Armenian ARMSCII Armenian
Կ-271-19.02.2018,05.03.2018-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-10-րդ մասերով.

«4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց, ինչպես նաեւ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իրականացնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Կարգավորող մարմիններ) հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:

5. Կարգավորող մարմինները գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք ներկայացնում են Հանձնաժողով՝ կարծիքի:

6. Կարգավորող մարմինները եւ Հանձնաժողովը կնքում են համագործակցության հուշագիր, որով կարգավորվում են՝

ա) մրցակցության պաշտպանության խնդիրների հետ կապված համագործակցության ուղղություններն ու ընթացակարգերը.

բ) Հանձնաժողովի ու Կարգավորող մարմինների միջեւ տեղեկատվության, այդ թվում՝ տնտեսական մրցակցության խնդիրների վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը.

գ) այն դեպքերը, երբ Հանձնաժողովն ու Կարգավորող մարմինները իրականացնում են իրենց իրավասությունները Կարգավորող մարմինների կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ.

դ) ոլորտում մրցակցության պաշտպանության վերաբերյալ սույն հոդվածով նախատեսված, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ հարցեր:

7. Սույն հոդվածով նախատեսված ոլորտներում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Կարգավորող մարմիններին:

8. Հանձնաժողովը ձեռնպահ է մնում տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված որեւէ միջամտությունից, եթե Կարգավորող մարմինները Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում են, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է Կարգավորող մարմիններին, եւ Կարգավորող մարմինները իրականացնում են օրենքով սահմանված գործառույթներ:

Հանձնաժողովը սույն հոդվածով սահմանված կարգով կարող է արտահայտել դիրքորոշում, իսկ վերջնական որոշումն ընդունում են Կարգավորող մարմինները:

9. Կարգավորող մարմինները ձեռնարկվող միջոցառումների ընթացքում Հանձնաժողովին պետք է օրենքով սահմանված շրջանակներում հնարավորություն ընձեռեն ներկայացնելու իր դիրքորոշումը: Կարգավորող մարմինները պարտադիր անդրադառնում են Հանձնաժողովի կողմից բարձրացված բոլոր հարցերին եւ արտահայտած դիրքորոշումներին՝ նշելով դրանք ընդունելու կամ չընդունելու հիմնավորումները:

Կարգավորող մարմիններն իրենց վերջնական դիրքորոշման կամ որոշման մեջ պետք է հիշատակեն Հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաեւ այն չընդունելու դեպքում՝ դրա հիմնավորումները:

Սույն մասով սահմանված կարգով Հանձնաժողովի կողմից դիրքորոշում չներկայացվելու դեպքում Կարգավորող մարմինների որոշումները կամ դիրքորոշումները ընդունվում են առանց Հանձնաժողովի կարծիքի:

10. Սույն հոդվածի 5-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով սահմանված ընթացակարգը չի կիրառվում այն բացառիկ դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նպատակ ունի կանխել ֆինանսական կայունությանն ու գների կայունությանն սպառնացող հնարավոր վտանգը կամ արձագանքել դրան, ֆինանսական կազմակերպությանը ճանաչում է անվճարունակ կամ սնանկ, իրականացնում է ֆինանսական կազմակերպության կամ դրա մասնակցի բաժնեմասի կամ բաժնետոմսի հարկադիր օտարում, իրականացնում է ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, հարկադիր վաճառք կամ լուծարում:

Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված համագործակցության հուշագրով կարող են սահմանվել նաեւ այլ բացառիկ դեպքեր:

Կարգավորող մարմինները սույն մասով նախատեսված որոշումներն ընդունելուց հետո այդ մասին տեղեկացնում են Հանձնաժողովին, եթե դրանք չեն պարունակում բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածից հանել 2-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի`

1. «ապրանքային շուկա» հասկացությունը «հնարավորություններով» բառից առաջ լրացնել «կամ այլ» բառերով, «նպատակահարմարությամբ» բառից հետո` «եւ դրա սահմաններից դուրս այդպիսի հնարավորությունների եւ նպատակահարմարության բացակայությամբ» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.

2. «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունից հանել «, առեւտրային ցանց» բառերը.

3. «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձ` տնտեսվարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամ կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար անձ.»:

4. «առեւտրային օբյեկտ» հասկացությունից հանել «վերջնական» բառը.

5. «առեւտրային ցանց» հասկացության «առեւտրային նշանի» բառերը փոխարինել «ապրանքային նշանի» բառերով.

6. «գնի չհիմնավորված պահպանում» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«խտրական պայմաններ` ապրանքային շուկա մուտք գործելու, արտադրության, փոխանակման, սպառման, իրացման կամ ապրանքի այլ կերպ փոխանցման պայմաններ, որոնք տնտեսվարող սուբյեկտի կամ սպառողի համար ստեղծում են անհավասար դրություն այլ տնտեսվարող սուբյեկտի կամ սպառողի համեմատությամբ.

մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հատկանիշներ` անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատում, ապրանքի գնի բարձրացում կամ իջեցում, որոնք կապված չեն ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների համապատասխան փոփոխությունների հետ, անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններից հրաժարում, ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանում տնտեսվարող սուբյեկտների միջեւ հակամրցակցային համաձայնությունների արդյունքում կամ այլ անձի կողմից տրված` նրանց համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներին համապատասխան կամ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցման արդյունքում, այլ հանգամանքներ, որոնք տնտեսվարող սուբյեկտի համար հնարավորություն են ստեղծում միակողմանիորեն ազդել ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաեւ պետական մարմինների եւ (կամ) դրանց պաշտոնատար անձանց կողմից ապրանքների կամ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջների սահմանումը.

տնտեսական գործունեության համակարգում՝ տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցում այն ֆիզիկական անձի, տնտեսվարող սուբյեկտի կամ պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի կողմից, որը այդ տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկի հետ չի ընդգրկվում անձանց խմբում եւ գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում, որում իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումը.

ուղղակի վերահսկողություն՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորություն, որը դրսեւորվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի գործառույթների իրականացման, իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու իրավունքի ձեռքբերման եւ (կամ) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը կազմող բաժնետոմսերով (բաժնեմասերով) տրվող ձայների ընդհանուր թվի 50 տոկոսից ավելի ձայների տնօրինման միջոցով.

անուղղակի վերահսկողություն՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունը այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի ուղղակի վերահսկողություն տվյալ իրավաբանական անձի նկատմամբ.»:

7. «անձանց խումբ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

8. «վարչական (իրավական ակտի) կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում» հասկացության չորրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունը ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը հետ է վերադարձվում, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված Հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am հասցեում եւ (կամ) իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության եւ դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություն հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել նոր` 4.1-ին հոդվածով.

« ՀՈԴՎԱԾ 4.1. ԱՆՁԱՆՑ ԽՈՒՄԲԸ

1. Անձանց խումբը իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջեւ փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն եւ որոնց նկատմամբ բավարարվում է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը՝

1) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

2) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

3) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձեւով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

4) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձեւով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

5) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը եւ (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին եւ (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

6) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները եւ (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին եւ (կամ) ընտրվել է այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին,

7) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները,

8) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները,

9) կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միեւնույն ֆիզիկական անձինք են,

10) ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առեւտրային օբյեկտները գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո,

11) ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը,

12) ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով անձանց խումբ է կազմում միեւնույն անձի հետ, ինչպես նաեւ այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով տվյալ անձանցից որեւէ մեկի հետ անձանց խումբ են կազմում,

13) կազմակերպությունը, ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 5-րդ հոդվածում`

1. 2-րդ մասի 2-րդ կետում «ձեռք բերող» բառերից հետո լրացնել «կամ հնարավոր իրացնող կամ ձեռք բերող» բառերով.

2. 2-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

3. 3-րդ մասում`

1) «վերաբերում են» բառը փոխարինել «կարող են մասնավորապես վերաբերել» բառերով.

2) 6-րդ կետը «կրճատմանը» բառից հետո լրացնել «կամ դադարեցմանը» բառերով.

3) 7-րդ կետը «(խեղաթյուրմանը)» բառից հետո լրացնել «կամ ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը».

4) 10-րդ կետը «որոնք» բառից հետո լրացնել «տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված չեն եւ անշահավետ են նրա համար կամ» բառերով:

5) 11-րդ կետի «պայմանների» բառից հետո լրացնել «կամ վարքագծի» բառերով.

4. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1) որոշակի իրացնողների կամ ձեռքբերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.».

5. 4-րդ մասում հանել «կամ խառը» բառերը, իսկ «վերաբերում են» բառը փոխարինել «կարող են մասնավորապես վերաբերել» բառերով.

6. 4-րդ մասի 5-րդ կետը «(որոնք)» բառից հետո լրացնել «տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված չէ (չեն) եւ անշահավետ է (են) նրա համար կամ» բառերով.

7. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) որոշակի իրացնողների կամ ձեռքբերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.»:

8. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Հակամրցակցային համաձայնություն չեն համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց համաձայնությունները, եթե այդ համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը համապատասխան ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը.

2) անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունները, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներից մեկն ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն է սահմանել տնտեսվարող մյուս սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաեւ եթե այդ տնտեսվարող սուբյեկտները գտնվում են մեկ անձի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ, բացառությամբ այնպիսի տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունների, որոնք իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակ իրականացումը անձանց խմբում ընդգրկված մի քանի տնտեսվարող սուբյեկտի կողմից չի թույլատրվում օրենքով։»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 5.1. ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

1. Հանձնաժողովի կողմից հակամրցակցային համաձայնություն որակված ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները Հանձնաժողովի որոշմամբ թույլատրվում են, եթե դրանցով տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ չեն այդ համաձայնությունների նպատակներն իրականացնելու համար եւ չեն ստեղծում համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակման, կանխման եւ (կամ) արգելման հնարավորություն, եւ եթե տնտեսվարող սուբյեկտները ապացուցում են, որ նման համաձայնությունները նպաստում են կամ կարող են նպաստել՝

1) ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործմանը կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացը խթանելուն կամ համաշխարհային ապրանքային շուկայում անդամ պետություններում արտադրված ապրանքների մրցունակության բարձրացմանը.

2) համապատասխան անձանց կողմից նման գործողությունների իրականացման արդյունքում ձեռք բերվող առավելությունների (օգուտների) համապատասխան մասի ստացմանը սպառողների կողմից։

2. Հանձնաժողովն իրավասու է տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները որոշմամբ թույլատրելու հետ մեկտեղ սահմանել պարտադիր կատարման ենթակա հանձնարարություններ եւ (կամ) պայմաններ:

3. Հանձնաժողովն իրավասու է ուժը կորցրած ճանաչել տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունը թույլատրելու վերաբերյալ որոշումը, եթե Հանձնաժողովի կողմից հետագայում ձեռք բերված ապացույցներով հաստատվի, որ այդ որոշումն ընդունվել է ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա կամ եթե տնտեսվարող սուբյեկտը չի կատարել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հանձնարարությունները կամ չի պահպանել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 5.2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Արգելվում է տնտեսական գործունեության այնպիսի համակարգումը, որը հանգեցնում է եւ (կամ) կարող է հանգեցնել`

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների կիրառմանը կամ պահպանմանը.

2) աճուրդների, սակարկությունների, գնումների կամ մրցույթների ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների իրացման կամ ձեռքբերման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների կազմի.

4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը.

5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն.

6) ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը՝ բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.

7) գնորդի` այն տնտեսվարող սուբյեկտի ապրանքը չվաճառելու պարտավորությանը, որը վաճառողի մրցակիցն է։ Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից՝ ապրանքային նշան կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության վրա.

8) այլ եղանակներով մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 6-րդ հոդվածում`

1. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը կամ

2) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:»:

2. 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» կետով.

«ա.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը կամ կիրառումը, որի հետեւանքով ստեղծվում են կամ կարող են ստեղծվել անհավասար մրցակցային պայմաններ.».

2. «գ» կետի «կրճատումը» բառից հետո լրացնել «կամ դադարեցումը» բառերով, իսկ «փչացնելու» բառից հետո լրացնել «կամ» բառով.

3. «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական գների կամ այլ պայմանների սահմանումը կամ կիրառումը.».

4. «ե» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ե) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ առեւտրի օբյեկտներին, նրանց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես եւ (կամ) տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը.».

5. «զ» կետի «վերակազմակերպման» բառից հետո լրացնել «, լուծարման» բառով.

6. «թ» կետի «սահմանափակմանը» բառից հետո լրացնել «, կանխմանը կամ արգելմանը» բառերով.

7. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա), ժբ) եւ ժգ)» կետերով.

«ժա) չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գների սահմանումը եւ (կամ) կիրառումը.».

ժբ) ապրանք ձեռքբերողի կամ ձեռք բերել ցանկացողի հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված պատճառներով հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության եւ (կամ) իրացման հնարավորության առկայության դեպքում:».

ժգ) այլ պայմանների կամ վարքագծի սահմանումը կամ կիրառումը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ 7.1. ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳԻՆ

1. Չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը բարձր է այդ ապրանքի արտադրության եւ իրացման համար անհրաժեշտ ծախսերի եւ շահույթի գումարից, եւ այն գնից, որը ձեւավորվել է մրցակցության պայմաններում այնպիսի ապրանքային շուկայում, որը համադրելի է` ըստ ապրանքի ձեռքբերողների կամ իրացնողների կազմի, ապրանքաշրջանառության պայմանների, ապրանքային շուկայի հասանելիության պայմանների, պետական կարգավորման, այդ թվում՝ հարկման ու մաքսասակագնային կարգավորման (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա)` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Չհիմնավորված բարձր գին չի համարվում ապրանքի այն գինը, որը`

1) սահմանված է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում,

2) սահմանվել է նորարարական գործունեության արդյունքում, այսինքն այնպիսի գործունեության, որը հանգեցնում է նոր, փոխադարձ անփոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ նոր փոխադարձ փոխարինելի ապրանքի ստեղծմանը` դրա արտադրության ծախսերի կրճատման կամ որակի բարելավման դեպքում:

3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված չհիմնավորված բարձր գնի որոշման ընթացքում Հանձնաժողովի կողմից հաշվի են առնվում տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական եւ ոչ բորսայական գնի ցուցանիշները` ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից:

ՀՈԴՎԱԾ 7.2.ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳԻՆ

1. Չհիմնավորված ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը ցածր է այդ ապրանքի արտադրության եւ իրացման համար անհրաժեշտ ծախսերի եւ շահույթի գումարից, եւ այն գնից, որը ձեւավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ապրանքի գինը չի համարվում չհիմնավորված ցածր, եթե

1) այն սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում,

2) այդ գնի սահմանումը չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության սահմանափակման` կապված ապրանքային շուկայում ապրանք իրացնողների եւ ձեռքբերողների հետ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատման հետ:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 8-րդ հոդվածում`

1. 1-ին մասի`

1) 1-ին եւ 2-րդ կետերի «տնտեսվարող» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով.

2) 3-րդ եւ 4-րդ կետերի «կողմից» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով.

3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:».

2. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում իրավահարաբերության մասնակից տնտեսվարող սուբյեկտները:».

3. 7-րդ մասի`

1) 1-ին կետից հանել «գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջեւ» բառերը.

2) 2-րդ կետից հանել «գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջեւ» բառերը.

3) 3-րդ կետից հանել «գործող տնտեսվարող սուբյեկտների միջեւ» բառերը:

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Համակենտրոնացում չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջեւ:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ.

«Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում տնտեսվարող սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նաեւ այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն:»

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաեւ համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ եւ պարտավորություններ:

2. Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գնահատելիս հաշվի է առնում տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտելու, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնելու կամ գերիշխող դիրքն ամրապնդելու հանգամանքները:

3. Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը կարող է թույլատրել նաեւ այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը ապացուցում է, որ տվյալ համակենտրոնացումը ապրանքային շուկայում կհանգեցնի մրցակցային պայմանների:

4. Արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը՝

1) մինչեւ Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը (չհայտարարագրված համակենտրոնացում),

2) Հանձնաժողովի կողմից համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում (արգելված համակենտրոնացում):

5. Հանձնաժողովի որոշմամբ արգելված գործողության մեջ դրված համակենտրոնացումը Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 11-րդ հոդվածում`

1. 1-ին մասի «ձեռնարկատիրական գործունեության» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի» բառերով, «օրենքին» բառից հետո լրացնել «, այլ օրենքներին, իրավական ակտերին» բառերով, իսկ «ճշմարտության,» բառը փոխարինել «ճշմարտության եւ(կամ)» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Անբարեխիղճ մրցակցության գործողություններ են սույն օրենքի 12-րդ,13-րդ, 14-րդ, 15-րդ, 15.1-ին եւ 16-րդ հոդվածներում թվարկված դեպքերը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 12-րդ հոդվածում`

1. վերնագրում «ԱՌԱՋԱՑՆԵԼԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ» բառերով.

2. 1-ին մասի«ձեռնարկատիրական գործունեության» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի» բառերով.

3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.

«3. Շփոթության առկայության հարցը որոշվում է Հանձնաժողովի կողմից:

4. Մտավոր գործունեության արդյունքների եւ (կամ) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքի ձեռքբերման կամ օգտագործման հետ կապված գործողությունը կամ վարքագիծը, որն ուղղված է այլ տնտեսվարող սուբյեկտի ապրանքային շուկայից դուրս մղելուն, ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտներ ստեղծելուն կամ ապրանքային շուկայում մրցակցությունն այլ կերպ սահմանափակելուն, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի հիմքով անբարեխիղճ մրցակցության առկայության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում Հանձնաժողովը կամ շահագրգիռ անձն իրավասու են դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը հիմք է մտավոր գործունեության արդյունքների եւ (կամ) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների համապատասխան գրանցումն ուժը կորցրած համարելու համար:»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից, 14-րդ հոդվածի 1-ին մասից, 15-րդ հոդվածի 1-ին մասից, 16-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերից հանել «ձեռնարկատիրական գործունեության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. «արտադրության» բառից հետո լրացնել «տարեթվի, ամսվա, օրվա» բառերով.

2. «պայմանների վերաբերյալ» բառերից հետո լրացնել «հայերեն» բառով.

3. «կազմել» բառից հետո լրացնել «իրացվող կամ» բառերով.

4. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հասարակության մոլորեցման առկայության հարցը որոշվում է Հանձնաժողովի կողմից:»:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 15.1. ԱՆՏԵՂԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Տնտեսվարող սուբյեկտի կողմից անտեղի` ոչ կոռեկտ, անպատշաճ համեմատություն կատարելն իր կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների եւ այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների միջեւ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 16.3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) այլ պետական մարմինների կամ տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հետ հակամրցակցային համաձայնությունները, այդ թվում` գործարքները, համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

1. Տնտեսական մրցակցության պաշտպանությունն իրականացնում է Հանձնաժողովը:

2. Հանձնաժողովն ինքնավար մարմին է:

3. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձեւաթուղթ եւ անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երեւան քաղաքն է:

3. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաեւ իր գործունեության նպատակներին եւ ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել եւ տնօրինել այդ գույքը:

4. Հանձնաժողովը ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ իրավական ակտերի եւ իր կանոնադրության հիման վրա եւ ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի`

1. «ա» կետի երրորդ պարբերությունում «հարուցելու» բառը փոխարինել «հարուցելու,» բառով.

2. «ա» կետի տասնմեկերորդ պարբերությունում «պետական» բառը փոխարինել «Հանձնաժողովի, պետական այլ» բառերով.

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 19.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 19.1. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ, ԳՐԱՍԽԱԼՆԵՐԻ, ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ԵՎ ՎՐԻՊԱԿՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄԸ

1. Հանձնաժողովի որոշումները կարող են վերանայվել նոր ի հայտ եկած հանգամանքներով Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ որոշման ընդունմանը նախորդած վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա:

2. Նոր ի հայտ եկած հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել Հանձնաժողովին կամ վարույթի մասնակիցներին, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել վարույթի մասնակիցներին, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել Հանձնաժողով, եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

3. Նոր ի հայտ եկած հանգամանքներով Հանձնաժողովի որոշման վերանայման համար դիմում կարող է ներկայացվել երեք ամսվա ընթացքում սկսած այն պահից, երբ դիմում ներկայացնող անձը իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների ի հայտ գալու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը Հանձնաժողովի կողմից կարող է վերականգնվել դիմում ներկայացնող անձի միջնորդության հիման վրա, եթե այդ միջնորդությունը ներկայացվել է վեց ամսվա ընթացքում սկսած այն պահից, երբ դիմումատուն իմացել կամ կարող էր իմանալ նոր հանգամանքների ի հայտ գալու մասին, եւ այդ միջնորդության մեջ նշված հանգամանքները Հանձնաժողովը ճանաչել է հարգելի:

5. Նոր ի հայտ եկած հանգամանքներով որոշման վերանայման համար ներկայացված դիմումը, բացի ընդհանուր վավերապայմաններից, պետք է պարունակի նաեւ`

1) վերանայվող որոշման համարը ու կայացման տարին, ամիսը եւ ամսաթիվը,

2) դիմումատուի պահանջը` նոր ի հայտ եկած համգամանքների մատնանշմամբ,

3) նոր ի հայտ եկած հանագամանքների` գործի համար էական նշանակություն ունենալու վերաբերյալ հիմնավորումները:

Դիմումին պետք է կցվեն դիմումատուի տրամադրության տակ առկա բոլոր այն ապացույցները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հարցի լուծման համար:

Նոր ի հայտ եկած հանագամանքների` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հարցը լուծում է Հանձնաժողովը:

6. Հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե չեն պահպանվել դիմումին ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները կամ բաց է թողնվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը եւ չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն կամ այդ միջնորդությունը Հանձնաժողովի կողմից մերժվել է:

7. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթին մասնակցող անձանց դիմումի հիման վրա իրավունք ունի պարզաբանել իր որոշումները, ուղղել դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները առանց փոխելու որոշման բովանդակությունը:»

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 20. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ եւ վեց անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ:

2. Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին վարչապետի առաջարկությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը դիմում է վարչապետին` ներկայացնելով տվյալ պաշտոնի թեկնածուի համար անհրաժեշտ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները: Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ պաշտոնավարման ամբողջ` հինգ տարի ժամկետով նշանակվել սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված Հանձնաժողովի անդամ:

3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին` ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում) եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:

4. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչեւ 65 տարին լրանալը:

5. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով նշանակվում է Հանձնաժողովի նոր անդամ` պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

7. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչեւ իր՝ որպես Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

8. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, ով`

1) չի համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության համար.

4) օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

5) ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով նախատեսված դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:»:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող հինգերորդ տարվա նույն օրը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) լրացել է նրա պաշտոնավարման առավելագույն տարիքը.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

3) նա, նախապես տեղեկացնելով վարչապետին, իր հրաժարականի մասին գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին.

4) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ անհայտ բացակայող կամ մահացած.

5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

6) նա մահացել է.

7) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե՝

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի, քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները.

6) պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ նա նշանակման պահին չի համապատասխանել Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին:

4. Սույն հոդվածով նախատեսված հիմքերի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը, գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:»:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 22. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:

2. Աշխատակազմի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը եւ աշխատակազմի գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով: Աշխատակազմի աշխատակիցների թիվը համաձայնեցվում է վարչապետի հետ:

3. Հանձնաժողովի աշխատակազմի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու կամ Հանձնաժողովի նախագահի հանձնարարության անհնարինության դեպքում` Հանձնաժողովի այն անդամը, որն ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:»:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 27. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հանձնաժողովը`

1. Յուրաքանչյուր տարի` մինչեւ հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման, տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների եւ դրանց իրականացման ժամանակացույցի, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթների մասին:

2. Յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը համառոտ տեղեկատվություն է պարունակում Հանձնաժողովի գործունեության, ապրանքային շուկաների վերլուծության, տնտեսական մրցակցության պաշտպանության եւ վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումների, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի, իր գործունեության ֆինանսական հաշվետվության եւ ալլ միջոցառումների վերաբերյալ:

3. Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը եւ նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «եւ դեպքերում» բառերով, իսկ «15-ը» բառը` «30-ը» բառով:

ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում «սկսելուց առաջ» բառերը փոխարինել «իրականացնելուց հետո» բառերով, «կազմվում է» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւով» բառերով, իսկ «ներկայացուցիչները» բառից հետո լրացնել «Դիտանցման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում դիտանցման արձանագրության մեջ:» նախադասությամբ:»:

ՀՈԴՎԱԾ 30. Օրենքի 30-րդ հոդվածում`

1. 2-րդ մասում «հինգը» բառը փոխարինել «չորսը» բառով.

2. 9-րդ մասում «որոշումը» բառը բոլոր տեղերում փոխարինել «կողմից ընդունված վարչական ակտը» բառերով.

3. 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու կամ վարչական ակտի ընդունումն անհնար դարձնող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ վարույթը կարճվում է:»:

ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը,» բառերով, իսկ «(կամ)» բառից հետո «տնտեսվարող սուբյեկտի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե Հանձնաժողովի որոշմամբ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակված է տուգանք, ապա մեկամսյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում դրա չափը պակասեցվում է 20 տոկոսով, հակառակ դեպքում տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է մուծել նշանակված տուգանքի ամբողջ չափը:»:

ՀՈԴՎԱԾ 33. Օրենքի 36-րդ հոդվածում`

1. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող տարվա հաuույթի մինչեւ տասը տոկոu: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ տասը տոկոu:

2. 2-րդ մասից հետո լրացնել նոր 2.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ `

«2.1. Տնտեսական գործունեության արգելված համակարգման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ տասը տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ տասը տոկոu:»:

3. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«3. Գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ տասը տոկոu: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ տասը տոկոu:»:

4. 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«4. Հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ տասը տոկոս: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչեւ տասը տոկոս:»:

5. 4-րդ մասից հետո լրացնել նոր 4.1-ին մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«4.1. Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ:»:

6. 5-րդ մասի «մեկ» բառը բոլոր տեղերում փոխարինել «հինգ» բառով.

7. 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ`

«6 Արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ:»:

8. 8-րդ մասի «երկու» բառը փոխարինել «հինգ« բառով:

ՀՈԴՎԱԾ 34. Օրենքը լրացնել նոր` 36.1-ին եւ 36.2-րդ հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ 36.1. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄ

1. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչեւ տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցման մասին որոշման կայացումը կամ ստուգում կատարելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանի ընդունումը իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին եւ կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար) եւ հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու եւ (կամ) ստուգում կատարելու համար:

2. Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է իր տնօրինության տակ գնտվող կամ իրեն հայտնի հետեւյալ ապացույցները`

1) հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները եւ այլ տեղեկություններ,

2) հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսեւորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տեւողությունը, վայրը, այլ տվյալներ,

3) բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում,

4) հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:

3. Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետեւյալ պայմանները կամ դրանցից որեւէ մեկը`

1) տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար,

2) տեղեկատվություն ներկայացնելու պահից սկսած մինչեւ վարչական վարույթի ավարտը տնտեսվարող սուբյեկտը չի համագործակցում Հանձնաժողովի հետ` առանց վերապահումների եւ շարունակական հիմունքով: Այդ համագործակցությունը ենթադրում է, որ`

ա. տնտեսվարող սուբյեկտը ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ ապացույցները, որոնք հայտնվում են իր տնօրինության տակ կամ հայտնի են դառնում իրեն, անհապաղ ներկայացնում է Հանձնաժողովին,

բ. սահմանված ժամկետում պատասխանում է Հանձնաժողովի բոլոր հարցումներին, որոնք կարող են նպաստել ենթադրյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող փաստերի արձանագրմանը,

գ. ապահովում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտների գործող կամ հնարավորության դեպքում նախկին տնօրենների եւ աշխատակիցների բացատրություններ ներկայացնելու հնարավորությունը,

դ. չի ոչնչացնում, կեղծում եւ թաքցնում հակամրցակցային համաձայնությանը վերաբերող տեղեկություններն ու ապացույցները եւ

ե. չի բացահայտում ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ հայտարարության, դիմումի, տեղեկատվության կամ ապացույցների ներկայացման փաստը եւ բովանդակությունը մինչեւ Հանձնաժողովի կողմից ընդունված հակամրցակցային համաձայնության հնարավոր փաստի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին որոշման ուժի մեջ չի մտելը կամ Հանձնաժողովի համաձայնությամբ այլ դեպքերում:

4. Հակամրցակցային համաձայնության մասնակից միաժամանակ երկու եւ (կամ) ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումը Հանձնաժողովը թողնում է առանց քննության:

5. Պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման եւ քննության կարգը սահմանում է Հանձնաժողովը:

ՀՈԴՎԱԾ 36.2. ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

1. Հակամրցակցային համաձայնությանը իր մասնակցությունը բացահայտող տնտեսվարող սուբյեկտը, երբ չի բավարարվում սույն օրենքի 36.1-ին հոդվածի պայմանները, կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին:

2. Տուգանքի չափի նվազեցման համար տնտեսվարող սուբյեկտը պետք է ապացույց ներկայացնի Հանձնաժողովին սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հնարավոր փաստի վերաբերյալ, որը էական նշանակություն կունենա իրավախախտումն ապացուցելու համար:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասին առաջինը հայտնած եւ այդ համաձայնության բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչեւ 50 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երկրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչեւ 70 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմաբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչեւ 85 տոկոսը:

4. Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

5. Եթե տուգանքի չափի նվազեցման մասին դիմումի ներկայացման պահին տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում է մեկ այլ հակամրցակցային համաձայնության մասնակից եւ հայտնում է նաեւ այդ հակամրցակցային համաձայնության մասին, ապա այդ տնտեսվարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողովին տուգանքի վճարումից ամբողջովին ազատում ստանալու համար` սույն օրենքի 36.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 35. ԵԶՐԱՓԱԿԻՉ եւ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին, 19-րդ, 20-րդ, 23-26-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ է մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի ուժով, որպես ինքնավար մարմին, Հանձնաժողովի առաջին կազմը ձեւավորվում է հետեւյալ կերպ՝ Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Ազգային ժողովը վարչապետի առաջարկությամբ սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի նախագահին եւ վեց անդամներին պաշտոնավարման հետեւյալ ժամկետներով՝

1) Հանձնաժողովի նախագահը՝ 5 տարի.

2) Հանձնաժողովի մեկ անդամը` 4 տարի.

3) Հանձնաժողովի երեք անդամը՝ 3 տարի.

4) Հանձնաժողովի մեկ անդամը՝ 2 տարի.

5) Հանձնաժողովի մեկ անդամը՝ 1 տարի:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այն անդամները, որոնք նշանակվել են մինչեւ Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշանակումները կատարելը, մասնավորապես՝

1) Հանձնաժողովի գործող նախագահը՝ մինչեւ Հանձնաժողովի նոր նախագահի նշանակումը.

2) Հանձնաժողովի յուրաքանչյուր նոր անդամի նշանակմամբ դադարում են Հանձնաժողովի գործող վեց անդամներից այն անդամի լիազորությունները, որը մյուս անդամներից ավելի շուտ է նշանակվել: Հանձնաժողովի գործող անդամի լիազորությունները դադարում են նաեւ այն դեպքում, եթե նա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նշանակվել է Հանձնաժողովի նախագահ կամ Հանձնաժողովի անդամ: