Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-270-19.02.2018-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-5 հոդվածի

ա) 2-րդ կետում «չփակցնելը» բառից հետո ավելացնել՝ «եթե դա պայմանավորված չէ տվյալ պահին անհաղթահարելի հանգամանքներով»:

բ) 4-րդ կետում «համարանիշ» բառը փոխարինել «համարանիշներ» բառով:

գ) 4-րդ կետից հետո ավելացնել 4ա կետը՝ «4.ա. Զույգ համարանիշների դեպքում առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց վարելը, եթե դա պայմանավորված չէ տվյալ պահին անհաղթահարելի հանգամանքներով, առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»:

դ) 13-րդ կետը շարադրել հետեւյալ կերպ. «Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշների, կամ առանց մեկ համարանիշի (զույգ համարանիշների դեպքում), եթե այդ համարանիշները (համարանիշը) ամրացված չեն (չէ) դրա համար նախատեսված տեղում եւ ընթերնելի չեն (չէ), ինչպես շարժման ընթացքում այնպես էլ կանգնած ժամանակ):»:

Հոդված 2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի
ա) 15-րդ կետից հանել «ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելը» բառերը:

բ) ավելացնել 15.1 կետը՝ «Վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր, ծխախոտ եւ այլ առարկաներ նետելը ՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

գ) 19-րդ կետում «կանոնները» բառից հետո ավելացնել «ժամը 7:00-23:00 միջակայքում»:

դ) 19-րդ կետի վերջից ավելացնել «նույն խախտումը ժամը 23:00-7:00 կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

Հոդված 3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետում «նախազգուշացում» բառի փոխարեն ավելացնել «տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Վարչական իրավախախտումների վերաբերյա Հայաստանի հանրապետության օրենսգրքի 123-5 հոդվածի 2-րդ կետում նշված է, որ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը պարտադիր կերպով առաջացնում է տուգանքի նշանակում: Սակայն իրականում լինում են այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներ, երբ համարանիշը սահմանված տեղում փակցնելը տվյալ պահին անհնար է, անհաթհարելի հանգամանքներից ելնելով: Հետեւապես անհրաժեշտություն է ծագում այդպիսի դեպքերի պարագայում նախատեսել տուգանքից ազատման հնարավորություն:

Նույն հոդվածի 4-րդ կետում նշվում է, որ առանց հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցներ վարելը պարտադիր առաջացնում է տուգանքի նշանակում: Այդ հոդվածի ձեւակերպումը հակասության մեջ է մտնում «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի 1-ն մասի Ը) կետի դրույթների հետ, որը հիմք է հանդիսացել վարչական իրավախախտման համար տուգանքի նշանակման համար: Մասնավորապես ՃԵԱԱ մասին օրենքը արգելում է տրանսպորտային միջոցի երթեւեկությունը, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց հաշվռման համարանիշների, այսինքն, եթե բացակայում են բոլոր համարանիշները: Այս անհամապատասխանությունը վերացնելու համար ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123-5 հոդվածի 4-րդ կետում «համարանիշ» բառը անհրաժեշտ է փոխարինել «համարանիշներ» բառով: Նշենք, որ այս փոփոխությունը ունի մեծ իմաստային նշանակություն, քանի որ եթե վարորդը իր տրանսպորտայից միջոցից հանել է բոլոր համարանիշները, ինչի մասին խոսվում է ՃԵԱԱ մասին օրենքում, ենթադրվում է, որ դա արված է հատուկ միտումով: Սակայն, եթե տրանսպորտային միջոցից զույգ համարանիշների դեպքում բացակայում է մեկը՝ ապա դա կարող է լինել վթարի, կամ պատահարի հետեւանք եւ վարորդի կողմից միտում չպարունակի: Բացի այդ, մեկ համարանիշի բացակայությունը կարող է լինել անհաղթահարելի հանգամանքների հետեւանք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում տրանսպորտային միջոցներից թափվում է մեծ քանակությամբ աղբ , որի դեմ կառավարությունը սկսել է լայնածավալ պայքար անհրաժեշտություն է ծագում ավելացնել տրասնպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելու համար նախատեսված տուգանքի չափը, օրենքում հատուկ նշելով ծխախոտը նետելու հանգամանքը: Բացի այդ ՃԵԱԱ մասին օրենքի հոդված 23-ում արգելվում է «աղտոտել ճանապարհի ծածկույթը» եւ սույն ձեւակերպումը նույնպես անհրաժեշտ է ներմուծել ՎԻՎ օրենսգրքում:

Հաշվի առնելով այն, որ բնակավայրերում զանգվածային կերպով խախտվում է ՃԵԿ-ի հոդված 136-ի ձայնային ազդաննշանների վերաբերյալ պահանջները, հատկապես գիշերային ժամերին, խախտելով քաղաքացիերի հանգիստը, անհրաժեշտություն է առաջացել գիշերային ժամերին ձայնային անտեղի ազդանշանների կիրառման համար կրկնապատկել սահմանված տուգանքի չափով:
Առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն վարորդների հանդեպ ավելի արդարացի վերաբերմունքի, միարժամանակ կնպաստեն ճանապարհների եւ փողոցների մաքրության պահպանմանը, ինչպես նաեւ քաղաքացիների գիշերային հանգստի ապահովմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
03/18
16.02.2018

Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
պարոն Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանդրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացնում եմ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացնում եմ օրենքի ընդունման հիմնավորումը եւ գործող օրենսգրքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:



Հարգանքով`
Հ. Բաբուխանյան