԼՈՒԽ 2.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Հոդված 3. Անվտանգության խորհրդի անդամները

1. Անվտանգության խորհրդի անդամներն են`

վարչապետը.

առաջին փոխվարչապետը.

փոխվարչապետները.

Անվտանգության խորհրդի քարտուղարը.

պաշտպանության նախարարը.

արտաքին գործերի նախարարը.

ազգային անվտանգության ծառայության տնօրենը.

ոստիկանության պետը.

զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

ԳԼՈՒԽ 3.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 4. Անվտանգության խորհրդի նիստերի կազմակերպումը եւ անցկացումը

1. Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով:

2. Անվտանգության խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին եւ քվեարկել կողմ կամ դեմ քննարկվող հարցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի որոշման:

3. Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:

4. Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրվում են վարչապետի կողմից՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:

5. Անվտանգության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 6 անդամ:

6. Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 7 անդամ:

7. Անվտանգության խորհուրդը լսում եւ ի գիտություն է ընդունում պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ:

8. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը եւ հիմնական զեկուցողներին որոշում է վարչապետը:

9. Անվտանգության խորհրդի անդամներն իրավասու են առաջարկություններ ներկայացնել Անվտանգության խորհրդի օրակարգի վերաբերյալ:

10. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը եւ քննարկվելիք փաստաթղթերն Անվտանգության խորհրդի անդամներին տրամադրվում են, որպես կանոն, նիստից առնվազն 5 օր առաջ:

11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված փաստաթղթերն Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կարող են տրամադրվել վարչապետի հանձնարարությամբ:

12. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու հատուկ կարգը սահմանում է վարչապետը:

13. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն: Սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը:

14. Անվտանգության խորհրդում քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների մասին վարչապետի հանձնարարությամբ կարող է տարածվել պաշտոնական հաղորդագրություն:

15. Անվտանգության խորհրդի նիստերն արձանագրվում են Անվտանգության խորհրդի քարտուղարության կողմից:

ԳԼՈՒԽ 4.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Հոդված 5. Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները, ընդունման կարգը

1. Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ Անվտանգության խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

2. Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ստորագրում են վարչապետը եւ պաշտպանության նախարարը, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ վարչապետը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

3. Անվտանգության խորհրդի խորհրդատվական բնույթի որոշումները քննարկվում են իրավասու մարմիններում եւ դրանցում ամրագրված լուծումներն ըստ անհրաժեշտության կենսագործվում են այդ մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերում:

ԳԼՈՒԽ 5.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 6. Անվտանգության խորհրդի աշխատակարգը

1. Անվտանգության խորհրդի գործունեությանն առնչվող ընթացակարգային հարցերը կարգավորվում են վարչապետի կողմից հաստատված Անվտանգության խորհրդի աշխատակարգով:

Հոդված 7. Անվտանգության խորհրդի քարտուղարը եւ քարտուղարությունը

1. Վարչապետը նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարին:

2. Անվտանգության խորհուրդն ունի քարտուղարություն, որի կանոնադրությունը եւ հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:

3. Վարչապետն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության հանրային ծառայողներին:

4. Անվտանգության խորհրդի քարտուղարը՝

1) կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները.

2) մշակում եւ վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության խորհրդի՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարցերով նիստերի օրակարգի վերաբերյալ.

3) նիստերի նախապատրաստման նպատակով վարչապետի անունից իրավասու է պետական կառավարման համակարգի մարմիններից պահանջել փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն, որն այդ մարմինները պարտավոր են տրամադրել հարցումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ հրատապ դեպքերում՝ հնարավոր սեղմ ժամկետում.

4) անմիջականորեն ղեկավարում եւ վերահսկում է Անվտանգության խորհրդի քարտուղարության, ինչպես նաեւ հանրային ծառայող չհանդիսացող՝ խորհրդի աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց գործունեությունը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության՝ վարչապետի կողմից չնշանակվող հանրային ծառայողներին, իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով ներկայացնում է Անվտանգության խորհուրդը միջազգային կազմակերպություններում.

6) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով հավաքում եւ ամփոփում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը, վարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ Անվտանգության խորհրդին եւ վարչապետին ներկայացնում սույն կետում նշված տեղեկատվության ամփոփագրեր, ինչպես նաեւ առաջարկություններ՝ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ.

7) իրականացնում է Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկում եւ դրանց կատարման վերաբերյալ վարչապետի կողմից սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Անվտանգության խորհրդին եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին.

8) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված դեպքերում եւ կարգով ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի, աշխատանքային խմբերի գործունեությունը.

9) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:

5. Անվտանգության խորհրդի գործունեության խորհրդատվական եւ տեղեկատվական ապահովման համար խորհրդի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ:

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ԳԼՈՒԽ 7.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 9. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարին նշանակելու, Անվտանգության խորհրդի քարտուղարության աշխատակարգը հաստատելու, այն ստեղծելու եւ քարտուղարությունում նշանակումներ կատարելու ժամկետները

1. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարը նշանակվում է վարչապետի՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան նշանակվելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:

2. Անվանգության խորհրդի աշխատակարգը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:

3. Անվտանգության խորհրդի քարտուղարությունը ստեղծվում եւ քարտուղարության հանրային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են օրենքով սահմանված կարգով՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո: