Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-261-09.02.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Պետական նպաստի տրամադրումը

1. Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական նպաստ տրամադրող մարմնին (այսուհետ` տարածքային կենտրոն):

2. Դիմողը տարածքային կենտրոնում հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները եւ ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:

3. Պետական նպաստը, սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, տրամադրում (նշանակում եւ դրա վճարումը կազմակերպում) է տարածքային կենտրոնը:

4. Տարածքային կենտրոնը, քաղաքացու դիմումը եւ կից փաստաթղթերն ստանալու պահից հնգօրյա ժամկետում ընդունում է որոշում նպաստ նշանակելու կամ նպաստի նշանակումը մերժելու մասին:

Նպաստի նշանակման դեպքում դիմողը պատշաճ գրավոր ձեւով տեղեկացվում է նպաստի վճարման ժամկետների, վճարող կազմակերպության եւ վճարման կարգի մասին, իսկ մերժման դեպքում՝ մերժման պատճառների մասին:

Եթե նպաստի նշանակումը մերժվում է դիմումում եւ (կամ) կից փաստաթղթերում առկա թերությունների պատճառով, ապա դիմողին տրվում է նպաստի գործում առկա թերությունները վերացնելու եւ այն կրկին ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ, որի տեւողությունը սահմանմում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նպաստի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական եւ դատական կարգով:

5. Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման եւ վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության մեթոդական ղեկավարում ու վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ սահմանած կարգով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստանում է պետական նպաստ նշանակելու (ընտանիքի սոցիալական գնահատման) համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ»:

Հոդված 2. Օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված» բառակապակցությունը:

Հոդված 3. Օրենքի 23.2-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի 23.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

3. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում՝

1) «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տրված երեխայի ծննդյան վկայականը:

2) Վաղաժամ ծննդաբերության, այդ թվում երեխայի մահացած ծնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետոււթյան համապատասխան բժշկական հաստատության կամ բժշկի կողմից տրված սահմանված ձեւի փաստաթուղթը, իսկ օտարերկրյա պետությունում վաղաժամ ծննդաբերության, այդ թվում երեխայի մահացած ծնվելու դեպքում՝ այդ պետության համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված եւ տվյալ պետությունում, կամ տվյալ պետությանը սպասարկող այլ պետությունում (հյուպատոսական տարածաշրջանում) գործող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կողմից վավերացված փաստաթուղթը:

Եթե չաշխատող կինը ծննդաբերում է (այդ թվում վաղաժամ) Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մեջ չգտնվող օտարերկրյա պետության տարածքում, ապա այդ պետության բժշկական հաստատության տված ծննդաբերության (վաղաժամ ծննդաբերության) վերաբերյալ փաստաթուղթը կարող է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան պետական գրանցման եւ մայրության նպաստի նշանակման հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վավերացվելուց (ապոստիլ դրվելուց) հետո:

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու դիմումի բովանդակությունը եւ դիմումին կից այլ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 5. 23.1. հոդվածի 5-րդ մասից հանել «հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով» բառակապակցությունը, փոխարենը ավելացնել՝ «բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե համապատասխան օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացին օժտված է նույնպիսի իրավունքով»:

Հոդված 6. Օրենքի 23.2.-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Մայրության Նպաստ ստանալու իրավունքը դադարում է, եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված ժամկետում ու կարգով պատշաճ տեղեկացված նպաստառուն համապատասխան բանկին չի ներկայացնում միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի հիման վրա բացված իր բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարը դուրս գրելու կարգադրություն»:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «12 ամսվա ընթացքում» բառերից հետո ավելացնել՝ «սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տեղեկացված» բառակապակցությունը:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված ժամկետում ու կարգով պատշաճ տեղեկացված նպաստառուն համապատասխան բանկին չի ներկայացնում միանվագ դրամական վճարների հաշվի պայւմանագրի հիման վրա բացված իր բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարը դուրս գրելու կարգադրություն»:

Հոդված 9. Օրենքի 28.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N1179-Ն որոշումը:

Հոդված 11. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվա տասներորդ օրը:

Հիմնավորում

Մայրության նպաստը պետական նպաստների համակարգ է մուտք գործել 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված եւ 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2014 թվականի դեկտեմբերի 1-ին կատարված լրացմամբ: Նորամուծությունը ներկայացվեց որպես ՀՀ Սահմանադրությամբ եւ Օրենքով ամրագրված ծնելիության ու բազմազավակության խթանմանը եւ ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված պետական միջոցառում:

Ընդհանուր առմամբ մայրության նպաստի սահմանումը վերոնշյալ պետական ծրագրերի իրագործման տեսանկյունից կարելի է դրական քայլ համարել, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ պետական նպաստի տվյալ տեսակից օգտվելու հնարավորություն ընձեռվեց նաեւ չաշխատող կանանց:

Այդուհանդերձ, իրականում արվածն ընդամենը կես քայլ էր, քանի որ Օրենքում, եւ հատկապես դրա՝ չաշխատող կանանց վերաբերյալ դրույթներում առկա են որոշ էական բացթողումներ եւ դիտարկվող նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը անտրամաբանական ու անարդարացի սահմանափակող պայմաններ, որոնք ստվերում են պետական նպաստի այս տեսակի նպատակային նշանակությունը: Այսպես՝

1. Օրենքի 23.1-րդ եւ 23.2-րդ հոդվածներով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N1179-Ն որոշմամբ հաստատված՝ «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու եւ վճարելու կարգ»-ով (այսուհետ՝ «Կարգ») չաշխատող անձանց մայրության նպաստի իրավունքը պայմանավորող տարաբնույթ պարտադիր հիմքերի շարքում նախատեսում են նաեւ նրանց Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայրի հասցեով հաշվառված լինելը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիր ունենալը:

Ընդ որում, Օրենքի 23.2-րդ հոդվածի 3-րդ կետում իմպերատիվ կարգով ամրագրված է, որ երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում: Ճիշտ է, նույն կետով Կառավարությանը վերապահված է տվյալ դրույթրից բացառություններ սահմանելու իրավունք, սակայն ՀՀ կառավարությունը բավարարվել է ընդամենը մեկ աննշան բացառությամբ՝ եթե հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել մինչեւ հղիության 12 շաբաթական ժամկետը, (տես՝ «Կարգ»-ի 8-րդ կետը):

Վեր թվարկված պայմանների ուժով մայրության նպաստ ստանալ չեն կարող այն չաշխատող կանայք, որոնք՝

ա) մշտապես կամ Օրենքով սահմանված որոշակի տեւողությամբ փաստացի, սակայն առանց հաշվառման բնակվում են Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայրի հասցեում.

բ) հեռավոր գյուղական բնակավայրերում բնակվելու հետ կապված դժվարությունների, որոշ նահապետական ավանդույթների, անիրազեկության կամ տարաբնույթ այլ հանգամանքների բերումով չեն հաճախել համապատասխան բժշկական հաստատություններ եւ չեն ստացել ծննդօգնության հավաստագիր.

գ) հղիության ու ծննդաբերության ժամանակաշրջանում գտնվել են արտասահմանում (անգամ եթե Հայաստանից նրանց բացակայությունը եղել է իրավաչափ կամ ունեցել է այլ հարգելի պատճառներ), որի հետեւանքով չեն ստացել ծննդօգնության հավաստագիր:

Գործող իրավակարգավորումից հետեւում է, որ, կարծես թե, չաշխատող անձանց համար նախատեսված մայրության նպաստի բուն նպատակն է խթանել ոչ թե ծնելիությունն ու բազմազավակությունը, այլ որոշակի փաստաթղթեր ստանալն ու ներկայացնելը: Հավուր պատշաճի կարեւորելով Հղիության ու ծննդաբերության անվտանգության ապահովման եւ առողջ երեխայի լույս աշխարհ գալու գործում կնոջ առողջապահության կենտրոններ կամ կանանց կոնսուլտացիաներ հաճախելու եւ անվճար բուժօգնություն ստանալու նշանակությունը, այնուհանդերձ գտնում ենք, որ այդ գործառույթը պետք է ապահովվի բացառապես բացատրական-քարոզչական միջոցառումներով, այլ ոչ թե նյութական սանկցիայի (մայրության նպաստից զրկելու) սպառնալիքով: Մայրության նպաստի նախատեսումը Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակից բխեցնելու պարագայում գլխավոր իրավաբանական փաստ պետք է դիտվի երեխայի ծնունդը եւ կնոջ մայրանալը:

Հետեւաբար, մայրության նպաստի նշանակման համար վճռորոշ հիմք պետք է լինի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան տրված երեխայի ծննդյան վկայականը, իսկ երեխայի վաղաժամ (այդ թվում մահացած) ծնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանքը: Եթե ՀՀ քաղաքացին ծննդաբերում է արտասահմանում գտնված ժամանակ, ապա երեխայի ծննդյան վերաբերյալ հիշյալ փաստաթղթերը, համաձայն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ա) եւ դ) կետերի, տալիս է Հայաստանի Հանրապետության՝ տվյալ արտասահմանյան պետությունում գործող կամ մեկ այլ պետությունում Հայաստանի Հանարապետությանը սպասարկող հյուպատոսական հիմնարկը:

Փոքր ինչ բարդ է խնդիրն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին ծննդաբերում է Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների մեջ չգտնվող երկրում: Նման դեպքերում օտարերկրյա պետության բժշկական հաստատության (որտեղ ծննդաբերել է ՀՀ քաղաքացի կինը) կողմից տրված տեղեկանքը, կարող է մայրության նպաստի նշանակման հիմք ծառայել՝ դրա հավաստիությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների (Արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Սփյուռքի նախարարության եւ այլն) կողմից հանգամանալի ստուգվելուց եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացվելուց (ապոստիլ դրվելուց) հետո:

Վերը նշված տրամաբանությամբ ճիշտ չպետք է համարել նաեւ չաշխատող կանանց մայրության նպաստի նշանակումը անվերապահորեն նրանց՝ ՀՀ որեւէ բնակավայրի հասցեում հաշվառված լինելու հանգամանքով պայմանավորելը: Այս պայմանը, թերեւս, կիրառելի կարող է լինել միայն այն կատեգորիայի անձանց նկատմամբ, որոնց հաշվառված լինելը օրենքով պարտադիր է: Մնացած դեպքերում նպաստի նշանակման համար հիմք կարող է ծառայել նաեւ անձի փաստացի բնակության հասցեն, ուստի եթե անձը հաշվառում չունի, ապա կարող է ներկայացնել տեղեկանք իր փաստացի բնակության վայրից:

2. Լիովին արդարացված համարելով ինչպես մայրության նպաստի, այնպես էլ երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի դադարեցումն այն դեպքերում, երբ նպաստառուն սահմանված ժամկետում համապատասխան բանկին չի ներկայացնում միանվագ դրամական վճարների հաշվի պայւմանագրի հիման վրա բացված իր բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարը դուրս գրելու կարգադրություն, գտնում ենք սակայն, որ զանազան թյուրիմացություններից զերծ մնալու համար, այդ պայմանը Օրենքով պետք է ապահոագրվի նպաստը նշանակած տարածքային կենտրոնի կողմից նպաստառուին՝ նպաստի նշանակման, վճարման ժամկետների եւ վճարող բանկի մասին պատշաճ ծանուցվելու (նպաստի նշանակման մասին որոշումն առձեռն հանձնելու կամ պատվիրված փոստով եւ հանձնման- ստացման ծանուցագրով առաքելու) պարտականությամբ:

3. Օրենքում պետք է հստակորեն ամրագրվի իրավասու մարմնի կողմից պետական նպաստի նշանակումը մերժվելու դեպքում՝ մերժման վերաբերյալ որոշումը վարչական եւ դատական կարգով բողոքարկելու նպաստառուի (շահառուի) իրավունքը:

4. Պետական բյուջեի միջոցների խնայողաբար ու նպատակացլաց օգտագործման շահերից, ինչպես նաեւ միջպետական հարաբերություններում հավասարության ու հակակշռելության սկզբունքներից ելնելով, անհրաժեշտ ենք համարում ղեկավարվել միջազգային իրավունքում տարածում ստացած փոխադարձության կանոնով, եւ ըստ այդմ, մայրության նպաստի իրավունքով օժտել Հայաստանի Հանրապետությունում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներն օժտված նույնպիսի իրավունքով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
պարոն Արա Բաբլոյանին


Հարգելի՛ պարոն Բաբլոյան,


Ձեզ եմ ուղարկում «Հայաստանի Հանրապետության օրենքը «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խնդրում եմ այն սահմանված կարգով եւ ժամկետներում դնել շրջանառության մեջ:
 

Հարգանքով՝

Գեւորգ Գորգիսյան
«ԵԼՔ» խմբակցության քարտուղար