Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11041-21.03.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք)`

1. 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 16-րդ մասով.

«16) կոնցեսիոների (օպերատորի) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշների համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագիր որակված գործարքի պայմանների շրջանակներում  կոնցեդենդին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաեւ կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը:

Սույն օրենքի իմաստով`

ա. կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու եւ (կամ) սպասարկելու նպատակով,

բ. կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում իրավաբանական անձ հանդիսացող ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու եւ (կամ) այն բարելավելու նպատակով եւ որը շահագործում եւ (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում:

2. 26-րդ հոդվածի 2-րդ կետում «7-րդ հոդվածի 3-րդ կետով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ եւ 16-րդ կետերով» բառերով:

3. 27-րդ հոդվածի վերջին պարբերությունում «7-րդ հոդվածի 3-րդ կետով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ եւ 16-րդ կետերում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում 2011 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջաններում կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենդին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաեւ կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը կհամարվեն ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտ չհամարվող գործարքներ, եթե այդ համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) եւ կոնցեդենտի (շնորհատուի) կողմից սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 90-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշների համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որավեն որպես կոնցեսիայի պայմանագրեր:

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջաններում, ինչպես նաեւ մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջաններում կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը համարվում են ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ, եւ հարկային պարտավորությունների վերահաշվարկներ չեն կատարվում:

Հիմնավորում

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը բխում է` ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշների համաձայն, Հ Հ կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում`

ա) կոնցեդենտից (շնորհատուից) ստացվող` հանրային ծառայությունների ենթակառուցվածքների շահագործման իրավունքը կոնցեսիոների (օպերատորի) մոտ շահութահարկով հարկման նպատակով որպես ոչ նյութական ակտիվ հաշվառելու եւ դրա գծով ամորտիզացիոն մասհանումների կատարումը թույլատրելու համար օրենսդրական հիմքերի ձեւավորման քաղաքականությունից,

բ) կոնցեսիոների (օպերատորի) կողմից իրականացվող` կոնցեդենդին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաեւ կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չդիտարկելու համար օրենսդրական հիմքերի ձեւավորման քաղաքականությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս`

ա) կոնցեդենտից (շնորհատուից) ստացվող հանրային ծառայությունների ենթակառուցվածքների շահագործման իրավունքը կոնցեսիոների (օպերատորի) մոտ շահութահարկով հարկման նպատակով որպես ոչ նյութական ակտիվ հաշվառելու եւ դրա գծով ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հետ կապված հարաբերություններն օրենսդրորեն կարգավորված չեն,

բ) կոնցեսիոների (օպերատորի) կողմից իրականացվող` կոնցեդենդին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաեւ կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցման գործարքները հարկվում են ավելացված արժեքի հարկով:

Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ կոնցեսիոների (օպերատորի) համար ստեղծված են հարկման ոչ արդարացի պայմաններ` հաշվի առնելով այն, որ`

ա) սահմանափակված են ոչ նյութական ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորությունները,

բ) հարկային բեռը ավելացված արժեքի գծով անհիմն ձեւով բարձրանում է, քանի որ կոնցեսիոները (օպերատորը) չունենալով ավելացված արժեքի հարկի գծով հաշվանցումներ կատարելու իրավունք` կրում է ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը հիմնված է հարկման արդարության ու հավասարության սկզբունքների վրա:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծերի փաթեթի կարգավորման նպատակը կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում գործող կոնցեսիոներների (օպերատորների) համար հարկման հավասար պայմանների ձեւավորումն է:

5. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում գործող կոնցեսիոներների (օպերատորների) համար կձեւավորվեն հարկման հավասար պայմաններ: