Armenian ARMSCII Armenian
Կ-2321-21.12.2017,23.02.2018-ՖՎ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածի 2-րդ մասում «հրապարակային ներդրումային ֆոնդերին,» բառերից հետո լրացնել «բոլոր տեսակի արժեթղթավորման ֆոնդերին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ներդրումային ֆոնդ` իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրերի կամ նմանատիպ այլ պայմանագրերի հիման վրա ձեւավորված ակտիվների համախումբ, որն ստեղծվել, գործում կամ օգտագործվում է` ներդրողներից միջոցները հավաքագրելու եւ դրանք միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում կամ այլ ակտիվներում կոլեկտիվ ներդրումներ իրականացնելու նպատակով (այսուհետ՝ ֆոնդ):

Այս չափանիշներին համապատասխանող իրավաբանական անձը կամ ակտիվների համախումբը համարվում է ներդրումային ֆոնդ անկախ այն հանգամանքից, թե  իր հիմնադիր փաստաթղթերում կամ առաջարկի փաստաթղթերում բնութագրվում է որպես «ներդրումային ֆոնդ», թե ոչ, ինչպես նաեւ անկախ նրանից, թե սահմանված նպատակը կամ գործունեությունն իրականում տվյալ իրավաբանական անձի (ակտիվների համախումբը կառավարող անձի) կողմից իրականացվել է, թե ոչ :

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն կետով նախատեսված գործունեությունը որպես անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակ կամ հիմնական նպատակներից մեկը գնահատելու չափանիշներ:

«Ֆոնդ» հասկացության մեջ չեն ընդգրկվում`

ա. բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, վարկային կազմակերպությունը,

բ. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Երաշխավորման ֆոնդը, ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդը,

գ. պետության կողմից կամ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում ներդրումներ կատարող կազմակերպությունները,

դ. խումբը, հոլդինգը կամ նմանատիպ այլ անձը, որի հիմնական գործունեությունը ապրանքների արտադրությունը կամ ծառայությունների մատուցումն է (բայց ոչ ներդրումներն անշարժ գույքում), եւ որի կողմից արժեթղթերում ներդրումները պայմանավորված են գերազանցապես դրանք թողարկած անձանց կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու կամ դրանց վրա էապես ազդելու նպատակով: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն ենթակետով նախատեսված դրույթները մանրամասնող չափանիշներ.»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) վերնագրում «կենսաթոշակային ֆոնդ» բառերից հետո լրացնել «, «արժեթղթավորման ֆոնդ»» բառերը,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Արգելվում են Կենտրոնական բանկում համապատասխան գրանցում չունեցող անձանց կողմից «ներդրումային ֆոնդ»,«կենսաթոշակային ֆոնդ» կամ «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների, դրանց հոլովված ձեւերի, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունների, թարգմանությունների կամ դրանց զուգորդությունների, ինչպես նաեւ գործարար ավանդույթի շրջանակներում ֆոնդերի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն բնութագրող անվանումների օգտագործումը իրենց անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որեւէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ» կամ «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների, դրանց ածանցյալների կամ նշված անվանումների օգտագործման իմաստից չի բխում, որ խոսքը չի վերաբերում ներդրումային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի եւ արժեթղթավորման ֆոնդի` սույն օրենքով եւ (կամ) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեությանը, եւ եթե նման օգտագործման իրավունքը չի վերապահվել օրենքով կամ միջազգային պայմանագրով:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «իսկ» բառից հետո լրացնել «արժեթղթավորման ֆոնդերի,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝

«Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը չեն կիրառվում արժեթղթավորման ֆոնդի փայերի (բաժնետոմսերի, մասնակցության վկայագրերի) նկատմամբ, եթե արժեթղթավորման ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսվում է, որ ֆոնդի փայերը (բաժնետոմսերը, մասնակցության վկայագրերը) ենթակա են տեղաբաշխման նախաձեռնողների, կառավարչի կամ նախապես սահմանված այլ անձանց միջեւ:»

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Արժեթղթավորման ֆոնդի հաշվին կարող են կատարվել նաեւ ֆոնդի թողարկած արժեթղթերի վարկանշման, արժեթղթերի գծով պարտավորությունների կատարման երաշխիքի կամ երաշխավորության ձեռքբերման կամ ակտիվների ապահովագրության, վարկային գրավչության այլ տեսակների հետ կապված ծախսերը. եթե դրանք նախատեսված են ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ)»:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 մասով՝

«2.1. Արժեթղթավորման ֆոնդի թողարկած տարբեր դասի փայերը, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հատկանիշների, կարող են տարբերվել նաեւ ֆոնդի եկամուտների մեջ մասնաբաժնով, ֆոնդի դադարման (լուծարման) ժամանակ զուտ ակտիվների մեջ մասնաբաժնով եւ(կամ) ստացվող վճարումների հերթականությամբ:»

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում «ամիսը մեկ անգամից պակաս լինել» բառերը փոխարինել «պակաս լինել տարին մեկ անգամից՝ արժեթղթավորման ֆոնդի դեպքում, եւ ամիսը մեկ անգամից՝ այլ ֆոնդերի դեպքում»:

Հոդված 9. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) ակտիվների խմբում մեկ նախաձեռնողի մասնակցության առավելագույն չափը:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: